Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ԲԱՆԱԿԸ



Հունիսի 3-ին կրտսեր որդիս՝ Տիգրան Հովհաննիսյանը, զորակոչվեց բանակ։ Օրեր առաջ մենք հարազատների մեծ խմբով ճանապարհվեցինք զորամաս, որ տեսնենք-լսենք, թե ինչպես է տղաս զինվորական երդում տալիս։ Հազիվ թե կարողանամ նկարագրել հույզերս ու ապրումներս, երբ տեսա միանման զինվորական համազգեստով հայ զինվորների՝ որդուս հասակակից տղաների հոծ ու կուռ շարքերը։ Հանկարծ շատ շոշափելի ու սրտամոտ զգացի օրվա խորհուրդը, պահի կարեւորությունը։ Հոգուս մեջ ալիք էր տալիս, բարձրանում էր մի մեծ հպարտություն, ասես զինվորական շարքերից մի անտեսանելի զորություն, մի ահագնացող ուժ էր գալիս դեպի ինձ, լցվում սիրտս։ Այնպիսի զգացողություն ունեի՝ ասես հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում տվող զինվորներից յուրաքանչյուրը իմ որդին է, որ ես նրանց բոլորի մայրն եմ։ Իսկ երբ որդիս զատվեց շարքից ու պինդ, ամուր քայլքով, զենքը ձեռքին առաջ եկավ, սիրտս սկսեց ուժգին բաբախել։ Հազիվ ճանաչեցի որդուս, նա ինձ ավելի հաղթահասակ թվաց։ Տղաս անթաքույց հպարտությամբ արտասանեց իր անուն-ազգանունը՝ հայկական բանակի զինվորի, հայրենիքի պաշտպանի անուն-ազգանունը՝ Տիգրան Հովհաննիսյան, ես մտածեցի, թե ինչ մեծ հպարտություն ու բախտավորություն է զինվոր որդի ունենալը։ Տղաս երդման տեքստը արտասանեց զսպված հուզմունքով ու հպարտությամբ, բարձր, շեշտելով ամեն մի բառը։ Նա հայրենիքի համար կյանքը չխնայելու երդում տվեց։ Ես հուզմունքից լալիս էի։

Երբ երդման արարողությունն ավարտվեց, ու տղաս մոտեցավ մեզ, ձեռքին մի գունազարդ թուղթ կար՝ շնորհավորական ուղերձ էր՝ զորամասի հրամանատարի մակագրությամբ։ «Շնորհավորում եմ Ձեր կյանքի այս առանձնահատուկ օրվա՝ զինվորի երդում ընդունելու կապակցությամբ։ Դուք դարձաք Հայաստանի Հանրապետության պետական ինքնուրույնության եւ տարածքային ամբողջականության պաշտպանը։ Հայ ժողովուրդը Ձեզ է վստահում իր անվտանգությունը։ Պատրա՛ստ եղեք անմնացորդ նվիրվելու հայրենիքի պաշտպանության գործին։ Համոզված եմ, որ Դուք արժանիորեն կկատարեք Ձեր ծառայողական պարտքը՝ բարձր պահելով հայ զինվորի փառքն ու պատիվը»։

Հետո, երբ առանձնացանք, ուշիուշով հետեւում էի որդուս՝ տրամադրությունը բարձր էր, ինքնավստահ, ասես մի քանի տարով մեծացած լիներ։ Ուզում էի հարցնել՝ հո չի՞ դժվարանում, դիմանո՞ւմ է ռեժիմին, սպաները լա՞վ են վերաբերվում, ճաշերը ուտվո՞ւմ են… Բայց մի տեսակ այս հարցերը չէին համատեղվում ընդհանուր տրամադրության, մթնոլորտի, մեր ապրումների ու զգացումների հետ։ Երբ հրաժեշտ էի տալիս Տիգրանիս, ասես կարդաց միտքս, «ամեն ինչ լավ է, մա՛մ,- ասաց,- իմ մասին չմտածես»։

…Ավագ որդուս ծառայության վայրը ավելի հեռու էր մեր բնակավայրից, ու չկարողացա ներկա լինել նրա երդման արարողությանը։ Ոչ մի անգամ չայցելեցի որդուս, չտեսա այն զորամասը, որտեղ ապրեց ու ծառայեց տղաս երկու տարի։ Տիգրանիս զորամասից վերադառնալուց հետո այնպիսի մտքեր էին համակել ինձ, որ մինչ այդ չէին եղել։ Ամբողջ գիշեր չկարողացա քնել։ Մտածում էի՝ ամեն ինչ արե՞լ եմ, որ արժանավոր զինվոր տամ հայրենիքիս, ճի՞շտ եմ դաստիարակել տղայիս։ Կկարողանա՞ պատվով հաղթահարել դժվարությունները, լավ ընկեր լինել ծառայակից զինվորների համար, ճիշտ կողմնորոշվել բարդ իրավիճակներում, ուժ կգտնի իր մեջ արդար ու ազնիվ լինելու…

…Մի քանի օր առաջ փոստատարը դուռը թակեց ու նամակ տվեց ինձ։ Զորամասից էր։ Սիրտս այնպես էր բաբախում, ոտքերս դողում էին։ Չէի համարձակվում բացել ծրարը՝ ի՞նչ է գրում զորամասի հրամանատար գնդապետ Մ. Հովհաննիսյանը, ինչ է ասում որդուս մասին։ Վերջապես դողդողացող մատներով նամակը հանեցի ծրարից։

«Զորամասի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնում Ձեզ՝ Տիգրան Անդրանիկի Հովհաննիսյանին հայրենիքի պաշտպանի ոգով դաստիարակելու համար։ Դուք կարող եք հպարտանալ, որ մեծացրել ու դաստիարակել եք նախնիների սխրանքներով ու պատգամներով տոգորված զավակի, ով ամեն վայրկյան պատրաստ է անձնվիրաբար ծառայելու իր ժողովրդին, պաշտպանելու հայրենիքը՝ անսասան պահելով զինվորական ծառայության բոլոր դժվարությունները»։

Անհնար է բառերով նկարագրել ուրախությունս։ Ծնողի համար չկա ավելի մեծ հպարտություն, քան լսել հրամանատարների գովասանքը իր զինվոր որդու հասցեին եւ արժանանալ շնորհակալության՝ արժանավոր որդի դաստիարակելու համար։

Նամակում հրամանատարը պատմել էր նաեւ զորամասի մարտական ուղու մասին։ Գրել են, որ փորձառու զինվորականներով համալրված սպայակազմը հետեւողականորեն զինվորներին է հասցնում ռազմարվեստի գաղտնիքները՝ նրանց հանդեպ ցուցաբերելով հայրական խնամք եւ հոգատարություն։ «Մեր զինվորների կյանքը, առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանվում են օրենքով։ Զորամասի հրամանատարը ջանքեր չի խնայում զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները բարելավելու, օրենսդրությամբ սահմանված՝ իրային, պարենային, դրամական միջոցները անձնակազմին հասցնելու, անվճար ու որակյալ բուժօգնություն տրամադրելու, ինչպես նաեւ նրանց հանգիստը բովանդակալից, բազմազան ու հետաքրքիր դարձնելու համար»,- գրում էր հրամանատարը։ Նամակից մենք տեղեկացանք, որ կարող ենք մեր որդուն այցելել յուրաքանչյուր ամսվա չորրորդ շաբաթվա հինգշաբթի օրը եւ հանդիպել նրան հատուկ այդ նպատակով կառուցված հարմարավետ սենյակում։ Կարող ենք զորամաս այցելել նաեւ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը, որ «բաց դռների օր է», եւ, հրամանատարի թույլտվությամբ, անձամբ ծանոթանալ զինվորների կյանքին ու կենցաղին։ Իր զինվորին ավելի լավ ճանաչելու եւ առավել արդյունավետ աշխատելու նպատակով՝ հրամանատարը խնդրել էր ներկայացնել մանրամասներ Տիգրանիս բնավորության եւ առողջական վիճակի մասին։

Հիմա ես իսկապես հանգիստ եմ։ Ես վստահ եմ, որ զինվոր որդուս կողքին իրոք հոգատար ու բարեսիրտ սպաներ են, որ նրանց աջակցությամբ տղաս կծառայի անձնվիրաբար ու պատվով կկատարի զինվորական պարտքը։ Վստահ եմ, որ նրանք տղայիս ավելի ուժեղ, հայրենասեր ու պատվախնդիր կդարձնեն։ Ես հիմա ավելի խոր ու գիտակցված սիրով եմ սիրում մեր բանակը, ավելի մոտ եմ զգում ինձ բանակին։ Սա իմ բանակն է, հայրենիքի պաշտպան ծնած յուրաքանչյուր հայ կնոջ՝ մոր բանակը։ Ուզում եմ «Հայ զինվորի» ընթերցողի հետ կիսել ուրախությունս ու շնորհակալություն հայտնել զորամասի հրամանատար գնդապետ Մ. Հովհաննիսյանին։

…Սիրելի ու պատվելի պարոն Հովհաննիսյան, արցունքոտվելու աստիճան հպարտացա, երբ կարդում էի Ձեր ղեկավարած զորամասի մարտական փառավոր ուղու մասին։ Հպարտ եմ, որ Տիգրանս հենց Ձե՛ր զորամասում է ծառայում։ Դա նաեւ մեծ պատասխանատվություն է։ Շնորհակալ եմ որդուս հասցեին գովասանքի խոսքեր ասելու ու մեզ այդքան մեծ հրճվանք ու ուրախություն պարգեւելու համար։ Ես Ձեզ եմ հանձնել ամենաթանկը, որ ունեմ՝ իմ տղային, ու հիմա արդեն վստահ եմ, որ Դուք հայրաբար կվերաբերվեք որդուս, հայրաբար կխրախուսեք հաջողությունները, հայրաբար կներեք վրիպումները, հայրաբար կշտկեք սխալները։ Իմ մայրական օրհնանքն ու աղոթքը թող միշտ լինի Ձեզ հետ ու հեռու պահի բոլոր փորձանքներից։

ՕԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Պատրաստեց Գ. ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #29 (894) 27.07.2011 – 3.08.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


03/08/2011