Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՀԵՐԹՆ Է, ՏՂԵ՛ՐՔ…



ՄԵՐ ՀԵՐԹՆ Է, ՏՂԵ՛ՐՔ...Հայաստան աշխարհի տարբեր անկյուններից կենտրոնական հավաքակայան են մտնում զորակոչիկներ տեղափոխող ավտոբուսները: Հավաքակայանում ամեն ինչ հստակորեն կազմակերպված է. նորակոչիկներին դիմավորումընդունումից սկսած՝ մինչեւ ծառայավայր մեկնումը:

ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի ավագ սպա, մայոր Դավիթ Կիզոկյանը դիմավորման խմբի պետն է. «Երբ զորակոչիկները մտնում են հավաքակայան, նրանց անձնական գործերը եւ զինվորական գրքույկները ներկայացվում են դիմավորման խմբին, տվյալները մուտքագրվում են համակարգիչ, ըստ հերթականության համարակալվում, տրվում է թվապիտակ: Հարկ է նշել նաեւ, որ հինգ տարածքային զինկոմիսարիատներում արդեն ստեղծվել է տեղեկատվական բազա, որտեղ ամրագրված է զորակոչիկի մասին ամբողջ ինֆորմացիան: Այս նորամուծությունը զգալիորեն դյուրացնում է աշխատանքը եւ ներառվելու է բոլոր զինկոմիսարիատներում»:

Դիմավորման խումբը նորակոչիկներին է հանձնում թվապիտակներն ու զուգահեռ էլ հումորով, ոգեւորելով ու քաջալերելով` աշխատում մի փոքր թոթափել հավաքակայան ոտք դրած երիտասարդների լարվածությունը:

♦♦♦ 

ՄԵՐ ՀԵՐԹՆ Է, ՏՂԵ՛ՐՔ...Հավաքակայանում խմբված տղաները զրուցում են, ամեն մեկն իր տարածաշրջանին բնորոշ խոսակցականի համուհոտով:

 Արթուր Դալլաքյանը Գորիսից է: Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժնի ուսանող է:

Հայրս երկու պատերազմներին էլ մասնակցել է, ե՛ւ Արցախյան, ե՛ւ Ապրիլյան: Խորհուրդներ, խրատներ ինձ չի տվել, ինչ պատվիրել է` իր արարքներով, իր գործերով՝ պատվով ծառայել հայրենիքին

Սերյոժա Ավետիսյանը նույնպես Գորիսից է, ապագա բժիշկ:

Ապրիլյան դեպքերը, իրադարձությունները ավելի շատ մեզ ոգեշնչեցին, մենք տեսանք, հասկացանք, որ հերոսները միայն ֆիլմերում, գրքերում չեն, մեզ հասակակից, մեզ նման սովորական տղերք են, երբ վտանգվում է հայրենիքը, նրանք դառնում են հերոսներ:

Հայրս Արցախյան պատերազմի մասնակից է, եղբայրս էլ ծառայում է, հիմա էլ մեր հերթն է, տղե՛րք: –Մասիսից Գարեգին Բաբայանն է:

♦♦♦ 

ՄԵՐ ՀԵՐԹՆ Է, ՏՂԵ՛ՐՔ...Հավաքակայանի մատուռի մոտ Մեղրիի նորակոչիկներն աշխույժ զրուցում են: Տղաներից մեկը աչքի է ընկնում ցայտուն սլավոնական արտաքինով: Վահե Դանիելյանն է, մայրական կողմը ռուսական արմատներ ունի, խոսակցականում էլ այնքան ներդաշնակ են միահյուսվել ռուսերենն ու Մեղրիի խոսվածքը. սիրուն սինթեզ է ստացվելԵրիտասարդի ավագ եղբայրը պայմանագրային զինծառայող է, հայրն էլ տարածքի ինքնապաշտպանական կռիվների մասնակից է: «Մեղրեցիները մի լավ խոսք ունեն՝ Մեղրին տաք թոնիր է, ով այնտեղ մտավ չար մտքով, այլեւս դուրս չի գա, կայրվի»,- զորակոչիկ Հակոբ Ներսիսյանն է:

Մեղրիի զինկոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ, կապիտան Դավիթ Զաքարյանը, որ մինչ այդ լուռ ունկնդրում էր զորակոչիկների խոսքուզրույցը, լրացնում է.

Մեր տարածաշրջանի աշխարհագրական դիրքը մեզ պարտավորեցրել է զինվոր, սահմանապահ լինել հենց ծնված օրվանից: Մեղրեցիները իրենց լեռների նման ամուր ու անառիկ են:

♦♦♦ 

ՄԵՐ ՀԵՐԹՆ Է, ՏՂԵ՛ՐՔ...Քիչ առաջ ժամանած Գավառի զորակոչիկներն էլ արդեն ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն են անցնում: Գավառի խոսվածքով փորձում եմ զորակոչիկների տրամադրությունն իմանալ, զգում եմ, որ աերը օով փոխելու բոլոր ջանքերս ապարդյուն են անցնում:

Իմա՞լ եք, լա՞վ եք:

Խա՛,- պատասխանում են ծիծաղելով:-Ռենտգեն օրաղ է ցույց տալիս,- սրամտում են, հետո նկատելով ձեռքիս ձայնագրիչը, հարցնում են՝ ժուռնալի՞ստ եք:

Խա,- իրենց նման պատասխանելու իմ հերթն է:

Մեր չեմպիոնի մասին գրեք,- առաջարկում են շարքից: –Լեւոն Սարգսյանը մարտեր առանց կանոնների մարզաձեւի Հայաստանի առաջնության չեմպիոն է:

Շատ բարձր տրամադրությամբ ենք գնում ծառայության՝ մենք մեր սահմանները չպահենք, ո՞վ մեր փոխարեն պիտի պահի,- ասում է Լեւոնը:

Էդմոն Դվոյանն էլ Հացառատ գյուղից է, Գավառի գյուղատնտեսական քոլեջում է սովորում:

Իրար կողքի լինենք, իրար թիկունք, տարբերություն չդնենք, ով որ շրջանից է, ով՝ որ տարածքից: Հա՛յ ենք

♦♦♦ 

Հանդերձասրահում Նոր Նորքի զորակոչիկներն են հայոց բանակի զինվորի հանդերձանքով: Երկրորդ զորակոչն է՝ հանդերձավորումն իրականացվում է հավաքակայանում:

Համազգեստով արդեն մեզ զինվոր ենք զգում, բայց էս ոնց ենք փոխվել, հիմա բոլորս իրար նման ենք,- նկատում է Ռազմիկ Եգանյանը: Ռազմիկը Եկատերինբուրգից Հայաստան է եկել, որ հայրենիքին պարտքը տա,- հիմա գնալու ենք վիճակահանության, ասում են՝ լոտոյի նման է՝ ում բախտը կբերի: Բայց ինձ համար մեկ է՝ ուր էլ գնամ, իմ հայրենիքն է

♦♦♦ 

Վիճակահանության սենյակում պտտվում են թմբուկները….

Զորակոչն առավել արդար, թափանցիկ եւ օրինական դարձնելու նպատակով զինծառայության վայրի ընտրությունը արդեն մի քանի տարի է՝ կատարվում է վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն է ընձեռում կանխելու միջնորդավորված միջամտությունները, անօրինական գործողությունները: Տեսակապի միջոցով էլ ծնողները հետեւում են իրենց որդիներին: Ուսումնական զորամասերի համար ընտրված զորակոչիկները դասակարգվում են ըստ հումանիտար եւ տեխնիկական կրթության: Թմբուկների վրայի տառերից ամեն մեկը մի նշանակություն ունի. Ա` բնակության վայրին մոտ ծառայելու՝ օրենքով սահմանված արտոնություններից օգտվողներն են, Ը` ընդհանուր, Վ` ՊՆ պատվերով նախազորակոչային տարիքում զինվորական մասնագիտություն ստացած վարորդներ….

Երիտասարդները հերթով մոտենում են պտտվող թմբուկինՓոքրամարմին մի տղա գրավում է ուշադրությունս: Նարեկ Միքայելյանն է Մասիսից.

Քեֆիս օրն էնքան կերա, որ հանկարծ քաշս ոչ մի գրամ չպակասի, որ բանակից հանկարծ հետ չընկնեմ, ընկեր տղերքի հետ գնամ ծառայելու: Ընկերներս ինձ Ճուտ են ասում, երեւի բանակում էլ էդ անունից չազատվեմ,- ժպտում է, էնքան անկեղծ, վարակիչ

 Զորակոչիկ Արմեն Եգորյանի տրամադրությունն էլ է բարձր՝ ծառայավայրը սրտով է:  Այդտեղ շատ ընկերներ ունեմ, միայն լավն եմ լսել, համ էլ իմ սիրած ֆիլմերից մեկն է նկարվել այդտեղ…,- անկեղծանում է Արմենը:

♦♦♦

Լուսանկարիչ Արեգի հետ շտապում ենք սպասասրահ. քիչ հետո զինվոր տղաները հանդիպելու են իրենց անհամբեր սպասող ծնողներին:

ՄԵՐ ՀԵՐԹՆ Է, ՏՂԵ՛ՐՔ...Գալի~ս ենԽառնաշփոթ էԾնողները միանման համազգեստով տղաների մեջ դժվարանում են գտնել հարազատինՄայրերը գրկում են զինվոր զավակներին՝ աշխարհն ասես իրենց են տվել

Երկրորդ որդիս՝ Կարենն է գնում, ավագը հիմա ծառայում է, լավ կլինի՝ եղբոր հետ ծառայի…,- ասում է Վարդուհի Համբարձումյանը: Օվսաննա Ենոքյանն էլ Մասիսից եկել է բանակ ճանապարհելու թոռնիկին՝ Ստեփանին. «Առաջին զինվոր թոռս է, Աստված պահապան բոլորին»:

Եղբորս տղան է մեկնում, թող գնան, ոնց որ մենք ենք գնացել ժամանակին, թող անփորձանք ծառայեն,- Արցախյան պատերազմի թոհուբոհն անցած ոստիկանության գնդապետ, հրապարակախոս Էդուարդ Խաչիկյանն է:

Քիչ այն կողմ հայրը զինվոր որդուն վերջին խորհուրդներն է տալիս: Անդրանիկ Ավետիսյանն է, Արցախյան պատերազմի մասնակից. իրենց ժամանակ էլ երկիրը խաղաղ չէր, հիմա էլ, այսքան տարիներ անց նորից անհանգիստ է աշխարհընոր սերունդը գնում է շարունակելու հայրերի, պապերի անցած հերոսական ճանապարհը:

Երկրորդ որդիս է գնում` Հունանը, ավագ որդիս արդեն զորացրվել է: Հունանին  պատվիրել եմ՝ լավ ծառայի, նվիրումով, ասել եմ, որ հիմա բանակն է իր ընտանիքը

Նաիրա Եղիազարյանն էլ հազիվ է զսպում հուզմունքը. «Տղաս` Ռաֆայելը, համալսարանի տնտեսագիտականում է սովորում, երկու տարին դառնալու է անվերջ սպասումԽաղաղություն լինի, մոր սիրտը խաղաղ լինի, էլ բան չեմ ուզում էս աշխարհից…»:

Տաք, ջերմ խոսքերի, բարեմաղթանքների տեղատարափ է…..

Բարով գնաք, բարով վերադառնաք, տղե՛րք ջան

♦♦♦ 

Համազգեստը հագանկապեցին, հենց հավաքակայանում էլ ճաշակեցին բանակային առաջին կերակուրը, բուժզննումն անցան, ծառայավայրն ընտրեցին, ծնողներին էլ հրաժեշտ տվեցինՀիմա էլ համերգ է` տղերքին ուրախ սրտով պետք է ճանապարհ դնել

Մեկը չեմպիոն է, մեկը` ապագա բժիշկ, մեկը` տնտեսագետմեկը` …

Հիմա բոլորը զինվոր են….

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #28 (1199) 19.07.2017 - 25.07.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/07/2017