Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՍԿԻԾ ՈՒ ՑԱՎ

Օրերս ներկա եղա Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Մանվել Սարիբեկյանի թաղման արարողությանը։
Ուզում եմ խոսել իմ եւ բոլոր համաշրջանցիներիս հոգու եւ սրտի ցավի, հայ երիտասարդի կորստյան անչափելի զգացման մասին։
Մեր շրջանը սահմանամերձ է։ Մենք թանկ մարդկային կորուստներ ենք ունեցել Արցախյան կռվի տարիներին։ Եվ մեր սփոփանքը եղել է եւ կմնա այն զգացողությունը, որ նրանք կամովի, ունկնդիր իրենց հոգու մղումին՝ զենք են վերցրել թշնամու ոտնձգություններից, ուխտադրուժ հարձակումներից պաշտպանելու մեզ, մեր գյուղը, մեր հավատն ու պատիվը։
Սակայն ի՞նչ անուն դնել Մանվել Սարիբեկյանի գերեվարման եւ սպանության իրողությանը։ Ի՞նչ խոսքեր ասել, որ մարդկային ոգին թեթեւանա… Սփոփանքի ի՞նչ խոսքեր ասել նրա ծնողներին, հարազատներին, Ճամբարակի բնակչությանը։ Խոսքերն անզոր են։ Ու հոգուդ մեջ կա մի մեծ պոռթկում, որ քեզ դուրս է տանում ինքնազսպումից, եւ ուզում ես բարձր գոչել ի լուր աշխարհի, որ Մանվելը մի շատ սովորական հայ երիտասարդ էր, որ նա ընդամենը մի քանի ամիս առաջ էր վերադարձել բանակից, որ եղել էր սահմանային առաջին գծում ու ծառայել էր բարեխղճորեն, իր զինվորական պարտականություններին հավատարիմ… Վերադարձել էր ծառայությունից եւ զբաղվում էր հանրօգուտ աշխատանքով, որպեսզի հոգա իրենց բազմանդամ ընտանիքի նյութական հոգսերը։ Շրջապատում նրան ճանաչում էին որպես խելոք, չափազանց համեստ մի երիտասարդի։ Եվ թող թշնամին իր բարբարոսությունը չսքողի այդ անմեղ երիտասարդին «դիվերսանտ» պիտակը տալով։
Ամբողջ շրջանը շուրջ երկու ամիս հեռուստացույցի առջեւ նստած՝ հետեւել է լրատվությանը, հետեւել հանրապետության թերթերի հոդվածներին։ Ես նրանցից մեկն եմ եղել եւ որպես հայ կին, հայ մայր չափազանց բարձր եմ գնահատում մեր երկրի ղեկավարության ջանքերը՝ մարդկությանը հասցնելու մեր աշխարհում տեղի ունեցածի իրական պատկերը։ Շնորհակալ եմ, որ արվեց ամեն ինչ, որպեսզի Մանվել Սարիբեկյանի դին հասցվի իր հարազատներին, իր մայր հողին։ Ու չի բացառվում, որ մի օր մենք կլսենք, որ նրան գերեվարող եւ խոշտանգող ադրբեջանցի մարդասպանն ու դահիճը հերոսի կոչման է արժանացել, ինչպես արժանացավ քնած հայ սպային կացնահարող Սաֆարովը։ Այս սահմռկեցուցիչ հոգեբանությամբ, հայատյաց գաղափարներով, անմարդկային արարքներով են փաստորեն ադրբեջանցիները հերոսի կոչման արժանանում։
Պարտավոր ենք մեր պատմության այս ժամանակահատվածն ըմբռնել ու ընկալել եւ նրա ճշմարիտ գնահատականն ու արժեքը տալու համար թե՛ գիտելիքներ ունենալ, թե՛ համարձակություն՝ ճշմարտությանը շիտակ նայելու։
Գերեվարված եւ խոշտանգված անմեղ զոհ Մանվել Սարիբեկյանի հետ կատարվածը է՛լ ավելի խորացրեց մեր կորստյան ցավն ու կսկիծը։
Ուղեկցեցինք նրան դեպի իր հավերժական կացարան, տուն…
Հանգստություն քեզ, Մանվե՛լ։ Խաղաղություն քեզ, քանզի դու զգացիր ու ապրեցիր մարդկային տառապանքներից ծանրագույնը՝ գերությունը։ Հանգստություն…

ԱԶԻԶ ԹՈՐՈՍՅԱՆ
Գեղարքունիքի մարզ, Վահան գյուղ