Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԻՐԻԱՅԻՑ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ
ՍԻՐԻԱՅԻՑ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ

ՍԻՐԻԱՅԻՑ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՍիրիահայ Գեւորգ եւ Մեսրոպ Կազանջյանները որոշեցին կամավոր զորակոչվել պաշտպանության բանակ: Առաջինը Գեւորգը զինվորագրվեց, մեկ տարի անց համազգեստ հագավ Մեսրոպը: Հայերեն ոչ մի բառ չգիտեին, բայց զինակից ընկերների օգնությամբ երդման տեքստն անգիր սովորեցին եւ ուխտեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին: Հիմա մի երազանք ունեն՝ իրենց մեծ ընտանիքով հաստատվել Հայաստանում:

 Բարեւ, տղանե՛ր, «Հայ զինվոր» թերթից եմ: Զրուցե՞նք:

Բարեւ: Մենք հայերեն վատ կը խոսինք: Բայց ի՞նչ պիտ պատմենք,-մի քիչ կարմրելով՝ ինձ է դիմում Գեւորգը:

Դե, Սիրիայից եկել, Արցախի առաջնագիծը պահող զորամաս եք հասել: Ինչո՞ւ,-հարցնում եմ ժպտերես:

Ինչո՞վ ենք պակաս ուրիշներից, ինչո՞ւ չգայինք,-Գեւորգն ուղիղ աչքերիս է նայում:-Ասի` պիտի գնամ հայրենիքս պահեմ: Ռաքքայում ենք ծնվել, մեծացել: Ո՛չ հայի քաղաքացիություն ունեինք, ո՛չ էլ կացության իրավունք: Լիբանանում Հայաստանի դեսպանություն (երրորդ անգամից է արտաբերում) դիմումմիմում արեցի: Թուղթ տվեցին, «սամալյոտ»  բարձրացանք: Հայրս էր, ես էի, փոքր ախպերս էր՝ Մեսրոպը:

Առաջի՞ն անգամ էիք հայրենիքում:

Շատ շիտակ եք,-պատասխանում է՝ աշխուժանալով:-Բոլորը հայերեն էին խոսում ու մի քիչ ալ մեզ էին նման: Անսովոր էր:

Երեւանը շատ սիրեցինք. որ կողմ նայիս՝ հայ է,-վրա է բերում կրտսեր Կազանջյանը՝ Մեսրոպը:-Գործմործ թե պապան ունենա՝ ծառայությունից հետո բոլորով մայրաքաղաքում կապրինք:

Փորձո՞ւմ է աշխատանք գտնել,-հետաքրքրվում եմ:

Չի ստացվում,- Մեսրոպը նեղսրտում է.- կրպակ ունի, օգուտ չի բերում:

Ճիշտ արինք, ճիշտ արինք, որ եկանք,- ընդհատում է Գեւորգը կարծր ու համոզիչ տոնով,-թե չզորակոչվեինք, ընդմիշտ տուրիստ պիտ մնայինք:

Բան չասի,- հանգիստ խոսում է Մեսրոպը,- Հայրենիքը հո՞ միայն հանգստանալու համար չէ:

Հանկարծ հասկանում եմ, որ տղաները լրջացելմտահոգվել են: Փոխում եմ զրույցի թեման:

Լա՛վ, դուք ինձ ասեք՝ այսպիսի՞ն էիք պատկերացնում բանակային կյանքը:

Ամեն բան կարագի պես փափուկ է,-Գեւորգը ծիծաղում է:-Հրետանային դիվիզիոնում  եմ: Դժվարություն չկա: Ապրիլն էր շիկացած: Տղամարդկությունդ պիտի հերիքեր, որ հողը «չբաժանեիր»: Չորս ամսվա ծառայող էի, հայերեն գրեթե չգիտեի: Բայց էդ ժամանակ էր, որ զինվոր դարձա:

Ավտոբուսում՝ զորամասի ճանապարհին Մկրտչյան Արթուրի հետ ծանոթացա,-շարունակում է Գեւորգը: –Անգլերեն էր խոսում. ընկերացանք: Դարձավ դասատութարգմանիչս: Ամբողջ օրը միասին էինք, ոնց որ՝ թելն ու ասեղը: Գնում էինք ճաշարան, «չայնի» էինք նստում: Արթուրը հերոսների մասին էր պատմում: Ասում էր՝ գիտե՞ս՝ Մոնթեն ով է: Գլուխս կախում էի: Բա՞ Պետոն: Էլի էի կախում: Նրանց հերոսությունների մասին էր պատմում: Մարմնիս «բշտիկներ» էին ելնում: Ինքս ինձ ասի՝ Գեւորգ տղա, դու էլ երդում պիտի ընես Արցախի հաղթանակի համար:

Եվ արարողության ժամանակ երդման տողերն անգիր արտասանեց,-թեթեւ ժպտում է Մեսրոպը:-Ես էլ կարդալ չգիտեմ, բայց խոստացած եմ՝ զորամասում կսովորեմ:

Մեսրո՛պ, դու էլ դժվարություններից չես խոսում, հավատա՞մ:

Ուզում էի Գեւորգի հետ զորակոչվիլ, արգելեցին: Էն ժամանակ տասնյոթս նոր էր լրացել: Երեւանում մի տարի սպասեցի: Հինգ ամիս առաջ էր, երբ մեկ էլ հերթն ինձ հասավ: Գեւորգը դիմավորեց: Ասաց՝ պիտի ամեն օր վազես, ֆիզոմիզո անես: Ասացի՝ ուժս տեղն է, աչքս չես վախեցնի: Տուռնիկ էլ կձգեմ, աջ էլ կդառնամ, ձախ էլ կպտտվեմ: Վաղը քննության եմ: Սպասեք քիչ մը՝ հրետանավոր կդառնամ:

Վստահ եմ` ձեր ծնողները ձեզնով հպարտանում են,-հրաժեշտից առաջ ասում եմ տղաներին:

Պապան չորսհինգ անգամ եկավ մեզ տեսնելու, մի ուրիշ ձեւով էր գրկախառնվում,-պատասխանում է Գեւորգը կարճ դադարից հետո:

Սաքոն ու Պողոսը՝ մեր ավագ եղբայրները, որ Սիրիայի մեջ ծառայած են, շատ կը սրտնեղեն,-անկեղծանում է Մեսրոպը:-Կասեն՝ մեզնից մի քանի գլուխ բարձրացել եք:

 ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ հեղինակի