Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԿՐԻ ՏԵՐԸ
ԵՐԿՐԻ ՏԵՐԸ

Զրույց ռեժիսոր ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԻ հետ

-Պարոն Էլբակյան, ես պիտի օգտագործեմ պատեհ առիթը եւ խնդրեմ Ձեզ զրույցի սկզբում հիշել հայ բեմի երախտավոր Էդգար Էլբակյանին։ Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն էր Էդգար Էլբակյանը կյանքում՝ բեմից դուրս, ի՞նչ յուրահատկություններ ուներ։ Արդյոք նույնքան վառ ու ինքնատի՞պ էր, որքան բեմի վրա։ Ի՞նչ ակունքից, արժեքներից էր սկիզբ առնում նրա կերպարը, նկարագիրը, տեսակը…

-Հայրս մշեցի Գեւորգ Էլբակյանի որդին էր։ Գեւորգ պապս կոտորածից փրկվել ու ապաստանել էր Լենինականի մանկատանը։ Նա եղել էր դուրգարի աշակերտ արհեստավորների քաղաքում։ Հետո բարի մարդկանց օգնությամբ գնացել էր Թիֆլիս եւ ընդունվել Ներսիսյան դպրոց։ Պապս լավ կրթություն էր ստացել։ Նա քիմիկոս էր եւ գրականագետ։ Ջավախքի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցը պապս է հիմնել։ Պապս իր ավանդն ունի նաեւ հայկական օպերայի հիմնադրման գործում։ «Մի գիշեր արթնացա, տեսնեմ՝ հայրս անհանգիստ քայլում է սենյակում,- պատմում էր Էդգար Էլբակյանը,- հարցրի՝ պապ, ինչո՞ւ չես քնում, ի՞նչ ես մտածում: Ասաց` մտածում եմ՝ իմ բոլոր ընկերներին աքսորել են, ինձ ինչո՞ւ են խնայում։ Երբ հորս աքսորեցին, նա մի տեսակ հանգստացավ։ Երբ հրաժեշտ էր տալիս երեխաներին, դեմքին տարօրինակ խաղաղություն կար, ներքին անդորր»։

Էդգար Էլբակյանը բազմաթիվ առաքինությունների հետ ժառանգել էր նաեւ հոր գեղեցիկ ձայնը։ Նա երգող մարդ էր, նրա հոգին էր երգում։ Հիշում եմ՝ Զարեհ Տեր-Կարապետյանի հետ ինչպիսի ներշնչանքով էին կատարում Գալանտերյանի ռոմանսները։ Էդգար Էլբակյանի սիրտը ամբողջովին ներծծված էր բարությամբ ու սիրով։ Նա այնքան հեռու էր շահախնդրությունից ու նյութապաշտությունից։ Օգնում էր մերձավորին, օտարին, բարեկամին, թշնամուն, լավին ու վատին եւ՝ այնքան անաղմուկ, անպաճույճ, չկարեւորելով արածը։ Մենք մայրիկիս տանն էինք ապրում, բայց երբ հորս բնակարան տվեցին, նա հրաժարվեց, թե՝ թատրոնի դիմահարդարին տվեք, նա էլ տուն չունի։

Էդգար Էլբակյանը արտիստ էր էությամբ՝ վառ, հմայիչ, սրամիտ, հումորով։ Նա բացառիկ լեզվազգացողություն ուներ, անթերի խոսում էր բոլոր բարբառներով, ու դա լրացուցիչ հմայք էր հաղորդում նրա կերպարին։

Մայրս հորս սիրահարվել էր առաջին հայացքից։ Ասում էր՝ Էդգարը նման չէր ոչ մեկին, ասես ուրիշ աշխարհից եկած լիներ։ Նա հորս խնամում էր մի տեսակ մայրաբար, գորովանքով ու հոգատարությամբ։ Մայրս լեզվաբան էր ու թատրոնի սիրահար, ծնողներիս միջեւ ուժեղ հոգեկան կապ կար, փոխըմբռնում, ներդաշնակություն, մեր ընտանիքը խաղաղ էր ու սիրով լի։

Էդգար Էլբակյանը շատ զգայուն էր, նրա հոգու կառույցը շատ նուրբ էր ու փխրուն։ Եվ չդիմացավ։ Չդիմացավ… լռությանը, տեսնել-չխոսելու, լսել-լռելու պարտադրանքին։ Այդ լռությունը նրան քայքայեց ներսից։ Էդգար Էլբակյանը տասը տարի կռիվ տվեց անբուժելի, մահացու հիվանդության դեմ։ Այդ ի՞նչ գերբնական ուժ էր, որ ստիպում էր նրան ցավերը զսպելով բեմ դուրս գալ, այդ ինչ Աստվածային սեր էր բեմի, թատրոնի հանդեպ։ «Անդրոն ու Սանդրոն» հեռուստաներկայացման նկարահանումների ժամանակ նրա վիճակը շատ վատ էր, ամեն դրվագից հետո պառկում էր, հանգստանում, ուժ հավաքում, որ կարողանա ոտքի վրա մնալ ու խաղալ հաջորդ տեսարանը։

-Դուք Էդգար Էլբակյանի միակ զավակն եք։ Հայր եւ որդի մտերի՞մ էիք, համախո՞հ էիք։ Առհասարակ, Դուք նմա՞ն եք իրար։

-Էդգար Էլբակյանը չէր ցանկանում, որ իր որդին դերասան դառնա։ Ես մեծացել եմ ազատ, առանց պարտադրանքի, հետեւելով իմ նախասիրություններին։ Ամբողջ օրը բակում էի, ծառերի վրա։ Երբ դասերս սովորում էի, գերազանց էի ստանում, բայց ավելի հաճախ չէի սովորում։ …Պատմվածքներ էի գրում, նույնիսկ պատանեկան գրական մրցանակ եմ շահել։ Մանկությանս տարիներին ես շատ քիչ եմ շփվել հորս հետ, նա առավոտ կանուխ դուրս էր գալիս տնից եւ վերադառնում էր ուշ երեկոյան։ Մինչեւ 8-րդ դասարան ես թատրոն չեմ գնացել, ներկայացում չեմ դիտել։ Բժիշկները արգելել էին։ Որովհետեւ դեռեւս նախադպրոցական տարիքից բեմում հնչող տեքստերը ծայրից ծայր անգիր էի անում ու սկսում նմանակել դերասաններին։ …Որոշված էր, որ ես բժիշկ եմ դառնալու։ Ցարական բանակի սպա, ռուս-թուրքական պատերազմի հերոս, ռազմական բժիշկ Արամայիս Մալխասյանը իմ պապն է (մորս կողմը սերում է հայտնի Խորասանովների տոհմից), եւ մեր ընտանիքում բժշկի մասնագիտությունը շատ հարգված էր։ Բայց… Մի օր դպրոցում թատրոնի տոմսեր բաժանեցին։ Քանի որ ինձ հետաքրքրող աղջիկները թատրոն էին գնալու, ես էլ չհրաժարվեցի։ Այդ օրը ես դիտեցի մի ներկայացում, որը մինչ օրս իմ տեսած լավագույն բեմադրություններից մեկն է։ Դա «Դատական գործ» ներկայացումն էր՝ Աճեմյանի բեմադրությամբ, բեմի վրա մի սքանչելի դուետ էր՝ Էդգար Էլբակյան-Գուրգեն Ջանիբեկյան։ Երեւի հենց այդ օրը ճակատագրական եղավ։

Երբ ընդունվեցի թատերական ինստիտուտ, հայրս ամիս ու կես չխոսեց հետս։ Ես ավարտեցի դերասանական բաժինը Կիմ Արզումանյանի, իսկ ռեժիսորականը՝ Մարատ Մարինոսյանի արվեստանոցում։ Առաջին անգամ հորս հետ բեմ դուրս եկա, երբ ուսանող էի։ Խորեն Աբրահամյանն ինձ հրավիրեց խաղալու «Հաջի Փայլակ» ներկայացման մեջ Հաջի Փայլակի դերը։ Այդ դերակատարումից հետո ինձ ընդունեցին Սունդուկյան թատրոն։ Դա մեծ հաջողություն էր սկսնակ դերասանի համար։

-Պարոն Էլբակյան, կար ժամանակ, որ դերասան անվանումը հայ իրականության մեջ կշիռ ուներ, հեղինակություն։ Դերասանը մտավորական էր, արվեստագետ։ Այն, ինչ ներկայացվում էր հեռուստատեսությամբ կամ թատրոնների բեմերից, արվեստ էր։ Այսօր ով ասես խաղում է, անարվեստ ու անճաշակ ֆիլմերն ու ներկայացումները ողողել են բեմն ու էկրանը։ Ի՞նչ փոխվեց… այս բովանդակային ձեւախեղումն ու որակական հետընթացը մինչեւ ե՞րբ է շարունակվելու։

-Բարձր արվեստի բնորոշիչները եւ բարոյական չափանիշները միշտ էլ նույնն են։ Դրանք բացարձակ ճշմարտություններ են ու անփոփոխելի արժեքներ։ Հասարակության պահանջարկն է փոխվում։ Հայ մտավորականության՝ բանաստեղծների, գրողների, դերասանների, երաժիշտների, նկարիչների 60-ականների սերունդը բացեց փոքրիկ պատուհան դեպի լույսը, արդարությունը, բարին, գեղեցիկը։ Դեպի սերն ու գթասրտությունը… այդ պատուհանից մի հզոր ալիք, մի առինքնող, թարմ հոսանք խուժեց ներս՝ մեր սիրտը, հոգին, միտքը, օդը վարակեց վեհությամբ, տոգորեց բարձր գաղափարների, վսեմ արժեքների բարոյականությամբ։ Իմ սերունդը այդ ժամանակաշրջանի հոգեզավակն էր։ Դա անհանգիստ սերունդ էր, իր «Բրաբիոն ծաղիկը» որոնող սերունդ, առաքելությամբ աշխարհ եկած։ Դա մի սերունդ էր, որը պեղում էր կյանքը, որ հետո մարդուն վերադարձնի նրա լույսը, սերը, պոետականությունը։ Որ հուշի դեպի լույսը գնալու ճանապարհը։ Սարոյանն ասում էր՝ ես պարզ հետազոտող եմ։ Ես հետազոտում եմ կյանքը ու, երբ այնտեղ, որտեղ պիտի աղտեղություն լիներ, հանկարծ ազնվություն եմ գտնում, հասկանում եմ, որ մեր կյանքը լի է անսպառ բարությամբ։ Ի վերջո, արվեստը մեկ առաքելություն ունի՝ այս աշխարհը մի քիչ փոխել դեպի լավը։

-Արվեստը կյանքն է՝ խտացված, ընդհանրացումներով։ Արվեստի ասելիքը բխում է իրականության բովանդակությունից, խնդիրներից, արժեքներից ու մտածելակերպից։ Ի՞նչ անել, երբ ժամանակի շունչն ու ոգին հակոտնյա են գեղագիտական իդեալներին ու չափանիշներին։

-Ամենավատ տարբերակը կյանքի ստվերը, աղտեղությունը, տականքը արվեստ բերելն ու արվեստի թեմա դարձնելն է (այն, ինչ արվում է այսօր), ընդ որում՝ առանց շեշտադրումների, եզրահանգումների ու վերաբերմունքի։ Այո՛, մեր իրականության հերոսներն այսօր բեմում են, արվեստի հերոսներ են, նրանց լեզուն, վարքն ու մտքերն են հնչում ամենուր՝ ե՛ւ կյանքում, ե՛ւ բեմի վրա։ Բայց արվեստի առաքելությունը իրականության լուսանկարումը չէ։ Ընդհակառակը, արվեստի խնդիրն է անբարո ու խեղված իրականությանը հակադրել մի ուրիշ իրականություն, ուր իշխում են բարձր գաղափարներն ու ճշմարիտ արժեքները, ուր ընչաքաղցության փոխարեն կա անշահախնդրություն, անտարբերության փոխարեն՝ գթասրտություն, չարության փոխարեն՝ սեր, դավաճանության փոխարեն՝ հավատարմություն, մորթապաշտության փոխարեն՝ անձնվիրություն, երկչոտության փոխարեն՝ քաջություն…

Հիշո՞ւմ եք Չարլի Չապլինի կերպարները։ Նա պատմում էր զարգացման, ուրբանիզացիայի թոհուբոհում հայտնված փոքր մարդու ողբերգության մասին, ու մեր հոգում արթնացնում էր կարեկցանք, մեր հայացքն ուղղում էր դեպի փոքր մարդու դրաման։ Արվեստագետի զգայուն հոգին ու դիտողունակ աչքը արձանագրում էր իր ժամանակի ցավը։

Այսօր հայ ազգի հերոսները պիտի լինեն սեփական երկրի ճակատագրով ապրող, մերձավորի ցավին հաղորդակից, հարազատ հողին ամուր կանգնած, հայրենիքի բախտը կռող մարդիկ։ Այդ տեսակը կա մեր կողքին, բայց անտեսված է ու չկարեւորված։ Նրանք են կռվել անկախության համար, նրանք են ազատագրել Արցախը, նրանք են բանակ ստեղծել։ Նրանք են կառուցել երկիրն ու հոգացել ժողովրդի անվտանգության համար… Նրանց կերպարները պիտի չափանշեն մեր վարքն ու անցնելիք ճանապարհը։

-Կար ժամանակ, երբ Դուք պոպուլյար էիք։ Ձեր կերտած կերպարները կատարելատիպ էին ձեւավորում։ Նույնը վերաբերում է նաեւ Ձեր կնոջը՝ Աննա Էլբակյանին։ Ձեր փառքը այսօր մի տեսակ խամրել է, մինչդեռ հակառակը պիտի լիներ. Դուք այսօր ավելի փորձառու եք, հմուտ։

-Այսօր սերիալների հերոսներն են պոպուլյար, այսօր փորձառությունն ու հմտությունը ոչ մի կապ չունեն պոպուլյարության հետ։ Ես ու Աննան սերիալներում չենք նկարվում եւ՝ ոչ թե այն պատճառով, որ մենք փողի կարիք չունենք։ Պարզապես կան արժեքներ, որոնք ավելի կարեւոր են, քան փողը։ Արվեստի հանդեպ մեր ակնածանքը, հավատարմությունը սկզբունքներին, հարգանքը հանդիսատեսի հանդեպ, մասնագիտական ինքնասիրությունը։ Բայց մենք աշխատում ենք։ «Էդգար Էլբակյան» թատրոնը գործում է, բեմադրում է ներկայացումներ։ Մեր դահլիճը 70 տեղանոց է, մեր տոմսերը խորհրդանշական գին ունեն, փոխարենը՝ մեր ներկայացումները մատչելի են բարձր արվեստի երկրպագու հանդիսատեսին։ Մենք մասնակցում ենք տարբեր փառատոների, շահում ենք հեղինակավոր միջազգային մրցանակներ։ Մենք պոպուլյար չենք, որովհետեւ մենք փորձում ենք պահել նշաձողը, մենք փորձում ենք չկորցնել մեր փոքրաթիվ, բայց բարձրաճաշակ հանդիսատեսին։

-Ձեր աղջիկը՝ Լիլի Էլբակյանը, դերասան է եւ ռեժիսոր։ Հասկանո՞ւմ եք նոր սերնդին՝ նրանց իդեալները, ձգտումները, մտահղացումները…

-Ինձ դուր է գալիս Լիլի Էլբակյանի աշխատանքը։ Առհասարակ, ես բարձր եմ գնահատում բարձրացող սերնդին, խրախուսում եմ նրանց ազատ մտածողությունը, ինքնավստահությունը, համարձակությունը, օժտվածությունը։ Ես վստահ եմ, որ նրանք կստեղծեն 21-րդ դարի հայ ազգային մշակույթը՝ զերծ գավառականությունից, սահմանափակությունից, կաղապարներից ու պատեհապաշտությունից։

-Եվ ինչպե՞ս կհամատեղվեն 21-րդ դարի մտածողությունը, գեղագիտական ըմբռնումները եւ հայոց ազգային մշակույթի ավանդույթները։

-Յուրաքանչյուր ազգ ունի իր հավաքական խղճի գաղափարը՝ բարոյական ներքին օրենքը, որը դրված է մարդկային փոխհարաբերությունների գնահատման հիմքում՝ որպես լավի ու վատի, չարի եւ բարու, առաքինության եւ մոլորության սահմանագիծ։ Սա ազգայինի բաղադրիչներից կարեւորագույնն է… Մեր երկիրը լեռների ու ձորերի, ժայռերի ու քարափների երկիր է, բազմաշերտ, ծալքավոր, խորախորհուրդ։ Այդպիսին է նաեւ մեր մտածողությունը, մեր էսթետիկան, մեր հոգու կառուցվածքը։ Սա ազգային կերպի բնորոշիչներից մեկն է։ Վրացական ճարտարապետական կոթողները դիտելիս թվում է՝ ուր որ է քարը կպոկվի տեղից ու կթռչի։ Մերը՝ չէ, մերը ամուր կպած է հողին, զուսպ է, ներփակ։

Տեսե՞լ եք վրացիներն ինչպես են պարում «Բերդ» պարը։ Երեք-չորս հարկանի բերդ են «կառուցում»՝ թեթեւ, շարժուն, մերն ընդամենը երկու հարկ է՝ ծանր, պինդ, պաշտպանված։

…Զրույցը երկարեց, բայց բանակի, զինվորի մասին չխոսեցինք։

-Խոսենք։

-Հայրենիքի ու ազգի պաշտպանությունը սրբազան գործ է։ Աստված մարդուն ազատ ապրելու իրավունք է տվել, ու այդ ազատությունը պաշտպանելը Աստվածատուր օրհնություն ունի։ Զինվորը երկրի տերն է, սպան երկրի տերն է, որովհետեւ այն, ինչ պաշտպանում ես (այն էլ կյանքի գնով) քոնն է։ Մենք պիտի սովորենք զինվորից, անձնվիրաբար պաշտպանենք մեր բաժին հայրենիքը, ասել է թե՝ մեր բաժին գործը նվիրումով անենք։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ