Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԵՆ
ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԵՆ

ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԵՆԱպրիլյան բովով անցած զինվորներից շատերն արդեն ավարտել են ծառայությունը եւ վերադարձել հայրենի օջախներ:Կյանքն առել է նրանց իր առօրյա հորձանուտի մեջ:

Սերժանտ Գարիկ Հարությունյանը վերջերս է զորացրվել, վերադարձել է պատվոգրերով, շնորհակալագրերով, «Քաջարի մարտիկ» կրծքանշանը կրծքին:

Զրույցը զորացրված զինվորի հետ մի  տեսակ հունի մեջ չի ընկնում: Չգիտեմ էլ` սակավախոս է Գարիկը, թե մոր ներկայությամբ չի ուզում խոսել էն օրերից, որ չցավեցնի տանջալի անորոշության, տագնապների միջով անցած ծնողի սիրտը:

 

-Բանակից առաջ ինչո՞վ ես զբաղվել, ո՞նց անցավ ծառայությունդ, ո՞նց հարմարվեցիր,- փորձում եմ գտնել զրույցի թելը:

-Սովորում էի Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում, հետո էլ գնացի բանակ…Դե, նոր միջավայր, նոր ընկերներ, զինվորական կարգուկանոն: Բանակը փոխում է մտածելակերպդ, հայացքներդ, իսկ երբ կյանքդ կրակի տակ է, այլ կերպ ես գնահատում ու արժեւորում ամեն ինչ…

-Կյանքը՝ կրակի տակ,-կրկնում եմ Գարիկի խոսքը ու սիրտս մի տեսակ ծանրանում է՝  քանի-քանի  կյանք մնաց կրակի տակ…

-Այդ օրն էլ նման էր  մնացած օրերին,- պատմում է Գարիկը,- նոր էինք դիրքից իջել, երբ գումարտակի վրայով արկն անցավ: Ուշքումիտքներս դիրքերի կողմն էր, ուզում էինք մենք էլ գնալ ու կանգնել տղերքի կողքին, մենակ չթողնել նրանց… Վերջապես հրամանը եկավ:

…Կրակի տեղատարափ էր, թշնամին ինչ զենքով ասես չէր կրակում, բայց, հավատացեք, վախ չկար, վախենում էինք միայն ընկեր կորցնելուց…Երգում էինք, կատակում, իրար ոգեւորում…Ամեն մեկս, ասես, թեւ էր առել, կրկնակի ուժավորվել…Հայրենիքի հանդեպ պարտքի ու պատասխանատվության զգացումն էր մեր մեջ խոսում, չգիտեմ, անվանեք ոնց ուզում եք, բայց մի բան  հստակ գիտակցում էինք՝ ոչ մի քայլ  հետ չենք գնալու, չենք նահանջելու. թեկուզ մի քայլ հետ գնալը թշնամուն կմոտեցներ մեր շեներին, մեր օջախներին, մեր հարազատներին…

Կռվում էինք, ո՜նց էինք կռվում …. Ուզում էինք էսքան տարի ձգձգվող, հայտարարված-չհայտարարված պատերազմը մենք վերջացնեինք, պատերազմի հետ փակեինք հաշիվները: Ուզում էինք վերջակետ դնել պատերազմին:

Մերոնք սահմանամերձ Խնձորուտ գյուղից են, սահմանաբերանին ապրողը  գիտի, ինչ է նշանակում ապրել պատերազմի եւ խաղաղության արանքում, ուղիղ թշնամու նշանառության տակ հող մշակել, բերք հավաքել…Պապս, հողեղբայրս Արցախյան պատերազմի  մասնակից են,  հորս զինվորական ծառայության ժամանակ էլ երկիրը խաղաղ չի եղել…Ու հիմա էլ մենք էինք կռվում, նույն թշնամին՝  նենգ ու դավադիր:

Հայի ամեն մի սերունդ  երեւի իր բաժին պատերազմն ունի: Հիմա էլ մեր հերթն է:

Երեք ամիս մնացինք դիրքերում…..մեր  կողքին ազատամարտիկներն էին, արցախյան կռիվը պատվով անցած նախկին զինվորները եկել ու կանգնել էին այսօրվա զինվորների կողքին, ու նրանց ներկայությունը մեր ուժը կրկնապատկում, չէ՛, հազարապատկում էր:

Ապրիլի 30-ին ծնունդս էր, քսանամյակս շատ «ճոխ» նշեցինք խրամատում: Ընկերներս ամեն ինչ արեցին, որ օրս «սիրուն» անցնի՝ պեչենիների վրա լուցկու չոփեր էին խրել, իբր, տոնական տորթ է…, կյանքում շատ ծնունդներ կնշեմ, բայց  խրամատային ծնունդս երբեք հիշողությունիցս չի ջնջվի: Հա, չմոռանամ ավելացնել՝ թշնամին էլ ծնունդիս հրավառությունն էր  տեղը տեղին ապահովել…:

Լուցկի-մոմերը փչելիս մի ցանկություն պահեցի՝  խաղաղություն լինի…

Խաղաղություն…կյանք արժեցող խաղաղություն…Կյանքն այդքան սիրող տղերքը կյանքը տվեցին խաղաղության համար…

Հրազդանցի մի լավ ընկեր ունեի՝ Արտակ Ռաֆայելյանը, ինքն էլ  հետո զոհվեց, Գինեսի գրքի ռեկորդակիր էր…

…Գարիկը երկար լռում է:  Անժպիտ հայացքը հառել է պատուհանից դուրս, միտքը հեռուներում է:

-Ինչքան էլ հեշտ ու դժվար անցնի բանակային կյանքը, զինվորի համար ամենասպասված օրը վերադարձի օրն է,-փորձում եմ տաք ու լուսավոր օրերի հիշողություններով  կոտրել ծանրացած լռությունը:

-Կարծես  ամբողջ աշխարհը մորս էին տվել,-Գարիկի դեմքին ժպիտ է հայտնվում.-Հարեւան-բարեկամ, ընկեր-ծանոթ շատ էին ուրախացել, բոլորն շտապում էին մեր տուն՝ աչքալուսանքի: Որ մեր ժողովուրդը զինվորի հանդեպ առանձնահատուկ սեր ունի, դեռ ապրիլյան օրերին էի զգացել: Հիմա էլ նույնը:

Տաքսու վարորդը գյուղից մեզ պետք է հասցներ Երեւան: Խոսքուզրույցից իմանալով, որ նոր եմ վերադարձել ծառայությունից, մեքենայի հաշիվն անջատեց. «Հայրենիք պաշտպանած զինվորից փող չեմ վերցնում»: Մորս հետ մտանք տոնավաճառ, էստեղ էլ նույնը. աննախադեպ  զեղչեր են զինվորի համար՝ կատակում էին վաճառականները:

…Բանակային կարգուկանոնված առօրյայից անցել եմ քաղաքացիական կյանք, կամաց-կամաց հարմարվում եմ: Հիմա մտածում եմ՝ աշխատանք գտնեմ, մերոնց թիկունք դառնամ:

Ընկերներս հաճախ են հարցնում՝ եթե  վաղը սահմանին կռիվ լինի, էլի կգնա՞ս:

-Անպայման կգնամ,- պատասխանում եմ առանց մեկ վայրկյան իսկ կասկածելու,- կգնամ մորս համար, կգնամ  զոհված ընկերներիս ծնողների համար, հարազատներիս, կգնամ ձեզ համար…Կգնամ նաեւ էն տաքսու վարորդի համար, որը գնահատեց հայ զինվորի վաստակն ու անվճար տեղ հասցրեց:

Մինչ բանակ գնալը որոշել էի ծառայությունից հետո մեկնել  Ռուսաստան, հիմա միտքս փոխել եմ՝ մնալու եմ իմ հայրենիքում:

Մի բան էլ ասեմ. ինձ համար գրքային, ֆիլմային հերոսներ այլեւս  գոյություն չունեն: Ով առաջնագծում է, նա՛ է հերոսը:

Ի դեպ, Գարիկ Հարությունյանը ծառայության ընթացքում նաեւ բանաստեղծություններ է գրել:

-Թումանյան կամ  Չարենց չեմ, պարզապես մտքերս հանձնել եմ թղթին,-անկեղծանում է Գարիկը:

 

Կարոտ

 

Զինվորը նստած գրիչը ձեռքին՝

Մտքի  եկածը հանձնում է թղթին,

-Ախ, ոնց կուզեի իմ մորը տեսնել,

Թեկուզ մեկ վայրկյան մեր տանը լինել,

Սիրասուն մորից ջերմ խոսքեր լսել,

Մորս տաք գրկում մեկ րոպե ննջել:

Բայց սուլում է տաք գնդակը նորից,

Զինվորին ինչ քուն՝ կռիվ է, կռիվ…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ