Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԼՐԱՑԱՎ ԱՐԾՎԱՇԵՆԻ ԱՆԿՄԱՆ 25 ՏԱՐԻՆ
ԼՐԱՑԱՎ ԱՐԾՎԱՇԵՆԻ ԱՆԿՄԱՆ 25 ՏԱՐԻՆ

ԼՐԱՑԱՎ ԱՐԾՎԱՇԵՆԻ ԱՆԿՄԱՆ 25 ՏԱՐԻՆԳեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, ուր ավելի քան 1800 արծվաշենցիներ են բնակվում, անցկացվեց Արծվաշենի անկմանը նվիրված հիշատակի օր:

Արծվաշենի ինքնապաշտպանական մարտերն սկսվեցին 1989թ. և ձգվեցին շուրջ երեք տարի` մինչև 1992թ. օգոստոսի 8-ը: 25 տարի առաջ այդ օրն ընկավ Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածում գտնվող Արծվաշեն գյուղը: Արծվաշենի գյուղապետ Մամիկոն Խեչոյանի խոսքերով՝ գյուղի անկման հիմնական «մեղավորը» գյուղի տեղն ու դիրքն էր: Արծվաշենը աջ և ձախ կողմերից շրջափակված է եղել ադրբեջանական սահմանով:

1992թ.-ի օգոստոսի 4-ից երեք օր շարունակ Արծվաշենի պաշտպանությունն իրականացրել են Վանաձորի մոտոհրաձգային գնդի զինվորները, որոնք այդ օրերին մոտ 4500 մարդու կյանք են փրկել՝ ապահովելով նրանց դուրսբերումը արդեն իսկ օղակի մեջ հայտնված Արծվաշենից:

Օգոստոսի 7-ին գնդի 12 զինվորներ մնացին շրջափակման մեջ: Կատաղի մարտը տարբեր զինատեսակներով զինված թշնամու դեմ տևեց մոտ 4 ժամԻսկ հետո նրանց դիերը հայկական կողմին հանձնելիս ադրբեջանցի գնդապետն ասաց. «Մինչև վերջին փամփուշտը արիաբար կռվեցին: Նրանք ձեր ազգի պարծանքն են»:

Գեղարքունիքի մարզպետարանի տվյալներով՝ Արծվաշենից տեղահանված ընտանիքների թիվը 719 է, որոնցից 664-ը բնակություն է հաստատել Գեղարքունիքի մարզի բնակավայրերում և 55 ընտանիք` այլ մարզերում: Արծվաշենցիները համարվում են ներքին տեղահանված և չունեն փախստականի կարգավիճակ: Նրանցից շատերի համար այսօր էլ առաջնային է մնում բնակարանային հարցը:

Գյուղը հիմնադրել են 1854թ: Խորհրդային տարիներին Արծվաշենում 4 արդյունաբերական ձեռնարկություն է գործել, իսկ դա նշանակում է, որ հայկական իշխանությունները հասկանում էին գյուղի ռազմավարական նշանակությունը: