Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆՎՏԱՆԳ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
ԱՆՎՏԱՆԳ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

ԱՆՎՏԱՆԳ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԶրույց պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ ԱՐՄԵՆ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ հետ 

Արմեն Գյոզալյան. ծնվել է 1977թ. հունիսի 16-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում: Հայրը՝ Մայիս Գյոզալյանը,  զոհվել է 1993 թվականին` ինքնապաշտպանական մարտերի ժամանակ: Հարազատ գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո  Արմեն Գյոզալյանը 1994 թվականին ընդունվել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարան, իսկ  1998 թ.-ին` զորակոչվել զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկը:  Հնգամսյա ծառայությունից հետո ստացել է առաջին զինվորական կոչումն ու նշանակվել դասակի հրամանատար: Մեկ տարի անց  ցանկություն է հայտնել շարունակելու ծառայությունը  զինված ուժերում: 2000 թվականին նույն զորամասում նշանակվել է վաշտի հրամանատար: Զբաղեցրել է հրամանատարական տարբեր պաշտոններ: Ընդունվել է  Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա եւ ավարտել այն կարմիր դիպլոմով: 2017թ. հունիսի 5-ին ստանձնել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան պաշտպանական շրջաններից մեկի հրամանատարությունը:

 

Պարոն գնդապետ, զորամասն  իրականացնում է Արցախի Հանրապետության պետական սահմանի կարևոր հատվածի պահպանությունը: Գաղտնիք չէ, որ սահմանը ձգվում է բարդ տեղանքով, հակառակորդն էլ ամեն  օր խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը: Հուլիսի 7-ին, օրինակ, արկակոծեց դիրքերը: Այժմ ինչպիսի՞ն է իրավիճակը, և ի՞նչ է արվում (արվել) հակառակորդին զսպելու համար:

Առաջնագծում իրավիճակն այժմ հանգիստ է և վերահսկվում է մեր կողմից: Հուլիսի 7-ին հակառակորդը կիրառել էր հարվածային անօդաչու` փորձելով վնասել մեր դիրքերից մեկը: Իհարկե, չի հաջողվել:  Չնայած հերթապահություն իրականացնող զինծառայողներից շատերն առաջին անգամ էին դիրքում, բայց արագ են կողմնորոշվել, դժբախտ դեպք չենք ունեցել: Երկու զինվորներ թեթեւ բեկորային վնասվածքներ են ստացել: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությանը, թե իբր տեխնիկա են վնասել, բացահայտ սուտ է: Մեր զինտեխնիկան  պաշտպանված է հրետակոծությունից: Այն վնասելն այդքան էլ հեշտ չէ: Այդ սադրանքին անմիջապես և շատ խիստ ենք պատասխանել: Հակառակորդը սահմանի երկայնքով ստիպված էր կազմակերպել պահպանության ուժեղացում:  Որևէ միջադեպ` անգամ փոքրիկ, հյուսիսային հատվածում աննկատ, անպատասխան չի մնալու: 

Դուք զորամասի հրամանատարությունն ստանձնեցիք մայիսյան ողբերգական դեպքից հետո` երբ երեք զինծառայողներ, ինքնակամ լքելով զորամասը, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ջրահեղձ եղան ջրամբարում: Բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր արտակարգ պատահար վերհանում է ծառայության ինչոր օղակում տեղ գտած բացթողում: Ինչպե՞ս  եք վերացնելու թերացումները:

Մարտական հերթապահություն իրականացնող զորամասում հսկողությունը պետք է լինի կրկնակի ուժեղացված, զինվորի առօրյան` կրկնակի հագեցած, ամեն րոպեն` կանոնակարգված, անհավասարությունները` բացառված: Անզգուշությունը, անուշադրությունը, գռեհկությունը պետք է արմատախիլ անել: Սպաների աչքից չպետք է վրիպեն ենթակաների կամայականությունները: Կանոնագրքերը պատահական չեն գրված. դրանք կարող են և պետք է զսպեն զինվորի վարքը, որ ստիպված չլինենք հետին թվով ափսոսալու: Ես մեծ նշանակություն եմ տալիս պատշաճ կարգուկանոնին, խնդիրների մասին անկաշկանդ խոսելուն, սպայակազմի ու զինվորների հետ անմիջական շփումներին: Այո՛, խստապահանջ եմ, գուցե երբեմն ավելի, քան պետք է:

Իսկ ո՞րն է Ձեր առաջնահերթությունը մարտական հերթապահության կազմակերպման գործում:

Հնարավորինս անվտանգ դարձնել դիրքապահ զինվորի ծառայությունը: Շրջել եմ հենակետերով, ծանոթացել  յուրաքանչյուր դիրքի` մարտ վարելու հնարավորություններին, որ հստակ պատկերացնեմ, թե  ինչ մարտավարություն եմ ընտրելու, ինչպես եմ ղեկավարելու: Մարտական հերթապահության կրման կանոնները համապատասխանեցրել ենք նոր պահանջներին՝ հաշվի առնելով հակառակորդի գործողությունների, կիրառած զենքերի բնույթը: Զգալի աշխատանքներ ենք իրականացրել`  վերազինելով, ինժեներական նոր լուծումներով բարձրացնելով դիվերսիոն ներթափանցման հնարավոր ուղիների անանցանելիության աստիճանը: Կատարվել է մարտական հերթապահությունում ընդգրկված զինատեսակների փոփոխություն. խոշորացվել է  տրամաչափը, ինչը թույլ է տալիս գործելու ավելի արդյունավետ, ավելի դիպուկ: Մի քանի անգամ ավելացել է նռնականետների, այլ կայանքների քանակը: Դիտարկել ենք հակառակորդի դիքերում առկա զենքերն ու համալրվել հակակրակային միջոցներով: Եթե զինվորը գիտի, որ իր ձեռքի տակ խոշոր տրամաչափի զինատեսակ կա, նա  ավելի վստահ է պաշտպանում սահմանը:

Արդյունավետ և անվտանգ պաշտպանություն կազմակերպելու տեսանկյունից զինծառայողների համար կարևոր էր առաջնագծի ողջ երկայնքով դիտարկման բազմաֆունկցիոնալ համակարգի  գործարկումը: Ի՞նչ հնարավորություններ է այն ընձեռում հրամանատարին:

Ղեկավարումը մի քանի անգամ հեշտանում է: Նայեք` այս պահին դիտարկում եմ հակառակորդի առաջնագիծը, խորքը, նույն հնարավորությունն ունեն նաև գումարտակների հրամանատարները: Հակառակորդի ամեն շարժ խոշորացույցի տակ է: Եթե որեւէ գործողություն կասկածելի է թվում կամ նորություն է, միանգամից այդ նշանակետը՝ որպես խոցվող, շրջանակի մեջ ենք առնում, կրակային միջոց ուղղում: Երբ հակառակորդը կրակում է, արդեն գիտենք՝ որ բազայից, որ խրամուղուց, որ բլրից է, և արձագանքում ենք հաշված վայրկյանների ընթացքում: Դիտարկման համակարգի շնորհիվ հակառակորդի զրահատեխնիկայի, ուղիղ նշանառության առանձնացված միջոցների կոորդինատները հաշվարկված են, հարկ եղած դեպքում՝ առանց աչք թարթելու կվերացնենք:

Ստորաբաժանման հրամանատարը կարո՞ղ է գործել ինքնուրույն:

Այո՛: Սակայն ես կողմ եմ փոխգործակցությանը: Ի վերջո, զորամասի հրամանատարն է պատասխանատու զորամասի թե՛ հաջողությունների, թե՛ վրիպումների համար: Գումարտակի հրամանատարներին հորդորել եմ քննարկել որոշումները, ինչի համար մի քանի վայրկյան կպահանջվի: Մենք կրակային միջոցները բաշխել ենք ըստ դիրքերի: Ես քաջատեղյակ եմ, թե որ դիրքը ինչ զինատեսակով է ուժեղացված, և ինչ միջոցներ կան հարևան դիրքերում: Եթե որեւէ ուղղությունում խնդիր է ծագում, գիտեմ՝  որտեղից կարող ենք առավել ցավոտ հակազդել: Ստորաբաժանման հրամանատարը պետք է զգա, որ մենակ չէ, պետք է զգա ավագ պետի աջակցությունը:

Պարոն գնդապետ, Դուք գրեթե երկու տարի ղեկավարել եք մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը:  Այն երկու անգամ ճանաչվել է լավագույնը զինված ուժերում: Որքանո՞վ է այդ փորձը օգնում Ձեզ նոր պաշտոնում:

Ցանկացած փորձառություն օգնում է կատարելագործվելու, հաջորդ քայլդ ավելի ճիշտ ու արդյունավետ կատարելու: Իսկապես, վերոնշյալ զորամասը բարդ էր թե՛ մարտական հենակետերի տեղադիրքի, թե՛ առաջադրված խնդրի կատարման առումով: Երկու տարվա ընթացքում բազմաբնույթ աշխատանքներ ենք իրականացրել զինծառայողների կենցաղը, մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար: Բայց երբ առաջարկեցին ստանձնել հյուսիսային ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջանի հրամանատարությունը, անմիջապես համաձայնեցի: Ես այնտեղ եմ, որտեղ, ըստ վերադաս հրամանատարության, իմ անհրաժեշտությունը կա: Վստահեցնում եմ՝ այս պաշտպանական շրջանը ևս լավագույնը դառնալու մեծ ներուժ ունի:

Առաջին կարգի զորամաս եմ տեղափոխվել ընտանիքով՝ կնոջս և երկու դուստրերիս հետ. հրամանատարը չի կարող անմնացորդ նվիրվել իր գործին, եթե ընտանիքը կողքին չէ:

Հավանաբար, տան համար ժամանակ  չի էլ մնում. զինվորները ոգևորված պատմում էին, որ առավոտից իրիկուն զորքի հետ եք, որ բարի ավանդույթ եք ձևավորել՝  շնորհավորում եք զինվորի  ծննդյան օրն ու շարքի առաջ  համբուրում  ճակատը, որ, եթե անգամ դիրքապահներին նկատողություն եք անում, հետո նստում եք մի սեղանի շուրջ և զրուցում դեսիցդենից, անպայման մի բաժակ սուրճ եք խմում նրանց հետ:

Ծառայությունն այստեղ գերծանրաբեռնված է: Հրամանատարները՝ դասակի, վաշտի, թե զորամասի, պարզապես  իրավունք չունեն լրացուցիչ լարվածություն ստեղծելու: Զորամասը նրբազգաց է. չի ների, եթե թեկուզ չնչին խնդիրներ գումարես եղած դժվարություններին: Ով չհասկացավ այդ մանրամասնությունը, բազում խոչընդոտների կհանդիպի:

Պարոն գնդապետ, շնորհակալ եմ զրույցի համար:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ