Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ԵՎ ԵՎՐՈՊԱՆ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՆՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ



ԱՄՆ-Ը ԵՎ ԵՎՐՈՊԱՆ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՆՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆԲուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի ապշեցուցիչ հետաքննությունը բացահայտել է, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին երեք տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զինտեխնիկա և զինամթերք մատակարարելով ահաբեկիչներին աշխարհով մեկ… Ադրբեջանը դիմել է տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններին՝ այդ թռիչքներին դիվանագիտական բացառություն տալու՝ թույլատրելով քաղաքացիական ինքնաթիռներին զենք տեղափոխել, որը, որպես կանոն, արգելվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից:

Լրագրողի տեղեկությունները հիմնված են անանուն աղբյուրներից ուղարկված մեծ թվով էլեկտրոնային նամակների վրա. «Գաղտնազերծված փաստաթղթերը ներառում են Բուլղարիայի արտգործնախարարության և Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան միջև նամակագրությունը կից փաստաթղթերով՝ զենքի գործարքների և թռիչքի կամ վայրէջքի դիվանագիտական ձևակերպումների համար Բուլղարիայում և եվրոպական շատ այլ երկրներում»: Այդ երկրների շարքում են նաեւ Սիրիան, Իրաքը, Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Թուրքիան, Իսրայելը և այլ երկրներ:

Ըստ Գայտանջիևայի ձեռք բերած փաստաթղթերի՝ Silk Way ավիաընկերությունը դիվանագիտական թռիչքներ է առաջարկել մասնավոր ընկերությունների և զենք արտադրողների ԱՄՆ-ից, Բալկաններից, Իսրայելից, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի բանակներին, ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությանը (USSOCOM) և Գերմանիայի ու Դանիայի զինված ուժերին՝ Աֆղանստանում և Շվեդիային՝ Իրաքում: Դիվանագիտական թռիչքներն ազատվում են ստուգումներից, ապրանքագրերից և հարկերից, այսինքն՝ Silk Way-ի ինքնաթիռներն ազատորեն հարյուրավոր տոննաներով զինամթերք են տեղափոխել աշխարհի տարբեր շրջաններ առանց կարգավորումների»:

Գաղտնազերծված փաստաթղթերը նաև ցույց են տալիս, որ ամերիկյան զենքի   արտադրողները Silk Way ավիաընկերության միջոցով առաքել են ավելի քան 1 միլիարդ դոլարի զենք: Դրանք ամերիկյան ոչ ստանդարտ զենքեր էին, այսինքն՝ արտադրված չէին Միացյալ Նահանգների զինված ուժերի համար: Ըստ Գայտանջիեւայի՝ երբ Silk Way ավիաընկերությունը բավարար քանակությամբ ինքնաթիռներ չի ունեցել, ռազմական բեռները տեղափոխել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները:

2014 թ. դեկտեմբերին ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունը 26.7 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել  ամերիկյան Purple Shovel ընկերության հետ: Բուլղարիան նշված է եղել որպես առաքվող զենքի բեռնաթափման երկիր, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ որպես բեռն ստացող: Մեկ այլ ամերիկյան ընկերություն՝ Orbital ATK-ն, ստացել է 250 մլն դոլարի պայմանագիր՝ ամերիկյան ոչ ստանդարտ զենքեր արտադրելու համար:

Զարմանալի է, որ խիզախ բուլղարացի լրագրողն անցյալ տարվա դեկտեմբերին մեկնել է Հալեպ, որտեղ «հայտնաբերել և նկարահանել է զենքի 9 ստորգետնյա պահեստներ՝ բուլղարական ծագման ծանր զինատեսակներով լեցուն: Դրանք օգտագործվել են «Ալ-Նուսրա ճակատ» խմբավորման կողմից («Ալ Քաիդայի» մասնաճյուղը Սիրիայում, որը ՄԱԿ-ի կողմից որակված է որպես ահաբեկչական կազմակերպություն):

Գայտանջիևան հայտնաբերել է, որ միայն 2017 թ. ապրիլին և մայիսին Ադրբեջանի օդուժի ինքնաթիռները 10 դիվանագիտական թռիչքներով տեղափոխել են 282 տոննա նռնակ:

Ամերիկյան ոչ ստանդարտ զենքի մեկ այլ գնորդ Սաուդյան Արաբիան է, որը չի կարող օգտագործել այդ զենքերը սեփական պաշտպանության համար, քանի որ դրանք չեն համապատասխանում արևմտյան զենքի իր զինանոցին: 2016 և 2017 թթ. Բուլղարիայից, Սերբիայից և Ադրբեջանից զենքեր կրող 23 դիվանագիտական թռիչքներ են իրականացվել Ջեդդա և Ռիյադ: Այս զենքերը Սաուդյան Արաբիայի թագավորություն տեղափոխվել են Silk Way ավիաընկերության միջոցով և Սիրիայում ու Եմենում հայտնվել են զինյալների ձեռքին, որոնց Սաուդյան Արաբիան պաշտոնապես աջակցում է:

Գայտանջիեւան նշել է, որ այս տարվա ապրիլի 28-ին և մայիսի 12-ին Silk Way ավիաընկերությունը Բաքվից երկու դիվանագիտական չվերթ է իրականացրել դեպի Բուրգաս-Ջիդդա-Բրազավիլ (Կոնգոյի Հանրապետություն): Ռազմական բեռներով երկու թռիչքների համար վճարել է Սաուդյան Արաբիան: Օդանավը բեռնված է եղել ականանետներով և հակատանկային նռնակներով: Այս նույն զենքը մեկ ամիս առաջ Իրաքի բանակը հայտնաբերել է Մոսուլում՝ իսլամականների պահեստում: Զարմանալի չէ, որ Իսլամական պետության ահաբեկիչներն այդ զենքերը ցուցադրել էին իրենց քարոզչական տեսանյութերում:

Նույն իրավիճակն էր տիրում Coyote գնդացիների առաքման առնչությամբ, դրանք հայտնվել էին Սիրիայի զինյալ խմբերի տեղադրած առցանց քարոզչական տեսանյութերում: Մի քանի ամիս առաջ այս զենքերը դիվանագիտական թռիչքով տեղափոխվել էին Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից: Առկա են նման առաքումների շատ այլ օրինակներ, որոնք ի վերջո հայտնվել են ահաբեկիչների ձեռքում, այդ թվում՝ Միացյալ Արաբական Էմիրությունների հովանավորած որոշ առաքումները:

2017 թ. փետրվարին և մարտին Silk Way ավիաընկերության դիվանագիտական թռիչքներով Սաուդյան Արաբիան 350 տոննա զենք է ստացել  Բաքվից: Բեռը ներառում էր 27 350 հատ 128 մմ հրթիռներ և 10 000 հատ 122 մմ «Գրադ» տեսակի  հրթիռներ:

Այս առաքումներից մի քանիսի համար վճարումը կատարվել է կանխիկ գումարով, ինչը առհավատչյան է Ալիևի և նրա ընտանիքի կուտակած հսկայական հարստության:

Նույնքան մտահոգիչ են մեծ քանակությամբ սպիտակ ֆոսֆորի (շուրջ 200 տոննա) առաքումները, որոնք կարող են մահացու լինել: Ծիծաղելի է, որ սպիտակ ֆոսֆոր ունեցող Ադրբեջանը մեղադրում էր Հայաստանին՝ Արցախյան հակամարտության մեջ այն կիրառելու համար:

Սա հերթական սովորական հոդված չէ, որ պետք է կարդալ ու մոռանալ… ԱՄՆ Կոնգրեսը և եվրոպական կառավարությունները պետք է լսումներ անցկացնեն այս հսկայածավալ զենքի առաքումների վերաբերյալ եւ հետաքննեն փաստերը. զենքի մեծ մասը նախատեսված է ահաբեկիչների համար Մերձավոր Արևելքում և այլուր:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #28 (1199) 19.07.2017 - 25.07.2017, Տարածաշրջան


19/07/2017