Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ.   ԱՐԴԱՐ ՈՒ ԹԱՓԱՆՑԻԿ
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԴԱՐ ՈՒ ԹԱՓԱՆՑԻԿ

Հուլիսի 29-ին պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ այս տարվա 4-րդ կուրսի եւ մեկամյա սպայական դասընթացների շրջանավարտների ծառայության վայրի (զորամասի) ընտրության վիճակահանությունը։ Միջոցառման անցկացման հանձնաժողովը, որը հիմնականում կազմավորված էր պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի կադրային քաղաքականությունն իրականացնող պաշտոնյաներից եւ մասնագետներից, ղեկավարում էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։ Վիճակահանությունն անցկացվում էր բոլոր շրջանավարտների եւ նրանց ծնողների ու հարազատների ներկայությամբ՝ պարզ ու թափանցիկ։

Միջոցառման սկզբում նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ողջունեց եւ շնորհավորեց շրջանավարտներին բուհն ավարտելու, դիպլոմներ եւ սպայական կոչումներ՝ լեյտենանտ ստանալու առթիվ եւ ներկայացրեց վիճակահանության կարգը։ Նա միաժամանակ պարզաբանեց, որ ծառայության անցնելու հարցում որոշակի առավելություններ են տրված ուսումը ոսկե մեդալով, կարմիր դիպլոմով ավարտածներին, Արցախյան պատերազմում զոհված, վիրավորված եւ հետագայում մահացած զինծառայողների (ազատամարտիկների) որդիներին։

Վիճակահանությունն սկսեցին մոտոհրաձիգները։ Առաջին ընտրողը Լեւոն Հայկի Համբարձումյանն էր։ Նրան հետեւեցին լեյտենանտներ Առնակ Մովսիսյանը, Հովհաննես Դիվանյանը, Նաիրի Ավագյանը…

Յուրաքանչյուր վիճակահանություն կատարողը բարձրաձայն նշում էր զորամասի համարը, իսկ ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետ, ՔԾ առաջին դասի խորհրդական Մ. Շիրինյանը պարզաբանում էր, թե տվյալ համարի զորամասը որտեղ, որ զորամիավորման կազմում է գտնվում։ Լեյտենանտ Վազգեն Շահնազարյանին բաժին ընկավ առաջնագծում տեղակայված զորամաս, Աղասի Խաչատրյանին՝ նույնպես առաջնագծի, բայց մարտական հերթապահությունից ազատված զորամաս։

Նկատելի էր, որ երիտասարդ սպաներից եւ ոչ մեկը դժգոհ չէր վիճակահանության արդյունքից։

-Ամեն ինչ պարզ էր եւ արդար,- ասաց լեյտենանտ Նաիրի Ավագյանը,- ինձ բաժին է հասել առաջնագծի զորամասերից մեկը։

-Ես էլ եմ առաջնագիծ մեկնելու եւ չեմ դժգոհում, իմ ձեռքով եմ ընտրություն կատարել,- ծիծաղելով ասաց լեյտենանտ Հայկ Աղաբեկյանը։

-Ամեն ինչ պարզ էր, թափանցիկ, արդար,- ասաց լեյտենանտ Կարապետ Համբարձումյանի հայրը՝ ազատամարտիկ Գեւորգ Համբարձումյանը։

ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության սպա փոխգնդապետ Արսեն Հովհաննիսյանը եկել էր այստեղ ժամ առաջ իմանալու, թե որ զորամասում է ծառայությունն սկսելու որդին՝ լեյտենանտ Մարատ Հովհաննիսյանը։ Նրան նույնպես բաժին էր ընկել առաջնագծի զորամասերից մեկը։ Երբ Մարատը դիպլոմն ստանալով դուրս եկավ դահլիճից, հայր ու որդի ջերմորեն ողջագուրվեցին։

-Լավ է, լավ է, մեր զորամասերը բոլորն էլ լավն են, ամեն ինչ անձից է կախված, կապ չունի, թե ով որտեղ է ծառայում, կարեւորն այն է, որ յուրաքանչյուր զինծառայող, զինվոր թե սպա, սրտանց նվիրվի իր գործին, լինի կարգապահ եւ առաջադրանքներ կատարելիս խստորեն պահպանի անվտանգության կանոնները։ Եթե մարդը ձգտում է զինվորական դառնալ, ուրեմն նա պետք է պատրաստ լինի կատարելու ցանկացած հրաման, ծառայի այնտեղ, ուր իրեն կուղարկեն։ Դա շատ կարեւոր է առաջխաղացման համար։ Այն սպաները, որոնք կառչում են մի զորամասից եւ չեն ուզում տեղափոխվել ուրիշ զորամասեր, մեղմ ասած, արգելակում են իրենց առաջխաղացումը,- ասաց փոխգնդապետ Ա. Հովհաննիսյանը։

Շրջանավարտների մեջ էին նաեւ ինստիտուտի անգլերենի դասախոս Նունե Ազարյանի երկու որդիները՝ Ռուբիկ եւ Էդգար Գրիգորյանները։ Երկուսն էլ հանեցին առաջնագծի զորամասեր մեկնելու «վիճակը»։ Տիկին Նունեն մի քիչ հուզված էր։ Նրա ամուսինը՝ Ռոլանդ Գրիգորյանն աշխատում է արտասահմանում։

-Տանը ես ու աղջիկս՝ Հասմիկը, մնացինք, գոնե մեկը մի քիչ մոտիկ տեղ ընկներ,- ասաց նա։

-Ոչինչ, մեր ջան, մի տխրի, դու գիտեիր, չէ, որ կարող է նաեւ այսպես լինել,- ասաց Ռուբիկը, իսկ Էդգարն ավելացրեց.

-Լավ կլինի, մի մտածիր, Հայաստանում հեռուն կամ մոտը ո՞րն է, բոլորն էլ մոտ են, չափից շատ մոտ։

Տիկին Նունեին հանդիպեցինք նաեւ վիճակահանության հաջորդ օրը։ Նախորդ օրվա տրտմությունից բան չէր մնացել, հպարտանում էր իր տղաներով, ծիծաղում, կատակ անում.

-Այ, տեսնում եք, բարձրահասակը ֆուտբոլիստ է, նախարարության թիմում է խաղում, երբ հաղթեցին «Վարչապետի գավաթը» մրցաշարում, նախարար Սեյրան Օհանյանը խրախուսեց դրամական պարգեւով։ Իմ տղաները լավն են, վստահ եմ՝ հոգատար ու պատվախնդիր սպաներ կդառնան։ Իմ տղաներին, իմ բոլոր կուրսանտներին, որոնք նույնպես իմն են, ցանկանում եմ առողջություն ու երկար տարիների խաղաղ, անփորձանք ծառայություն, թող բոլոր կրակոցները նրանք հրաձգարանում կատարեն։