Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Չգիտեմ, թե որքանով է «արհեստավարժ» բառը փոխարինում «պրոֆեսիոնալ» բառին, բայց «Հացը հացթուխին տուր, մի հաց էլ ավելի տուր» հայկական հին ասացվածքը լիովին արտահայտում է գործի մեջ մարդու վարպետությունն ու հմտությունը, կամ որ նույնն է՝ արհեստավարժությունը։

Արհեստավարժություն. ահա՛ մեր բանակի չափանիշը, որ ներկայացվում է շարքային զինվորին ու սերժանտին, ենթասպային ու սպային, հրաձիգին, հրետանավորին, օդաչուին, տանկիստին, բոլորին։ Արհեստավարժություն. ահա ազգային բանակում շարունակվող պաշտպանական բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը։

♦♦♦

Մեր թերթի նախորդ համարում ներկայացրել էինք Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի հինգերորդ կուրս փոխադրված կուրսանտների ճամբարային հավաքի ընթացքը, որը պետք է ավարտվեր մարտավարական զորավարժությամբ։ Եվ ահա, հուլիսի 26-ին, հրետանային ուսումնական զորամասի տարածքում ապագա բժիշկներն ստացան իրենց «մարտական» մկրտությունը։

Զորավարժությանը մասնակցում էր նաեւ ուսումնական զորամասի կապիտան Վահան Հարությունյանի մարտկոցը։ Զորավարժության ընթացքին հետեւում էին ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Արտաշես Փարսադանյանը, բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը, ռազմաբժշկական ֆակուլտետի դեկան գնդապետ Սամվել Գալստյանը, ուսումնական զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Էմիլ Ղանադյանը, ռազմաբժշկական ֆակուլտետի եւ զորամասի մասնագետ սպաները։

♦♦♦

Նշված ժամին բացազատված հրամանատարական կետում հավաքի ղեկավար ՌԲՖ ամբիոնի պետ փոխգնդապետ Գոռ Վարդանյանը գնդապետ Արտաշես Փարսադանյանին զեկուցեց զորավարժությունն սկսելու համար անձնակազմի շարված լինելու մասին։ Ընդունված կարգով անձնակազմին ողջունելուց հետո գնդապետ Ա. Փարսադանյանը եւ պարոն Դ. Դումանյանը ծանոթացան կատարված աշխատանքին, ստուգեցին ստեղծված հրապարակների հնարավորությունները։

Կուրսանտների հետ զրուցեց եւ նման զորավարժությունների անցկացման կարեւորությունը պարզաբանեց համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը։ Այնուհետեւ կուրսանտ Վահան Վարդանյանը զեկուցեց մարտադաշտում ստեղծված իրավիճակի մասին. պայմանական հակառակորդը, մեկ զորամասի կազմով, ներխուժել է մեր երկրի տարածք, առաջացել 30-35 կմ, եւ կանգնեցվել մոտոհրաձգային զորամասի ստորաբաժանումների ուժերով։ Պաշտպանական գործողություններին զուգահեռ, տարվել է համապատասխան աշխատանք հարձակողական մարտ վարելու, հակառակորդի զինտեխնիկան եւ կենդանի ուժը ոչնչացնելու, նրան երկրի սահմաններից դուրս մղելու համար։ Միաժամանակ զորամասի բուժկետի կողմից ճշտվել է բժշկական իրավիճակը, որոշվել է, թե որտեղ է գտնվելու բուժկետը, ստեղծվել են սանիտարական խմբեր, առանձնացվել են սանիտարական մեքենաներ, որոշվել են առաջին բուժօգնության ցուցաբերման, ինչպես նաեւ վիրավորների տարհանման, նրանց տեսակավորման, հատուկ մշակման, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ կայազորային հոսպիտալ փոխադրելու հարցերը։

♦♦♦

Մարտակարգը ներկայացնելուց հետո, «Մոտոհրաձգային զորամասի» հարձակմանը մասնակցում էին նաեւ մեկական հրետանային ինքնագնաց կայանք եւ «Շտորմ»։ Ուսումնական կետում թիրախային իրադրություն չէր ստեղծվել, բայց դա չխանգարեց, որ ընդամենը տասնհինգ օր առաջ ուսումնական գործընթացն սկսած կուրսանտները գործեն նպատակասլաց եւ ցուցաբերեն բավական լավ մարտավարամասնագիտական պատրաստվածություն։ «Խոցված» զրահատեխնիկան, ծխապատումը եւ այրվող դաշտը շարունակվող հրաձգությանն իսկական մարտադաշտի տպավորություն էին թողնում։ Սանիտարական խմբերն սկսեցին աշխատել «մարտադաշտում»։ Վիրավորներ հանվեցին «այրվող» զրահամեքենայից։ Զորամասի առաջխաղացման հետ առաջ շարժվեց նաեւ բուժկետը։ Սանիտարական խմբերն ամենուր վիրավորներ էին հայտնաբերում։ Շուտով հայտնվեցին նաեւ սանիտարական մեքենաները, եւ մեկը մյուսի հետեւից վիրավորները տեղափոխվեցին տեսակավորման հրապարակ։ Այստեղ բժիշկներն ավելի մանրամասնորեն էին ճշտում վնասվածքների տեսակը, ծանրության աստիճանը, կատարում անհրաժեշտ գրանցումներ եւ բուժման համար տեղափոխում կա՛մ վիրակապարան, կա՛մ հատուկ մշակման, կա՛մ էլ տարհանման հրապարակներ։ Նկատելի էր նաեւ, որ կուրսանտներն ամեն ինչին վերաբերվում էին իբրեւ իրականություն եւ ջանասիրաբար կազմակերպում էին բուժման եւ մյուս գործողությունները։

Հետեւելով զորավարժության ընթացքին, վստահաբար կարելի է արձանագրել, որ ապագա զինվորական բժիշկների այս կուրսն, իրոք, ստացավ իր առաջին մարտական մկրտությունը։ Վերջում կատարվեց զորավարժության արդյունքների ամփոփում։

Զորավարժությունից ստացած տպավորություններն արտահայտեցին բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը եւ ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Արտաշես Փարսադանյանը։

-Մեր համալսարանը բացառիկ է նրանով, որ հենց առաջին կուրսից ուսուցանվում է ռազմաբժշկական մասնագիտությունը,- ասաց պարոն Դ. Դումանյանը։ -Վստահ եմ, որ կուրսանտների գիտելիքների եւ հմտությունների զարգացման միջեւ էական անջրպետներ չկան, իսկ նման պայմաններում, այսինքն՝ բուժծառայության կազմակերպումը զորամասի գրոհի ժամանակ, արդեն բավական խոսուն երեւույթ է, եւ մենք տեսանք, որ կուրսանտները բավական համարձակ էին եւ կարողանում էին ճիշտ կողմնորոշվել։ Ակնհայտ է, որ այս քսան օրերի ճամբարային հավաքը բավական օգտակար է եղել, եւ նրանք զգալի փորձ են կուտակել։ Մենք ձգտում ենք հասնել նրան, որ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտները զորամասեր ծառայության մեկնեն որպես պատրաստի մասնագետներ՝ պատրաստի զինվորական բժիշկներ։ Այս եւ նման զորավարժությունները, որ հետո էլի պիտի լինեն, մեր ծրագրի գործնական աշխատանքի միայն մի մասն են կազմելու։ Մերոնք դեռ պետք է փորձաշրջաններ անցնեն տարբեր հիվանդանոցներում, հոսպիտալներում… Անելիքները շատ-շատ են, եւ մենք ԶՈՒ ռազմաբժշկական վարչության հետ ամեն ինչ կանենք, որ բանակը համալրենք միմիայն բարեկիրթ եւ մասնագիտությանը լավ տիրապետող զինվորական բժիշկներով։

Գնդապետ Արտաշես Փարսադանյան.

-Կուրսանտների ճամբարային հավաքը, փորձաշրջանը բավական հաջող անցավ։ Այս զորավարժության նշանակությունը շատ մեծ է։ Կուրսանտները, ինչպես ասում են, վառոդի հոտն զգացին, մանրամասնորեն կատարեցին այն գործողությունները, որոնք պետք է կատարվեն նման պայմաններում, հարձակողական մարտի ընթացքում։ Զորավարժությանը լավ էին նախապատրաստվել եւ հաջողությամբ կատարեցին ամեն ինչ, նախատեսված ողջ ծրագիրը։ Իրադրությունը շատ էր մոտեցված մարտական իրադրությանը, եւ ես, որպես դիտորդ եւ գնահատող անձ, թերություններ չնկատեցի։ Կարծում եմ` մեր ուսումնական ծրագրում որոշակի փոփոխություններ կլինեն։ Կաշխատենք ավելացնել փորձաշրջանը զորամասերում անցկացնելու, զորավարժություններին, մարզումներին մասնակցելու ժամանակը։ Անկեղծորեն շնորհավորում եմ ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներին, դասախոսներին այս արդյունավետ միջոցառման համար։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ