Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻՇՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՄԻՇՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՄԻՇՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄՕրերս ՀՀ պաշտպանության նախարարություն էին այցելել  Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում «Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնի» ստեղծման նախաձեռնող խմբի անդամներն եւ կենտրոնում ապաքինվող զինհաշմանդամները:

Պաշտպանության նախարարը ողջունելով ներկաներին` կարեւորեց ի սկզբանե հասարակական բնույթ կրող նախաձեռնությունը, նշելով, որ դա քաղաքացիական կեցվածքի լավագույն դրսեւորումներից է:

Հանդիպման  ընթացքում խոսվեց  վերականգնողական կենտրոնում կատարված եւ կատարվելիք աշխատանքների մասին, տրվեցին համապատասխան ցուցումներ:

Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնի ստեղծման գաղափարը ծագել էր  ապրիլյան պատերազմից հետո, երբ անհրաժեշտություն  էր առաջացել մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինվորների  բուժումը կազմակերպել արտերկրում, քանի  որ  Հայաստանում գործող վերականգնողական կենտրոնները  համապատասխան հագեցվածություն չունեն: 

Եվ ահա «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին» հասարակական նախաձեռնությունը  հայրենիքում զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոն կառուցելու համար դրամահավաք սկսեց, եւ այն  լայն արձագանք գտավ ոչ միայն հանրության շրջանում. հասարակական այս նախաձեռնությանը սատարեցին նաեւ պետական մարմինները, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն էլ  խոստացավ աջակցել, որ  ծրագիրը հնարավորինս շուտ կյանքի կոչվի:

Պաշտպանության նախարարությունը եւս միացավ այս նախաձեռնությանը:

Հաշված ամիսների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել,- հանդիպման ընթացքում նշեց Վիգեն Սարգսյանը,- միջազգային չափանիշներին համապատասխանող, արդիական  կենտրոն ենք ունենալու: Արդեն ունենք առաջատար ընկերություններից մեկի առաջարկը. վերականգնողական կենտրոնը շուտով կհամալրվի տարածաշրջանում նախադեպը չունեցող սարքավորումներով: Կենտրոնը կբացվի սեպտեմբերին, իսկ մինչեւ տարեվերջ էլ կհագեցվի անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով: Հունվարի 28-ը՝ մեր Բանակի օրը, պատեհ առիթ է  կենտրոնի լիարժեք գործարկման համար:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Վերականգնողական բժշկության ամերիկյան տեխնոլոգիաների կենտրոնի  ներկայացուցիչ Եվգենի Լավրինովը. «Մենք բարձր ենք գնահատում ձեր կենտրոնի մասնագետների աշխատանքը եւ վստահ ենք, որ  մեր սարքավորումների միջոցով անհամեմատ   կհեշտանա նրանց  գործը»:

ԵՊԲՀի  ռեկտոր Արմեն Մուրադյանը  կարեւորելով   նորագույն սարքավորումներով  համալրումը` նշեց նաեւ, որ  մարզերում եւս նմանատիպ կենտրոններ կբացվեն,  իսկ մինչ այդ համապատասխան մասնագետները կգործուղվեն մարզեր՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու զինհաշմանդամներին:

Մինչ կենտրոնի վերջնական շահագործումը, մեկ այլ մասնաշենքում  արդեն վերականգնողական բուժումն իր հունի մեջ է: Հարկ է նշել, որ կարճ ժամանակահատվածում արդեն իսկ  դրական արդյունքն ակնհայտ է,  բուժում ստացող տղաներն են վկայում. «Մեր  բժիշկներն  իրենց գործի  իսկական նվիրյալներն են, նրանք հրաշքներ են գործում»:

Ամեն ինչ սկսվեց ապրիլյան օրերին,- ասում  է կինեզիստ Դավիթ  Պարյանը:- Մենք մեր շնորհակալությունն էինք ուզում հայտնել  տղաներին` մենակ չթողնելով նրանց իրենց խնդիրների հետ եւ որոշեցինք բժիշկներից կամավորների թիմ ձեւավորել: Թիմը հետո մեծացավ. հոգեբան, լոգոպեդ, ասեղնաբույժհամակցված աշխատանքը առավել արդյունավետ է դարձնում վերականգնման ընթացքը: Իսկ  կենտրոնի նոր սարքավորումներով համալրումը բնականաբար  թռիչքային տեղաշարժի կհանգեցնի:

♦♦♦ 

Վերականգնողական կենտրոնում արվում է հնարավորն ու անհնարը, որ տղաները շուտ ապաքինվեն,  ոտքի կանգնեն, վերադառնան լիարժեք կյանքի: Մեր հերոս տղաներն արժանի են լավագույնին:

Ի դեպ, կենտրոնում  զինհաշմանդամները ոչ միայն համալիր վերականգնողական բուժում են ստանալու, այլ նաեւ զբաղվածության հարցն է լուծվելու՝ շենքի հարեւանությամբ գործելու է սրճարան, որը գործարկելու են կենտրոնում բուժվող տղաները:

Կենտրոնը կոչվելու է «Զինվորի տուն»:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ