Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆՊԱՐՏՆԵՐԸ
ԱՆՊԱՐՏՆԵՐԸ

ԱՆՊԱՐՏՆԵՐԸՓետրվարի 24-25-ի գիշերն է: Հակառակորդի հատուկջոկատայինների մի մեծ խումբ մոտենում է Արցախի պետական սահմանի Մարտունու պաշտպանական ուղղությանը: Դանդաղ առաջ շարժվելով՝ հատուկջոկատայինները փորձում են ականապատ տարածքում  արահետ բացել: Մեր դիրքապահները նկատում են նրանց շարժն ու անշտապ կրակային դիրք զբաղեցնում: Սպասում են, թողնում, որ թշնամին հնարավորինս մոտենա: 2:41 րոպեն է: Մերոնք կրակ են բացում: Հակառակորդի դիվերսանտներից մի քանիսը տեղում խոցվում են, մյուսները՝ վիրավորվում, ոմանք սկսում են սողալ դեպի իրենց դիրքը: Քիչ անց անշարժանում են: 5:07 րոպեն է: Գործողությունն ավարտված է, դիվերսիոն խումբը՝ ամբողջությամբ ոչնչացված: Ադրբեջանցի գրոհայինների դիակները մնում են չեզոք գոտում: Անջատում եմ համր ֆիլմ հիշեցնող ՊԲի հրապարակած ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունն ու ուղեւորվում սահման՝ իրական հերոսներին իրականում տեսնելու մտադրությամբ:

Հարությունը

 Գումարտակ: Զորանոց: Զինվորները դուրսուներս են վազվզում: Խառը օր է: Ստորաբաժանումներից մեկը մարտավարական զորավարժության է նախապատրաստվում: Պայմանական մարտադաշտում հակահարձակման պիտի անցնի: Գումարտակի հրամանատարը՝ մայոր Հարթենյանը, թեեւ սիրալիր ժպտում է, բայց քամու պես սենյակ խուժած հյուրերը նրան ակնհայտորեն անակնկալի են բերել: Ինձ ուղեկցող սպան պատմում է, որ Հարթենյանն է ղեկավարել փետրվարյան մարտը, որ նրա գրագետ հրամանների արդյունքում է կանխվել հակառակորդի հարձակումը: Ինքը՝ «Մարտական ծառայության» մեդալակիր մայորը, որին նայելիս թվում է, թե կարող է աշխարհը նվաճել, ձեռքով մի անտարբեր շարժում է անում: Հետո առարկություն չընդունող տոնով ասում է. «Արել եմ՝ ինչ պիտի անեի: Ինչ պատմեմԽոսելու ժամանակ չունեմ. տղաներին կրակելու եմ տանում»: Չեմ նահանջում, սպասողական տնտղում եմ սպիտակեցրած պատերով երկարավուն սենյակը, որի երկաչքանի լուսամուտից առատ լույս է ներթափանցում: Մի անկյունում փարթամ կանաչ բույս է, մյուսում՝ գրապահարան՝ վրան զինվորական դաշույն, որ սպային է հանձնվում ավարտական վկայականի եւ «լեյտենանտ» կոչման հետ: «Տասնմեկ տարի առաջ եմ ստացել»,-մայորը հարցիս հրամանի պես է պատասխանում: Ամեն պատի էլ Մոնթեի դիմապատկերն է՝ գեղանկար, գծանկար, լուսանկար: Հարթենյանն ութամյակն ավարտել ու Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն է ընդունվել: Հիմա էլ այն զորամասում է ծառայում, որի առաջին հրամանատարն էր Մոնթեն: Ինքն էլ մի քիչ Մոնթեին է նման՝ համեստ է: Հայացքը փախցնելով է խոսում. «Մեջս նստած էր, որ զինվորական պիտի դառնամՈչ թե գիտակցել եմ, այլ զգացելՆորմալ է, որ պիտի հայրենիքը պաշտպանենք»:

Մի երկու հարցուփորձից հետո խոսք եմ բացում փետրվարյան մարտից: Եվ սակավախոս հրամանատարը պատմում է.

Լեյտենանտ Արմեն Գրիգորյանը ջերմատեսիլ սարքով դիրքի ուղղությամբ հակառակորդի տեղաշարժ նկատեց:  Զեկուցեց: Ասացի՝ չկրակե՛ք, սպասե՛ք: Թող մի լավ առաջանան: Էդ ընթացքում մոտակա դիրքերի հետ կապը ճշգրտեցի: Նույն ժամին հակառակորդը ակտիվ հրետանային կրակ բացեց: Հրահանգավորեցի՝ նախապատրաստվել կասեցնելու բացահայտ հարձակումը: Երբ 60-70 մետր էլ մոտեցան՝ կրակի հրաման տվեցի: Եվ տղաները սկսեցին գնդացրից ու ինքնաձիգներից կրակ թափել: Մեկ, երկու, երեք…,- զսպելով հազը՝ վերհիշում է հրամանատարը:

Բա՞րդ հրաման էր,- փորփրում եմ ես:

Երբեւէ տված ամենալուրջ հրամանս էր: Սկզբում տարօրինակ վիճակում էի. թեեւ իմ տեղը դիտակետն էր, բայց չէի համակերպվում: Ինքս ինձ մեղադրում էի՝ ինչու խրամատում չես՝ զինվորներիդ կողքին: Չեմ կարող ասել՝ որքան ժամանակ էր անցել, երբ մեկ էլ զգացի, որ պատերազմում ամեն զինվորական իր տեղն ունի, որ բառերը գործողություն են, որ հրամանները մարտը դարձնում են շատ ավելի հեշտ ու ապահով, որ պիտի հանգիստ խոսեմ՝ տղաներն իմ ձայնով են կողմնորոշվում, որ…,- Հարթենյանը առկախում է խոսքը:

Ներս մտած զինվորականը զեկուցում է. «Պարոն մայոր, զորքը շարված է»: Հարթենյանը կարգադրություններ է անում եւ պատվիրում սպասել իրեն:

Հետո՞, հետո ի՞նչ եղավ,- փորձում եմ խոսակցությունը դեպի նախկին հունն ուղղել:

Մեկս մյուսին պահեցՀենակետը պահեցինքՏղաներն ատոմային ռումբն էլ կկանգնեցնեին,- ցածրաձայն ասում է հրամանատարը:

Բարձրանում է աթոռից՝ գնալու ժամանակն է: Սեղմում է ձեռքս, նստում մեքենան ու փակում դուռը:

Անփորձանք, հրամանատար:

Արմենը

 Դասակի հրամանատար Գրիգորյանը կանգնել է ծառի տակ: Սաղարթը ստվեր է գցում երեսին:  Դիմագծերը կանոնավոր են, ընդգծված, աչքերը՝ կանաչավուն, թեթեւակի կկոցված: Խոսում է պարզ ու հանգիստ ձայնով, ասես՝ զինվորներով ավտոբուսն իրեն չի սպասում: Երեք տարի պայմանագրային էր, դրանից առաջ էլ՝ թեժ կետում ժամկետային: Լեյտենանտի ուսադիրները նոր են՝ ապրիլից հետո է ստացել: «Մարտական ծառայության» մեդալն էլ փետրվարյան դիվերսիան կանխելու վկայությունն է: Այդ գիշերվա մասին պատմելիս դեմքին զարմանք է գոյանում. «Ասա՝ էդ օրը սկի մի կրակոց եղա՞վ»: Եվ որովհետեւ հանգիստ էր, ժամը 2-ին ուսումնական տագնապ տվեց: Դիրքի ավագին խնդիր առաջադրեց, ինքն էլ հետեւում էր անձնակազմի գործողություններին, զուգահեռ ջերմատեսիլ սարքով առաջնագիծն էր դիտարկում.

Մեր կողմ եկող 8-9 հոգանոց խումբ տեսա: Ու մտածեցի, որ երեւի աչքերիս ինչոր բան է պատահել: Հետո նորից նայեցի եւ նորից նույնը տեսա: Մտքումս ասի՝ եկեքեկեք, հլը գլխներիդ գալիքը չգիտեք: Դիպուկահարին ու գնդացրորդին ձայն տվեցի: Խրամատ բարձրացանք: Դիրքավորվեցինք:

Գալիս էին գողեգո՞ղ,- միջամտում եմ:

Մենք իրենց տեսնում էինք, գիտեինք իրենց տեղը, իրենք՝ ոչ,-մեծի շեշտով վրա է բերում քսանչորսամյա լեյտենանտը: Եվ համոզում, որ թեեւ երեքով էին կրակում, բայց մեծ խմբի տպավորություն են թողել հակառակորդի վրա: –Հարեւան մարտական  դիրքի  ավագն էլ կողքից էր ճնշում դրանց: Երեք զոհ ունեին, սկսեցին նահանջել: Շարունակեցինք հետապնդել: Երեքը հինգ դարձավՀինգը՝ յոթ

Իրենք էլ էի՞ն կրակում,- հարցնում եմ:

Մոտավոր, բայց բոլոր տեսակի զենքերից: Տեսան՝ ճար չունեն, սկսեցին հրետանիով խփել: Անձնակազմին տեղավորեցի թաքստոցում, իսկ մենք շարունակեցինք մարտը: Երբ լույսը բացվեց, թվաց՝ ամեն ինչ երազում էր: Միայն «չեզոք գոտում» մնացած հակառակորդի մարմիններն էին հուշում, որ գիշերը պատերազմ էր:

Սամվելն ու Վահրամը

 Հետաքրքրասերների մի խումբ հավաքվել է սենյակում: Նստել են փոքրիկ բազմոցին ու ականջ են դնում սերժանտ Սամվել Խաչատրյանի՝ իրենց դիրքի ավագի պատմածին: Իսկ նա իր զենքից՝ Ակ-74-ից է խոսում եւ մի անբացատրելի գորովանքով ավելացնում. «Դիվերսիայից հետո ինքնաձիգս գրկած եմ տանումբերում: Սոսնձվել ենք»: Բոլորը ծիծաղում են, իսկ Սամվելը լուրջ է: Խոսում է հետս, ինչպես ինքն իր հետ կխոսի.

Եթե իրար խառնվեի, կարող է ամեն բան էդքան ճիշտ չստացվերՏղաներին թաքստոցներում պատսպարվելու հրաման տվեցի: Իսկ ես ու Մարտիրոսյան Վահրամը ձախ հատվածում կրակային դիրք զբաղեցրինք. ստաժավորները մենք էինք: Եվ զենքի վրա տեղադրված ջերմատեսիլ սարքով սկսեցի սպիտակ կետիկները «որսալ»:

Լա՞վ ես կրակում,- խախտում եմ լռությունը:

Միշտ գերազանց եմ ստացել: Թե աչքից մի քիչ ուժեղ լինես, չես վրիպի: Կրակում էի ուղիղ նրանց վրա, իսկ նրանք՝ իմ կրակոցի կողմըԲղավոցներ էի լսում, հայհոյանքներ: Փախչում էին՝ իրար վրայով անցնելով:  Չէի հասցնում ինչոր բան զգալ, լարված էի:

Բա՞ Վահրամը,- փորձում եմ շարքային Մարտիրոսյանին էլ զրույցի մեջ ներքաշել: Բայց նա լուռ է:

Վահրամն ինձ շատ օգնեց,-Սամվելն է արձագանքում: –Զենքը լիցքաթափում էի, լիցքավորած վերադարձնում էր: Խաղաղ ժամանակ այ սենց չխոսկան է, բայց կռվի ժամանակ լեզուն բացվել էր: Մի րոպե չլռեց, երեւի, որ հանկարծ ինձ մենակ չզգամ: Գումարտակի հրամանատարն էլ էր կապի մեջ: Կրկնում էր՝ «դուխով, տղերք», «պինդ եղեք, տղերք», «դիմացեք, տղերք»:

Պատերազմում ամեն ինչ պատահում է,-հանկարծ ասում է Վահրամը: –Սամվելը 180 փամփուշտ կրակեց, ես էլ ուզեիչուզեի՝ պիտի խոսեի: Փետրվարից հետո ավելի եմ վստահում մարդկանց. տեսա, թե ինչպես է մեկը բոլորի տեղ կռվում:

Սամվելն ու Վահրամը քսան օրից զորացրվելու են՝ իրենց հետ տուն տանելով մի հաղթանակի պատմություն, «Արիության» եւ «Մարտական ծառայության» մեդալները:

Կարապետն ու Աշոտը

 Պիտի ուղեւորվեմ հարավարեւելյան սահմանի այն դիրքը, որի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն փորձ է կատարել: Զորամասի մուտքի մոտ սպասում եմ «Արիության» մեդալակիր ժամկետայիններին՝ գնդացրորդ Կարապետ Կարապետյանին ու դիպուկահար Աշոտ Մազմանյանին: Հեռվից եմ նկատում տղաներին՝ պատված են զենք ու զրահով, բայց քայլում են թեթեւ, ասես՝ հանդերձանքն ու սպառազինությունը ոչ մի անհարմարություն չեն պատճառում իրենց: Բարեւում ենք: Սաղավարտները թույլ չեն տալիս պարզորոշ տեսնելու դեմքները:

Հենակետը մոտիկ է՝ ուղիղ գծով զորամասից մի քանի կիլոմետր հեռավորությամբ: Մեքենան կանգ է առնում խրամատի բերանին, եւ միանգամից նկատում եմ «Անպարտների դիրք» գրությունը: Ակամա մի թեթեւ ժպիտ է ուրվագծվում բոլորիս դեմքին: Միասին բարձրանում ենք վերեւ: Առաջնապահ զինվորները, հասնելով դիրքի եռանկյունաձեւ հատված, կանգ են առնում: Կարապետը ձեռքը մեկնում է աջ կողմ՝ այստեղ էր կուտակվել թշնամին: Հետո իր ու Աշոտի կրակային դիրքերն է ցույց տալիս: Ապա հասուն, հոգատար ձայնով «սաստում» է ինձ. «Վտանգավոր է, չմոտենաս»:

Ասում է՝ փոսի մեջ ծնկած տասնհինգ րոպե սպասել է հրամանի, ասում է՝ իր կյանքի ամենաբարդ տասնհինգ րոպեներն էին, ասում է՝ աշխատում էր բանի տեղ չդնել մոտեցող թշնամուն:

Հասկանում էի, որ պիտի պահենք դիրքը, իսկ թե ինչքան կտեւեր մարտը, ինչ կպահանջվեր դրա համար, այդքան էլ կարեւոր չէր: Այդ գիշեր մեզ համար թերեւս անհնարին ոչինչ չկար: Մարտահրավերն ընդունված էր,-կարճ դադարից հետո շարունակում է գնդացրորդը: –Երեսուն փամփուշտ կրակեցի եւ դուրս եկա փոսից՝ հանկարծ ինձ չխփեն: Մի երեք րոպե շունչ առա ու նորից մարտի մեջ մտա: Հիսուն փամփուշտ կրակեցի, ու ինձ թիրախավորեցին: Դիվերսանտներից մի քանիսին ոչնչացրել էինք, երբ հրամանատարի ցուցումով փոխեցի տեղս: Սկսեցի օգնել դիպուկահարին` կողմնորոշելով նրա կրակը,-պատմում  է Կարապետը տարերայնորեն:

Աշոտը՝ վճիտ աչքերը հառած, լսում է ընկերոջը սպասողական:

Նռնակի պատմությունը չպատմեցիր,- մեջ է մտնում:

Հա, իհարկե,- հասկանալով ակնարկը՝ ժպտում է Կարապետը: –Նռնակների արկղը տարա ճեղք: Այդտեղ էին պատսպարվել ծառայության համեստ փորձ ունեցող դիրքապահները: Ասացի՝ տղերք, հենց գոռանք «բացահայտ» հարձակում, մեկական կշպրտեք: Կապ չունի, թե որ կողմ, կշպրտեք ու վերջ: Մեկ էլ զինվորներից մեկը, որի դեմքը մթության մեջ հազիվհազ նշմարեցի,  հարցրեց՝ «էդ փորձնական, չէ՞»: Չգիտեի՝ ինչ պատասխանել: Շվարել էի: «Չէ, ամեն ինչ իսկական է, իսկական: Հնարավոր է՝ զորք վազի մեզ  վրա»,- մի շնչով վրա տվեցի:  Էդ օրը նռնակ նետելու կարիք չեղավ:

Տեսնելով ընկերոջ փոքրինչ լարված դեմքը՝ Աշոտը խոսակցությունն իր վրա է վերցնում:  Նայում է ինձ, նայում է զենքին, ապա պատմում.

Մենք դիրք էինք եկել՝ ցերեկային դիտարկումներ անելու: Էնպես ստացվեց, որ գիշերը մնացինք: Քնած էի, երբ մեր կատակասեր ընկերը բրդեց, թե՝ սկսվել է:  Չհասկացա՝ լու՞րջ է ասում, թե էլի հումոր է: Երբ էկրանին սեփական աչքով տեսա թշնամու շարժը՝ չասեմ ուրախացա, բայց նման մի բան զգացի:

Բա՞ վախ, խուճա՞պ,- հարցնում եմ:

Իմ կրակակետը ապահով էր, զենքիս վրա էլ՝ ջերմատեսիլ նշանոց: Հանգիստ էի: Ես մի տարի որպես «ակաիստ» եմ ծառայել: Նորեկները եկան, ու հրամանատարությունն ինձ դիպուկահար հրացան վստահեց: Էնպես որ՝ առաջին անգամ էի կրակում: Դրանից էի մի քիչ լարվում: Բայց հենց մեր առաջին կրակահերթերից էլ հակառակորդի զինվորներից երկուսն ընկանՀակառակորդը փորձեց զոհերին հանել, բայց թույլ չտվեցինք:

Առավոտյան տեսարանը շոկային էր,- ընկերոջ խոսքը շարունակում է Կարապետը: –Նայում էինք չեզոք գոտուն, ու հավատներս չէր գալիս: Մեր ներսում զինվորն ու մարդը կռիվ էին տալիս:  Իսկ առաջնագիծը լուռ էր, անվրդով, խաղաղ:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ հեղինակի