Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՁԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ  ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»
«ՁԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»

«ՁԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ  ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»Զրույց զորամասի հրամանատար, գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հետ

 -Պարոն Գաբրիելյան, գուցեեւ չծնվեր այս հարցազրույցը, եթե Ձեր զորացրված զինվորի ծնողը այսպես չբնութագրեր Ձեզ՝ զինվորապաշտ հրամանատարը…

-Հաճելի է զինվորի ծնողից ջերմ գնահատանք լսելը: Զինվորական կոլեկտիվում առաջին հերթին պետք է տիրեն առողջ բարքեր, տրամադրող մթնոլորտ, վստահություն: Զինվորը զինծառայության հենց առաջին օրվանից պետք է համակվի այն զգացումով, որ իր երկրորդ ընտանիքն է բանակը, որտեղ իրեն շրջապատում են ծնողի, ավագ եղբոր սրտացավությամբ:

-Պարոն գնդապետ, ծնողներին կհետաքրքրի՝ ո՞վ է իրենց զինվոր զավակների հրամանատարը, ի՞նչ ճանապարհ է անցել:

-1994թ. մարտից ծառայում եմ: Բանակ եմ զորակոչվել դպրոցից, 10-րդ դասարանը չավարտած, խառն էր աշխարհը… Արցախում պարտադիր ծառայությունը 3 տարի էր այն ժամանակ: Սկզբում երեքամսյա զինվորական դասընթացներ անցա, այդ ընթացքում էլ կնքվեց զինադադար, եւ մեր վաշտը, թվով 60 զինվոր, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի ցուցումով, եւս 3 ամիս շարունակեց զինվորական դասընթացներում կատարելագործել ռազմական գիտելիքները, եւ 1994թ. սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության տարեդարձի օրը, մեզ շնորհվեց լեյտենանտի կոչում:

-17 տարեկանում լեյտենա՞նտ… զինվորական կյանք՝ կանոնակարգված ամեն ժամն ու րոպեն…

-Մայիսի վերջին մեզ յոթ օր արձակուրդ էին տրամադրել, որ 10-րդ դասարանի ավարտական քննությունները հանձնեինք: Պատերազմը փոխել էր մեր երազանքների ճանապարհը, այն ժամանակ չէինք էլ մտածում, որ զինվորականից էն կողմ ուրիշ մասնագիտություն էլ կա…

Ծառայել եմ ուսումնական գնդում, անցել բոլոր պաշտոններով՝ վաշտի, գումարտակի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատար: Ավարտել եմ համազորային ակադեմիան:

-Ծառայել եք տարբեր զորամասերում, զբաղեցրել տարբեր պաշտոններ՝ զորամասի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ: 2013թ.՝ զորամասի հրամանատար:

 -Պաշտպանական շրջանի այս զորամասը հարուստ պատմություն ունի, այն կազմավորել է լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանը, այնուհետեւ հրամանատարությունն ստանձնել է գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Ով էլ որ ղեկավարել է, զորամասը մշտապես հաջողություններ է գրանցել, մեր զորամասը ոչ մի ճակատում պարտություն չի կրել, ավելին՝ օգնել, սատարել է մյուս ուղղություններին եւս: Զինադադարից հետո էլ եղել է լավագույնների շարքում:

-Զինադադարը, ցավոք, խաղաղություն չէ, պարզապես՝ պատերազմող կողմերի միջեւ ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու փոխադարձ համաձայնություն: Թշնամին էլ նույն թշնամին է՝ նենգ ու դավադիր, որ պարբերաբար խախտում է հրադադարի պայմանավորվածությունը շփման գծի այս կամ այն հատվածում՝ մշտապես հիշեցնելով իր գոյության մասին: Պարոն գնդապետ, ինչպե՞ս կգնահատեք Ձեր հրամանատարությամբ գործող զորամասի պահպանությանը վստահված սահմանահատվածի վիճակը՝ կայո՞ւն է, թե լարվածություն կա, միջադեպեր, հակառակորդի կողմից դիվերսիոն գործողություններ հաճախակի՞ են գրանցվում:

-Այս պահին օպերատիվ-մարտավարական վիճակը հանգիստ է, լարվածություն չկա, արդեն մեկ ամսից ավելի է՝ խոշոր տրամաչափի զենքերից կրակոցներ չկան, խոսքը վերաբերում է հրանոթային, ականանետային, հակատանկային միջոցներին, ինչպես, ասենք, մայիս-հուլիս ամիսներին էր, թեեւ հանգիստ ասելով բնավ նկատի չունեմ ավտոմատի կամ դիպուկահարների կրակոցները, դրանք գրեթե ամեն օր են: Այս տարվա փետրվարին թշնամու ութ հոգուց բաղկացած դիվերսիոն հետախուզական փորձը կանխվեց. մեր զինվորները նկատել էին դիվերսանտներին ու առանց խուճապի մատնվելու, «թույլատրել» էին, որ խումբը մոտենա 50-70 մետր, եւ գիշերային նշանոցով խոցել: Հակառակորդը հինգ դիակ թողնելով՝ խուճապահար փախուստի էր դիմել:

-Պարոն գնդապետ, ծնողներին այսօր ամենաշատը անհանգստացնում է իրենց զավակների անվտանգությունը:

-Զինվորի անվտանգությունը բոլորիս առաջնահերթ խնդիրն է: Վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում բավական զարգացել է մեր դիտարկման համակարգը, բոլոր դիրքերում տեղադրված են գիշերային տեսանելիության սարքեր, յուրաքանչյուր դիրքում գիշերային նշանոցներ կան, գումարտակի, վաշտի հրամանատարական դիտակետում տեղադրված է դիտարկման համակարգեր, առկա տեխնիկական միջոցները թույլ են տալիս թե՛ ցերեկը, թե՛ գիշերը հուսալի եւ անընդմեջ դիտարկում իրականացնել, ժամանակին նկատել ամեն շարժ եւ համապատասխան քայլեր ձեռնարկել դրանք չեզոքացնելու ուղղությամբ:

Զինվորը ավելի անվտանգ է. նստած դիտարկում է հակառակորդի դաշտը տարբեր հատվածներից:

Դիրքերը ինժեներական-ամրաշինական առումով եւս ապահովված են, առաջնագծում իրականացվող պաշտպանական բնույթի աշխատանքները մշտական են եւ ժամանակ առ ժամանակ է՛լ ավելի են արդիականացվում, բայց այս ամենին զուգահեռ՝ զինվորը, զինծառայողը չպետք է խախտի անվտանգության կանոնները, չկորցնի զգոնությունը, այսինքն՝ սահմանված է, որ պետք է քայլի խրամատով, դիտարկումը կատարի միայն կահավորված տեղից, հակառակորդի կողմից տեսանելի հատվածում չհայտնվի, սահմանված ճանապարհահատվածից դուրս չգա. այս ամենը խստիվ հրահանգավորված է:

-Որքան էլ գերժամանակակից զինատեսակներով զինված լինենք, այդուհանդերձ, վճռորոշ դեր է խաղում մարդկային գործոնը՝ զինվորի պատրաստվածությունը, հավատը սեփական ուժերի եւ հաղթանակի նկատմամբ: Ես ուզում եմ, որ գնահատեք մեր այսօրվա զինվորին:

-Ինչպես իրենց հայրերն էին, ինչպես եղբայրները նույն ոգով դաստիարակված, նույն նվիրումով մեր զինվորները ծառայում են` պատրաստ կատարելու ամենաբարդ առաջադրանքը: Մեր սովորական զինվորներն իրենց մարտունակությամբ, պատրաստվածությամբ չեն զիջում հակառակորդի հատուկ նշանակության զինվորներին եւ դա ապացուցում են ամենօրյա ծառայության ընթացքում:

Հաճախ ենք զրուցում զինվորների հետ, տարբեր հարցեր շոշափում, տարբեր թեմաներ քննարկում, ասում ենք, որ մեր ոգին, համերաշխությունն ու միասնականությունն է՛լ ավելի են ամրապնդում, բազմապատկում մեր ուժը: Ճիշտ է՝ թվաքանակով քիչ ենք, բայց մեր գիտելիքով, մեր պատրաստվածությամբ պետք է գերազանցենք հակառակորդին: Մենք պարտավոր ենք կատարելապես տիրապետելու մեր զենքին, լավ հրետանավոր, լավ տանկիստ լինելու: Երբ մեր զինվորը տեսնում է, որ ինքը կատարյալ է տիրապետում ռազմական տեխնիկային, երբ տեսնում է, որ իր տանկը, հրանոթը անվրեպ խոցում է նշանակետը, առավել քաջությամբ է համակվում, զենքին գերազանց տիրապետելը վստահությունն է ամրապնդում:

-Պարոն գնդապետ, շնորհակալ եմ զրույցի համար: «Հայ զինվոր» թերթի միջոցով ի՞նչ խոսք կուղղեիք զինվորների ծնողներին:

-Մեր սահմաններն ամուր ու անառիկ են ձեր զավակների կամքի, արիության ու անսահման քաջության շնորհիվ: Ձեր զավակները ոչ միայն պահպանում, այլ նաեւ պարտադրում են խաղաղություն:

 ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ