Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ի՞ՆՉ ԳԻՏԵՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ, ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ



Ի՞ՆՉ ԳԻՏԵՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ, ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆՀենրիկ Ղուկասյանը՝ ալեհեր, կապույտ  աչքերով, կարմրած  դեմքով, զարմացած հայածքով նայում է ինձ:

Ես պատերազմ եմ տեսել, խորհրդային բանակում եմ ծառայել, մասնակցել եմ հայկական բանակի կազմավորմանը ու Արցախի ազատագրմանը, շատ բան գիտեմ բանակի մասին: Գիտեմ, որ  նոր  ծրագրեր կան, շատ  ողջունելի է, նրանք փորձառություն ձեռք կբերեն, կունենան ավելի մեծ պատրաստվածություն, կտիրապետեն բոլոր զինատեսակներին: Կարծում եմ՝ հասարակության կողմից կընդունվի, և արհեստավարժ բանակ կունենանք: Եղբորս որդին արդեն մեկ տարվա ծառայող է, հպարտ եմ, որ նա ծառայում է մեր երկրի համար, որոշ լրատվամիջոցներ՝ հիմնականում կայքեր, իրենց դիտելիությունն ապահովելու համար, ինչ ասես՝ գրում են, մեր բանակում հիանալի  վիճակ  չի, բայց ողբերգական վիճակ էլ չի, թե չէ՝ հիմի թշնամին հասել էր Երևան:

Մեր զրույցն ընդհատում է մոտոցիկլետի ձայնը, մոտենում եմ տաքսու վարորդին, որն անգործությունից  հենվել էր հաստաբուն ծառին ու մտքերով հասել հեռուներ:

Ի՞նչ գիտեք ամառային զորակոչի և նոր ծրագրերի մասին

Արմեն Սայադյանը ժպտում է:

Շատ լավ ծրագրեր են «Ես եմ», «Պատիվ  ունեմ», թող ավելի սպառազինվեն, ավելի հզորանան, ու թող  խաղաղություն լինի, մեզանից էլ ինչ հասնում է՝ մեր հող ու ջրի համար, կանենք:

Կարծում եմ՝ բանակում պետք է ներսից փոփոխություն անենք: Պետք է լինեն ընկերներ, իրար սիրեն, հարգեն, հասկանան, մեկը մեկի համար թիկունք դառնան, լինեն ուժեղ բանակ, դա գալիս է հրամանատարներից:

Բանակը պետք է բարոյապես  բարձր մակարդակի վրա լինի: Կներես՝ հաճախորդները սպասում են, ես գնացի:

Նստում է  տաքսին ու շարունակում իր գործը:

Մոտեցա նստարանին, շոգից հանգստացող «Սանիթեք» ընկերության աշխատակիցներին:

Գիտե՞ք, որ ամառային զորակոչն  սկսվել  է:

Այո՛, գիտենք: Մեր զինվորները սահմանն են մաքուր պահում աղբից՝ թշնամուց, իսկ մենք՝ մեր քաղաքը: Մեր առաքելությունը  նույնն է՝ պատվով կատարել մեզ  վստահված հանձնարարությունները:

Տարեցների ուղերձը մեկն է՝ գնահատել այն աշխատանքը, որը հաճախ աննկատ է մնում, որի բացակայության դեպքում խաթարվում է քաղաքային կյանքի բնականոն ընթացքը:

Քաղաքը տան պես պետք է մաքրես, պահես ու սիրես: Նույնն էլ մեր զինվորներն են անում, ու մենք պետք է գնահատենք, հպարտանանք՝ նրանք պետք է շատ ուշադիր ու զգոն լինեն, փորձանքից  հեռու: Ի՞նչ կլինի քաղաքում, եթե մի օր փողոցի աղբը չտանենք, մարդիկ ի՞նչ կգրեն ֆեյսբուքում:

Խնդրում ենք, որ այն մարդիկ, որոնք նկատում են, թե ինչպես են աղբ նետում ոչ աղբամանի մեջ, նկատողություն անեն մյուսներին, չէ՞ որ սա մեր քաղաքն է և մեր տունը: Երբ դու աղտոտում ես տարածքը, ապա դու խախտում ես մյուսների իրավունքը, մարդիկ ե՞րբ են հասկանալու դա: Շատ հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են մեքենայից դուրս նետում ծխախոտի մնացորդը: Իրոք տհաճ է խոսել այդ մասին, բայց, դժբախտաբար, ոչ բոլորն են դա հասկանում: Ամառային զորակոչից էլ ենք տեղյակ, նոր ծրագրերից  էլ, լավ բան են մտածել՝ խաղաղություն թող լինի:

Արագ  քայլերով  փորձում եմ անցնել ճանապարհը, շոգից պաշտպանվելու համար հով տեղ գտնել, դիմացս Հակոբ Նամալյանն է, ամաչկոտ, զուսպ, հաճելի զրուցակից:

Տղաս քոլեջում է սովորում, համակարգչի հետ սեր ունի, ցանկություն ունի ծառայությունն անցկացնել կապի ոլորտում, շատ է  ուրախացել «Պատիվ ունեմ» ծրագրից, ուզում է պիտանի մարդ լինել մեր ազգի համար:

Փոքրինչ  լռում է, հետո մտահոգ  հայացքով պատմում.

Իմ կարծիքով՝ առաջնագծում պետք է կանգնեն պայմանագրային զինծառայողները, մեր տղերքը շատ պինդ են, դիմացկուն են՝ հալալ լինի նրանց, միամիտ չեն, ու պետք եղած դեպքում՝ թշնամուն ցույց կտան իր տեղը: Բարի ծառայություն ձեզ, սիրելի՛ զինվորներ:

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #28 (1199) 19.07.2017 - 25.07.2017, Ազգային բանակ


19/07/2017