Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔ



ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔՀատվածներ գրքից

Սկիզբը՝ նախորդ համարներում

Ոգևորված հայ ազատագրական պայքարի ժամանակավոր դադարից և հայոց ազատամարտի նոր մարտավարությունն ընկալելով որպես նրա թուլության ու պարտության նշան՝ թշնամին ամենուրեք հարձակման էր անցել: Մատնությունների հետևանքով զոհվել էին Վասպուրականի և Տարոն-Սասունի ազատագրական պայքարի վերջին տարիների ճանաչված առաջնորդներ Վազգենը (1898 թ. հունվար), Գուրգենը (Բաղդասար Մալյան, 1899 թ. ապրիլ) և Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան, 1899 թ. հոկտեմբեր): Մինչդեռ նրանց փոխարինելը նոր գործիչներով միշտ չէ, որ սահուն է եղել:

Մյուս կողմից՝ իշխանությունների ակնհայտ հովանավորությամբ ուժեղացել էին հայերի նկատմամբ քրդական աշիրեթների ճնշումները, է՛լ ավելի ծանրացել էին տուրքերը, հաճախակի էին դարձել թալանը, սպանությունները, հողերի բռնագրավումները, հայերի արտաքսումն իրենց բնակավայրերից և դրանք մուհաջիրներով (Բալկաններից գաղթեցված մահմեդականներ) բնակեցումը: Չբավարարվելով դրանով՝ կառավարությունն ապահովության համար հայկական գյուղերը լցրել էր զորքերով, որոնք, ապրելով հայերի հաշվին, պատուհաս էին դարձել նրանց համար: Ամեն ինչ արվել է արմատախիլ անելու հայ ազատագրական շարժումը:

Նման պայմաններում ազատագրական շարժման մեջ խիստ դժվարացել էր հայդուկային պայքարի մարտավարության հաղթահարումը: Եթե ժողովրդական ապստամբության կազմակերպման կողմնակիցները, ի դեմս Հրայրի (Սասուն-Տարոն), Վարդգեսի (Վասպուրական) և նրանց համախոհների, խուսափելով աղմուկից, անիմաստ համարելով մանր կռիվներն ու բախումները, ջանքեր էին գործադրել ժողովրդական զանգվածներին կազմակերպելու, զինելու և ընդհանուր ապստամբության պատրաստելու համար, ապա ի դեմս հայդուկային պայքարի մարտավարության կողմնակիցների՝ Անդրանիկի (Անդրանիկ Օզանյան), Գևորգ Չաուշի ու նրանց համախոհների, այդ թվում՝ հայդուկ կանանց, փորձել էին վրեժխնդրական խիզախ ձեռնարկումներով կանխել բռնությունները, ոգևորել ժողովրդին և նրան դուրս բերել հուսահատությունից:

Մարտավարական երկու գծերի հակադրությունը Տարոն-Սասունում շարունակվել էր մինչև 1902 թվականի գարունը, երբ որպես Հայ հեղափոխական դաշնակցության լիազոր` Սասուն էր հասել Վահանը (Վահան Մանվելյան): Վերջինս նպաստել էր Հրայրի և հայդուկների միջև տեղի ունեցող վեճերի դադարեցմանը: Հատկապես լայն արձագանք էր ունեցել Աղբյուր Սերոբի սպանությունն իրականացրած և ընդհանրապես Սասունի հայության դահիճ, քուրդ ցեղապետ Բշարե Խալիլի ահաբեկումը՝ մեծ ճանաչում բերելով Անդրանիկին և բարձրացնելով նրա հեղինակությունը ազատագրական կռվի մարտիկների շարքերում:

Դարասկզբին հայդուկների մղած կռիվներից ամենանշանավորը և ամենահերոսականը Ս. Առաքելոց վանքի կռիվն էր՝ Անդրանիկի գլխավորությամբ: Ունենալով ցուցադրական-քարոզչական բնույթ՝ կռվի նպատակն է եղել ժողովրդին դուրս բերել հուսահատական վիճակից և կրկին տերությունների ուշադրությունը հրավիրել արևմտահայության խնդրին:

1901 թ. նոյեմբերի սկզբին Անդրանիկն ու Գևորգ Չաուշը ավելի քան 30 հայդուկների և շուրջ 20 զինված գյուղացիների հետ մտել են Մուշից ոչ հեռու գտնվող Ս. Առաքելոց վանքը և այն վերածելով ինքնապաշտպանական ամրոցի՝ կռիվներ են սկսել վանքն անմիջապես պաշարած թուրք-քրդական մեծաքանակ ուժերի դեմ: Վանքը գրավելու վերջիններիս փորձերն ապարդյուն են անցել: Թուրքական բանակում շուտով համաճարակ է բռնկվել, մյուս կողմից՝ պաշարվածների զինամթերքը սպառվել է: Վերջին հանգամանքն ստիպել է, որ նոյեմբերի 27-ի գիշերը հայդուկները, սպիտակ սավաններով փաթաթված, աննկատ հեռանան վանքից: Ս. Առաքելոց վանքի կռիվը մեծ տպավորություն է թողել Տարոնի ու Սասունի հայության վրա: Միաժամանակ արձագանք գտնելով արտասահմանում՝ նոր թափ է հաղորդել արտաքին քարոզչությանը:

Առաքելոց վանքի ձեռնարկը հաջողությամբ գլուխ բերելուց հետո ֆիդայիներն անցել են գաղտնի աշխատանքի. ռազմանյութ ու պաշար են հասցրել հայդուկներին, որոնց թիվը օրեցօր աճել է: Առաքելոց վանքի դեպքերից հետո՝ մեկ ամիս անց, Գևորգը իր խմբով մտել է Նորշեն, որտեղ հաջողությամբ հանգանակություն էր արվել՝ մոտ երկու հարյուր ոսկով զենք գնելու համար: Սակայն խմբին մատնել է Բենիկ Անդրիկյան կոչվածը: Ոստիկանության զորքերի հրամանատար Հյուսեին աղան լուրն առնելուն պես, հարյուր ձիավորների գլուխ անցած, Սողգոմ գյուղի կողմից մտել է Նորշեն: Հյուսեինը, որը Բշարե Խալիլի հետ միասին Աղբյուր Սերոբի դեմ հարձակվող զորքի հրամանատարն էր, ընկնելով երկկողմանի հարվածների տակ, սպանվել է, նրա զորքից սպանվել են նաև մեկ տասնյակից ավելի մարդիկ: Զորքի մյուս մասը, թողնելով ձիերը, պատսպարվել է գոմերի մեջ: Սակայն քաջարի հայդուկները՝ Գևորգը, Անդրոն ու Միսակը, սպանել են նրանց: «Տագնապալի կռվի այս ընթացքին հրաշալի դեր կը կատարեն երկու կիներ՝ Ասանէթ Փիրոյեան եւ Հռիփսիմէ Չաղոյեան: Գիւղի երիտասարդներն ու կիները հրապարակի վրայ կեցած ձիերու թամբերը վար կառնեն և ձիերը մերկ կը թողան, որպէսզի ոստիկանները չկարենան ձիերը հեծնել և ֆետայիները հետապնդել»,- գրում է Կարո Սասունին: Ֆիդայիները Գևորգ Չաուշի ղեկավարությամբ գյուղի մի խումբ երիտասարդների հետ անցել են Ալվառինջ գյուղ: Առավոտյան քրդերը և թուրքական կանոնավոր զորքը ներխուժել են Նորշեն և ահավոր խոշտանգումների դիմել: «Մահացաւ հերոսուհի Ասանէթն ալ՝ իր կրած չարչարանքներէ»,- գրում է ականատեսը:

Ս. Առաքելոց վանքի կռիվը, ժողովրդի դժգոհության հետևանքով Սասունում թուրքական զորանոցի կառուցման փորձի ձախողումը և նմանատիպ այլ իրադարձություններ վկայում էին հայ ազատագրական պայքարի աշխուժացման մասին: Թեև 1902-1903 թթ. հայդուկային գործունեությունն առերևույթ դադարել էր, և շուրջ երկու տարի արտաքին հանգստության քողի տակ կազմակերպչական եռանդուն գործունեություն էր ծավալել Հրայրը, սակայն նրա ծրագրերը կիսատ էին մնացել: Իշխանությունների համար ակնհայտ էր դարձել այն վտանգը, որ ներկայացնում էր Սասունը:

1902 թ. սկսած՝ կառավարությունն ուժեր էր կենտրոնացրել Սասունի մատույցներում՝ նպատակադրվելով կանխել վերահաս ապստամբությունը: Հետևելով Սասունում ծավալվող դեպքերին՝ հայությունը նույնպես բնազդով զգացել էր այն վճռորոշ նշանակությունը, որը ստացել էր Սասունը հայոց ազատամարտի համար: Ակնհայտ էր, որ այստեղ էր որոշվելու հայ ազատագրական պայքարի ապագան:

Հատկապես կովկասահայության շրջանում ծավալվել էր Սասունին օգնելու շարժումը: Այդ նպատակով վերադարձ էր կատարվել զինված արշավախմբերի կազմակերպման գործելակերպին, որից հայ ազատագրական շարժումը նախորդ տարիներին միառժամանակ հրաժարվել էր: Դրանցից առաջինը Թորգոմի «Մրրիկ» ձիավոր խումբն էր, որը, դուրս գալով Կարսից և հաղթահարելով մեծ դժվարություններ, 1903 թվականի ամռան սկզբներին անվնաս հասել էր Սասուն՝ բարձրացնելով ժողովրդի տրամադրությունը: Փորձառու և ընտիր մարտիկներից բաղկացած այդ խմբի հայտնվելը Սասունում բացահայտ մարտահրավեր էր իշխանություններին, որոնք շտապել էին օղակի մեջ առնել Սասունը՝ այն համարելով ապստամբ շրջան: Զգուշությունն արդեն ավելորդ էր: Հրայրն ու Վահանը մի կողմից նամակներով նոր օգնություն էին ակնկալել Կովկասից, մյուս կողմից աշխատել էին հնարավորինս շատ մարտական ուժեր հավաքել Սասունում: Հայոց դյուցազունների միջնաբերդի վրա կրկին փողփողացել էր ազատաբեր ապստամբության դրոշը:

1903 թ. աշնանից Սասունն ապրում էր միանգամայն ազատ կյանքով՝ պատրաստություններ տեսնելով դիմագրավելու գալիք փորձությունները: Ստեղծվել էր ապստամբությունը ղեկավարող զինվորական մարմին՝ Անդրանիկի գլխավորությամբ:

Շարունակելի

Խորագիր՝ #32 (1203) 16.08.2017 - 22.08.2017, Պատմության էջերից


16/08/2017