Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆԽԵԼ ՀԱՆՑԱՆՔ ԾՆՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ



ԿԱՆԽԵԼ ՀԱՆՑԱՆՔ ԾՆՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐԸԶրույց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ

 

Սկիզբը՝ նախորդ համարում

-Ըստ հարուցված քրեական գործերի` վերջին մեկ տարվա ընթացքում ի՞նչ պատկեր է արձանագրվել` կապված ծանր հանցագործությունների թվաքանակի հետ:

-Հստակ ժամանակահատվածում հանցավորության վիճակը ճիշտ գնահատելու համար, կարծում եմ, պետք է քննարկել հանցագործությունների թվաքանակը ոչ թե ըստ հարուցված քրեական գործերի, այլ` ըստ տվյալ ժամանակահատվածում կատարված հանցագործությունների քանակի, քանի որ 2016թ. քրեական գործեր են հարուցվել նաև նախորդ տարիներին կատարված հանցագործությունների կապակցությամբ:

Ինչպես գիտեք` ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածը, ըստ ծանրության աստիճանի, հանցագործությունները դասակարգում է չորս տեսակի` ոչ մեծ, միջին, ծանր և առանձնապես ծանր: Եթե այս դասակարգմամբ ներկայացնենք, ապա 2016թ. արձանագրված և ՀՀ ոստիկանության տեղեկատվական կենտրոնում հաշվառված հանցագործություններից 0,7 %-ը` առանձնապես ծանր, 12,8 %-ը` ծանր, 42,2 %-ը` միջին ծանրության, իսկ 44,3 %-ը ոչ մեծ ծանրության հանցագործություններ են:

– Մարմնական վնասվածքներն ավելի թեթև հանցագործություններ են, քան, բնականաբար, մահվան ելքով դեպքերը, առավել ևս` եթե վերջիններս դիտավորյալ սպանություն են կամ ինքնասպանության հասցնելու հետևանք: Վերջին երկու ծանր հանցագործություններին մենք ավելի ուշ կանդրադառնանք, հիմա խոսենք մարմնական վնասվածքների մասին, որովհետև դրանց քանակը, ըստ իս, ուղղակիորեն խոսում է բանակում կանոնադրային հարաբերությունների վիճակի մասին: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

-Միշտ չէ, որ զինված ուժերում կանոնադրային հարաբերությունների վիճակը պարզելու համար պետք է ճշտենք, թե կողմերը դեպքի ընթացքում մարմնական վնասվածքներ միմյանց պատճառել են, թե ոչ, քանի որ պատասխանատվություն սահմանող հանցակազմի համար մարմնական վնասվածքներ պատճառելը պարտադիր չէ, և այդ անձինք քրեական պատասխանատվության են ենթարկվում ոչ թե անձի դեմ ուղղված հանցագործությունների, այլ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար: Կանոնադրային փոխհարաբերությունների վիճակը գնահատելու համար պետք է ուսումնասիրել և վերլուծել ՀՀ քրեական օրենսգրքի 358 (պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը), 358.1 (ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը), 359 (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) և 360 (զինծառայողին վիրավորանք հասցնելը) հոդվածներով պատասխանատվության ենթարկված ծառայողների թվաքանակը, դեպքերի բնույթը և այլ նմանատիպ մանրամասներ: 2016թ. հիշյալ հոդվածների տարբեր մասերով ու կետերով քրեական պատասխանատվության ենթարկված ծառայողների թիվն աճել է 26,8 %-ով: Այդ կապակցությամբ ուսումնասիրություններ, վերլուծություններ են կատարվել, բացահայտվել են աճի պատճառները, արվել են իրավիճակը շտկելու առաջարկություններ:

-Դուք որոշ հանցատեսակների աճը հիմնականում պայմանավորեցիք ապրիլյան պատերազմին հաջորդած ժամանակահատվածի լարվածությամբ: Ադրբեջանցիների պես անկանխատեսելի ու նենգ հարևան ունենալը մեզ ստիպում է զորքը հոգեբանորեն նախապատրաստել յուրաքանչյուր իրավիճակի, որպեսզի սահմանային որեւէ լարվածություն հանցագործությունների աճի պատճառ չդառնա: Ես այն կարծիքին եմ, որ բանակում օրինականության ամրապնդումը պետք է սկսել սպայակազմի օրինականությունը բարձրացնելուց: Վերջին մեկ տարվա ընթացքում ինչպիսի՞ն է պատկերը` կապված սպայակազմի կողմից կատարված հանցագործությունների տեսակի և քանակի հետ: Ինձ հատկապես հետաքրքրում է 360 և 358.1 հոդվածներով նախատեսված հանցակազմը (ենթակայի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելը և ենթակայի նկատմամբ բռնի գործողություններ կիրառելը):

-Այո՛, համամիտ եմ, ինչպես նշեցի, օրինականության մակարդակը, հանցավորության պատկերը ուղղակիորեն ազդում են բանակի մարտունակության վրա, և այդ ուղղությամբ կատարվող միջոցառումները առաջնահերթ պետք է նպատակաուղղել սպայական կազմին: Սպայական կազմի կատարած հանցագործությունները հաշվառվում են, և տեղեկատվություն է տրամադրվում ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումներին՝ համապատասխան եզրահանգումներ անելու և թիրախային ծրագիր մշակելու ու իրականացնելու նպատակով: Այս հարցը մշտապես ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարության ուշադրության կենտրոնում է, և 2016թ. աշխատանքային ծրագրով արդեն իսկ ուսումնասիրվել են 2014-2015 թթ. սպաների կատարած կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների դեպքերը, կատարվել է վերլուծություն, որի արդյունքում՝ համապատասխան առաջարկություններ են ներկայացվել պաշտպանության նախարարություն: Նշեմ, որ սպաների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների նվազում է արձանագրվել 2015թ. 6,9 տոկոսով, 2016թ. նվազումը շարունակվել է` կազմելով 5,3 տոկոս:

-Այսինքն՝ սպաների կատարած կամ նրանց մասնակցությամբ իրականացված հանցագործությունների շարունակական նվազում է արձանագրվում: Հետաքրքիր է, իսկ այդ նվազումը առավել շոշափելի դարձնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում:

– Սպաների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների վերլուծությունների արդյունքում բացահայտվել են դրանց ծնող պատճառներն ու պայմանները, և կանխարգելման նպատակով առաջարկվել է առաջին հերթին ռազմական բարձրագույն, միջնակարգ ուսումնական հաստատություններում, վարժարաններում, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինծառայողներին դասավանդվող ծրագրերում ավելացնել իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ դասավանդվող առարկաների դասաժամերը, կազմակերպել բաց դասաժամեր` համագործակցելով ոստիկանական, նախաքննական և դատաքննական մարմինների հետ:

Կարծում ենք՝ ստորաբաժանումների ԱՀՏԱ գծով տեղակալներին պետք է հանձնարարել ուղղորդված աշխատանք տանել ենթակա անձնակազմի հետ` միտված զինծառայողների կանոնադրային հարաբերությունների մշակույթի և իրավագիտակցության զարգացմանը:

Խիստ կարևոր է զինծառայողների հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներն ապահովելու նպատակով հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալների դերն ու մասնակցությունը հանցագործություններ կատարած սպաների հետ տարվող աշխատանքներում բարձրացնելը: Առաջարկել ենք խստացնել ԱՀՏԱ գծով տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, եթե ստորաբաժանումներում հանցագործություններ են կատարվել:

Պակաս ազդեցիկ չի լինի, եթե համապատասխան իրավասու ստորաբաժանումները փոքրիկ ուսուցողական, քարոզչական ֆիլմեր նկարահանեն քրեական գործերի վարույթների մասին, կազմակերպեն ցուցադրություններ: Արդյունավետ կլինի սպայական ժողովներում որոշ քրեական գործերով դատավճիռների ընթերցումը:

Մենք կարծում ենք, որ պետք է նախկինում դատված ծառայողների հետ տարվող աշխատանքներն է՛լ ավելի բարելավել ու նպատակային դարձնել:

Հրատապ է նաև զինվորական ունեցվածքի (իրային, պարենային, վառելիքային և այլն) պահպանության, բաց թողնելու վերաբերյալ իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու` սահմանված կանոնները խստացնելու և հնարավոր հափշտակությունները կանխելու հարցը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #33 (1204) 23.08.2017 - 29.08.2017, Բանակ և հասարակություն


23/08/2017