Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԶրույց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի պետ, մայոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ

 -Պարոն Հովհաննիսյան, բանակի ռազմաբժշկական կառույցի խնդիրների մասին գրելիս նախկինում մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք մարտական ծառայություն կատարող անձնակազմին տրվող առաջին բուժօգնության որակը բարձրացնելու հարցին: Սակայն հոսպիտալներում մեկամսյա դասընթացներով պատրաստված սանհրահանգիչների գործունեությունը որակական փոփոխության չէր բերում: Ինչո՞ւ սանհրահանգիչների դպրոցը` ռազմաբժշկական ուսումնական կենտրոնը, այսքան ուշ հիմնադրվեց: Բանակի կազմավորումից 25 տարի անց, այն դեպքում, երբ սահմանային ընդհարումները երբեք չեն դադարել, եւ մենք ունեինք սանհրահանգիչների պատրաստման ամերիկյան եւ եվրոպական փորձը: 

-Առաջին բուժօգնությունը` հատկապես հրազենային վիրավորումների, կոտրվածքների ժամանակ, կենսական նշանակություն ունի: Կարող է դրանից կախված լինել հիվանդի բուժման արդյունավետությունը, նույնիսկ կյանքը: Տարիներ շարունակ փորձ է արվել խնդիրը լուծել սանհրահանգիչների պատրաստման մեկամսյա կուրսը հնարավորինս արդյունավետ դարձնելու ճանապարհով: 2015թ. Սան Անտոնիոյի բուժակների պատրաստման դպրոցի մասնագետները` 6 հոգի, «68 wisky» ծրագրով մեր բանակի 11 զինծառայողի ուսուցանեցին սանհրահանգչի մասնագիտությունը` երկամսյա ծրագրով: Որից հետո նույն զինծառայողները այս անգամ արդեն ABIC ծրագրով մեկամսյա ժամկետում վերապատրաստվեցին որպես սանհրահանգիչներ պատրաստող դասախոսներ:

-Այդ ամենը արվում էր ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի հիմնադրման համա՞ր:

-Այո՛: Մեր պաշտպանության նախարարությունը գնեց «68 wisky» ծրագիրը: Այն թարգմանվեց հայերեն, տեղայնացվեց: Այսինքն` սանհրահանգիչների ուսուցման ծրագիրը պատրաստ էր: Սան Անտոնիոյի բուժակների պատրաստման դպրոցի մասնագետները մեր բանակին նվիրեցին բոլոր այն ուսումնամեթոդական պարագաները, որոնք բերվել էին 11 հայ զինծառայողի ուսուցումը կազմակերպելու համար: Ամերիկյան դեսպանատան եւ Կանզասի ազգային գվարդիայի հետ համագործակցության շնորհիվ մենք կարողացանք համալրել առկա նյութատեխնիկական բազան եւ ուսումնական կենտրոնի հնարավորությունները գրեթե նույնացնել ամերիկյան մակարդակի հետ:

-Մենք շրջեցինք դասասենյակներում, դրանք շատ հագեցած էին` մուլյաժներ, պլակատներ, կուրսանտները մեզ ցույց տվեցին իրենց պայուսակները, որոնք հագեցած էին առաջին բուժօգնության բազմաթիվ պարագաներով: Շատ տպավորիչ էին նաեւ կենցաղային պայմանները` 5 հոգու համար նախատեսված զորանոցներ, հանգստի ու ժամանցի սենյակներ: Կասկած չկա, որ ե՛ւ նյութատեխնիկական հնարավորությունները, ե՛ւ կենցաղային պայմանները ամենաբարձր մակարդակի են, մնում է հարցնել, թե ի՞նչ որակ ունի առհասարակ «68 wisky» ծրագիրը միջազգայն չափանիշներով:

-«68 wisky» ծրագիրը սանհրահանգիչների ու բուժակների պատրաստման ամենաբարձր մակարդակի ծրագիր է` ՆԱՏՕ-ի չափանիշներով, որ ներառում է ե՛ւ տեսական դասընթացը, ե՛ւ գործնական պարապմունքները: Մենք արդեն շրջանավարտների երեք հոսք ենք ունեցել: Երկուսը սանհրահանգիչների, մեկը` պայմանագրային բուժակների:

-Դա այն քանա՞կն է, որ կարող է ապահովել ամբողջ զորքը տարվա շրջանակում:

-Ո՛չ: Սանհրահանգիչների պատրաստման 4-ամսյա ծրագրով մենք տարվա ընթացքում ունենում ենք շրջանավարտների երկու հոսք, որը կարող է ապահովել պահանջարկի կեսը: Այդ պատճառով էլ վերադաս հրամանատարությանը ներկայացված ծրագրում կար մեկ կետ, որը առաջարկում էր մեծացնել ուսումնական կենտրոնի տարածքը եւ կուրսանտների թիվը:

ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ-Ի՞նչ ծրագիր է ներկայացվել բանակի վերադաս հրամանատարությանը, եւ ո՞ւմ կողմից:

-Ծրագրի հեղինակը ես եմ: Այն հեռանկարային եւ զարգացման ծրագիր է, ներառում է մի քանի դրույթ: Առաջինը ուսումնական կենտրոնի տարածքի ընդարձակման առաջարկն է: Երկրորդը՝ կենտրոնի լիցենզավորումը:

-Ի՞նչ է ուսուցանվում սանհրահանգիչներին: Նրանց գործունեությունը ամփոփվում է մինչհոսպիտալայի՞ն շրջանակում: Սրանք, ինչպես ընդունված է ասել, ոսկե վայրկյաններն են, այո՞: 

-Այո՛: Սանհրահանգիչներին ուսուցանվում է ռազմաբժշկական պատրաստություն եւ մարտական բժշկություն: Սրանք երկու գլխավոր ուղղություններն են: Ռազմաբժշկական պատրաստության մեջ մտնում են կանխարգելիչ բժշկությունը, հակահամաճարակային միջոցառումները, սանիտարահիգիենիկ վիճակի ապահովումը, նախնական անատոմիան: Սանհրահանգիչները սովորում են ճանաչել հիվանդությունը…

-Ախտորոշե՞լ…

-Ո՛չ, հիվանդին տարբերել առողջից եւ կատարել համապատասխան գործողություններ` ֆունկցիոնալ պարտականություններով պայմանավորված: Իրականացնել ինքնօգնություն, փոխօգնություն եւ այլն:

ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ-Ռազմական բժշկությունը ի՞նչ առանձնահատկություններ ունի սանհրահանգիչների գործունեության շրջանակում:

-Սանհրահանգիչների առաջին խնդիրը կյանքի պահպանումն է:

-Ենթադրում եմ` խոսքը հրազենային վիրավորումների մասին է:

-Խոսքը մարտական գործողություններով պայմանավորված վնասվածքների մասին է` վիրավորներ, այրվածքներ, կոտրվածքներ… Սանհրահանգիչների առաջին խնդիրը հիվանդի կյանքի պահպանումն է մինչեւ հոսպիտալացվելը: Արյունահոսության ճիշտ եւ արագ դադարեցումը, շնչուղիների բացումը, շնչառության ապահովումը, ինֆուզիոն թերապիան` հեղուկների ներարկում եւ ցավազրկում, կյանքին սպառնացող վտանգների վերացում: Այսինքն` հիվանդին ճիշտ տարհանում մարտական գործողությունների տարածքից: Կոտրվածքների ճիշտ անշարժացում, այրվածքների, վերքերի ճիշտ վիրակապում եւ այլն:

-Մարտական գործողությունների ժամանակ մեկ սանհրահանգիչը չի կարող սպասարկել ամբողջ անձնակազմին: Նրանք չե՞ն կարող այդ ամենը սովորեցնել մարտական ծառայություն կատարող զինվորներին` թեկուզ տարրական պատրաստության մակարդակով: Միտք ծագեց:

-Հրաշալի միտք է, եւ այն արդեն ներդրված է: Սանհրահանգիչները որոշ հմտություններ սովորեցնում են առաջնագծում ծառայող զինվորներին` պատերազմական իրավիճակում գոնե ինքնօգնություն եւ փոխօգնություն կազմակերպելու համար:

ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ-Հետագայում մենք կունենանք առաջին բուժօգնության գիտելիքներ ունեցող անձնակազմով համալրված պահեստազոր: Ես կարծում եմ, որ կարելի է ծրագիր մշակել նաեւ զինվորական լրագրողների համար, որոնք մարտական գործողությունների ժամանակ կարող են հայտնվել առաջնագծում:

-Իսկ ես կարծում եմ, որ ծրագիրը պետք է լինի բոլոր լրատվամիջոցների լրագրողների համար, որոնք նույնպես լուսաբանելու են մարտական գործողությունները: Երբ վերջերս առաջնագծում հրազենային վիրավորում էր ստացել մի լրագրող, նրան առաջին բուժօգնություն էր ցույց տվել մեր դպրոցի շրջանավարտ սանհրահանգիչը, ընդ որում` շատ որակյալ: Մենք գովասանքի եւ շնորհակալության խոսքեր ենք լսել տարբեր զորամասերի հրամանատարներից մեր շրջանավարտների գործունեության վերաբերյալ: Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի համակարգված ծրագիր առաջարկել բոլոր միջին բժշկական մասնագիտություն տվող կրթօջախների ուսանողներին ռազմաբժշկական պատրաստություն եւ մարտական բժշկություն դասավանդելու համար:

-Ենթադրում եմ, որ սանհրահանգիչների դպրոցների ապագա ուսանողներին ընդունելիս նախապատվությունը տրվում է բժշկական նախնական կրթություն ունեցողներին` բժշկական քոլեջներ ավարտածներին, բժշկական ինստիտուտների ուսանողներին: Հետաքրքիր է, սերտիֆիկացված հրահանգիչը, որն ստացել է վկայական, կարո՞ղ է այդ վկայականով քաղաքացիական աշխատանք գտնել:

-Լիցենզավորված ուսումնական կենտրոն ունենալու դեպքում մեր սանհրահանգիչները հնարավորություն կունենան աշխատանք գտնելու փրկարարական, շտապ օգնության ծառայություններում:

 ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ