Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԴՐԱՆԻԿԻ ԵՐԳԸ



ԱՆԴՐԱՆԻԿԻ ԵՐԳԸՀատված արձակագիր Ռոբերտ Կարայանի ,Փրկությունե վեպից

Սկիզբը նախորդ համարում

Եկան նոր օրեր:

Հաղթողները թշնամական մայրաքաղաք մտան եւ արձակեցին գոտիները: Նրանք մոռացան զինաթափել եւ Անատոլիայի թրքական ութ զորաբանակները պատրաստի գտավ ինքը` Մուստաֆա փաշան: Նա հաստատվեց Անկարայում եւ հռչակեց ի լուր ամենքի. ,Թուրքիան արդարության եւ խիզախության իր դրոշը հասցրել է մինչեւ Հնդկաստանի սահմանները, Աֆրիկայի սիրտը եւ Հունգարիայի արեւմտյան ափերը…ե:

Մուստաֆա փաշան բազմահոծ իր բանակը պատրաստեց տանելու Հայաստան-երկիր, որպեսզի այնտեղ միայն բուսազուրկ երկու սար թողնի մի հայ-ագռավի համար, որին նա խոստացել էր Շեյ-թեն-Դերեում…

Սակայն, մինչ այդ, միակ հային իր հետ տարավ ապարանք: Եվ նա այսպես ասաց հայ տարագրին.

-Դու քաջահմուտ ես բազում լեզուների մեջ: Դու նաեւ քաջասիրտ ես: Ես վճռել եմ թուրքաց երկիրը տանել առաջադիմության ուղիով: Ուստի, ինձ հարկավոր են արդարամիտ ու կորովի մարդիկ: Դու կլինես իմ խորհրդականը: Եվ ես առատորեն կվարձատրեմ ազնիվ եւ հնարամիտ ծառայությանդ դիմաց: Այսօրվանից ինձ նոր անուն է հարկավոր ունենալ, մեծ անուն, արդար անուն: Հրավիրիր բոլոր պերճախոս գիտակներին, եւ բերեք ինձ այդ նոր անունը…

Հակոբ Մարդայանը, որի երիտասարդ քունքերին ճերմակներ էին հայտնվել տառապագին տարիների միջից, բարձրացրեց գլուխը եւ պատասխանեց սպասող աչքերի հանդիման.

-Այդ անունը, փաշա՛, ընտրված է:

-Ինչպե՞ս:

-Դուք կկրեք Աթաթուրք անունը: Թուրքերի հայր… Կհնչի աշխարհով մեկ,- ծաղրաձայնով վրա բերեց Հակոբ-խորհրդականը…

Փաշան նրան նայեց ազդված եւ ջղաձիգ…

-Փաշա՛, դիմեց խորհրդականը,- իր հայրենիքը դեպի արդարություն տանող առաջնորդը պետք է միայն այդ անունը ունենա…

Քիչ անց նա զննաբար դարձավ Հակոբ Մարդայանին.

-Ես համաձայն եմ, թող այդպես լինի: Սակայն այդ անունը առաջին անգամ ես կթողնեմ այն հրավերների տակ, որոնցով այստեղ կհավաքվեն աշխարհի երեւելի լեզվագետները… Այդ անունը պետք է նշանավորվի թուրքասեր գործով…

♦♦♦

Եկավ օրը:

Սառնամանիքից ամայացած փողոցներն ու հրապարակները մեկեն լցվեցին ջերմացնող օդով: Քաղաքի բնակիչներն արթնացան այդ առավոտ եւ հիացան երկարորեն: Ասես իրենց լռակյաց եւ չորացած պարտեզների ծառերին հայտնվել էին բազմերանգ ու երգեցիկ թռչուններ, որոնք հավաքվել էին ուրախացնելու սգավոր տառապյալներին…

Հակոբ Մարդայանը վերընձյուղված, պատվավոր հյուրերի ժպիտներից առավել ջերմացած` եռանդով ջանում էր վերջին պատրաստությունները հոգալ: Համաժողովի սրահի պատերն ու սյունաշարերը փայլատակում էին ոչ թե մարմարներից արձակած առատ լույսերից: Ներկա հյուրերից յուրաքանչյուրը հարգալից գլխաշարժումով ցանկանում էր մի պահ առանձնանալ երիտասարդ պարոնի հետ, կրկին համոզվելու` մի՞թե երեւելի երիտասարդը այդչափ քաջածանոթ է բազում լեզուների: Եվ այդչափ խորագին, այդչափ զննաբար…

-Ինչպե՞ս է, որ ձեր աշխատություններին ծանոթ չենք, սիրելի՛ պարոն,- հարցրեց տարեց մի լեզվաբան…

Օտարը չվերապրեց Մարդայանի հոգում ծայր առած վիրավորանքը: Նա գորովանքով պատասխանեց.

-Դուք հավանաբար լեզվագետ եք…

-Ո՛չ, պարոն պրոֆեսոր, ես միայն մեծ տառապյալ եմ…

Եվ նա հեռացավ:

♦♦♦

Իրիկնաժամին բոլորը հավաքվել էին նախագահական հյուրապալատում: Ընդարձակ սրահի կենտրոնում ճոխաբար առկայծում էին լիաձեռք եւ քաջահմուտ խոհարարների պատրաստած առատաբեր սեղանները` ամեն տեսակ բարիքներով:

Վերջապես դիմացի բարձր ու սպիտակ դռները ասես ահից նահանջեցին, հեռացան մի-մի կողմի վրա, եւ նրանց արանքից հայտնվեց Մուստաֆա փաշան` ինքը Աթաթուրքը…

Բարձրագլուխ էր նա եւ ազդեցիկ:

Ձեռքով նշան անելով հյուրերին` բազմելու սեղանի շուրջը, նա մոտեցավ, կանգնեց թիկնաթոռի մոտ, հանդարտ ձայնով խոսեց.

-Ես ողջունում եմ ձեզ, պարոննե՛ր, իմ պալատում: Ես շնորհավորում եմ ձեր բերած ազնիվ վաստակը, որից շահում է մարդկային բարեկամությունը: Յաշասը~ն…

Նա լի բաժակը բարձրացրեց կրծքի մոտ եւ ավելացրեց նույն հանդարտ ձայնով.

-Համեստ այս սեղանի շուրջ հավաքված իմ թանկագին հյուրերին կխնդրեի երեկոյի ընթացքում մեկական երգ կատարել այն լեզվով, ինչ լեզվի եւ ժողովրդի իրենք են պատկանում: Եթե դա հնարավոր է, ես ինձ երջանիկ պիտի համարեմ…

-Մենք երգիչ չենք,- կատակով ձայնեց տարեց պրոֆեսորը, որը տեղ էր գտել Հակոբի կողքին:

Նրա բարեհնչյուն ձայնի վրա հանկարծ տարածվեց ծորուն մի երգ, որն աստիճանաբար սփռվելով օդում, ասես ներկաներին կանչում էր ծնկածալ աղոթքի…

Փաշան ձեռքով նրան ընդհատեց, պատճառաբանելով, թե հյուրերինն է խոսքը, եւ նախընտրելի է լսել նրանց երգերը…

Պահը ցավալի արձագանք տվեց շատերի ներսում: Երկարատեւ լռության մեջ հանկարծ ոտքի ելավ Հակոբ Մարդայանը…

Ինչպես արեւի լույսը ոսպնյակի մեջ` բոլորն իրենց ուշադրությունը բեւեռեցին երեւելի խորհրդականի վրա: Նա մի պահ դարձավ փաշային, երկարորեն նայեց նրա սպասող աչքերին, ապա կերպարանափոխվեց, ձգվեց եւ վերջապես ղողանջեց գեղեցիկ ձայնով.

Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,

Թնդացնում ես երկինք, գետին, տենչավառ,

Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,

Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանիկ…

Բոլորը քարացել էին: Առաջին անգամ լսողներին թվաց, թե երգը հեղեղի մասին է, որը գալիս է երկրի վրա մաքրելու աղտեղությունը: Այդ միջոցին հյուրերից ոչ ոք չգուշակեց, թե ներկա թուրք պաշտոնյաները ինչո՞ւ հանկարծ խմբովին ետ քաշվեցին սեղանից եւ ահով լցված` դարձան փաշայի կողմը…

Մինչդեռ փաշան այդ ամբողջ ընթացքում գլուխը իջեցրել էր եւ չէր շարժվում: Երգիչը երգն ավարտելուց հետո մի պահ մնաց կանգնած…

Տեւական եւ ցուրտ լռության միջով հանկարծ բարձրացավ փաշայի  սպառնագին հասակը: Նա նույնպես երկար ժամանակ չկարողացավ ոչինչ ասել: Ի վերջո, ձանձրույթի չափ խեղդիչ օդում լսվեց նրա ազդեցիկ ձայնը.

-Այդ երգը,- ասաց հատ-հատ,- մեր թշնամուն գովերգող երգ է: Բայց լավ երգ է, եւ  դուք էլ շատ լավ երգեցիք, պարոն Մարդայան: Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր, նրա սրից շատ թուրքեր են ընկել: Բայց ոչ ոք չի կարող նրան խլել իր ժողովրդից: Նա իր ժողովրդի հերոսն է, եւ միանգամայն բնական է, որ հայերը նրան սիրում եւ մեծարում են…

Քիչ հետո, դառնալով թուրք սեղանակիցներին, նա շարունակեց ավելի մթնած ու դառնացած առավել.

-Անդրանիկը մեծ հերոս էր, բայց պարտվեց: Մենք հաղթեցինք: Բայց կարող էր այնպես պատահել, որ մենք պարտվեինք: Այն ժամանակ,- դառնալով թուրք յուրայիններին,- երեւի դուք մոռանայիք մեզ եւ չհիշեիք: Հայերը ճիշտ են վարվում, որ մեծարում են եւ չեն մոռանում իրենց հերոսներին…

Փաշան թեթեւակի գլուխ տվեց եւ հեռացավ դեպի դուռը: Դռան մոտ նա կտրուկ ետ դարձավ եւ դիմեց անկարոտ ձայնով.

-Պարոննե՛ր, ուրախացե՛ք…

Խորագիր՝ #23 (1194) 14.06.2017 - 20.06.2017, Հոգևոր-մշակութային


14/06/2017