Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՐՔԸ, ՈՐ ՊԱՀԵԼ ԵՄ, ԻՄՆ Է ՀԱՎԻՏՅԱՆ



ԴԻՐՔԸ, ՈՐ ՊԱՀԵԼ ԵՄ, ԻՄՆ Է ՀԱՎԻՏՅԱՆԶինվոր եմ,- ասում է տղան: Արտաքինից դատելով` տարիքը զինվորի չէ:

Քսանհինգ տարեկանում եմ բանակ եկել,- բացատրում է,- երկու օրից կզորացրվեմ:

Բա ինչո՞ւ ես էդքան ուշ եկել,- զարմանում եմ:

Սկզբում հիվանդ էի, հետո  չէի ուզում ծառայել,- պատասխանում է անխռով: Ու աչքերը, որ ճիշտ համազգեստի գույնի են, լցվում են չարաճճի ժպիտով:

Չէի ուզում,- կրկնում է ուսերը թափահարելով, իբր` ի՞նչ կա զարմանալու:

Զորամասի բակում, Գարեգին Նժդեհի արձանի մոտ, տաղավար կա: Զինվորին առել, եկել ու նստել եմ տաղավարում, որ հասկանամ, թե ինչո՞ւ չէր ուզում ծառայել Ղափանի Կավարտ գյուղից եկած տղան, եւ ինչո՞ւ հանկարծ 25 տարեկանում մտափոխվեց ու եկավ բանակ:

Ռազմի՛կ, ցածր պատմիր, Նժդեհը չլսի, ամո՛թ է,- կատակում եմ:

Թող լսի,- Ռազմիկը լրջանում է,- երեք եղբայրներով այս զորամասում ենք ծառայել, առաջին գիծ ենք պաշտպանել: Երեքով դիրք էինք բարձրանում: Բորիսը տասը օր առաջ զորացրվեց, Ալբերտը դեռ մեկ տարի էլ պիտի ծառայի, իմ ընտանիքը երեք զինվոր է տվել հայրենիքին: Նժդեհից ամաչելու պատճառ չունեմ:

Ես հասկանում եմ` կատակս դիպավ զինվորի սրտին, ու փորձում եմ փրկել դրությունը:

Առաջին անգամ եմ լսում, որ Կավարտ անունով գյուղ կա Ղափանում: Ձեր շրջանը շքեղ բնություն ունի, երեւի՝ քո գյուղն էլ է սիրուն:

Մեծ ու շատ սիրուն: Ղափանի բնությունը առհասարակ հրաշք է: Մենք 5 երեխա ենք, երեք եղբայր, երկու քույր: Ես ավագն եմ: Գյուղական կենցաղը իմը չէ, ես էությամբ քաղաքաբնակ եմ: Մեգապոլիս եմ սիրում` իր ռիթմով, աշխույժ կյանքով: Բայց ստիպված եմ եղել փոքր տարիքից հող մշակել, անասուն պահել, որ թեթեւացնեմ ծնողներիս հոգսը: Հետո վարսավիրություն սովորեցի ու իմ սեփական վարսավիրանոցը բացեցի Ղափանում: 18 տարեկանում ինձ բանակ չտարան, որովհետեւ հիվանդ էի: Պարբերաբար բուժվում էի ու հաշտվել էի այն մտքի հետ, որ չեմ ծառայելու` ապրում էի իմ կյանքով` իմ աշխատանքով, իմ երազանքներով: Նշանվել էի: Մեկ էլ պարզվեց` հիվանդությունս այնքան է նահանջել, որ պիտանի եմ ծառայության: Եթե Ձեզ 25 տարեկանում զորակոչեն, որ գնաք 18 տարեկանների հետ ծառայելու, չե՞ք տխրի:

Կտխրեմ:

Ես էլ տխրեցի: Ու չուզելով եկա բանակ: Բայց, ինչպես ասում են` եկա, տեսասիրեցիԿրտսեր եղբորս հետ զորակոչվեցի: Սկզբում շատ դժվար էր: Ինձնից տարիքով փոքր լեյտենանտն ասում էր` որ շարքից դուրս ես եկել, գնացել ես զուգարան, ինչո՞ւ թույլտվություն չես խնդրել:

Ճիշտ է ասել: Շարքից կարելի՞ է ինքնագլուխ դուրս գալ:

Հետո քիչքիչ հարմարվեցի, հասկացա, որ անկախ տարիքից` ամեն մեկս մեր պարտականությունն ենք կատարում, ու կարիք չկա վիրավորվելու հրամաններից: Սպաներն էլ սկսեցին ավելի հարգանքով վերաբերվել ինձ` որպես ավագի: Մի խոսքով, ծառայությունս իր հունը գտավ, գնաց

Իսկ ծառայակից ընկերնե՞րդ, որոնցից մեծ էիր առնվազն 7 տարով:

Ծառայակից ընկերներիս հետ հարաբերություններս միշտ էլ լավ են եղել: Ես իշխել չեմ սիրում, սիրում եմ ընկերություն անել: Իրենց չիմացածը բացատրում էի, խորհուրդներ էի տալիս, օգնում էի: Իմ կենսափորձը ավելի մեծ էր ու հաճախ պետք էր գալիս: Հիմա գոհ եմ, որ ծառայել եմ, թեկուզ 25 տարեկանում, բայց եկել եմ բանակ, կատարել եմ իմ բաժին սահմանը հակառակորդից պաշտպանելու պարտքս:

Բանակում 22 կիլոգրամ նիհարեցի: Ես 90 կիլոգրամ էի զորակոչվելիս: Հիմա 68 կիլոգրամ եմ:

Դու պիտի շատ գոհ լինես, որ բանակը քեզ այսպիսի սիրուն, նրբակազմ տղա է դարձրել:

Բանակն ինձ ավելին է տվել, քան բարեկազմ մարմինը: Ծառայությունը մարդուն շատ է փոխում: Նախ՝ սովորում ես համբերել: Ռեժիմը անձնական ցանկություններդ զսպելու, իրավիճակին հարմարվելու շատ կարեւոր ունակություն է դաստիարակում մարդու մեջ: Բանակը մեծացնում է պատվախնդրության զգացումդ: Հատկապես սահմանին դու պատասխանատու ես ոչ միայն քեզ վստահված տարածքը պաշտպանելու, այլ նաեւ զինակից ընկերոջդ կյանքի համար: Բանակը քո հոգուց հանում է եսասիրությունը: Դու խորապես հասկանում ես հավատարմություն բառի իմաստը: Երբ ընկերդ թիկունքիդ է, ու դու վստահ ես, որ նա քեզ վտանգի պահին մենակ չի թողնի: Բանակը քեզ դարձնում է կենսունակ: Դժվարություններ հաղթահարելիս կոփվում է կամքդ: Բանակը քեզ դարձնում է շրջահայաց: Մեծ ընտանիքում ապրելը, տարբեր բնավորությամբ սպաների ու զինվորների հետ շփվելը սովորեցնում է ճանաչել մարդուն ու ճիշտ հարաբերվել շրջապատիդ հետ: Նա, ով սահման չի պահել, խորապես չի հասկանա հայրենիքի արժեքը: Ով չի զգացել վախ, պատասխանատվություն, խիզախություն 

Վախ ու խիզախությո՞ւն

Այո՛, խիզախությունը վախը հաղթահարելն է, որտեղ վախ չկա, խիզախություն էլ չի կարող լինել: Երբեք չեմ մոռանա ծառայության առաջին օրը, երբ դիրքի ավագը բացատրում էր` սա հերթափոխի ճանապարհն է, սա դիտարկվող հատվածը, սա ականապատված դաշտըԱյդ օրը ես զինվոր դարձա:  Զինվոր նշանակում է պատասխանատվություն:

Հետո մութն ընկավ: Ու ժամանակը փոխեց իր չափերը: Վայրկյանը ժամ դարձավ, գիշերը չէր անցնում: Կյանքիս ամենաերկար գիշերը: Առավոտյան ես ուրիշ մարդ էի: Իսկ որոշ ժամանակ անց արդեն դիրքը իմ տունն էր: Ինչ վախ, ինչ բան

Երբեք չեմ մոռանա, երբ առաջին անգամ տագնապ հայտարարեցին: Հակառակորդի կողմից շարժ էր նկատվել: Ինձ թվում էր` թշնամին արդեն մոտեցել է, նյարդերս տեղի էին տալիս: Ուզում էի դուրս թռչել խրամատից: Դիրքի ավագը չլիներ` ով գիտի՝ ինչ հիմարություն կանեի: Հետո... դարձավ սովորական: Տագնապն էլ, թշնամու շարժն էլ, կրակոցներն էլԵս իմ ծննդյան օրը խրամատում եմ դիմավորել: Ադրբեջանցիներն սկսեցին գնդակոծել, մտանք խրամատ: Ու մնացինք մինչեւ առավոտ:

Երեւի՝ ծառայությունից մնացած ամենատխուր հիշողությունն է:

Չէ՛, ամենից շատ տխրեցի, երբ արձակուրդս ավարտվեց հենց նշանածիս ծննդյան օրը, ու չկարողացա մասնակցել խնջույքին: Իսկ ամենաուրախը այն օրն էր, երբ արձակուրդ գնացի, ու լույսը դեռ չբացված՝ հասա տուն: Մտա ներս (մեր գյուղում մարդիկ դռները չեն փակում), տեսա՝ բոլորը քնած են, պառկեցի բազմոցին, քնեցի: Արթնացա մայրիկիս գրկում, մերոնք ինձ պաչպչելով փոխանցում էին իրար: Մի պահ գլխի չընկա` որտե՞ղ եմ, ի՞նչ է կատարվում

Ռազմի՛կ, շնորհավորում եմ՝ զինվորական ծառայությունդ պատվով ավարտելու կապակցությամբ:

Հայ տղամարդու զինվորական ծառայությունն սկսվում ու չի ավարտվում: Այն դիրքը, որ պահել եմ, իմն է հավիտյան: Երբ անհրաժեշտ լինի, ես այդ դիրքում կանգնած կլինեմ զենքը ձեռքիս: Պատվով ու անփորձանք ծառայություն եմ մաղթում այն տղաներին, որոնք փոխարինելու են մեզ:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #30 (1201) 02.08.2017 - 08.08.2017, Ազգային բանակ


02/08/2017