Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
16-1-1
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՎԵՍՏ. ՍՈՒՆ ԾԸԱ

16-1-1Այս համարից սկսած` շարունակաբար մեր ընթերցողներին կներկայացնենք չինացի զորավար ու ռազմագետ Սուն Ծըայի (Ք.ա. VI-V դդ.) «Մարտական ռազմագիտություն» տրակտատը, որն ավելի հայտնի է «Պատերազմի արվեստ» անվամբ: Այս տրակտատը մշտապես ուսումնասիրում ու հաճախ օգտագործում էր Նապոլեոնը, գերմանական բանակի գլխավոր շտաբի ռազմական ղեկավարությունը, Մաո Ծը Տունը, գեներալ Դ.մաքԱրթուրը: Ոչ վաղ անցյալում` 1990-91թթ. գեներալ Ն. Շվարցկոփը, որը գլխավորում էր բազմազգ ուժերի խմբավորումը Պարսից ծոցի պատերազմում, նույնպես կիրառում էր Սուն Ծըայի սկզբունքները:

 

ԳԼՈՒԽ Ա

ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ռազմական արվեստը բացառիկ նշանակություն ունի յուրաքանչյուր պետության կյանքում, քանի որ դա կենաց ու մահու պայքար է, հետեւաբար սույնի մանրակրկիտ ուսումնասիրությունը անհրաժեշտ է օդի պես:

Ռազմական գործողությունների ընթացքում հետազոտիր իրադարձությունները: Համեմատելով պայմանները, որոնցում կհայտնվեն հակամարտող կողմերը եւ նկատի ունենալով հինգ հիմնական գործոնները` կարող ես կանխատեսել պատերազմի հնարավոր ավարտը:

Այդ հինգ գործոններն են.

♦  քաղաքական իրավիճակը,

♦  կլիմայական պայմանները,

♦  տարածքի առանձնահատկությունները,

♦  գլխավոր հրամանատարի անձը,

♦  բանակի կանոնակարգը:

Քաղաքական իրավիճակն է պայմանավորում մարդկանց միավորումը իրենց առաջնորդի շուրջ եւ նրան հետեւելը` վտանգելով սեփական կյանքը:

Կլիմայական պայմաններն են` ցերեկն ու գիշերը, ցուրտն ու շոգը, արեւն ու անձրեւը, տարվա եղանակների փոփոխությունները:

Տարածքի առանձնահատկությունները տեղանքի բնութագրերն են. բաց է տարածքը, թե լի է բազում խոչընդոտներով, ինչքանով է հաղթահարելի, ինչ բարդություններով է հղի եւ որքանով է վտանգում կյանքը:

Զորավարը պետք է լինի իմաստուն, մարդկային, վստահելի, քաջ ու խրոխտ:

Բանակի կանոնակարգը բնորոշում է դրա կառուցվածքը, բանակային կազմի բաշխումը ըստ կարգերի, ռազմա- եւ սննդամթերքի մատակարարման կազմակերպումը ռազմական գործողությունների վայր:

Այս հինգ գործոնները հայտնի են յուրաքանչյուր զորավարի: Այն զորավարը, որն ընկալում է այս գործոնները` հաղթող կլինի: Այն զորավարը, որ կանտեսի այս հանգամանքները` դատապարտված է պարտության:

Այսպիսով՝ ռազմական գործողություններ մշակելիս անհրաժեշտ է պատասխանել հետեւյալ  հարցերին` դրանց տալով գերագույն նշանակություն.

♦  ո՞ր ղեկավարն է պետական գործերում առավել իմաստուն եւ գիտակ,

♦  ո՞ր գլխավոր հրամանատարն է իր գործում առավել տաղանդավոր,

♦  ո՞ր բանակն է տվյալ տարածքում առավել լավ մանեւրում,

♦  ո՞ր բանակի զինվորներն են առավել կարգապահ,

♦  ո՞ր բանակի զինվորներն են առավել խիզախ եւ դիմացկուն,

♦  ո՞ր բանակն է առավել պատրաստված,

♦  ո՞ր բանակում է առավել խելամիտ գործում խրախուսման եւ պատժի համակարգը:

Վերը նշված հարցերի պատասխանները կանխատեսում են, թե ով կլինի հաղթող, եւ ով կպարտվի:

Այն զորավարը, ով կանսա  խորհրդիս, անպայման կհաղթի եւ երկար կմնա իր դիրքում, իսկ նա, ով կանտեսի` կպարտվի ու պաշտոնանկ կարվի:

Շարունակելի