Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԵՍ ԿԵՐՏՈՒՄ ԵՄ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԵՍ ԿԵՐՏՈՒՄ ԵՄ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

«ԵՍ ԿԵՐՏՈՒՄ ԵՄ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ»Սյուզաննա Մակարյանը «Հայ զինվորի» հավատարիմ ընթերցողներից է ու ինձ հաճախ նամակներ է գրում: Մեր առաջին երկխոսությունը շատ տպավորիչ էր:

Ուսուցչուհի եմ:

Ի՞նչ առարկա եք դասավանդում:

Կյանք, կյանքի դասեր եմ տալիս:

Նո՞ր առարկա է:

Չէ, պարզապես գրականությունը գիտելիք չէ, որ փոխանցես աշակերտներիդ, ինչպես քիմիան կամ մաթեմատիկան: Գրականությունը գեղեցիկ ապրելու ձեռնարկ է, որը ցույց է տալիս բարու եւ չարի, գեղեցիկի եւ տգեղի, լույսի եւ ստվերի սահմանագիծը: Ես հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի եմ: Իմ մասնագիտությունը երկրի ամենակարեւոր մասնագիտությունն է:

Դու էլ, ենթադրում եմ, երկրի ամենակարեւոր մարդն ես:

Այո՛, որովհետեւ ես կերտում եմ վաղվա Հայաստանը:

Սիրում եմ ինքնաբավ մարդկանց` իրենց մասնագիտությանը սիրահարված, իրենց աշխատանքը նվիրումով կատարող, իրենց գործը կարեւորող: Ու վաղուց էի մտադրվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի դպրոցի ուսուցչուհի Սյուզաննա Մակարյանին հյուրընկալել պաշտպանության նախարարությունում, մանավանդ` վերջին նամակներից մեկում գրել էր` երազանքս է լինել պաշտպանության նախարարությունում, շփվել զինվորականների, հատկապես` համազգեստով կանանց հետ: Օրեր առաջ Սյուզաննա Մակարյանը գրեց:

Հայկս, Գարիկս վերադարձել են բանակից: Ապրիլյան պատերազմի մասնակից են: Գիտես՝ քանի հատ պատվոգիր ունեն: Մենք ուսուցիչներով գնացել էինք Արցախ` մեր զինվոր աշակերտներին տեսնելու: Հայկին էլ այցելեցինք: Ես նկարվել եմ Հադրութում Հայկի հետ: Կուզես՝ նկարը ուղարկեմ, տես: Հայկս պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «Լավագույն դիրքապահի», «Բանակի գերազանցիկի», «Լավագույն մարտիկի» կրծքանշանների է արժանացել: Իսկ մայիսյան եռատոնին նվիրված շարադրության մրցույթում առաջին տեղն է գրավել:

Կներես, Հայկը, Գարիկը քո ի՞նչն են:

Վայ, Հովհանյան Հայկս, Սեդրակյան Գարիկս, իմ աշակերտներն են, ի՞նչն են: Շուտով Ոսկանյան Նաիրիս, Աղաբեկյան Տարոնս էլ կզորացրվեն: Բոլորն էլ ապրիլյան պատերազմի օրերին առաջնագծում են եղել: Գիտես՝ ինչ տղերք են: Լիճքը դիմավորում է իր հերոսներին:

Ես չեմ կարող չհանդիպել Սյուզաննա Մակարյանին: Չեմ կարող չիրականացնել՝ պաշտպանության նախարարության շենքը տեսնելու եւ զինվորական կանանց հետ շփվելու նրա երազանքը: Չեմ կարող «չհպվել» նրա բերկրանքին, հպարտությանն ու խանդավառությանը:

Սյուզաննա Մակարյանին դիմավորեցի պաշտպանության նախարարության շենքի մուտքի մոտ:

Ոտքը դրեց աստիճանին ու առանց բարեւելու՝ ճչաց.

Տե՜ր Աստված, ինչ գեղեցիկ է, ինչ հզոր է, ինչ հպարտ:

Ես անակնկալի եկած՝ շուրջս նայեցի` «հզորին, գեղեցիկին, հպարտին» գտնելու հույսով, հետո նկատեցի, որ Սյուզաննայի արցունքոտ աչքերը ուղղված են մեր շենքին:

Փառահեղ է: Սպիտակ ու մեծ: Մեր բանակին վայել շենք է: Երանի աչքերիդ, որ ամեն օր տեսնում են այս վեհությունը: Կարո՞ղ եմ քայլել շենքը օղակող ճանապարհով;

Ես գլխով եմ անում: Սյուզաննան առաջ է ընկնում:

Ինչ գեղեցիկ են եղեւնիները, վարդենիներն էլ ծառի նման են ձեւ տվել: Ինչքան վարդեր կան: Տե՛ս, Արագածն ու Արա լեռը: Հրաշք, հրաշք

Ես զարմացած նայում եմ շուրջս, ասես առաջին անգամ եմ տեսնում այս ամենը:

Այս մշտադալար եղեւնիները մեր ժողովրդի հարատեւության խորհրդանիշներն են…,- էքսպրոմտ ստեղծագործում եմ,- իսկ ծառի նման ձեւավորված վարդենիները մեր կենաց ծառն են խորհրդանշում, որի պսակը մեր մշակույթն է` ծաղկած ծաղիկների տեսքով: Իսկ պաշտպանության նախարարության շենքը սպիտակ է, որովհետեւ սպիտակը խաղաղության գույնն է:

Այսքան հզոր խաղաղությո՞ւն…,- հպարտությունը արցունք դարձած հասել է Սյուզաննայի թարթիչներին:

Հետո ներս ենք մտնում ու քայլում երկար միջանցքներով: Ես քննախույզ նայում եմ շուրջս, ուզում եմ, որ Լիճք գյուղից եկած ուսուցչուհին «իմ տանը» ամեն ինչ  կատարյալ տեսնի: Սյուզիի հայացքը կիսաբաց դռներից սողոսկում է ներս: Զինվորական համազգեստով մարդիկ համակարգիչների մոտ նստած աշխատում են:

Ինչ սիրուն են: Մի՞շտ են այսպես կոկիկ ու ձիգ,- հարցնում է Սյուզին: Ու պատասխանի չսպասելով՝ ավելացնում. –Խելքս գնում է զինվորական համազգեստի համար: Ինչ հպարտություն է զինվորական լինելը:

Ես դիտմամբ Սյուզիին նստեցրել եմ երրորդ հարկի սրճարանի` Արագածին նայող պատուհանի մոտ, որ վերջապես հիացած հայացքը կտրի սրճարանում նստած կին զինվորականներից:

Ես հասկանում եմ, որ պիտի լսեմ Սյուզաննային: Նա պիտի դատարկի հոգում կուտակված ապրումները:

Ես իմ աշակերտների ավագ ընկերն եմ: Ուղեկցում եմ նրանց կյանքի ամենակարեւոր, ամենաընկալունակ փուլում` դպրոցական տարիներին, եւ օգնում եմ հասկանալու ամենակարեւոր բաները: Շատ տակտով ու աննկատ եմ օգնում: Ես ուզում եմ, որ նրանք զանազանեն կեղծ, անցողիկ, թվացյալ արժեքները մնայուն ու բարձր որակներից: Ես ուզում եմ, որ նրանք պատվախնդիր ու արժանապատիվ լինեն, ապրեն ուրիշի ցավով, օգնեն իրենց կարիքն զգացողին, հասկանան ազնվաբար, սեփական քրտինքով վաստակածի հաճույքը: Ես ուզում եմ, որ նրանք ազատ մտածեն, իրե՛նք գտնեն այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք հետո հավատամք են դառնալու եւ բացելու են կյանքի դռները նրանց առաջ: Ես ուզում եմ, որ նրանք զգացող, նուրբ ու սիրով լի սիրտ ունենան:

Մենք միասին անցնում ենք մեկ ուրիշ իրականության միջով, որը կոչվում է գրականություն: Մենք միասին խորհում ենք,  տխրում, ուրախանում, հասկանում, բացահայտումՈւ սովորում ենք միասին առաքինության տարրական ճշմարտությունները:

Հետո Սյուզաննան հրճվանքով պատմում է լավաշ թխելու ծիսակարգի մասին, այնքան ոգեւորված ու սիրով է պատմում, քեզ կթվա` առաջին լավաշ թխողն է, ու թխածն էլ անմահական հաց է: Հետո պատմում է գյուղի սիրուն գառների ու  հորթերի մասին, գյուղի աննման բնության, բազմագույն մայրամուտների ու կաթնագույն առավոտների մասին: Հետո ամենայն լրջությամբ համոզում է, որ իր աշակերտներն ամենալավն են աշխարհում: Ու ինքը ամեն ինչ ունի երջանիկ լինելու համար:

Երջանկությունը շատ ունենալը չէ, այլ` երբ ունես այն, ինչ հարկավոր է քեզ

Սյուզաննան նկարվում է պաշտպանության նախարարության շենքի հետ ու զրնգուն ծիծաղը շուրթերին բռնում Լիճք գյուղի ճամփան:

Իսկ ես որոշում եմ պատմել ձեզ Սյուզաննա Մակարյանի մասին: Ուզում եմ` դուք էլ իմանաք, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում ապրում է մի երիտասարդ ուսուցչուհի, որը այս օրերին հպարտությամբ դիմավորում է ապրիլյան պատերազմին մասնակցած իր քաջ աշակերտներին, լավաշ հաց է թխում ուինքն իր մասին ասում է` ես երկրիս ամենակարեւոր մարդն եմ, որովհետեւ ես կերտում եմ վաղվա Հայաստանը:

 ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ