Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌԱԶՄԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
ՌԱԶՄԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

ՌԱԶՄԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄՍպաների արհեստավարժ գործունեությունում առանցքային դեր է խաղում ենթակաների հետ բազմաբնույթ ուսումնադաստիարակչական աշխատանքը, անձնակազմի և նրա զինվորական գործունեության նախապատրաստման գործընթացի ղեկավարումը:

Ռազմամանկավարժական բարոյագիտության շատ ու շատ դրույթներ իրենց հաստատուն տեղն են գտել ԶՈւ կանոնագրքերում, դիրեկտիվ փաստաթղթերում, հրամաններում:

Կանոնադրական պահանջների ընդհանրացված վերլուծությունը ցույց է տալիս, որ սպայի բարոյագիտական դրսևորումները արտացոլվում են.

ա) անհատական-պաշտոնական նորմերում,

բ) տարբեր աստիճանակարգի զինծառայողների հետ սպայի  փոխհարաբերությունների համակարգի բարոյաիրավական կարգավորումների ոլորտում,

գ) դաստիարակչական ներգործության տարբեր մեթոդների ու միջոցների, կարգապահական իրավունքների կիրառման ոլորտում:

Սպայի արհեստավարժ գործունեության ինքնատիպությունը սահմանում է առանձնահատուկ նպատակներ ու խնդիրներ, բարոյական պահանջներ և գործունեության շարժառիթներ, դրա կազմակերպման ու խթանման ձևեր, գնահատման ու կարգավորման առավել խիստ չափանիշներ:

Սպայի գործունեության բարոյագիտական հարցերն իրենց արտացոլումն ու հստակ դրսևորումն են գտնում մանկավարժական ներգործության մեթոդներում, միջոցներում, հնարքներում: Այս պարագայում գործունեության հիմնական «գործիքներ» են`

♦  գրագետ, կրքոտ, համոզիչ, բարձրարժեք բարոյական խոսքը,

♦  ճարտասանության պարզությունը, հստակությունը,

♦  ուսուցանվողներին փոխանցվող տարաբնույթ արհեստավարժ զինվորական,   հոգեբանամանկավարժական և այլ գիտելիքները,

♦  ձևավորված հմտությունները, կարողություններն ու սովորույթները:

Սպայի ռազմամանկավարժական բարոյագիտության էությունն ու առանձնահատկությունները բացահայտվում են դրա ֆունկցիաներում, որոնցից կարելի է առանձնացնել.

Կարգավորող ֆունկցիա – ապահովում են բարոյական գիտակցության, բարոյական վարքի և գործողությունների, ռազմամանկավարժական գործունեության ողջ բնագավառի փոխհարաբերությունների բարոյագիտական կարգավորումը:

Դաստիարակչական – դրա կիրառմամբ դաստիարակչական ոլորտ են բերվում որոշակի բարոյական նորմեր, սովորույթներ, ավանդույթներ, բարքեր, վարքագծի համընդհանուր ընդունված ձևեր, որոնք անմիջականորեն ազդում են զինծառայողների բարոյական ներուժի ձևավորման ու զարգացման  վրա:

Ճանաչողական – ինչը առնչվում է հասարակական և անհատական գիտակցությունում բարոյական հայացքներին, գնահատականներին, պահանջներին, տարբեր բարոյական արժեքներին:

Ռազմամանկավարժական բարոյագիտությունը, կառուցվածքային առումով, ներառում է բարոյական պահանջների, սկզբունքների և նորմերի երեք հիմնական, իրար հետ փոխշաղկապված, հարաբերական ինքնուրույնությամբ խմբեր:

Առաջին խումբը կապված է սպայի բարոյական գիտակցության հետ և ներառում է.

♦  բարոյական հայացքները, համոզմունքները և դիրքորոշումները,

♦  այն դրդապատճառները, որոնք ընկած են նրա գործունեության հիմքում,

♦  զինծառայողի հանդեպ հարգանքը,

♦  իր ենթակաների գործողությունների և արարքների ու իր իսկ գործունեության բարոյական պատասխանատվության զգացումը:

Երկրորդ խումբը կապված է փոխհարաբերությունների համակարգի հետ, որում ներառված է սպան:

Դրանում անչափ կարևոր են նաև.

♦  կոլեկտիվ, խմբային կարծիքի, տվյալ անձնակազմում գերակայող տրամադրությունների մշտական ու համակողմանի ուսումնասիրումը,

♦  զինվորական անձնակազմի բարոյահոգեբանական համախմբմանն ուղղված մշտական ու խորապես գիտակցված գործունեությունը,

♦  բոլոր օգտակար ձեռնարկումներին, նախաձեռնություններին ակտիվ աջակցությունը,

♦  անհանդուրժողականությունը զինծառայողների փոխհարաբերություններում ամեն տեսակի շեղումների հանդեպ:

Երրորդ խումբը ներկայացվում է տարբեր մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ դրսևորվող հստակ գործողություններում սպայի վարքագծով:

Սպայի վարքագիծը առանձնապես տեսանելի է մանկավարժական նրբազգացության պահպանման կարողությունում ու դրա դրսևորման աստիճանում:

Սպայի մանկավարժական տակտը արտացոլում է բարոյական հարաբերությունները ենթակաների ու շրջապատող սուբյեկտների հանդեպ, ինքնատիրապետումը ուսումնադաստիարակչական աշխատանքների ժամանակ:

Սպայի մանկավարժական տակտը ներառում է հետեւյալը.

♦  պահանջկոտություն առանց կոպտության ու անձնական արժանապատվության նվաստացման,

♦  շփման պարզություն, բնականություն,

♦  սկզբունքայնություն,

♦  ուշադրություն և զգոնություն` առանց դրանց ընդգծման,

♦  ենթականերին ուսուցանելու և դաստիարակելու կարողություն առանց ընդգծելու սեփական գիտելիքների առավելությունը:

Սրանք նպաստում են ռազմամանկավարժական գործընթացների արդյունավետությանն ու որակին, հետևաբար նաև` բարելավում կրթական համակարգի ուսումնադաստիարակչական գործընթացը:

Սպայի ռազմամանկավարժական գիտելիքների արդյունավետ ներդրումը ենթադրում է.

♦  դաստիարակության նպատակների ու խնդիրների ամբողջականության որոշում, պարզաբանում, առաջադրում:

♦  արհեստավարժ բարոյագիտական դաստիարակության մեթոդների, միջոցների, ձևերի համակարգի ստեղծագործական  կիրառում, դրանց օպտիմալ հարաբերակցության ընտրություն` հաշվի առնելով յուրաքանչյուր սպայի զարգացման մակարդակն ու առանձնահատկությունները, նրա կենսագործունեության ծառայողական և մանկավարժական պայմանները:

♦  հարաբերությունների և փոխհարաբերությունների համակարգի, մանկավարժական բարոյագիտության նորմերին համապատասխան գործողությունների և վարքագծի, ռազմամանկավարժական բարոյագիտության նորմերի ու պահանջների պահպանման ժամանակ բոլոր կատեգորիաների սպաների կողմից անձնական օրինակի ցուցաբերում:

ՄԱՐԱՏ  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

փոխգնդապետ