Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՎՍ ՄԵԿ ԳԱՐՈՒՆ` ԱՌԱՆՑ ՍԱՐԳՍԻ
ԵՎՍ ՄԵԿ ԳԱՐՈՒՆ` ԱՌԱՆՑ ՍԱՐԳՍԻ

ԵՎՍ ՄԵԿ ԳԱՐՈՒՆ` ԱՌԱՆՑ ՍԱՐԳՍԻՕրերս Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ա. Մռավյանի անվան թիվ 4 դպրոցում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի հերոս Սարգիս Արմենակի Սահակյանին նվիրված հուշ-ցերեկույթ, եւ IVա դասարանը անվանակոչվեց հերոսի անվամբ:

Սարգիս Սահակյանը ծնվել է 1995թ. Հրազդան քաղաքում: Չորս տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան` մշտական բնակության: Սակայն նրա երազանքն էր ապրել Հայաստանում եւ անպայման ծառայել հայրենիքին… Ծառայեց 1 տարի 9 ամիս, բայց երբեք չտրտնջաց ու չբողոքեց ծառայությունից: Զոհվեց 2016թ. ապրիլի 3-ին՝ Թալիշում, հակառակորդի դեմ թեժ մարտում` հետ շպրտելով թշնամու բազմաթիվ գրոհայինների, խափանելով նրանց ամրացումը դիրքում:

«Ես ատում եմ պատերազմը, սակայն ատելության  կողքին ապրում է հույսը, որ այլեւս ոչ ոք չի խլի ձեր գարունները…»:

ԵՎՍ ՄԵԿ ԳԱՐՈՒՆ` ԱՌԱՆՑ ՍԱՐԳՍԻIVա դասարանի աշակերտները լիահույս են, որ հայ մայրերին ի վերջո կվերադարձվի հափշտակված հանգիստը, կամոքվեն նրանց վերքերը, քանզի հերոսներ ծնած մայրերը նույնպես հերոսներ են:

Հերոս, հայրենասեր, ինչպիսին Սարգիսն էր, ծնվում են, սակայն հայրենիքի նկատմամբ սիրո ու պատասխանատվության դաստիարակության կարեւորությունն առավել ընդգծվում է հենց կրտսեր դպրոցական տարիքից: Բազմափորձ մանկավարժ Լ. Մովսիսյանի` հայրենասիրական ճիշտ դաստիարակության շնորհիվ այսուհետ անձնազոհ զինվորի հերոսական կերպարը ուղենիշ է դառնալու իր աշակերտների ճանապարհին: Նրանց հուզված հայացքները լի էին հաստատակամությամբ… Սարգիս Սահակյան անունը այսուհետ յուրաքանչյուր աշակերտի սրտում է` որպես քաջության ու անձնվիրության խորհրդանիշ…

Միջոցառման պատվավոր հյուրերն էին Սարգիսի մայրը, քույրը, հարազատները, ապրիլյան հերոս Վահե Զաքարյանի, մարտին թշնամու գնդակից խոցված, Գինեսի ռեկորդակիր Արտակ Ռաֆայելյանի ծնողները, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության Կոտայքի մարզային կառույցի ղեկավար, «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր, «Կոճոռ» ջոկատի ազատամարտիկ Վաչագան Գալստյանը, Ղարաբաղյան պատերազմի վետերան, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, գնդապետ Սամվել Օհանյանը:

ԵՎՍ ՄԵԿ ԳԱՐՈՒՆ` ԱՌԱՆՑ ՍԱՐԳՍԻԴպրոցի տնօրեն Արեւիկ Նահապետյանը խորին երախտագիտություն հայտնեց զոհված զինվորների մայրերին` մեր ժողովրդին, մեր հասարակությանը՝ հերոս որդիներ պարգեւելու համար:

Գնդապետ Սամվել Օհանյանը շնորհավորեց ներկաներին մայիսյան հաղթանակների առթիվ եւ նշեց, որ մեր նորօրյա զինվորներն ունեն բարձր ու անկոտրում մարտական ոգի:

Ավարտին Արցախյան պատերազմի վետերանների միության Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Վաչագան Գալստյանը Արցախի պատերազմի վետերանների միության կողմից Սարգիս Սահակյանին հետմահու պարգեւատրեց «Հայրենիքի պաշտպանության  համար» մեդալով: Նա նաեւ ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով եւ ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

ՆԱՐԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ք. Հրազդան