Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄ
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄ

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄՄայիսի 14-ից 26-ը պաշտպանության, կրթության եւ գիտության  նախարարությունների ու Երևանի պետական համալսարանի համագործակցության շրջանակներում 30-ից ավելի սպահոգեբաններ անցան վերապատրաստման դասընթաց: Թեմաները բազմազան էին` «Ռազմական հոգեբանություն», «Անձը և զինվորական ծառայությունը», «Զինվորական կոլեկտիվի հոգեբանությունը», «Հոգեբանական ուղեկցություն», «Հոգեբանական պատերազմների ընդհանուր բնութագիրը» և այլն: Նշանակալի է, որ դասընթացի ունկնդիրները հնարավորություն ունեցան ոչ միայն տեղեկանալու հոգեբանական գիտության ընթացիկ խնդիրներին և դրանց լուծման նորարարական մոտեցումներին, այլև ակտիվ քննարկումների միջոցով փորձի փոխանակում կատարելու, ուրվագծելու այս ոլորտում առկա կարևոր հիմնախնդիրները և համատեղ արդյունավետ լուծումներ ու մեթոդիկաներ ընտրելու:

Դասընթացն ամփոփվեց մայիսի 27-ին տեղի ունեցած կոնֆերանսով, որի թեման էր՝ «Առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի ծառայողական գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված լարվածության թուլացմանն ուղղված աշխատանքների իրականացումը և բարելավման ուղիները»:

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄԿոնֆերանսի աշխատանքներում ներգրավված էին սպահոգեբանների վերապատրաստման դասընթացներ անցկացրած պրոֆեսորադասախոսական կազմը,  ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ, մարտական պատրաստության, ռազմաբժշկական և այլ վարչությունների բարձրաստիճան սպաներն ու զինծառայողները, զորամիավորումների և զորամասերի հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալներն ու սպահոգեբանները: Ներգրավված էին նաև ՊԲ ներկայացուցիչները:

Կոնֆերանսի մեկնարկին ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչների և ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից ընդգծվեց նմանատիպ աշխատանքների կարևորությունն ու արդյունավետությունը: ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալմայոր Օնիկ Գասպարյանը մասնավորապես նշեց, որ կոնֆերանսի կարևոր առաքելությունը հատկապես առաջնագծում մարտական ծառայության հետ կապված հոգեբանական լարվածության թուլացմանը նպաստելն է. «Վստահ եմ, որ անցած դասընթացը և այս կոնֆերանսի անցկացումը լրացուցիչ խթան կհանդիսանան մեր զինծառայողների մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացման, ինչպես նաև «Ազգբանակ» հայեցակարգի շրջանակներում համատեղ աշխատանքների իրականացման համար»:

ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը վերապատրաստման դասընթացն ավարտելու կապակցությամբ շնորհավորեց զինծառայողներին և  նշեց. «Մայր բուհը փորձում է իր ներդրումն ունենալ պաշտպանության նախարարի բանաձևած «Ազգբանակ» կոնցեպտի իրագործմանը և այս համատեքստում հատկապես կարևորում է ԵՊՀում անցկացված նոր ծրագիրը՝ «Ռազմական հոգեբանություն» դասընթացը, որն առանձնահատուկ նշանակություն ունի բանակհասարակություն կապերի ամրապնդման գործում: Այս վերապատրաստման նպատակն էր հոգեբանական հատուկ գիտելիքներ տալը սպահոգեբաններին, որոնց անմիջական շահառուները լինելու են հայոց բանակի զինվորները»: Նա վերապատրաստում անցած սպահոգեբաններին առաջարկեց մշտապես կապ պահպանել համալսարանի դասախոսների հետ և վստահեցրեց, որ համալսարանականները կանեն հնարավորը՝ այս կապն ավելի ամուր և գործուն դարձնելու ուղղությամբ:

Զինված ուժերի ԱՀՏԱ վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Բարոյանն իր զեկույցում ներկայացրեց զինված ուժերում զինանձնակազմի հետ տարվող բարոյահոգեբանական աշխատանքների առանձնահատկություններն ու  արդի խնդիրները: Նա շեշտեց, որ ՀՀ ԶՈՒ ընթացիկ բարեփոխումների համատեքստում խիստ կարևորվում է հոգեբանական գործոնը: Անդրադառնալով վերապատրաստման դասընթացներին՝ փոխգնդապետը նշեց. «Համոզված եմ, որ այս դասընթացները մեծապես կնպաստեն սպահոգեբանների մասնագիտական աճին և նրանց գիտելիքների ու հմտությունների պրակտիկ կիրառման հնարավորությունների ընդլայնմանը»:

ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը կարևորեց զինված ուժերում մարտական ծառայություն իրականացնող զինանձնակազմի հետ դասընթացի շնորհիվ անմիջական շփման հնարավորությունը:

ՊԲ ԱՀՏԱ բաժնի պետ, գնդապետ Նորայր Մկրտչյանն  անդրադարձավ ծառայողական գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված նյարդահոգեբանական լարվածության թուլացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը, կարևորեց  զինանձնակազմի մասնագիտական ներուժը արդյունավետ և նպատակային օգտագործելու անհրաժեշտությունը:

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրաչյա Հովհաննիսյանն առաջարկեց զորամասերում ավելացնել սպահոգեբանների հաստիքները` թեթևացնելու համար նրանց ծառայողական գերծանրաբեռնվածությունը: Հոգեբանը նպատակահարմար է համարում նաև հոգեբանական մեթոդների, մեթոդիկաների համընդհանուր փաթեթի մշակումը՝ միևնույն ոճով և ուղղվածությամբ աշխատելու և աշխատանքների արդյունքների կանխատեսումը հեշտացնելու նպատակով: 

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Ղազարյանն էլ անդրադարձավ զինծառայողի հոգեբանական անվտանգության հիմնախնդիրներին. զինծառայողի հոգեբանական անվտանգության համակարգում հատկապես կարևորեց զինվորների և սպաների  իրավական անվտանգությունը: Նա նշեց նաև, որ իր մասնագիտական պրակտիկայում հաճախ է հանդիպում այնպիսի դեպքերի, որոնք ցածր իրավական գիտակցության հետևանք են:

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչատուր Գասպարյանը մանրամասն ներկայացրեց առաջին հոգեբանական օգնության համակարգը և դաշտային հոգեբանական վերականգնողական կետի խնդիրները, նպատակը, դրա կահավորման և կիրառման  առանձնահատկությունները:

Կոնֆերանսի ավարտին  ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը երկշաբաթյա դասընթացներին մասնակցած սպահոգեբաններին հանձնեց դասընթացների ավարտական հավաստագրերը:  Ծրագիրն իրականացնող կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեցին հաջորդ դասընթացի համար:

Զորամասի սպահոգեբան, մայոր Վիգեն Մանուկյանը մեկն էր նրանցից, որին այդ օրը դասընթացներն ավարտելու հավաստագիր հանձնվեց: Վիգենն ավարտել է ՌԴ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետը: Այս դասընթացն, ըստ սպահոգեբանի, շատ կարևոր կիրառական նշանակություն ունի, և նրա համոզմամբ՝ մոտ ապագայում դրա արդյունքները տեսանելի կդառնան:

Նույն զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արամայիս Մանուչարյանի խոսքով, հոգեբանի դերն ու նշանակությունը իրենց զորամասում հսկայական է: «Մայոր Մանուկյանի ներկայությունը զորամասում կարևոր խնդիրներ է լուծում: Ռիսկային խմբում հայտնված բոլոր զինծառայողների հետ նա անհատական և խմբային  հոգեբանական աշխատանքներ է իրականացնում, ինչն իր հերթին նպաստում է զինվորական կարգապահության բարձրացմանը: Արդեն իսկ փաստ է, որ մեր զորամասի հոգեբանն իր ծառայությամբ, իր աշխատանքով նկատելիորեն նպաստել է զորամասում անցանկալի դեպքերի կանխարգելմանը: Զինվորներից բացի, մայոր Մանուկյանին ամենատարբեր խնդիրներով դիմում եմ նաև ես, մյուս սպաները, կին զինծառայողները, պայմանագրայինները: Վստահությունը նրա հանդեպ շատ մեծ է: Ուրեմն` հոգեբանն իր տեղում է, իր աշխատանքին լավ է տիրապետում: Կարծում եմ՝ նման դասընթացներն ու քննարկումները առավել արդյունավետ կդարձնեն զորամասերում սպահոգեբանների արհեստավարժ գործունեությունը: Սա հատկապես կարևոր է այն զորամասերի համար, որտեղ մարտական հերթապահությամբ ծառայություն է իրականացվում,  ինչպիսին մերն է»:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ