Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՍ ԱՍՏՎԱԾ ՉԵՄ, ԵՍ ԶԻՆՎՈՐ ԵՄ, ԵՍ ՀԱՅ ԵՄ»



«ԵՍ ԱՍՏՎԱԾ ՉԵՄ, ԵՍ ԶԻՆՎՈՐ ԵՄ, ԵՍ ՀԱՅ ԵՄ»Վերնագիրը մեջբերված է 1997թ. Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ Սենոր Հասրաթյանի հարցազրույցից, որ զետեղված է նրա` վերջերս հրատարակված «Մենք` հայերս» աշխատությունում: Եվ Սպարապետի ինքնաբնութագրումխոստովանությունը, խորիմաստ այդ մեկ հատիկ նախադասությունը  լիարժեքորեն վերաբերում է «Մենք` հայերս» աշխատության թեմատիկգաղափարական ուղղվածությանն ու բովանդակությանը: Պատմաբանգնդապետը ասպարեզ է բերել անցյալ հարյուրամյակի ռազմական դեպքերի ու դեմքերի, հայի տեսակի ու ճակատագրի, նորօրյա մեր պատմության հերոսական դրվագների ու Ազատամարտը կերտած քաջազն այրերի անձնազոհ, հայրենանվեր գործունեության աղերսները, որոնք շարունակականությունն են հաստատագրում թե՛ ռազմաքաղաքական եւ թե՛ բարոյակերտվածքային իմաստով:

«Ասել է թե` 20-րդ դարավերջի հայը իր կատարածով ապացուցեց, որ նա ժառանգորդն ու շարունակողն է իր նախորդների թողած հերոսական անցյալի եւ պատրաստ է պահպանելու ու հարստացնելու այն բոլոր արժեքները, որոնցով կենսունակ է ե՛ւ ազգայինը, ե՛ւ համամարդկայինը…»,- նշել է Սենոր Հասրաթյանը:

«Մենք` հայերս» աշխատության չորս գլուխներում զետեղված են ծավալուն տեղեկատվականպատմական ակնարկներ` Երկրորդ աշխարհամարտում հայ ժողովրդի գործուն մասնակցության եւ 20-րդ հարյուրամյակի վերջին ծավալված Արցախյան ազատամարտի ու հաղթանակի սրբազան գործում անձնուրաց հերոսություն ցուցաբերած մեր նորագույն պատմության կերտողների վերաբերյալ:

Պատմաբանը փորձել է քննության ենթարկել կեսդարյա հեռավորություն ունեցող անցյալի եւ նորօրյա մեր պատմության դերակատարների` մարտնչող հայրերի տեսակի, ոգու, անկասելի կամքի ու հավատի, զինական օժտվածության ու կարողությունների դրսեւորումները:

Այսինքն` մեր երեւելի գործիչների խոսքն ու գործը, ապրած իմաստալից կյանքի փորձը ոչ միայն սերունդներին պետք է փոխանցել, այլեւ ցույց տալ, որ նոր սերունդը, իրավամբ, իր նախորդների ժառանգության կրողն է ու շարունակողը:  Բավական է վկայակոչել «Մենք` հայերս» աշխատության «Հայերը երկրորդ աշխարհամարտում», «Մեծանուն հայեր», «ԼՂՀ պաշտպանության բանակը պատերազմի եւ զինադադարի տարիներին», «Հիշենք եւ մեծարենք» խոսուն ենթաբաժիններում զետեղված պատմաքաղաքական, ազգային հպարտության շեշտեր կրող ակնարկները, որ համոզվենք, թե հայկական քանի դիվիզիաներ, գեներալներ, գիտնականներ, պարտիզանական ջոկատներ, հետախույզներ, սփյուռքահայեր, սպաներ ու շարքային զինվորներ են մասնակցել Երկրորդ աշխարհամարտին եւ իրենց անունները փառքով պսակել: Այսինքն` հայի ոգեղեն, ազատատենչ ու խաղաղասեր տեսակը օրհասական պահերին մեկեն զորական, անթեղված ուժի մարմնացում է դառնում եւ փոխկանչ անցյալի զորավարների փաղանգի եւ նոր սերնդի ազնանց զարմի հայրենապաշտների միջեւ: Ահավասիկ «ԼՂՀ պաշտպանության բանակը պատերազմի եւ զինադադարի տարիներին» գլխում պատմաբանը` ԼՂՀ ՊԲ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը՝ գնդապետ Սենոր Հասրաթյանը, ականատեսի եւ ռազմագործողությունների մասնակցի կարգավիճակով ներկայացնում է, որ 20-րդ դարավերջը Արցախի համար, իրավամբ, ազգայինազատագրական աննախադեպ շարժման ու պայքարի, նոր ուղիների որոնման փոթորկալից ժամանակաշրջան եղան, եւ թուրքազերիների պարտադրած պատերազմում համայն հայությունը, ի տես աշխարհի, հաղթանակի փառքով պսակեց իր անունը:

«Մեծանուն հայեր», «Հիշենք եւ մեծարենք» գլուխներում Սենոր Հասրաթյանը վեր է հանում եւ ի ցույց դնում Սպարապետ Գարեգին Նժդեհի, մարշալներ Բաղրամյանի, Խանփերյանցի, Բաբաջանյանի, մեծ գիտնականներ Աբրահամ Ալիխանովի, Անդրանիկ Իոսիֆյանի, Լեւոն Օրբելու, Արտեմ Միկոյանի եւ մյուսների սխրալից կյանքի ու գործի դրվագները` աղերսված նորօրյա հերոսներ Յուրա Պողոսյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Աշոտ Ղուլյանի (Բեկոր), Մոնթե Մելքոնյանի, Պետրոս Ղեւոնդյանի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Արցախյան ազատամարտի հաղթանակը կռած ու կոփած գեներալներ` Քրիստափոր Իվանյանի, Անատոլի Զինեւիչի կյանքի ու գործի հետ:

Սենոր Հասրաթյանը իր առջեւ դրված խնդիրը կատարել է մեծ սիրով, պատվով ու գիտնականի բարեխղճությամբ:

 ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Խորագիր՝ #28 (1199) 19.07.2017 - 25.07.2017, Հոգևոր-մշակութային


19/07/2017