Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉ ԱՐԹԻԿՈՒՄ



ԶՈՐԱԿՈՉ ԱՐԹԻԿՈՒՄՀուլիսի  երկուսին  գնում են ծառայության պարզ, հպարտ, հայրենասեր տղաները Արթիկ  քաղաքից ու 23 համայնքների ինը գյուղերից:

Մայրերը հուզված են, նրանց աչքերում ուրախության  ու  հպարտության արցունքներ են: Մոտեցա Ավետիսյան Արմանին:

-Կպատմե՞ս  քո մասին:

-Մեղրաշենից  եմ, սովորել եմ  ագրարային համալսարանում, հողաշինարարություն, հողային կադաստր մասնագիտությամբ, առաջին կուրսում եմ:

-Ինչ  զգացողություններ  ունե՞ս:

-Դեռ չեմ պատկերացնում, թե ինչ կկատարվի հետս, շատ  բան եմ լսել բանակի մասին, բայց մինչև  չտեսնեմ, չեմ կարող ասել: Հպարտություն եմ զգում, նրանք  սահմանին կանգնած՝ մեզ են պաշտպանում, մենք  էլ  կգնանք իրենց  փոխարինելու, ամեն ինչ լավ է, զբաղվել եմ սպորտով, բասկետբոլիստ եմ: Հայրենիքն ինձ համար ընտանիքի պես է, նույն բանն է, ինչպես  ընտանիքդ կպաշտպանես: Մաղթում եմ մեր  զինվորներին, որ ողջ-առողջ լինեն՝ սահմանն էլ խաղաղ լինի, գան հասնեն իրենց ծնողներին:

ԶՈՐԱԿՈՉ ԱՐԹԻԿՈՒՄՄիջանցքում կանգնած զորակոչիկը շատ  ուրախ  էր ու անհամբեր սպասում էր իր  հերթին:

-Անունս Հայկ է, առողջական խնդիրներ չունեմ, գնամ բանակ՝ պարտքս տամ  հայրենիքին: Ամենակարևորը՝ ունեմ  սիրած  աղջիկ, որ  խոստացել է սպասել ինձ: Հպարտ եմ, որ ծառայելու եմ հայրենիքիս, ուզում եմ նոր օրենքով ծառայել, երկու տարվա  փոխարեն՝ կծառայեմ երեք տարի, զինվորի կյանքը փոքրուց եմ սիրել, ինձ համար նպատակ է, եղել, միշտ հավանել եմ թե՛ համազգեստը, թե՛ զինվորական մթնոլորտը:

Դրսում հայրը՝ Աղասի  Աղաբաբյանը,  հպարտությամբ պատմում է.

-Ես  ինքս  զինվորական եմ, ծառայում եմ ազգային բանակում: Սահմանապահների բազկին  ուժ լինի, կանգուն լինեն մեր  տղերքը, մենք  էլ իրենց  հետ ենք:

-Ես Համբարյան  Մարզպետն եմ, ապրում եմ Արթիկում, գնում եմ հայրենիքս պաշտպանելու: Հայրս մասնակցել է Արցախյան պատերազմին, ստացել վիրավորում ձեռքից, գլխից, 2-րդ  խմբի  հաշմանդամ է, եղբայրս  ու երկու  քույրերս  հպարտանում են ինձանով: Ունեմ  ընկերուհի (ժպտում է), սպասելու  է ինձ: Պատրաստ եմ կյանքիս գնով անգամ պաշտպանելու հայրենիքս:

– Երբ ինձ ձեռքերի վրա  օդ բարձրացրին՝ գլուխս դիպավ  առաստաղին (ծիծաղում է), դա  երբեք չեմ մոռանա:

-Քարամյան Ֆերդինանդը եղբայրս է, ճանապարհում  ենք  բանակ, մենք էլ երկու եղբայրներով զինվորական ենք: Յուրաքանչյուր տղա պետք է իր  պարտքը տա հայրենիքին: Կարևորը՝ լսի  իր  հրամանատարին: Եղբայրս  հոգեբանորեն  պատրաստ  է, ուժեղ  տղա է, լավ  կծառայի: Խաղաղություն լինի, անփորձանք ծառայի, հասնի իր ընտանիքին, ծնողներին էլ՝ հույս, համբերություն:

Քեռու կինն էլ հավելում է.

ԶՈՐԱԿՈՉ ԱՐԹԻԿՈՒՄ-Ուրախ տրամադրություն ունենք, աշխարհին՝ խաղաղություն, Աստված մեր  բոլոր  զինվորների հետ, թող գնան, անփորձանք ծառայեն, մենք էլ իրենցով հպարտանանք: Սահմանին կանգնած մեր  զինվորներին համբերություն, առողջություն, զգոնություն եմ մաղթում, ուշադիր լինեն, գան հասնեն իրենց  ծնողներին, թող  ո՛չ մի մայր արցունք չթափի:

-Եղբորս տղային ենք  ճանապարհում, թող  խաղաղություն լինի, ծառայեն, գան: Իմ թոռը նույնպես ծառայում է: Հզոր բանակ  ունենք, լինենք միահամուռ, թող մեծերն էլ  ոգևորեն մեր  զինվորներին:

Զինկոմիսարիատի բակում լսվեց դհոլ-զուռնայի  ձայն, պարեցին բոլոր զորակոչիկները: Նրանց մոտեցավ Տեր Սողոմոն քահանա Մինասյանը՝ Արթիկի սուրբ  Գրիգոր Լուսավորիչ  եկեղեցու հոգևոր հովիվը և օրհնեց  բոլորին:

Զինվորական համազգեստովը զինակոչիկ Արգամ Սարգսյանի  ընկերն է, նրա հետ մի  քանի  րոպե  շփվելուց հասկացա, որ  արժանի  զինվոր է՝ հայրենիքի պաշտպան:  Աչքերի փայլից զգում ես, թե որքան հպարտ է հայկական բանակի համազգեստը կրելով: Նա տեղեկացրեց, որ եկել է ընկերոջը ճանապարհելու: Արգամը Արևշատ  գյուղից է:

Տիգրան Վարդանյանը Սպանդարյան  գյուղից է:

-Ես Տիգրանի հորեղբայրն եմ, առաջին օրը, կարծում եմ, բոլորը կհանդիպեն ինչ-որ դժվարության, նաեւ համակերպվելու խնդիր կա, հետո լավ կլինի: Իմ երկու  տղաներն էլ  են ծառայել, վերադարձել  պատվոգրերով  ու  մեդալներով:

Եկավ հրաժեշտի պահը, աղմուկով ու ծափերով, ծիծաղով ու արցունքով, բարեմաղթանքով ճամփեցին արթիկցիներին դեպի հայոց սահմաններ:

ՀԱԿՈԲ  ՍԱՐԳՍՅԱՆ

Խորագիր՝ #26 (1197) 05.07.2017 – 11.07.2017, Ազգային բանակ


06/07/2017