Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄՆախապատրաստական փուլի ավարտին, նոր ուսումնական փուլի մեկնարկից առաջ, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա բոլոր զորամասերում անցկացվեցին շարային ստուգատեսներ, որոնց ընթացքում զորամիավորման հրամանատարությունն  ու վարչակազմը ստուգեցին անձնակազմերի փաստաթղթերի առկայությունը, արտաքին տեսքը, հիգիենան, զենքն ու զինամթերքը, ինչպես նաև զինծառայողների պարտականությունների կատարման իմացությունը: Շարային ստուգատեսի վերաբերյալ ստուգող անձնակազմի առաջարկություններն ու դիտողությունները բացառապես բխում էին զինվորական կանոնադրության պահանջներից:

Շարային ստուգատեսներին զուգահեռ,  զորամիավորումում անցկացվող ուսումնանյութական բազայի մրցույթի շրջանակներում, ցուցադրվեցին վաշտի, մարտկոցի կրովի ուսումնական սարքավորումների և դիտողական նյութերի լրակազմերը, որոնք բաղկացած էին մարտական, մարտավարական, ֆիզիկական, դիտողական, քարոզչական պատրաստությունների լրակազմերից, մեքենավարման և տեխնիկական պատրաստությունների արկղերից: Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ցականյանի գլխավորությամբ գործող մրցութային հանձնաժողովում ընդգրկված են սպաներ, ովքեր նպաստում են ստորաբաժանումների միջև մրցակցային մթնոլորտի կայացմանը: Նոր ուսումնական փուլի մեկնարկին արդեն հայտնի կլինեն մրցույթում երեք մրցանակային տեղեր գրաված ստորաբաժանումները, որոնք զորամիավորման հրամանատարության կողմից կխրախուսվեն:

Միաժամանակ, պատշաճ տեսքի են բերվել զորամասերը, որտեղ կատարվել են  ներքին ու արտաքին հարդարանքի աշխատանքներ: Անձնակազմերի հետ անցկացվել են պլանով նախատեսված բոլոր միջոցառումները: Զորամասերի ողջ անձնակազմերը հրահանգավորվել են անվտանգության կանոնների վերաբերյալ: Մեր զինծառայողների բարոյահոգեբանական վիճակն էլ կայուն է: Նրանք պատրաստ են առաջադրված մարտական խնդիրները կատարել փայլուն:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին զորամիավորման թղթակցական կետ