Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԳԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ



ԱԶԳԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆՎաղ առավոտյան Արարատ քաղաքի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Գնդապետ Կարեն Սերոբյանի հրամանատարությամբ գործող Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նորակոչիկները կազմ ու պատրաստ սպասում են զինվորական երդմանը:

Միջոցառմանը ներկա են զորամասի սպայական կազմը, բարձրաստիճան զինվորականներ, մարզային և  քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավարը, հոգևոր սպասավորներ, ազատամարտիկներ, քաղաքացիներ, նորակոչիկների ծնողներ, հարազատներ:

Գրեթե ամեն ինչ պատրաստ է: Սպաները վերջին շտկումներն են անում: Կապիտան Աղվան Խաչատրյանն էլ հրահանգներ է տալիս.

-Մեջքն՝ ուղիղ, հպարտ, զենքը՝ կրծքին մոտ պահած: Ձեր ծնողները պիտի տեսնեն, թե ինչ պատանիներ են ուղարկել, իսկ այսօր՝ ինչ տղերք ունեն: Դե, ձեզ տեսնեմ:

-Ովքե՞ր են դասակի լավագույն զինվորները,-հարցնում եմ կապիտանին:

-Լավ ու վատ զինվոր չի լինում: Բոլորն էլ լավ տղերք են: Դեռ շատ բան ունեն սովորելու: Դասա՛կ, զգա՛ստ:-Լրջանում է հրամանատարը:-Դե, մի հատ մեզ հավերժացրու, ես էլ կասեմ լավագույն զինվորներիս անունները:

Լուսանկարում եմ նրանց ու սպասում պատասխանի.

-Հիմա պիտի տասնութի անունն էլ գրե՞ք,- կատակում է կապիտան Խաչատրյանը: Ծիծաղում ենք:

Մի քանի րոպե անց բոլորը տեղում են՝ լուրջ ու զգաստ կանգնած: Հյուրերն ու վերադաս սպայական կազմը  նախ ծաղիկներ են դնում Սպարապետի հուշակոթողին:

Երդման պաշտոնական արարողությունը մեկնարկում է գնդապետ Կ.Սերոբյանի հանդիսավոր ողջույնով, որից հետո զորակոչիկները երդվում են ծառայել հանուն Հայրենիքի:

Այդ կապակցությամբ շնորհավորանքի խոսքում գնդապետ Կ.Սերոբյանն ասաց.

-Հարգելի՛ ներկաներ, ծնողներ այսօր մեր զորամասում տոն է: Մեր երիտասարդները դարձան ազգի պաշտպան զինվորներ: Զինվորական երդումը կյանքում մեկ անգամ է լինում, տրվում, և այն պետք է պահպանել ոչ միայն ծառայության, այլև ողջ կյանքի ընթացքում: Հայրենասեր է այն մարդը, որն իր գործունեությամբ նպաստում է հայրենիքի անվտանգության պահպանմանը: Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում բարի ծառայություն:

Արարատի ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար Մանվել Սիրականյանը նորակոչիկներին մաղթեց անփորձանք ծառայություն: Խոսեց բանակի անցած փառահեղ ուղու, հերոսների և զինվորների կարևոր առաքելության մասին:

Արարատի հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանն էլ նորակոչիկներին Նոր Կտակարաններ նվիրեց և Աստծու օրհնությամբ բարի ու խաղաղ ծառայություն մաղթեց:

Շնորհավորական խոսքով հանդես եկան քաղաքապետ Հ.Հայկյանը, փոխմարզպետ Ի.Շադյանը, նորակոչիկներ, զինծառայողների ծնողներ:

Երդումն ընդունած զինվորներին շնորհավորելու  էին եկել նաև Արարատի մարզի Դուքենդոյի ֆեդերացիայի սաները: Նրանք ցուցադրական վարժություններ ներկայացրին: Զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինվորները ոչ պակաս տպավորիչ հետախուզական հնարքներով հանդես եկան: Միջոցառմանը պատրաստվել էին նաև նորաթուխ զինվորները: Ուսումնական վաշտի երկու դասակները ներկայացրին կարճ ժամանակամիջոցում սովորած վարժանքներն ու ֆիզպատրաստության նորմատիվներից մեկ-երկուսը:

Երդման պաշտոնական արարողությունն ավարտված է, բայց ծնողների ու զինծառայողների համար ամեն ինչ դեռ նոր է սկսվում:

Շուրջս խառնաշփոթ է՝ գրկախառնություններ, սիրով  ու ջերմությամբ լեցուն պահեր: Հեռվում նկատում եմ սևազգեստ մի տատիկի: Մոտենում եմ, տեղավորվում նրա կողքին: Պարզվում է՝ 81-ամյա Հասմիկ տատը Արցախյան ազատամարտիկ Վաչե Ռոստոմյանի մայրն է:

-Վեց տղա թոռ ունեմ: Բոլորին  էլ բանակ եմ ճանապարհել: Հերթը Վաչեինս է: Տղայիս անունն ունի: Էս թոռս մի ուրիշ քաղցրություն է: Էջմիածնից եկել եմ, որ տեսնեմ: Գիտեմ՝ ինչ է բանակը, զինվոր ունենալը: Ցավ եմ տեսել, բայց եկել եմ ուրախանամ: Թոռներս գիտեն, որ Վաչեի նման հորեղբայր ունեցողը պիտի լավ ծառայի: Տղամարդն իրավունք չունի բողոքելու:

Հասմիկ տատին թողնում եմ  իր հույզերի հետ: Մոտենում եմ թոռանը: Վաչեն լուռ է: Փաթաթվել է մորն ու ոչինչ չի ասում: Երբ հարցնում եմ, թե շա՞տ է կարոտել: Գլխով է անում: Մորն ու որդուն առանձին եմ թողնում. խոսելու շատ բան կունենան:

Գարիկը արդեն զինվորական երդումն ընդունել, հանգիստ ու ժպիտը դեմքին կանգնել է ծնողների կողքին: Մի քանի ժամ ունի վայելելու նրանց ներկայությունը: Փորձում եմ շատ ժամանակ չխլել նրանից.

-Որտեղի՞ց ես, ուրա՞խ ես, որ զինվորական երդում ընդունեցիր, իսկական զինվոր դարձար:

-Իջևանից եմ: Իհարկե, ուրախ եմ. եղբորս հետ եմ ծառայելու: Գևորգը մեկ ու կես տարվա զինվոր է: Կողքիս եղբայր ունեմ: Միասին կծառայենք:

Քիչ այն կողմ ստեփանավանցի Աշոտը ամուր գրկել է ընկերուհուն, ավելի ճիշտ՝ ապագա հարսնացուին: Այդ մասին  բոլորից «թաքուն» Սուսաննան՝ Աշոտի քույրը, տեղեկացրեց:

-Ճիշտ է՝ բացակայությունը շատ ենք զգում, բայց, տղա է, կծառայի, հետ կգա: Կհասնի մեզ էլ, սիրելիին էլ,-ասաց Սուսաննան:

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #33 (1204) 23.08.2017 - 29.08.2017, Ազգային բանակ


23/08/2017