Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Սկիզբը` նախորդ համարներում

Փոշելից կրակմարիչների պարունակությունը չոր փոշիներն են: Դա կրակի դեմ պայքարելու արդյունավետ միջոց է: Փոշելից կրակմարիչների մարման մեխանիզմը հիմնված է գլխավորապես հակաօքսիդացման արդյունքի վրա, բոցի ներսում խզվում է ռեակցիայի շղթան, որը բերում է այրման ակնթարթային դադարեցման: Վառվող հեղուկներն ու գազերը մարելիս, բոցը վերանում է, երբ այրման գոտին պատվում է պահանջվող խտության փոշու ամպով: Փոշու ամպն օժտված է էկրանավորող հատկությամբ, ինչն իր հերթին ապահովում է փոքր հեռավորության վրա վառվող օբյեկտին մոտենալու հնարավորություն:

«ՓԿ-5» փոշելից կրակմարիչը նախատեսված է մոտոցիկլետների, ավտոմեքենաների եւ այլ մեքենաների վրա ծագած ոչ մեծ բռնկումները մարելու համար: Արդյունավետ օգտագործման սահմանը տատանվում է -500C-ից մինչեւ +500C-ի ջերմաստիճանի սահմաններում:

«ՓԿ-5» փոշելից կրակմարիչը նախատեսված է բենզինի եւ դյուրավառ այլ հեղուկների, ինչպես նաեւ 380Վ լարման տակ գտնվող էլեկտրակայանքների եւ էլեկտրական սարքերի ոչ մեծ բռնկումները մարելու համար: Այն կիրառելի է -500C-ից մինչեւ +500C-ի ջերմաստիճանի սահմաններում:

Հրշեջ վահանի կահավորման համար պետք է իմանալ, որ ձեռքի հրշեջ գործիքներից են լինգը, կարթաձողը, կացինը, բահը, սղոցն ու հաղորդալար կտրելու մկրատը:

Գնդի տարածքում հրշեջ գույքը պահվում է այնպիսի վահանակի վրա, որը շենքերն սպասարկելու համար ընդգրկում է 200մ շառավղով տարածք, իսկ հավաքակայանի եւ պահեստների համար` 100մ շառավղով տարածք: Ամեն մի վահանակի վրա պետք է լինի կրակմարիչ, լինգ, դույլ, կացին, բահ, յուրաքանչյուրից` երկու հատ, մեկ կարթաձող, ավազով լցված արկղ եւ հրդեհի տագնապ հայտարարելու ձայնային ազդարար: Հավաքակայաններում, վառելիքի պահեստներում գտնվող հրշեջ վահանակները լրացուցիչ ապահովության համար ծածկում են 1.0×1.5մ չափսի ազբեստով:

Շենքերի (շինությունների) ներսում հրդեհ բռնկվելու դեպքում հրշեջ գույքն ու սարքավորումը տեղադրում են այնպիսի տեղերում, որտեղից անձնակազմը կարողանա արագ օգտագործելու հնարավորություն ունենալ:

Շենքերում բռնկվող հրդեհները մարելու համար ստորաբաժանումներում տեղադրվում են ներքին հրշեջ ծորակներ 15-20մ երկարության ճնշումային ճկափողերով եւ փողով: Հրշեջ ծորակները պետք է տեղադրվեն պահարաններում, որոնք պետք է ունենան օդափոխիչ անցքեր, կապարակնքման հարմարանքներ եւ «Հրշեջ Ծորակ Թ» կամ «ՀԾԹ» մակագրություն:

Բոլոր զինծառայողները պարտավոր են իմանալ եւ կատարել հակահրդեհային անվտանգության կանոններն ու աշխատել հրդեհամարիչ միջոցներով: Հրդեհ բռնկվելու դեպքում զինծառայողը պարտավոր է անհապահ հրշեջ խումբ կանչել, ձեռք առնել հրդեհը մարելու, սպառազինությունը, մարտական տեխնիկան եւ ունեցվածքը փրկելու միջոցառումներ:

Հրդեհի մարման հաջողությունը մեծապես կախված է զինծառայողի հստակ, արագ եւ հմուտ գործողություններից: Հրդեհը կամ բռնկման առաջին նախանշանները (ծուխ, խանձահոտ) հայտնաբերելիս անհրաժեշտ է անհապահ կանչել հրշեջ խմբին, հաղորդել զորամասի հերթապահին, որից հետո ձեռնամուխ լինել տեղում եղած կրակմարիչներով հրդեհի մարմանը: Զորամասի հերթապահին զեկուցելիս (հրշեջ խումբ կանչելիս) անհրաժեշտ է հերթապահին հաղորդել վառվող օբյեկտի անունը, հրդեհի վայրը (հասցեն) եւ հաղորդողի ազգանունը:

Հրդեհային տագնապով անձնակազմին հավաքելու համար զորամասում տեղակայվում է մշտապես գործով միասնական ազդանշան: Հրդեհի բռնկման մասին զեկույցը ստանալուց անմիջապես հետո գնդի հերթապահը պարտավոր է, հակահրդեհային պաշտպանության պլանի համաձայն, հրդեհային տագնապի ազդանշան տալ, կանչել հրշեջ խմբին եւ հրդեհի մասին զեկուցել գնդի հրամանատարին ու պաշտոնատար մյուս անձանց: Հրդեհային տագնապից հետո գնդի արտահաստիքային հրշեջ խումբը, զինված հրշեջ տեխնիկայով ու սարքավորումներով, անհապաղ մեկնում է դեպքի վայր եւ անմիջապես ձեռնամուխ լինում հրդեհի վերացմանը:

Հրդեհային տագնապի ժամանակ ստորաբաժանումների անձնակազմը ամրագրված գործիքներով, հրդեհամարիչ միջոցներով շարվում է սահմանված տեղում եւ գործում է գնդի հերթապահի ցուցումով` համաձայն գնդի հակահրդեհային պաշտպանության պլանի եւ ըստ տեխնիկայի եւ սպառազինության տարատեղման կարգի մասին հրահանգի: Մինչեւ զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի ժամանելը, հրդեհի մարման աշխատանքները ղեկավարում է գնդի (ստորաբաժանման) հերթապահը:

Հրդեհը մարելիս անհրաժեշտ է փրկել մարրդկանց կյանքը, վերջնականապես հանգցնել հրդեհը, տարատեղել տեխնիկան եւ զինվորական ունեցվածքը: Հրդեհի ժամանակին մարելը կախված է նաեւ ղեկավարման հմտությունից, ըստ որի էլ հրդեհի վերացման աշխատանքների ղեկավարը պետք է.

♦ ճիշտ գնահատի իրավիճակը, արագ որոշում ընդունի, առաջադրի հատուկ խնդիր եւ ապահովի դրանց ժամանակին կատարումը,

♦ ապահովի հրշեջ խմբի եւ հրդեհի վերացման աշխատանքներին մասնակցող ստորաբաժանումների փոխհամագործակցությունը,

♦ որոշի տարվող աշխատանքների հերթականությունը, ժամանակին ապահովի մարդկանց, մարտական տեխնիկայի եւ ունեցվածքի անվնաս տարատեղումը,

♦ օգնության կանչի լրացուցիչ ուժեր, անհրաժեշտության դեպքում տուժածների համար կազմակերպի բժշկական օգնություն:

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է միջամտել հրդեհի վերացման աշխատանքների ղեկավարի գործողություններին:

Նշված խնդիրների կատարման հերթականությունն ու կարգը, յուրաքանչյուր դեպքում կախված է կոնկրետ իրավիճակից, սակայն միշտ առաջնային ու գլխավոր խնդիր է համարվում մարդկային կյանք փրկելը:

Առաջին հերթին պետք է փրկել այն շինություններում գտնվող մարդկանց կյանքը, որոնց սպառնում է անմիջական կրակը, առկա է հնարավոր պայթյունի կամ կառույցների փլուզման վտանգը:

Առաջնային օգնություն է ցուցաբերվում նաեւ նրանց նկատմամբ, ովքեր վախի հետեւանքով հայտնվում են խուճափի մեջ կամ կորցնում են գիտակցությունը, չեն կարողանում ինքնուրույն թողնել վտանգավոր տեղերը:

Եթե տարատեղման հիմնական ուղիներով կրակի կամ ծխի տարածման սպառնալիք կա, ուրեմն պետք է նախատեսել մարդկանց կյանքի համար վտանգավոր բաղադրություններով եւ նյութերով կրակմարիչների կիրառում:

Մարդկանց փրկելու համար օգտագործվում են ամենակարճ եւ անվտանգ ուղիներ, դրանք հիմնական մուտքերն են, ելքերը, պատուհանախորշերը, ծածկերի դիտախոռոչները:

Մարդկանց փրկելու եւ տարատեղելու հիմնական միջոցառումներն են.

♦ մարդկանց ինքնուրույն դուրսբերումը անվտանգ տեղ,

♦ հրշեջ փրկարարների ուղեկցությամբ տարատեղվողներին դուրս բերելը,

♦ ինքնուրույն տեղափոխվելու հնարավորություն չունեցող մարդկանց դուրս բերելը,

♦ փրկվողներին ստացիոնար եւ ձեռքի հրշեջ սանդուղքներով իջեցնելը, փրկուղիների կտրվածության եւ փրկության այլ եղանակների անհնարինության դեպքում:

Մարդկանց փրկելու կարգն ու եղանակները որոշում է հրդեհի մարման աշխատանքների ղեկավարը, ինչպես նաեւ մարդկանց անմիջականորեն փրկող անձինք:

Տեխնիկան ու ունեցվածքը տարատեղում են հրդեհի մարման աշխատանքների ղեկավարի կարգադրությամբ հետեւյալ դեպքերում.

♦ եթե անհնար է կրակի, բարձր ջերմաստիճանի, ծխի, ջրի անմիջական սպառնալիքից տեխնիկան ու ունեցվածքը պաշտպանելը,

♦ եթե ունեցվածքը դյուրավառ է եւ ստեղծում է բոցի տարածման վտանգ,

♦ եթե ունեցվածքի ծանրության հետեւանքով կարող են հարկածածկերը փլուզվել:

Զորամասում հրդեհ բռնկվելու տեխնիկայի եւ ունեցվածքի դուրսբերումն ու տարատեղումը կազմակերպվում է համաձայն հակահրդեհային պաշտպանության հաստատված պլանի:

Կրակի դադարեցման եղանակների եւ հնարքների ընտրությունը կախված է պայմաններից, հրդեհի առանձնահատկությունից, կրակմարիչ միջոցների առկայությունից:

Հրդեհը մարելու հաջողությունը զգալիորեն կախված է կրակի տարածման գլխավոր ուղղությամբ փրկարարական ուժերի եւ օժանդակ միջոցների ժամանակին, վճռական եւ հատուկ կիրառումից: Կրակի տարածման գլխավոր ուղղությունը համարվում է այն ուղղությունը, որով բոցը առավել ուժգնորեն է տարածվում եւ կարող է հասցնել ամենամեծ ավերածություն: Անհրաժեշտ է այստեղ կենտրոնացնել կրակմարիչ հիմնական միջոցները:

Հրդեհը մարելիս հնարավոր է հաշվի առնել.

♦ եթե հրդեհն արդեն ընդգրկել է առանձին կանգնած շենքը կամ շինությունը, եւ դեպի հարեւան շենքերը առայժմ չկա կրակի տարածման սպառնալիք, ուրեմն պետք է հիմնական ուժերն ուղղել դեպի հրդեհի առավել ուժգին տեղերը,

♦ եթե հրդեհն ընդգրկել է շենքի մի մասը եւ տարածվում է դեպի մյուս շենքերը, ուրեմն պետք է ուժերն ու միջոցները նետել դեպի կրակի տարածման հիմնական ուղղությունները,

♦ եթե հրդեհը սպառնում է մարդկանց, ուրեմն կրակմարիչ բոլոր հիմնական միջոցներն օգտագործվում են մարդկանց փրկելու նպատակով,

♦ եթե հրդեհի գոտում կան պայթյունավտանգ նյութեր ու կայանքներ, ուրեմն հիմնական ուժերն ու միջոցները կենտրոնացնում են հնարավոր, երբեմն անխուսափելի պայթյունը կանխելու համար:

Ուժեղ քամիների ժամանակ թռչող կայծերից եւ վառվող խանձողատներից հնարավոր է առաջանան հրդեհների նոր օջախներ, աշխատողներն ընկնեն կրակի շրջափակման մեջ, կամ կրակը փակի նրանց դուրս գալու կամ հեռանալու ուղիները:

(շարունակելի)

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ
ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության եւ ԶԾԱԱ
վարչության պետի տեղակալ