Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՔՆԱՎՆԱՍՈՒՄ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Սկիզբը՝ նախորդ համարում

Ինքնավնասման դիմում են թույլ մարդիկ

Հոգեբույժ մայոր Տիգրան Թունյանը, ով շուրջ տասնհինգ զորակոչերի ընթացքում կենտրոնական հավաքակայանում փորձագետ է եղել, ասում է, որ ինքնավնասման յուրաքանչյուր դեպք, անկախ իր նախապատմության եւ իրավական գնահատականով ուրիշ դեպքերի հետ ունեցած ընդհանրությունից, հոգեբուժական տեսանկյունից ինքնատիպ է, եւ չի կարելի միատեսակ գնահատական տալ բոլոր նման դեպքերին: Այս դեպքերի մեջ մեծ տոկոս են կազմում նախաբազկի շրջանում կատարվող միջին խորության քերծվածքներն ու կտրվածքները, սրածայր առարկաներ՝ առավելապես ասեղ կուլ տալը, թեեւ դեպքեր են եղել, երբ զինվորն անգամ եղունգկտրիչ կամ գդալի կոտրած պոչ է կուլ տվել, ինչն անհնար է պատահաբար անել: Սակայն անկախ ընտրված եղանակից ու առարկայից, սրանք նույն երեւույթի՝ ինչ-որ բանի վերաբերյալ իրենց անհամաձայնության արտահայտությունն են: Ընդ որում, սա «բողոք» է ոչ թե ծառայության պայմանների դեմ, այլ ըստ զինվորի՝ ստորաբաժանումում իրեն արժանի տեղն ու դիրքը չունենալու դեմ, իր կարծիքով՝ իր չհասկացված լինելու դեմ:

Կա նաեւ հարցի արտաբանակային կողմը, երբ զինվորը նման քայլի է դիմում ընտանիքում ծագած ինչ-որ խնդրի մասին լուրի ազդեցության ներքո: Եվ ծնողները պիտի լուրջ մտածեն, թե արդյո՞ք արժե ամեն ինչի մասին իսկույն տեղյակ պահել զինվոր որդուն: Տանը ծագած խնդիրը գուցե հենց վաղն էլ հարթվի, իսկ ահա բարոյակամային թույլ հատկանիշներ ունեցող զինվորը մինչեւ վաղը ի՞նչ կանի: Այ սա ոչ ոք չգիտի…

Որպես կանոն, ինքնավնասման դիմում են հոգեպես թույլ եւ մտավոր զարգացման ցածր մակարդակ ունեցող մարդիկ:

Հարկ է հստակ նշել, որ սրանք ինքնասպանության փորձեր չեն, եւ ինքնավնասում կատարողը ոչ միայն նման նպատակ չունի, այլեւ վստահ է, որ իրեն մահացու վերք չի հասցնելու, հնարավոր բարդություններն էլ բժիշկները մեղմելու են: Ու թեեւ բուժհաստատությունում հետազոտման կամ բուժման մեջ գտնվելու օրերը գումարվում են ծառայության օրացուցային ժամանակին, սակայն զինվորը կարծում է, թե այս պահին տվյալ դժվարությունը շրջանցեց:

Սակայն, Տիգրան Թունյանի պնդմամբ, վերն ասվածը հիմք ընդունելով բոլորին սիմուլյանտ համարելը մասնագիտական կոպիտ սխալ կլինի: Իր վրա ձեռք բարձրացնող յուրաքանչյուր ոք հիվանդ մարդ է, այլ հարց, որ հաճախ նաեւ այդչափ գիտակից չէ իր արածի հետեւանքները հասկանալու համար ու երբեմն նրանց հասուն մարդ համարելը եւ արածի համար դատելը ճիշտ չէ:

Նախաբազկին կտրվածք անելու փորձը սովորաբար կարճատեւ հիստերոիդ եւ բուռն ռեակցիա է, երբ մարդն իրեն ցավ պատճառելով սթափվում ու հանգստանում է: Այդպիսիների զգալի մասը մինչ զորակոչվելն իրավիճակային ռեակցիաներ տարած մարդիկ են:

Այստեղ ամենադժվարը հոգեբույժի վիճակն է. նա չի կարող նախաբազկին քերծվածք ունեցող յուրաքանչյուրին համարել զինծառայությանը ոչ պիտանի, բայց նաեւ պիտի բացահայտի հիվանդությունը, որ վաղը ողբերգություն չլինի: Եվ ըստ բժշկական եզրակացության՝ հաճախ ծառայության սկզբնական շրջանում նմաններին մարտական հերթապահությունում չընդգրկելու վերաբերյալ սահմանափակումներ են լինում:

Տիգրան Թունյանի հավաստմամբ, ինքնավնասման յուրաքանչյուր դեպք նաեւ զինվորի չստացած դաստիարակության ու կրթության վկայություն է: Ի վերջո, բանակում ոչ թե այս հակումներն առաջանում են, այլ ընդամենը սուր կերպով դրսեւորվում է այն ամենը, ինչ փողոցում լսել են կալանավայրերի մասին ու դիտել ցածրակարգ տեսաֆիլմերում, փոխանակ ժամանակին դպրոցում տարրական անատոմիա սովորեին:

Սա այնքան բազմադեմ երեւույթ է, որ նրա մեկ-երկու պատճառի դեմ պայքարն արդյունք չի տա եւ բոլոր ճակատներով է պետք պայքարել: Եվ հատկապես զինվորի հետ անմիջապես աշխատող հրամանատարները, անձնակազմի գծով հրամանատարների տեղակալներն այս ուղղությամբ դեռ շատ պիտի աշխատեն: Միաժամանակ, նույնքան լուրջ աշխատանք պիտի տարվի նաեւ սկզբնական ու միջին հրամանատարական օղակի մանկավարժական ունակությունների բարձրացման համար:

Տիգրան Թունյանի հավաստմամբ, ինքնավնասումը թեեւ իրավական առումով հանցանք է, բայց բժշկական տեսանկյունից քննելու դեպքում պարզ է դառնում, որ այս քայլին դիմողների գերակշիռ մասն իրականում խաթարված հոգեբանությամբ մարդիկ են, որովհետեւ ձեւավորված հոգեբանական մեխանիզմներ ունեցող անձը, նորմալ զինվորն իր վրա ձեռք բարձրացնելու փոխարեն միշտ էլ կգտնի ծագած խնդրի լուծման ճիշտ տարբերակը:

Ուղղակի, 18-19 տարեկանների գիտակցությունը, հոգեբույժների պնդմամբ, հատկապես 90-ականներին ծնվածներինը, այդքան բարձր չէ այս պարզ իրողություններն ըմբռնելու համար: Բայց մեր բանակը դեռ մի քանի տարի շարունակ կհամալրեն անցած դարի ծանր ու դժվարին 90-ական թվականներին ծնված երեխաները, եւ դրա հետեւանքները կդրսեւորվեն զինված ուժերի կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում, մինչեւ այս խնդրի հրատապությունն աստիճանաբար անկում կապրի:

Իսկ առայժմ, Տիգրան Թունյանի կարծիքով, վերը շարադրված վտանգերից խուսափելու ուղիներից մեկն ինքնավնասման հակում ունեցող զինվորներին առանձին ստորաբաժանումում կենտրոնացնելն է, որը կունենա համապատասխան կրթությամբ եւ հոգեբանական ու մանկավարժական պատրաստությամբ սպայակազմ:

Այսքանն «ինքնավնասում» կոչվող երեւույթի պատճառների ու բնութագրի մասին էր, իսկ հետեւանքների մասին խոսում են զինվորական վիրաբույժները:

Պատրանքների ու իրականության միջեվ

Մարտական եզակի անցյալ ունեցող բազմափորձ վիրաբույժ, գնդապետ Կամո Շաբոյանն ասում է, թե քիչ դեպքերի չի ականատես եղել, երբ վիրավորի վերջույթը հեռացնում էր, իսկ նա դիրքեր վերադառնալուց էր հարցնում.

-Սա շեղում չէ, այլ դիրքի, հայրենիքի նկատմամբ պատասխանատվության, օգնության կարիք ունեցող մարտընկերներին մենակ չթողնելու հարց: Սա «Էլ ո՞վ, եթե ոչ ես» մտածողությունն է: Կա նաեւ հակառակը՝ «Միայն ոչ ես»: Չէ՞ որ ինքնախեղման դիմողն էլ է տեսնում, որ առանց իրեն, ծառայակից ընկերների համար դժվար կլինի: Ուղղակի յուրաքանչյուրը յուրովի է ըմբռնում կյանքը եւ յուրովի էլ որոշում է ընդունում:

Քարվաճառի ազատագրման ժամանակ, երբ ուղղաթիռով իջնում էինք ծանր վիրավորներին հոսպիտալ տեղափոխելու, թշնամու վերջին ու գերբեռնված ուղղաթիռն էլ փորձում էր օդ բարձրանալ, եւ հայտնվեցինք երկու կողմերի ուժգին կրակի գոտում: Գնդակը պատռեց Արայիկ անունով օդաչուի գլուխը. մակերեսային վերք էր, բայց ուժեղ արյունահոսում էր: Վիրավորներին տեղափոխեցինք ուղղաթիռ, ես երկու ձեռքով Արայիկի վերքը բռնած՝ վերադարձանք, ու մինչ վիրավորներին անհետաձգելի օգնություն էինք ցույց տալիս, Արայիկը եկավ, թե «Բժի՛շկ, իմ վիրավորվածությունը եթե գրանցել ես, շատ եմ խնդրում, պիտի ջնջես» եւ բացատրեց, որ շատ դժվարություններ հաղթահարելով սովորել ու օդաչու է դարձել է եւ հիմա այդ վերքի պատճառով գուցե թույլ չտան ուղղաթիռ վարել…

Իհարկե, բոլորը չեն կարող այս օդաչուի նման անդամահատված ոտքով ներկայանալ ծառայության, բայց իրենք-իրենց վրա ձեռք բարձրացնելու մտքից անգամ, ինչ խոսք, պիտի խուսափեն:

Կամո Շաբոյանը պնդում է, թե ինքնավնասում ու առավել եւս՝ ինքնախեղում կատարելիս հաճախադեպ են մահվան կամ հաշմանդամության ելքով դեպքերը:

Կուլ տված օտար մարմինը մինչ օրգանիզմից դուրս գալն անցնում է երեք հիմնական հատվածով: Բերանի խոռոչից մինչեւ հաստ աղիքի ելքը միջին հաշվով 10 մետր է՝ կերակրափող-ստամոքս-հաստ աղիք: Այդ տասը մետրում կան փոփոխական թվով ու դիրքն անընդհատ փոխող բազմաթիվ գալարներ, ֆիզիոլոգիական նեղացումներ, մուտքեր, ելքեր, այլ խոչընդոտներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է կանգնեցնել ասեղի ընթացքը:

-Առաջին հիմնական խոչընդոտը, -ասում է գնդապետ Շաբոյանը,-կերակրափողի ֆիզիոլոգիական նեղացման շրջանում է: Սրածայր օտար մարմինը եթե անգամ անցնի այնտեղով, կարող է վնասել լորձաթաղանթի շերտը, մկանային շերտը, հանգեցնել պերֆորացիայի՝ միջնորմի ծանր բորբոքման, երբ զգալի թիվ են կազմում մահվան ելքերը, կամ առնվազն ծանր վիրահատություն է պահանջվում: Կարող է անգամ այնպիսի արյունահոսություն սկսվել, որ վիրավորը, հեռու կարդացողից ու լսողից, մահանա դեռ հոսպիտալի ճանապարհին:

Կերակրափողից հետո սկսվում է ստամոքսամուտքը, որը եւս նեղացման շրջան է, եւ ասեղը կա՛մ այն կվնասի, կա՛մ ստամոքսաելքը: Ծակելով աղիքի լուսանցքի պատը՝ ասեղը կհայտնվի որովայնի խոռոչում եւ շարունակելով ընթացքը, կարող է վնասել այնտեղ գտնվող ցանկացած ներքին օրգան:
Սակայն, գնդապետ Շաբոյանի հավաստմամբ, ամենասարսափելին դա չէ, այլ ասեղի բացած անցքով որովայնի խոռոչ ներթափանցող կերակրազանգվածը, որն առաջացնում է պերետոնիտ՝ ծանր թարախային թունավորում, որը համարվում է որովայնի խոռոչի ամենածանր բարդությունը, եւ կախված ուշացումից, 20-30% դեպքերում մահացության պատճառ է դառնում:

-Վիրաբուժության մեջ այսպիսի հասկացություն կա. «հիմնական ժամանակ»: Այն կազմում է ընդամենը վեց ժամ: Եվ անգամ հրազենային վնասվածքի դեպքում վիրաբուժությունն ի զորու է առաջին վեց ժամում վիրավորների 90%-ի կյանքը փրկել (եթե իհարկե, կյանքի հետ անհամատեղելի վնասվածք չէ), սակայն արդեն տասներկու ժամ անց այս 90-ը դառնում է 20-25%. այսինքն՝ վեց ժամ անց օրգանիզմի դիմադրողական գործառույթները սկսում են գահավեժ արագությամբ թուլանալ:

Իսկ պերետոնիտն այս ընթացքում այնքան է թունավորում օրգանիզմը եւ խախտում նրա պաշտպանական գործառույթները, որ երբեմն հիվանդի կյանքը փրկելը դառնում է անհնարին: Բայց ասեղ կուլ տվող զինվորն այս մասին գաղափար անգամ չունի, ասեղը կուլ է տալիս, ապա վախի ազդեցության ներքո առժամանակ թաքցնում արածը, հետո բժիշկը կամ հրամանատարները չեն հավատում, թե սա այդպիսի բան է արել, եւ մի քանի գործոնների, հենակետի կտրված լինելու եւ այլնի պատճառով ունենում ենք ուշ հոսպիտալացման դեպք, երբ հիշատակածս հիմնական ժամանակը՝ կենսական ժամանակը կարող է սպառվել՝ էապես մեծացնելով բացասական ելքի հավանականությունը,-ասում է գնդապետ Կամո Շաբոյանը:

Ի վերջո, սրանք շտապ՝ երբեմն կյանքի ցուցումով կատարվող վիրահատական միջամտություններ են, եւ վիրահատելիս հաճախ անհնար է իմանալ հիվանդի օրգանիզմին առնչվող մի շարք հակացուցումներ: Իսկ ամեն վիրահատություն, անգամ խնամքով նախապատրաստվածը, երբեմն անդառնալի վնաս է հասցնում օրգանիզմին, սահմանափակում մարդու աշխատունակությունը: Պերետոնիտի հետեւանքը կարող են լինել մահը, հաշմանդամությունը կամ տարածական վիրահատությունը: Անգամ հաջող վիրահատությունից հետո էլ աղիների կպումնային հիվանդություն է առաջանում՝ աղիների անանցանելիություն. մարդը չի կարողանում մարսել ընդունած սնունդը, եւ ժամանակի ընթացքում երկրորդ, երրորդ վիրահատությունն է պահանջվում:

Գնդապետ Շաբոյանի հավաստմամբ, սրածայր օտար մարմին կուլ տալու հետեւանքները, պայմանավորված նրա բնույթով, ֆիզիկական բնութագրով, անցնող ժամանակով, ինքնավնասման դիմողի անատոմիաֆիզիոլոգիական վիճակով եւ այլ հանգամանքներով, այնքան ծանր են ու բազմազան, եւ սա այնքան լուրջ թեմա է, որ հնարավոր հետեւանքները մեկ զրույցում հեշտ չէ ներկայացնել:

Ինքնավնասումների «կատարողական վարպետությունն» իհարկե շատ ցածր է, իսկ եղած մակարդակը պահպանվում է լոկ մարդու ինքնապաշտպանական բնազդի շնորհիվ, թեեւ անգրագիտության պատճառով խորը եւ վտանգավոր կտրվածքներ էլ են պատահում: Սակայն գերակշռում են միջին խորության կտրվածքները, իսկ դրանց սպիները մնում են, եւ նման քայլի դիմած զինվորը վաղը չի կարող կարճաթեւ հագուստով հանգիստ քայլել:

Ինքնավնասումների դեմ պայքարելու համար բացատրական ու քարոզչական մեծ աշխատանք է անհրաժեշտ, որը պիտի սկսվի դպրոցից ու առաջին հերթին, ընտանիքից: Մենք պարտավոր ենք մեր երեխաների մարմինն ու ապագան վաղը չխեղելու համար ամեն օր մի քիչ ժամանակ գտնել նրանց կրթելու, անցած պատերազմի հերոսների մասին պատմելու, տարբեր դժվարություններ հաղթահարելու, սովորեցնելու ի վերջո՝ որոշ հանրակրթական գիտելիքներ տալու համար:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #30 (895) 3.08.2011 - 10.08.2011, Ուշադրության կենտրոնում, Սոցիալ-իրավական


10/08/2011