Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՄՍԱՐԱԿԱՆՆԵՐ

Հայ հին երեւելի գերդաստաններից էին Կամսարականները կամ Կամսարականք, որոնք, լինելով նախարարական տոհմ, նկատելի դեր են խաղացել 3-8-րդ դարերի հայոց պատմության մեջ։ Գերդաստանի հիմնադիրը համարվում է Կամսարը, որը, ունենալով իշխանական սերում, վայելել է Տրդատ Մեծի համակրանքը եւ նրանից որպես ժառանգական կալվածք ստացել Շիրակ եւ Երասխաձոր գավառները։ Մատենագրության մեջ դրանք անվանվել են նաեւ Արշարունիք՝ Կամսարի ավագ որդի Արշավիրի պատվին։

Կամսարականները սերտ կապեր են ունեցել հայոց Արշակունի արքաների հետ, նրանց զորաբանակներին տվել 600 հեծյալ մարտիկ, աչքի ընկել խիզախությամբ ու հավատարմությամբ, պետական կյանքին մասնակցել նաեւ դիվանագիտության ասպարեզում։ Խնամիական կապեր են ունեցել ինչպես Արշակունիների, այնպես էլ Մամիկոնյանների հետ, եւ պատահական չէր, որ Խոսրով Բ Կոտակ արքայի ու Վաչե սպարապետի մահից հետո պետության խնամակալության եւ սպարապետության գործը մանկահասակ Արտավազդ Մամիկոնյանի փոխարեն Անդովկ Սյունու հետ հանձնարարվեց հազարապետ Արշավիր Ա Կամսարականին, որը Մամիկոնյանների փեսան էր։

Արշավիրն ու Անդովկը մեծ ավանդ ունեցան հայոց արքա Տիրան Արշակունու դավադրական ձերբակալութունից հետո պարսից դեմ մղվող պայքարի եւ երկրի անկախության պահպանման գործում։ Հենց նրանց ջանքերով էր, որ պարսկական զորքի դեմ տարած հաղթանակից հետո Հայոց գահին հաստատվեց Արշակ Բ-ն՝ Տիրանի որդին, որը դարձավ հայոց հզոր արքաներից մեկը եւ մեծ դեր խաղաց պետականության ամրապնդման գործում։

Կամսարականներն ակտիվորեն մասնակցեցին 371թ. Ձիրավի ճակատամարտին՝ պարսկական բանակի դեմ կռիվներում ցուցաբերած քաջության համար արժանանալով Պապ թագավորի գովասանքին։ Նրանք մեծ ծառայություններ մատուցեցին նաեւ Խոսրով Գ-ին, եւ պատահական չէր, որ պարսից արքունիքը, դժգոհելով հայոց արքայի ինքնուրույն քաղաքականությունից, 391-ին նրա հետ գերի վերցրեց նաեւ Կամսարական իշխան Գազավոնին ու նրա որդի Հրահատին՝ բռնագրավելով նրանց կալվածքները։ Դրանք Կամսարականներին վերադարձվեցին միայն 5-րդ դարի սկզբին՝ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւի միջնորդությամբ։

Արշակունիների անկումից (428թ.) հետո Կամսարականներն ավելի մերձեցան Մամիկոնյան տոհմի հետ։ Արշավիր Բ իշխանը, որն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի դստեր հետ, Խաչխաչի ճակատամարտում (450թ.) գլխավորել է Հայոց զորքի աջ թեւը, Ավարայրի ճակատամարտում (451թ.)՝ պահեստազորը։ Այդ ճակատամարտում քաջաբար կռվել են Թաթուլ, Վարձ, Ներսեհ, Աշոտ Կամսարականները։

Արշավիր Բ իշխանի որդիներ Ներսեհը եւ Հրահատը, որոնք հայրենասիրական ոգով դաստիարակվել էին իրենց մորական տատի՝ Մամիկոնյան իշխանուհի Ձվիկի ապարանքում, պարսկական նվաճողների դեմ հայերի մղած նոր պատերազմում (480-484թթ.) կանգնել են Վահան Մամիկոնյանի կողքին ու քաջաբար կռվել Ակոռիի, Բագավանի եւ այլ ճակատամարտերում։

7-րդ դարում Կամսարականներից աչքի ընկավ հատկապես Ներսեհ Բ-ն, որը եղել է Հայոց իշխան եւ, օգտվելով Հայաստանում ստեղծված համեմատաբար խաղաղ պայմաններից, զբաղվել շինարարական աշխատանքներով, կառուցել ներկայիս Թալինի տարածքում գտնվող Կաթողիկե եւ Ս. Աստվածածին եկեղեցիները։ Ըստ պատմական աղբյուրների՝ նրա հովանավորությամբ է իրականացվել հույն մեծ իմաստասեր Սոկրատեսի Եկեղեցական պատմության հայերեն թարգմանությունը։

Կամսարականների մի մասը հաստատվելով Բյուզանդիայում, նկատելի հետք է թողել այդ երկրի պատմության մեջ։ Ղեւոնդ Ալիշանը վկայություն ունի այն մասին, որ Բյուզանդիայի հայազգի զորավարներ Նարսեսը, Իսակեսը եւ Արատիոսը եղել են Կամսարականների գերդաստանից։

8-րդ դարի վերջին Հայաստանում Բագրատունիների գահակալության հաստատմամբ Կամսարականները տեղափոխվեցին Փոքր Ասիա եւ Բյուզանդական կայսրություն։