Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ



ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄՀայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական եռօրյա համաժողովի շրջանակում առանձնացված 4 առանցքային  թեմատիկ ուղղություններից մեկը «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեման էր, որի շուրջ սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Հակահայկական քարոզչությունը տեղեկատվական անվտանգության թիրախում» խորագրով նիստը: 

Սփյուռքի և Արցախի տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին հակահայկական քարոզչության հիմնական ուղղությունները, թիրախները, նպատակները, բովանդակային կողմն ու գործիքավորումը: Մատնանշվեցին ներկայիս  հակահայկական քարոզչությանը դիմակայելու և դրան հակազդելու նպատակով  տեղեկատվական անվտանգության ոլորտում կիրառվող ու գործարկման նախապատրաստվող  նոր, արդյունավետ միջոցներն ու միջոցառումները:

Նիստը վարում էր ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Նա բացման խոսքում ներկայացրեց այժմ ՀՀ-ում տեղեկատվական ոլորտում առկա աշխատանքներն ու խնդիրները: «Այսօր առաջնահերթ է նոր տեղեկատվական միջավայրի ձևավորումը թե՛ մեր շահերի առաջմղման և թե՛ հակառակորդի քարոզչական աշխատանքը ձախողելու ու չեզոքացնելու տեսանկյունից, որում կարևոր դերակատարում  ունի համայն հայությունը»: Ա. Սաղաթելյանը նշեց, որ մերօրյա տեխնիկական և հոգեբանական տեղեկատվական իրողությունների տեսանկյունից հարկ է առավելագույնս արդյունավետ դարձնել Սփյուռք-Հայաստան – Արցախ եռակողմ աշխատանքը: «Հայաստանն այժմ ունի «Տեղեկատվական անվտանգության հայեցակարգ»: Մշակման փուլում է ևս մի կարևոր փաստաթուղթ՝ «Տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգը», որի նպատակն է համայն հայության շրջանում արդիականացնել այս աշխատանքների պայմաններն ու միջավայրը:

«Ադրբեջանը, Թուրքիան և դրանց համախոհները իրենց երկրներում հակահայկական քարոզչությունը վերածում են հայատյացության»,- ասաց Ա. Սաղաթելյանը՝ մատնանշելով համապատասխան գրականությունը, որը տարբեր լեզուներով ներկայացված էր համաժողովի տաղավարներում,- աշխատում են լրատվամիջոցներ, լոբբիստներ և բիզնես համակարգեր, որոնց բոլորի նպատակը հայերի գաղափարախոսական և համամարդկային արժեքները խեղաթյուրելն ու վարկաբեկելն է»:

ՀՀ ՊՆ ՊԱՀՀ պետ, ք.գ.դ պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի ելույթը նվիրված էր կիբեռոլորտում համահայկական խնդիրների լուծմանը և դրանց գործիքներին: ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետը մասնավորապես անդրադարձավ ՀՀ-ում կիբեռռեսուրսների կառավարման համակարգի կերտման աշխատանքներին: Նա նշեց, որ իր ղեկավարած համալսարանն այժմ կանգնած է կիբերտարածության ռեսուրսների կառավարման ռազմավարական ինստիտուտի վերածվելու նախաշեմին: Այս ուղղությամբ արդեն որոշ աշխատանքներ են կատարվել, աստիճանաբար լուծվում է համապատասխան մասնագետների վերապատրաստման խնդիրը:

«Մարդկությունը թևակոխում է չորրորդ գիտատեխնիկական հեղափոխության դարաշրջան: Այն բնութագրվում է պետության, հասարակության, անհատի կենսագործունեության բոլոր ոլորտներում տեղեկատվահաղորդակցային  տեխնոլոգիաների գերիշխմամբ, գործունեության համատարած թվայնացմամբ ու համակարգայնացմամբ: Սա իր հետ բերում է ոչ միայն աննախադեպ հնարավորություն և առավելություն, այլև որակապես լիովին նոր սպառնալիքներ և մարտահրավերներ»,-ասաց բանախոսը: ՀՀ-ն նույնպես զերծ չի մնացել այս խնդրից: Ագրեսիվորեն տրամադրված Ադրբեջանը անմիջական մարտական գործողությունների սանձազերծման փորձերից անցել է նաև կիբեռտարածք: «Այսպիսով, հայկական երկու պետությունների՝ ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը, մարտունակությունը մեծապես կախված են մեր կիբեռռեսուրսներով և կարողություններով: Դրանց զարգացման համար կարևոր է միջազգային համագործակցությունը: Այս ուղղությամբ նույնպես մեծ աշխատանք է կատարված»:

ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Մինասյանը, իր ելույթում անդրադառնալով հակահայկական քարոզչության ներկա փուլում առկա մարտահրավերներին և դրանց դիմագրավման հնարավորություններին, մասնավորապես խոսեց հակահայկական քարոզչության բովանդակային կողմի մասին: Ըստ նրա՝ հատկապես Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը ջանք ու ֆինանսական միջոցներ չի խնայում հակահայկական քարոզչության, հատկապես դրա բովանդակային կողմն ապահովելու գործում:

Ըստ պարոն Մինասյանի՝ մեր հակաքարոզչության ապահովման համար շատ կարևոր է եղած ճշմարիտ տեղեկությունները թիրախային լսարանին հասցնելը: 

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ելույթում արձանագրեց Ադրբեջանի հակահայկական քարոզչության հիմնական երեք ուղղություններն ու միջոցները՝ ուղղված սեփական երկրի, ՀՀ և ԱՀ և համաշխարհային հանրության լսարաններին: Նա նշեց նաև, որ իրենց հաջողվում է կարճ ժամկետներում Ադրբեջանի քարոզչական «արկերը»  վնասազերծել՝ դրանց սին կամ կեղծ լինելը հեշտությամբ բացահայտելով: Որպես օրինակ բերեց  Ադրբեջանի՝ վերջերս կիրառվող  «մոնտաժային պատերազմի սկզբունքը», որը հեշտությամբ մերկացվում է: Նա նշեց նաև, որ այժմ Արցախի հանրության վրա ադրբեջանական հակաքարոզչությունը զրոյական ազդեցություն ունի:

Ավարտին Տ. Աբրահամյանը շեշտեց, որ տեղեկատվական կարևորագույն այս ոլորտում կայուն առաջընթաց և հաջողություն ապահովելու համար տեղեկատվական հակապայքարում անհրաժեշտ է միավորել համայն հայության ուժերը:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» վերլուծական կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը անդրադարձավ տեղեկատվական սցենարների մշակման, իրականացման և հետադարձ կապի խնդիրներին: Նա կարևորեց տեղեկատվության բովանդակային կողմը՝ մեր ունեցած տեղեկությունները տարբեր լեզուներով հրապարակելն ու տեղեկույթը հասցեատիրոջը փոխանցելը:

Իրենց ելույթներում սփյուռքահայ համայնքների և այնտեղ դրսևորվող համահայկական հակաքարոզչության խնդիրներին անդրադարձան ՀՍԴՀԿ-ի Կենտրոնական վարչության անդամ, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության հայ-ամերիկյան խորհրդի Լուիզիանայի մասնաճյուղի նախագահ Վազգեն Կալթակճյանը, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի ներկայացուցիչ Խաչիկ Տեր-Ղուկասյանը, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը (Լիբանան): Նրանք մասնավորապես անդրադարձան իրենց համայնքներում այս ոլորտի  խնդիրներին և հանդես եկան համապատասխան լուծումների՝ իրենց դիտարկումներով:

Նիստի ավարտին ներկայացված խնդիրների շուրջ քննարկումներ ծավալվեցին:

 ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ # 37 (1208) 20.09.2017 – 26.09. 2017, Բանակ և հասարակություն


22/09/2017