Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ ԿՐՈՂՆԵՐԸ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ ԿՐՈՂՆԵՐԸ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ ԿՐՈՂՆԵՐԸԳնդապետ Սամվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող  զորամասի առաջապահ ստորաբաժանումները գերազանց են կատարում  մարտական խնդիրը եւ վստահորեն վերահսկում իրավիճակն իրենց պահպանությանը վստահված սահմանի ամբողջ երկայնքով:

Մարտական հերթապահության հերթափոխի արարողակարգ է. գումարտակը և տանկային վաշտը առավոտյան շարվել էին շարահրապարակում: Հանկարծ շարահրապարակով շշուկ անցավ՝ նախարարն է գալիս: Ես ֆուտբոլի դաշտի մեծությամբ շարահրապարակում սկսեցի գեներալական համազգեստ փնտրել և միայն սպաներից մեկի օգնությամբ գտա գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին՝  դաշտային համազգեստով, զորամասի հրամկազմի և մարտական հերթապահության հերթափոխի պատասխանատուներով շրջապատված:

– Զարմանալու ոչինչ չկա, պարոն մայոր, նախարարը օրվա տարբեր ժամերին հաճախ է նման հանկարծակի այցելություններ կատարում. և ոչ միայն զորամասեր, այլև առաջնագիծ,- նկատելով զարմանքս՝ ասաց սպաներից մեկը: Մոտ կես ժամ նախարարը առանձին զրուցեց հերթափոխի մեկնող գումարտակի հրամանատարի և մնացած պատասխանատուների հետ:

Պաշտպանության բանակի հրամանատարի հեռանալուց հետո սկսվեց մարտական հերթափոխի արարողակարգը:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ ԿՐՈՂՆԵՐԸ– Դրոշի ներքո՝ զգա՛ստ, հավասարությունը դեպի ձա՛խ,- լսվեց փոխգնդապետ Արթուր Ավագիմյանի հրամանը, և մարտիկների արծվենի հայացքները մի մարդու նման ուղղվեցին դեպի դրոշակակիր դասակի ուղեկցությամբ դիմավորման քայլերգի ներքո շարահրապարակ բերվող զորամասի մարտական դրոշը:

Մարտական հերթապահության հերթափոխի արարողակարգին ստորաբաժանումների պատրաստ լինելու մասին փոխգնդապետի զեկույցն ընդունելուց, անձնակազմին ողջունելուց և հրահանգներ տալուց հետո զորամասի հրամանատար, գնդապետ Սամվել Գրիգորյանը հերթափոխի պատասխանատուներին կարգադրեց անցնել արարողակարգի մանրամասն կատարմանը: Գումարտակի հրամանատար, մայոր Սուքիասյանն անձամբ անցկացրեց  արարողակարգը, հրահանգավորեց դիրքերի ավագներին ու սպաներին, որից հետո դիրքերի ավագներն էլ մոտենալով իրենց ենթականերին՝ սկսեցին  հրահանգավորել նրանց: Այս ու այն կողմից լսվում էր. երթի ընթացքում խստագույնս պահպանել կարգ ու կանոն, չհանել սաղավարտներն ու զրահաբաճկոնները, գիշերային տեսանելիության սարքերի հետ վարվել զգույշ… Կատարվեց անվտանգության կանոնների հրահանգավորում. այն է՝ անկախ իրադրությունից՝ խրամատից դուրս չգալ, առջևի եզրից առաջ չանցնել, հերթապահությունը տանել հաստիքային զենքով, սաղավարտով ու զրահաբաճկոնով, առանց դիրքի ավագի թույլտվության հենակետից հենակետ չտեղաշարժվել, անհրաժեշտության դեպքում տեղաշարժը կատարել բացառապես խրամուղիներով ու նշված երթուղիներով…: Ահա այսպես՝ մանրակրկիտ, մարտական հերթապահության կանոնակարգի տառի ոգուն համապատասխան և ոչ մի շեղում:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ ԿՐՈՂՆԵՐԸԱյնուհետև մարտական հերթափողի մեկնող անձնակազմին դիմեց միավորման հրամանատար, գնդապետ Արթուր Հարությունյանը.

– Հարգելի՛ սպաներ, զինվորնե՛ր, դուք գնում եք մարտական առաջադրանքի կատարման, որի հաջող կատարումից է կախված մեր Հայրենիքի սահմանների, մեր ժողովրդի անդորրը: Գնում եք փոխարինելու ձեր ընկերներին, որոնք այդ առաջադրանքի իրենց բաժինը կատարել են խիզախորեն, անձնվիրաբար: Այսօր ձեզ վրա է դրված մեր Հայրենիքի սահմանների պահպանության պատվաբեր առաքելությունը: Դուք բոլորդ էլ քաջ եք, անվախ ու փորձառու, և դրանում բազմիցս համոզվել է մեր հակառակորդը, որը նենգ է ու դավադիր: Ուստի հորդորում եմ լինել ծայրահեղ զգոն, աչալուրջ: Ինչպես ճանապարհում ենք ձեզ, այդպես էլ պետք է դիմավորենք: Բարով գնաք ու բարով վերադառնաք: Աստված ձեզ պահապան:

Քիչ հեռվում առաջնագիծ մեկնողներին սպասում էր լիովին նոր Ուրալ մակնիշի մեքենաների շարասյունը: Դասակ առ դասակ ստորաբաժանումները շարժվեցին դեպի մեքենաները: Սկզբում բեռնեցին զենք-զինամթերքը, ապա իրար օգնելով բարձրացավ անձնակազմը՝  անաղմուկ, հանգիստ: Ոչ մեկի դեմքին լարվածության, անհանգստության  նշույլ չկար:

Մարտական հերթափոխը հույժ կարևոր մարտական խնդիրների մի ամբողջություն է, որի հաջող կատարումից է կախված առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտունակության բնութագիրը: Եվ որքան զորամասի անձնակազմը վարժ տիրապետում ու գիտակցաբար է կատարում մարտական հերթափոխի պահանջները, այնքան այդ զորամասի ստորաբաժանումները առաջնագծում՝ դիրքապահ ծառայության մեջ  հակառակորդի համար դառնում են անխոցելի:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ ԿՐՈՂՆԵՐԸԶորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ս. Շաքարյանի ուղեկցությամբ մենք էլ մեկնեցինք առաջնագիծ:

Հենակետում մեզ դիմավորեց հենակետի ավագ, ավագ լեյտենանտ Թադևոսյանը: Հերթափոխող անձնակազմը նոր էր տեղ հասել, և մենք կարողացանք ներկա լինել հերթափոխի արարողակարգի  կարևոր գործողություններին: Նախ ավագ լեյտենանտ Թադևոսյանը հանձնելով  մարտական հերթափոխը՝ զեկուցեց.

-Իմ ծառայության ընթացքում արտակարգ պատահարներ տեղի չեն ունեցել: Հակառակորդի կողմից եղել են հատուկենտ անկանոն կրակոցներ:

Իսկ մարտական հերթափոխն ընդունող սերժանտ, պայմանագրային Էդգար Ավետիսյանը  պատասխանեց.

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ ԿՐՈՂՆԵՐԸ-Սերժանտ Էդգար Ավետիսյանը մարտական դիրքն ընդունեց: Հենակետի ավագների զեկույցներից հետո կատարվեց դիտորդների հերթափոխ, ճշտվեցին մարտական հաշվարկը ու մարտական խնդիրը հասցվեց ողջ անձնակազմին: Այս կարճ արարողակարգից հետո միայն  մարտական հերթափոխը հանձնած ստորաբաժանումը շարժվեց դեպի մշտական տեղակայման վայր, իսկ հերթափոխն ստանձնողն էլ անցավ մարտական հերթապահության կատարմանը: Փորձառու սերժանտի հետ այդ օրը մարտական հերթապահություն ստանձնեցին դիրքի ավագ, սերժանտ Կարեն Միքայելյանը, կրտսեր սերժանտ, հրաձիգ Արա Ադամյանը, հրաձիգ Ապրես Գրիգորյանը, գնդացրորդներ՝ շարքայիններ Հայկ  Առաքելյանն ու Սեյրան Մկրտչյանը, նռնակաձիգ, շարքային Արմեն Հակոբյանը, նռնակաձիգի օգնական, շարքային Արմեն Քալաշյանը…

Այս դիրքի գլխով քիչ բան չի անցել: Դիրքը տարիներ առաջ այնպիսի փորձության միջով է անցել, որ մինչև հիմա այդ հերոսական մարտի պատմությունը բերնեբերան հասել է մեզ եւ այստեղ ծառայող յուրաքանչյուր զինվորի համար  դարձել է ոգեկոչման աղբյուր: Մի քանի տարի առաջ թշնամու հատուկ ջոկատայինները գաղտագողի մոտեցել են դիրքին, նույնիսկ կարողացել են մտնել խրամուղիներից մեկը: Սակայն մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ նրանց չի հաջողվել իրականացնել իրենց մտահղացումները: Մի ամբողջ օր այս դիրքի համար մարտ է մղվել, թշնամին մեր կողմում թողնելով մեկ, իսկ միջդիրքային տարածությունում էլ՝ տասնյակ զոհեր ու վիրավորներ, փախուստի է դիմել…

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս.՝  ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ