Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶՈՐԱԿՈՉԸ ՊԱՏՎՈՎ ԿԱՏԱՐԵՑԻՆՔ
ԶՈՐԱԿՈՉԸ ՊԱՏՎՈՎ ԿԱՏԱՐԵՑԻՆՔ

ԶՈՐԱԿՈՉԸ ՊԱՏՎՈՎ ԿԱՏԱՐԵՑԻՆՔ

ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գավառի զինվորական կոմիսար,

փոխգնդապետ

Ավարտվեց հերթական զորակոչը: Այս ամառային զորակոչը իմ պաշտոնավարության հինգերորդ զորակոչն էր, եւ պետք է նշեմ, որ այն նույնպես անցավ շատ լավ, հարթ ու սահուն: Անկեղծանամ. այս մի քանի տարիների ընթացքում չի եղել մի զորակոչ, որի ընթացքում ինչ-ինչ խնդիրներ ծագեն, դժգոհություններ լինեն թե՛ զինակոչիկների եւ թե՛ նրանց հարազատների մոտ: Զորակոչի օրերին վաղ առավոտից զինկոմիսարիատի բակում, հարակից տարածքում ասեղ գցելու տեղ չի լինում, շարժվելը դառնում է գրեթե անհնար: Տեսնել է պետք, թե տղաներն ու նրանց հարազատներն ինչ ոգեւորությամբ են գալիս: Գավառցի տղաները միշտ էլ բանակ են  գնում բարձր տրամադրությամբ, մարտական ոգով, պատրաստ մարտական ծառայության:

Ամեն անգամ զորակոչն այստեղ վերածվում է իսկական տոնախմբության, ուղեկցվում քյավառցիներին բնորոշ քեֆ-ուրախությամբ:

Ամեն զորակոչից առաջ ես անհատական զրույցներ եմ ունենում զինակոչիկների հետ, պատմում մեր հաղթական բանակի, նրա ձեռքբերումների, զորքերում ծառայության մասին, նաեւ իմ ծառայական փորձն եմ ներկայացնում: Զորքերում ծառայությանս քսան տարիներից վեցը ծառայել եմ առաջին կարգի զորամասում, իսկ այդ վեց տարուց երեքն էլ եղել եմ նորակոչիկների գումարտակի հրամանատար: Այդ երեք տարիների ընթացքում փախուստի, ոչ կանոնադրական հարաբերությունների ոչ մի դեպք չեմ ունեցել, ընդ որում, իմ գումարտակը եղել է տեղակայման վայրից երեսուն կիլոմետր հեռու:

Մենք զորակոչն ավարտեցինք հուլիսի քսանութին: Առաջադրանքը կատարեցինք հարյուր տոկոսով: Խուսափողներ չունենք, սակայն ունենք չներկայացողներ, որոնց ընտանիքները տարիներ առաջ են մեկնել ՌԴ: Նման հինգ դեպք այս զորակոչին ունեինք, հինգից երկուսը ճշտված տվյալներով այս պահին արդեն ծառայում են ՌԴ զինված ուժերում: Ինչ-ինչ զարտուղի ճանապարհներով քաղաքացիություն են ստացել եւ որոշել են այնտեղ ծառայել: Ի դեպ, այս հանգամանքը նրանց ամենեւին չի ազատում պատասխանատվությունից, քանի որ նրանք նախեւառաջ Հայաստանի՝ իրենց երկրի զինապարտներն են եւ պետք  է գան ու մեր բանակում ծառայեն:

Ընդհանուր առմամբ, հուսադրող է, որ զգալի թիվ են կազմում արտերկրից կամավոր եկած ու բանակ գնացողները: Այս զորակոչին էլ ունեինք երեք հոգի՝ երկուսը հարազատ եղբայրներ: Չկա մի զորակոչ, որ չունենանք արտերկրից վերադարձած մի քանի զինակոչիկ:

Թե՛ զորակոչից առաջ եւ թե՛ զորակոչի օրերին մեզ հետ սերտորեն համագործակցում են տեղական ինքնակառավարման մարմինները, ուժային կառույցները:

 

ԶՈՐԱԿՈՉԸ ՊԱՏՎՈՎ ԿԱՏԱՐԵՑԻՆՔԳԱՐԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Վարդենիսի զինվորական կոմիսար, փոխգնդապետ

Մենք զորակոչն ավարտեցինք հուլիսի քսանչորսին: Առաջադրանքը կատարեցինք հարյուր տոկոսով, օրենքի տառին ու ոգուն համապատասխան, առաջնորդվելով՝ «Բանակին առողջ զինվոր» կարգախոսով: Անչափ հիշարժան էր զորակոչի առաջին օրը: Հավաքվեցինք զոհված ազատամարտիկ Գառնիկ Կարապետյանի անունը կրող քաղաքային այգում, որտեղ ներկա էին զորամիավորման հրամանատարը, զորամասի հրամկազմը, ներկայացուցիչներ քաղաքապետարանից ու մարզպետարանից, շրջանի հոգեւոր հովիվը, եւ Տերունական աղոթքով էլ հենց սկսվեց միջոցառումը, վարդենիսցիներ, հյուրեր: Կարծեց ողջ շրջանն էր եկել իրենց պաշտպաններին բանակ ճանապարհելու: Զորամասի զինվորական նվագախմբի խրոխտ երաժշտական կատարումների ներքո ընթացած զորակոչի առաջին օրը անջնջելիորեն կմնա ներկաների հիշողության մեջ:

Այս զորակոչի օրերին մոտ մեկ տասնյակ հաշվառումից դուրս մնացածներ կամավոր եկան, կցագրվեցին ու գնացին բանակ: Խուսափողներ չունենք, սակայն ունենք դրսից կամավոր վերադարձածներ՝ երկուսը ՌԴ-ից, մեկը՝ ՈՒզբեկստանից:

Քանի որ Վարդենիսը սահմանամերձ շրջան է, հետեւաբար այստեղ մեծ ու փոքր շատ լավ են գիտակցում մեր բանակի դերն ու նշանակությունը: Նրանք հրաշալի գիտեն, թե ինչ է սահմանը, մեր թշնամուն, տեղյակ են իրավիճակին, դրա համար էլ սիրով ու պատրաստակամ են գնում պարտքը կատարելու: Հիշողությունիցս դուրս չի գալիս զինակոչիկներից մեկի ասածը. «Ծառայելը միայն հայրենիքին պարտք տալը չի, որովհետեւ, ոնց որ ծնողիդ չես կարող պարտքդ վերադարձնել, այնպես էլ հայրենիքիդ չես կարող: Ոնց որ ծնողիդ հանդեպ ես պարտավորված զգում մինչեւ կյանքիդ վերջը, այնպես էլ Հայրենիքիդ առաջ ես պարտավորված: Մնացածը սին խոսքեր են»:

Զրույցի ավարտին զինվորական կոմիսարը անթաքույց հպարտությամբ հավելեց. «Տարածաշրջանից զորակոչված տղաների անունով զորամասերից ստացված պատվոգրերն ու շնորհակալագրերն են՝  երեք տասնյակից ավելի: Նրանցից շատերն արդեն զորացրվել են,  մի մասն էլ դեռ ծառայության մեջ է: Այս պատվոգրերն ու շնորհակալագրերն են խոսքերիս գնահատականը, որ այստեղ մեծ ու փոքր շատ լավ են գիտակցում մեր բանակի դերն ու նշանակությունը»:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ