Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
2.6 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ՝ ՆՈՐ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2.6 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ՝ ՆՈՐ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2.6 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ՝ ՆՈՐ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԳրել էինք թուրքական կառավարության կողմից վարձված մեկ տասնյակից ավելի հանրային կապերի եւ լոբբիստական ընկերությունների մասին: Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի Հանրապետությունը դրանց թիվն ավելացրեց եւս երկու նոր ընկերություններով՝ Ballard Partners եւ Burson-Marsteller:

Թուրք պաշտոնյաները կարծես թե չեն գիտակցում, որ լոբբիստական ընկերություններ ունենալը ոչ միայն փողերի վատնում է, այլեւ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առանձին պաշտոնյաների թանկարժեք ժամանակի անիմաստ կորուստ, որոնք ամեն օր իրենց ժամանակը ծախսում են այդ լոբբիստական ընկերություններին մանրամասն հրահանգներ տալով, նրանց զեկույցները կարդալով, դրանք մեկնաբանելով, նրանց հետ հանդիպումներ ունենալով, նրանց զեկույցները ծավալուն բացատրություններով արտգործնախարարությանը փոխանցելով եւ Անկարայի արձագանքի հիման վրա փոփոխություններ անելով: Այդքան շատ լոբբիստական ընկերությունների հետ աշխատելիս, առանց եռանդուն եւ լրջագույն ջանքեր գործադրելու, թուրք պաշտոնյաները պարզապես վատնում են իրենց երկրի փողերը…

Թուրքիայի կառավարությունը որոշել է ավելի շատ գումարներ վատնել՝ համաձայնելով վճարել 1.5 մլն դոլար Բրայան Բալարդի ընկերությանը 2017 թ. մայիսի 15-ից մինչեւ 2018 թ. մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածի համար: Ըստ արդարադատության նախարարությունում Բալարդի գրանցման՝ ընկերությունը թուրքական կառավարությանը կտրամադրի «շահերի պաշտպանության ծառայություններ ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերություններում»: Լոբբիստական գործունեությունը ներառում է՝ «իրազեկում, խորհրդատվություն եւ օժանդակություն Միացյալ Նահանգների պետական պաշտոնյաների հետ կապերում, հարաբերությունների պահպանում ՆԱՏՕ-ի այս կարեւոր գործընկերոջ հետ»:

Բրայան Բալարդը եղել է նախագահ Դոնալդ Թրամփի երկար տարիների լոբբիստը` որպես Թրամփի կազմակերպության ներկայացուցիչ Թալահասում (Ֆլորիդա): Նա հավաքել էր 16 միլիոն դոլար Թրամփի նախագահական ընտրարշավի համար, երբ ծառայում էր որպես նրա նահանգային ֆինանսների նախագահ, իսկ հետագայում՝ որպես նախագահի երդմնակալության հանձնաժողովի փոխնախագահ: Բալարդը հանդես է եկել հայտարարությամբ, պնդելով, որ նա՝ «դեռ առաջվա պես խոսում է Թրամփի հետ»: Սյուզի Ուիլսը, որին Բալարդը ներկայացրել էր Թրամփին ընտրարշավի ժամանակ, աշխատում էր Թրամփի Ֆլորիդայի նախընտրական շտաբի ղեկավար: Նա այժմ աշխատում է Ballard Partners-ի համար: Բալարդը նաեւ «վարձել է» նախկին կոնգրեսական Ռոբերտ Վեքսլերին (դեմոկրատ` Ֆլորիդա)՝ տնօրինելու թուրքական լոբբիստական հաշիվը: Որպես Կոնգրեսում Թուրքիայի աջակցության խմբի համանախագահ, կոնգրեսական Վեքսլերը ակտիվորեն քարոզել եւ դեմ է քվեարկել 2007 թ. հոկտեմբերի 10-ին Ներկայացուցիչների պալատի առաջարկած Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին: Նրա նոր աշխատանքը  հատուցումն է երկար տարիներ Կոնգրեսում Թուրքիային աջակցելու նրա համառ ջանքերի…

Ինչպես հայտնում է Tampa Bay Times-ը` Բալարդի առաջին փոխգործակցությունը Թրամփի հետ տեղի է ունեցել մի քանի տարի առաջ, երբ նա նամակ էր գրել Թրամփին, նրա` «Գործարքներ կնքելու արվեստը» գիրքը կարդալուց հետո, եւ Թրամփը պատասխանել էր նրան: Պատասխան նամակում Բալարդը նշել էր. «Ֆլորիդայում որեւէ հարց ունենալու դեպքում, խնդրում եմ, առանց երկմտելու զանգահարեք ինձ»: Թրամփը զանգահարել էր նրան 1985 թ. Mar-a-Largo-ն գնելուց հետո եւ վճարել Բալարդին առնվազն 460 հազար դոլար 2013-2015 թթ. լոբբիստական աշխատանքի համար: Թրամփն անձամբ էր զանգահարել Բալարդին, խնդրելով նրա օգնությունն իր նախընտրական քարոզարշավն սկսելիս: Բալարդն այժմ  կազմակերպում է դրամահավաք-ճաշկերույթ Թրամփի համար հունիսի 28-ին: Յուրաքանչյուր անձի համար արժեքը կազմում է 35 հազար դոլար, իսկ հյուրընկալող հանձնաժողովին միանալու համար՝ 100 հազար դոլար:

Բալարդը չի թաքցնում նախագահ Թրամփի հետ ունեցած իր հատուկ կապերը: Նա ասել է. «Ես չեմ պատկերացնում, որ այստեղ կլինեի, եթե ընտրվեր Հիլարի Քլինթոնը»: Բալարդը նշել է նաեւ, որ «Նա չի քննարկում, թե ինչպես է աշխատում կամ ինչպես է շփվում նախագահի հետ: Այդուհանդերձ, նա երեւացել է Սպիտակ տանը, եւ Թրամփը պահպանում է հեռախոսային կապերը իր դաշնակիցների հետ»:

Բացի այդ, Թուրքիայի դեսպանատունը Վաշինգտոնում 1.1 մլն դոլարի պայմանագիր է ստորագրել Burson-Marsteller ընկերության հետ 2017թ. մայիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար: Զարմանալի է, որ 2012-2015թթ., Burson-Marsteller-ը լոբբիստական աշխատանք էր կատարում Ընդհանուր արժեքների միություն խմբի համար, որը կապված էր թուրքական մահմեդական հոգեւորական Ֆեթուլահ Գյուլենի  հետ, որին Էրդողանը դեմ է եւ ձգտում է նրա արտահանձնմանը ԱՄՆ-ից Թուրքիային: Թուրքիայի կառավարությունն սպառնացել է Burson-Marsteller-ի գործունեությանը Թուրքիայում, եթե ընկերությունը շարունակի լոբբինգ անել Գյուլենի համար:

Նախատեսվում է, որ Burson-Marsteller-ը կտրամադրի «ամբողջական հանրային կապերի ծառայություններ, որպեսզի աջակցի (թուրքական) դեսպանատան հաղորդակցության նպատակներին Միացյալ Նահանգներում: Գործունեությունը ներառում է լրատվամիջոցների իրազեկում, մոնիտորինգ եւ վերլուծություն, միջոցառման աջակցություն, շահագրգիռ կողմերի ներգրավում, սոցիալական լրատվամիջոցների խորհրդատվություն եւ աջակցություն Թուրքիայի հյուպատոսություններին Բոստոնում, Չիկագոյում, Հյուսթոնում, Լոս Անջելեսում, Մայամիում եւ Նյու Յորքում»:

Ուշագրավ է, որ չնայած Թուրքիայի կողմից մեկ տասնյակից ավելի հզոր լոբբիստական եւ հանրային կապերի ընկերությունների վրա միլիոնավոր դոլարներ ծախսելուն, նրանք չեն կարող հակադրվել մեծ թվով լուրերի եւ հեռուստատեսային լուսաբանումների, որոնք քննադատում են Թուրքիայի կառավարությանը՝ խաղաղ ցուցարարների վրա Էրդողանի թիկնապահների հարձակման համար մայիսի 16-ին Վաշինգտոնում, Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց: Այս փաստը հաստատում է, որ Թուրքիան տարեկան միլիոնավոր դոլարներ է վատնում՝ իր վարկը Միացյալ Նահանգներում պահպանելու համար:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմանությունը՝

ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ