Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
Hetharvac
«ՀԱՅԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԿՀԱՂԹԵՆ»

* Ընտրությունից հետո Ադրբեջանում հացը թանկացավ 25%-ով:
* Ս.Մարկով. «Ադրբեջանական ժողովուրդը ռազմիկ չէ, այլ` վաճառական»:
* 1990-ականների սկզբին Բաքվում ահով սպասում էին հայ զինվորին:

Արցախի խնդիրը` «հավերժական հարց»

Անցյալ շաբաթ միանգամից ռուս քաղաքագետներից երեքը հայտարարեցին, որ Արցախի հիմնահարցը գործնականում անլուծելի է: Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջազգային հրատապ խնդիրների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսեյ Պուշկովը ԼՂ հիմնահարցը դասեց Հյուսիսային Կիպրոսի, Թայվանի, Մերձավոր Արեւելքի խնդիրների շարքը: Ըստ նրա` այդ խնդիրները պետք է լուծի պատմությունը, իսկ այսօր կարեւորը պատերազմը կանխելն է («regnum.ru», 16.11.2010):
Քաղաքագետ Վյաչեսլավ Նիկոնովի կարծիքով, Արցախի հիմնահարցը աշխարհի այն 34 խնդիրներից է, որոնք արագ եւ միանշանակ լուծում չունեն («novosti.az», 18.11.2010):
Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի գիտխորհրդի անդամ, քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը դասել է «հավերժական» հակամարտությունների շարքը: Ըստ նրա` այդ հարցում ավելի կարեւոր է բանակցային գործընթացը, քան արդյունքը, որին հասնել գործնականում անհնար է («novosti.az», 18.11.2010):
Նկատենք, որ դեկտեմբերի 1-2-ը Աստանայում (Ղազախստան) տեղի է ունենալու ԵԱՀԿ պետությունների ղեկավարների հերթական գագաթաժողովը, որի ընթացքում քննարկվելու է նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Գագաթաժողովից առաջ այս հայտարարությունները, թերեւս, վկայում են, որ Ռուսաստանը կողմ է Արցախի խնդրում ստատուս-քվոյի (եղած վիճակի) պահպանմանը:
Այդ արդյունքն է ակնկալում նաեւ ամերիկացի քաղաքագետ, Թեննեսի նահանգի համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Կորոբկովը: Նրա կարծիքով, գագաթաժողովում էական ոչինչ չի փոխվի: Նա նույնպես կարեւորել է պատերազմի կանխարգելումը («novosti.az», 18.11.2010):
Այսպիսով` գերտերությունները չգիտեն, թե ինչպես կարելի է կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը եւ շահագրգռված են եղած վիճակի պահպանմամբ: Նրանք վախենում են պատերազմի վերսկսումից, քանի որ վերջինս կարող է տարածվել նաեւ Մերձավոր Արեւելքում եւ, ինչպես ասում են, «պայթեցնել ամբողջ տարածաշրջանը»:

Ռիսկային տասնամյակ

Այսպիսով` Ադրբեջանը մնացել է մենակ: Միայն նրան ձեռնտու չէ ստատուս-քվոյի պահպանումը` մի քանի պատճառով:
Նախ` Աբխազիայի եւ Հյուսիսային Օսիայի անկախացումից, Կոսովոյի անկախության հռչակումը միջազգային դատարանի կողմից օրինական ճանաչվելուց հետո կտրուկ ավելացել է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման հնարավորությունը:
Երկրորդ` Ադրբեջանում մեծանում է նոր սերունդ, որը չի ապրել Արցախում, Արցախն Ադրբեջանի կազմում չի տեսել եւ այն չի համարում իր հայրենիքը, ինչքան էլ որ պաշտոնական քարոզչությունը հակառակը պնդի:
Երրորդ` Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կարծիքով, 2011թ. Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի նավթային բաղադրիչը կնվազի 1.3%-ով, այն դեպքում, երբ այս տարի աճել էր 3%-ով («regnum.ru», 26.10.2010): Նշանակում է, որ այս տարի նավթի վաճառքից Ադրբեջանի ստացած եկամուտն առավելագույնն էր, եւ այսուհետ միայն նվազելու է: Նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրություններին անմիջապես հաջորդած` առաջին անհրաժեշտության ապրանքների կտրուկ թանկացումը (մասնավորապես՝ հացը թանկացել է 25%-ով) եւս վկայում է, որ Ադրբեջանի տնտեսությունը խոցելի է, իսկ կայունությունը` խաբուսիկ («apa.az», 18.11.2010):
Այսինքն` Ադրբեջանն իր հզորության առավելագույն աստիճանին կարող է հասնել առաջիկա տարիներին: Եթե նույնիսկ իրական համարենք գազի վաճառքից եկամուտ ստանալու հեռանկարը, ապա Ադրբեջանն իր հզորության գագաթնակետին կլինի հավանաբար մեկ տասնամյակ: Հենց այդ ժամանակահատվածում էլ նա կարող է փորձել Արցախին տիրանալ ռազմուժի միջոցով:
Բայց: Քաղաքագետ Սերգեյ Մարկովի խոսքով, Արցախի հիմնահարցը ուժով լուծելու ցանկացած փորձ անմիջապես կհանգեցնի Ադրբեջանի տնտեսական աճի կասեցմանը: Բացի դրանից, ադրբեջանցիները, ի տարբերություն թուրքերի, ռազմատենչ չեն եւ վատ են կռվում: «Ադրբեջանական ժողովուրդը ռազմիկ չէ, այլ՝ վաճառական,- ասել է քաղաքագետը:- Ուստի հայերը հաճախ ասում են, որ թեեւ բանակների թվաքանակը տարբեր է, բայց ռազմական ուղղակի բախման դեպքում իրենք կհաղթեն» («novosti.az», 01.11.2010):

Գործարքը խելամիտ չէ

Տեղին է հիշելը, որ Արցախյան պատերազմի տարիներին Ադրբեջանի իշխանությունը վախենում էր հայերի Բաքու մտնելուց: 1990-ականների սկզբին մայրաքաղաքը պաշտպանելու նպատակով մեծ քանակությամբ զինամթերք էր կենտրոնացվել Բաքվի հեռուստաաշտարակի մոտակայքում: Հետո այդ զինամթերքի մասին մոռացան: Վերջերս` նոյեմբերի սկզբին, հեռուստաաշտարակից 150-200մ հեռու պատահմամբ հայտնաբերվեց տանկի 1700 արկ («1news.az», 12.11.2010):
Սերգեյ Մարկովի կարծիքով, Ադրբեջանի ռազմավարությունը ոչ թե ուժով, այլ ուժի կիրառման սպառնալիքով արդյունքի հասնելն է: Իրականում ադրբեջանական բանակի արատները` կոռուպցիան ու ցածր կարգապահությունը, թույլ չեն տալիս, որ Ադրբեջանի ԶՈՒ մարտունակությունը հասնի Արցախը զավթելու մակարդակին: Ահա մի քանի օրինակ:
Հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն Ուկրաինայից գնելու է զենիթահրթիռային «Ս-125» համալիր: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով, դա խելամիտ չէ, եթե նկատի ունենանք, որ Ադրբեջանը Ռուսաստանից մոտ 600 մլն դոլարով գնելու է «Ս-300» համալիրներ:
«Այդ երկու համալիրները տարբեր երկրներից գնելու դեպքում կծագի դրանց աշխատանքը համաձայնեցնելու խնդիր, որը լրացուցիչ ծախս է պահանջում: Ավելի ձեռնտու է «Ս-125»-ը գնել այն երկրից, որից գնվելու է «Ս-300»-ը: Այս տրամաբանությամբ չառաջնորդվելը կարող է ունենալ երկու բացատրություն. կամ ադրբեջանցի ինչ-որ գեներալ «Ս-125»-ի գործարքով որոշել է հարստանալ պետության հաշվին, կամ էլ այդ երկու գործարքներից մեկը բլեֆ է»,- ասում է փորձագետը:
Ադրբեջանական բանակի ցածր կարգապահությունը մատնող պատահարներ են տեղի ունեցել նոյեմբերի 8-ին եւ 18-ին: Առաջին պատահարը` ժամկետային զինծառայող Գեշեմ Յարահմեդովը պահակային ծառայության ժամանակ չպարզված հանգամանքներում ստացել է հրազենային վնասվածք: Երկրորդը` Ադրբեջանի ոստիկանության շրջանային բաժանմունքներից մեկի ղեկավար Կ.Ասադովն իր անձնական օգտագործման մեքենայով, որի մեջ եղել է 4 զինծառայող, բախվել է ավտոբուսի: Զոհվել է 32-ամյա զինծառայող Գալիբ Իսաեւը («panorama.am»):

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ