Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԴՎԵՑԻՆ ԱՊԱԳԱ ՍՊԱՆԵՐԸ
ԵՐԴՎԵՑԻՆ ԱՊԱԳԱ ՍՊԱՆԵՐԸ

ԵՐԴՎԵՑԻՆ ԱՊԱԳԱ ՍՊԱՆԵՐԸՍեպտեմբերի 1-ը տոնական էր նաև ՀՀ ՊՆ Ա.Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում: Նորաթուխ կուրսանտների համար ուսումնական տարին մեկնարկեց երդման հանդիսավոր արարողությամբ:

Զինվորական երդմանը կազմ ու պատրաստ սպասում են ինչպես առաջին կուրս ընդունվածները, այնպես էլ մեկամյա սպայական դասընթաց անցնող բարձրագույն կրթությամբ կուրսանտները:

Վաղինակ Վարդանովը նրանցից մեկն է: ԵՊՀ մաթեմատիկա և մեխանիկա բաժնի մագիստրատուրան ավարտելուց հետո որոշել է հայրենիքի պաշտպան դառնալ:

-Քանի որ բուհն ավարտելուց հետո պիտի զորակոչվեի բանակ, մտածեցի գիտելիքներս օգտագործել և սպայական կոչում ստանալ, դառնալ զինվորական: Միշտ կարևորել եմ սպայի գործը: «Ողջ մնալու արվեստ» հկ փոխնախագահն եմ: Մեր կառույցը հայրենասիրական ճամբարների միջոցով փորձում է դրսում ապրող հայերին ներգրավել ծառայությանը,-ասաց Վաղինակը:

Բոլորը տեղում են, քար լռություն է: Սկսվում է կուրսանտների համար այդքան կարևոր երդման արարողությունը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ողջույնից հետո երկրի ապագա սպաները երդում տվեցին:

Նորընծա կուրսանտներին շնորհավորեց Ռազմաավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը.

-Հարգելի նախարար, գեներալներ, սպաներ, սիրելի կուրսանտներ, ծնողներ և հյուրեր: Այսօր բոլորիս համար օրը տոնական է, իսկ ուսանողների համար՝ հիշարժան և պատվաբեր: Նրանք, ընտրելով ազգի և պետության համար ամենապատվավոր կոչումը, զինվորական երդում տալով՝ հանձն են առնում անմնացորդ ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Շնորհավորում եմ նախևառաջ նորակոչիկների ծնողներին ու հարազատներին: Իսկ կուրսանտներին հորդորում՝ բարձր պահել հայ զինվորականի  պատիվը:

ԵՐԴՎԵՑԻՆ ԱՊԱԳԱ ՍՊԱՆԵՐԸԱմփոփիչ խոսք ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

-Հարգելի կուրսանտներ, ընտրելով այս մասնագիտությունը, դուք սովորելու եք մեր ամենապատվարժան  ուսումնական հաստատություններից՝ ամենագիտատար բուհերից մեկում:  Բուհ, որտեղ մեր երկրի համար շատ կարևոր  կիրառական գիտություն է իրականացվում:

Դուք ընտրել եք մասնագիտություն, որով կապել եք ձեր կյանքը երկրին ծառայելու սրբազան գործի հետ: Շատ պատվաբեր, միևնույն ժամանակ շատ ծանր և պատասխանատու մասնագիտություն: Հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է: Բայց դուք որոշել եք, որ դա ոչ միայն  ձեր քաղաքացիական, այլև ձեր մասնագիտական առաքելությունը  պիտի լինի կյանքում:

Նախարարը կարևորելով կրթության դերը՝ նշեց, որ շուտով նրանք կստանան անձնական էլեկտրոնային գրքերի շտեմարաններ. դա կրթության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ կատարվող հերթական քայլն է:

Պաշտպանության նախարարի շնորհավորական խոսքից հետո հանդիսավոր  քայլերթով, խրոխտ ու ձիգ անցան ռազմաավիացիոն համալսարանի կուրսանտական վաշտերը:

 

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ