Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
7-1-1
ԶՈՐԱԿՈՉՎԱԾ ԵՄ

7-1-1Զանգել եմ զինկոմիսարիատ:

Այս զորակոչին քանի՞ ընտանիք եք զորակոչելու, քանի՞ ծանուցագիր

Ընտանի՞ք,- զինկոմիսարիատի աշխատակիցը չի թողնում՝ ավարտեմ նախադասությունը, հետո ամենայն լրջությամբ բացատրում է.

Մենք ընտանիքներին չենք զորակոչում, այլ զինակոչիկներին:

Ընտանիք բառը մտածված չասացի, ենթագիտակցությունիցս դուրս պրծավ: Ես նոր էի ավարտել զրույցս բանակին երեք որդի տված մոր` տիկին Անուշի հետ, որի ճակատին սպիտակ մազափունջ կար, թեեւ կինն ընդամենը 46 տարեկան էր: Ուսանող ժամանակ լիներ, կգրեի, որ նրա ճակատի սպիտակ մազափունջը իմ խաղաղ ու անհոգ օրերի գինն է: Տիկին Անուշը եկել էր խմբագրություն, որ թերթի միջոցով շնորհավորի իր զինվոր զարմիկի 20-ամյակը: Ու ասաց.

-1997 թվականից ամեն տարի ես ինչոր մեկին բանակ եմ ճանապարհում:

Հուսամ, որ այս զորակոչը Ձեզ շրջանցեց:

Կինը այնքան հիասթափված նայեց ինձ, որ ես ամաչեցի.

Ես միշտ զորակոչված եմ,- ասաց կինը, որը լրագրող չէ, դերձակ է, ու բնականաբար, չի մտածում, թե իր մտքերը ուղղորդում են մարդկանց գիտակցությունը, փոխում են հասարակության նկարագիրը: Նա պարզապես գեղեցիկ զգեստներ է կարում մարդկանց համար:

Եթե դու 6 տարի զինվորի մայր ես եղել, այլեւս զորակոչը չի կարող շրջանցել քեզ, անկախ այն բանից` բանակում հարազատ ունես, թե չէ: Սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր քո որդին է դառնում

-…Մենք ընտանիքների չենք զորակոչում,- զինկոմիսարիատի աշխատակցին թվում է` չեմ լսել իրեն

Մեկ զինակոչիկի հետ ոչ թե մեկ, այլ մի քանի ընտանիք է զորակոչվում,- ասում եմ:

Դե, այդ տրամաբանությամբ` ամեն զորակոչի մենք զորակոչվում ենք ազգովի:

Ես հուզվել եմ: Իսկ երբ ես հուզվում եմ, դառնում եմ պաթետիկ ու սենտիմենտալ: Դրա համար էլ, երբ շատ տպավորված եմ լինում, գրիչ չեմ վերցնում: Սպասում եմ, որ զգացմունքներս մի քիչ սառչեն:

Ես ու զինկոմիսարիատի աշխատակիցը երկար ենք զրուցում «ազգովի զորակոչվելու» մասին: Այնքան երկար, որ գործընկերներս զգուշացնում են` ծառայողական հեռախոսը չի կարելի այդքան երկար զբաղեցնել:

 

Մի ժամանակ ես վախենում էի լռությունից: Լռության մեջ գլուխս լցվում էր զանազան մտքերով. որպես կանոն` ծանրակշիռ ու հուզական, ու ես չգիտեի` ինչ անեմ դրանք: Երեւի դա էր պատճառը, որ ես լրագրող դարձա: Ու գլխիս մեջ պտտվող պատկերներն ու խոհերը դարձան զիգզագ կապույտ գծեր, հոսեցին սպիտակ թղթի վրա: Դարձան կյանք: Չեմ չափազանցնում: Դարձան կյանք, որովհետեւ կյանքը դիալոգ է քո եւ մեկ ուրիշ մարդու միջեւ: Եվ եթե ուժեղ, ամուր, գիտակցված ու ազնիվ է այդ դիալոգը, կյանքը գեղեցիկ է: Եվ ուժեղ է երկիրդ: Ու պետք չէ ասածիս մեջ հակասություն փնտրել, հիշելով, թե ինչպես բանակին 3 զինվոր տված մորը հարցրի` գոնե այս զորակոչը շրջանցե՞ց Ձեզ: Ամենակարեւոր բանը, որ սովորել եմ կյանքում, ինձ ամբողջի մասնիկ զգալն է: Ես գիտեմ, որ մի անուղղակի  կապ կա փողոցով քայլող անծանոթի, հեռավոր շենքերի պատուհանների հետեւում ապրող ճակատագրերի ու իմ միջեւ` ամենապարզ բանաձեւումից մինչեւ ամենափիլիսոփայական խորհուրդները: Ու եթե զորակոչը թակել է նրանցից մեկի դուռը, ես չեմ կարող ասել, թե զորակոչը շրջանցել է ինձ:

Եթե ես թույլ եմ, քո հայրենիքը չի կարող ուժեղ լինել: Եթե դու թույլ ես, իմ հայրենիքը չի կարող ուժեղ լինել,- սա ինձ Շանթը ասաց կենտրոնական հոսպիտալում: Նրա ոտնաթաթը նոր էին հատել: Տղան 20 տարեկան էր, հաղթել էր թշնամուն` կռվելով մինչեւ վերջին փամփուշտը: Ոտնաթաթը պոկված` շարունակել էր կրակել: «Ես իրավունք չունեմ թուլացնելու Շանթի հայրենիքը, որը նաեւ իմ հայրենիքն է: Բարեբախտություն է, թե դժբախտություն, իմ հայրենիքը Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Սասուն Մկրտչյանի ու մյուս հերոսների հայրենիքն է նաեւ, եւ այս իրողությունը ինձ ստիպում է ժամապահի նման ապրել ամեն օրս»` այս տողերը ես գրել էի Շանթի մասին ակնարկում, բայց հետո ջնջեցի: Այն ժամանակ ինձ մի քիչ վերամբարձ թվաց: Բայց այսօր, երբ սահմաններին հարաբերական անդորր է, իսկ թիկունքում՝ զորակոչ, ասածս բոլորովին էլ վերամբարձ չի հնչում:

 

Ես սիրում եմ ապակեպատ սրճարանները, որտեղ շատ  մարդիկ կան ու փողոցը` իր անցուդարձով, աչքիդ առաջ է: Նստում եմ ապակեպատ սրճարանում, հասմիկի ծաղիկներով քաղցր թեյ եմ խմում ու նայում եմ մարդկանց: Դա երկար չի տեւում, մի քանի րոպեից կամ ես եմ գտնում զրուցակցիս, կամ նա` ինձ: Անծանոթ մարդկանց հետ զրուցելը ինձ համար նույնքան սովորական է, որքան վերելակում հանդիպած անծանոթի որպիսությունը հարցնելը: Մի անգամ վերելակը խափանվեց, ու ես մի տղայի հետ կես ժամ մնացի փակ դռների հետեւում: Հետո երեք հոդված գրեցի` մեկը նրա վանեցի պապի, մյուսը` բանակային եղբոր, երրորդը` Արցախյան պատերազմում զոհված հորեղբոր մասին:

Ապակեպատ սրճարանում հերթական զրուցակցիս հանդիպելու համար առնվազն կես ժամ շուտ եմ գալիս: Այս անգամ էլ եմ շուտ եկել: Մի գյումրեցի երիտասարդ նկարչուհու հետ պիտի հանդիպեմ: Լիլիթ Տոնականյանի հետ: Նա ընդամենը 22 տարեկան է, բայց հաղթանակ է նկարում փթթած արեւածաղիկների տեսքով, երազում է իր նկարները ցուցադրել զորամասում եւ մրցանակներ է շահում ստեղծագործական մրցույթների ժամանակ: Կես ժամ շուտ եմ եկել, որ պարզապես  նայեմ սրճարանի մարդկանց ու փողոցով անցնող անցորդների դեմքին: Եթե ես չնայեմ մարդկանց, չեմ նկատի նրանց տխրությունը, ուրախությունը, մտահոգությունը, շփոթմունքը, որ հաճախ պահված է հայացքի ամենաաննկատելի անկյունում ու աչքերի ամենաթաքուն խորքերում, ձեռքի թեթեւ շարժումի մեջ ու անգամ ոտքերի դիրքիՉեմ նկատի: Ու չեմ կարողանա հոդված գրել: Եվ որ ամենավատն է` հերթական զորակոչը կշրջանցի ինձ:

Սեղանի մոտ մի տղա է նստած: Սուրճի լիքը բաժակին ձեռք չի տվել: Հենվել է աթոռի թիկնակին ու փակել աչքերը:

Վաղո՞ւց է նստած,- հարցնում եմ մատուցողին:

-40 րոպե կլինի,- պատասխանում է:

Չեկա՞վ: –Ես արդեն նրա սեղանի մոտ եմ: Չգիտես ինչու, ինձ թվում է, թե նա աղջկա է սպասում:

Տղան բացում է աչքերը, ուղղվում ու զարմացած նայում վրաս:

Ես ոչ ոքի չեմ սպասում: Պարզապես գնալու տեղ չունեմ: Ռուսաստանից եմ եկել: Բանակի համար: Իմ հերթն է: Զորակոչված եմ:

Տղան բաց կապույտ աչքեր ունի, սպիտակ մաշկն այնքան նուրբ է, որ պարզ երեւում է քունքից դեպի ճակատը ձգվող կապույտ երակը:

Տխո՞ւր եք:

Երբ ես հուզված եմ, խոցելիորեն անկեղծ եմ դառնում: Մարդը Ռուսաստանից եկել է, որ բանակ գնա, իսկ ես հարցնում եմ` տխուր եք:

Տխուր եմ,- ասում է տղան: Ու քունքից դեպի ճակատը ձգվող կապույտ երակը ուռչում է,- մայրս հիվանդ է, սիրտը օրեր առաջ վիրահատեցին: Սիրած աղջիկ ունեմ Ռուսաստանում: Ուսումս կիսատ թողեցի: Մի խոսքով… 18-ս մարտին լրացավ: Իմ հերթն է: …Ի՞նչ կխմեք:

Թեյ, հասմիկի ծաղիկներով թեյ:

Տիկնոջ համար թեյ բերեք,- ասում է տղան մատուցողին: –Իմ սուրճն էլ փոխեք, խնդրում եմ, արդեն սառել է:

«Իմ հերթն է»` այնքան պարզ ու անպաճույճ է ասում: Առանց հույզերի, առանց պաթոսի: Իմ հերթն է, ու վերջ:

Ես Բարեկամավան գյուղում եմ ծնվել,- տղան թափահարում է սուրճի բաժակը, ու հեղուկի վրա սպիտակ պղպջակներ են գոյանում:

Լսե՞լ եք այդ գյուղի մասին: Մի փոքրիկ գյուղ է, սահմանաբերանին, Նոյեմբերյանի շրջանում: Ես այդտեղ եմ ծնվել: Թեեւ 7 տարի եմ ապրել գյուղում, բայց ամեն ինչ մանրամասն հիշում եմ: Մտածում եմ` ծննդավայրիդ պատկերը արյանդ մեջ ես ծնվում: Ո՞նց կմոռանաս: Իսկ ես յոթ տարի ապրել եմ այդտեղ: Գյուղը ձորի մեջ է, շրջապատված անտառով: Անտառում մոշ կա` մեծ, հյութալի: Երբ մոշի սեզոնը բացվում էր, շատ վաղ էինք արթնանում ու կանաչ, մեծ դույլերն առած՝ գնում էինք մոշ հավաքելու: Երբ դույլերը պռնկեպռունկ լցվում էին, մայրս տոպրակից հանում էր տատիս թխած բոքոնը, մեջը պանիր էր դնումԵս մինչեւ հիմա հիշում եմ խորոված սոկոնի համը: Գիտե՞ք, սոկոնը ինչ է:

Ես արագարագ կուլ եմ տալիս թուքս. գիտեմ` տղան մտածելու է, թե սոկոնի համն եմ հիշել, իսկ ես արցունքս եմ կուլ տալիս:

Տեսնում եք այս սպին, Պողոսի ախպրումն եմ ընկել: Խոզը բոթեց,- տղան բարբառ է խառնում խոսքին:

Երբ գիշերը ծոտը կանչում էր, մայրս ասում էր` իր կորած եղբորն է փնտրում:

Եղբայրը գնացել էր ջրի ու չէր վերադարձել: Ճի՞շտ եմ հիշում:

Դո՞ւք էլ գիտեք այդ հեքիաթը

Ես նկատում եմ, որ երիտասարդ նկարչուհին եկելնստել է ապակեպատ սրճարանի աթոռներից մեկին ու հայացքով ինձ է փնտրում:

Վերջին անգամ ե՞րբ եք եղել Բարեկամավանում,- հարցնում եմ տղային:

-11 տարի առաջ: Բայց մինչեւ զորամաս գնալս պիտի մի քանի ժամով տուն մտնեմ:

Ինձ էլ տարեք Ձեզ հետ,- ասում եմ,- ես էլ Բարեկամավանում տուն ունեմ: Պապիս տունը, վաղուց չեմ եղել այնտեղ:

Տղան չի զարմանում, ասես նախապես գիտեր, որ ես էլ եմ Բարեկամավանից:

Ումոնցի՞ց եք,- հարցնում է իսկական բարեկամավանցու պես: Ասում են` գյուղում շատ քիչ մարդ է մնացել, դռները փակ են, գիշերը հատուկենտ լույսեր են վառվում: Ձերոնք գյուղո՞ւմ են:

Ես բացասաբար շարժում եմ գլուխս.

Մի զորակոչ էլ սահմանամերձ գյուղերի համար պիտի անել: Պիտի մարդկանց զորակոչել սեփական ծննդավայրում ապրելու:

 

Քիչ հետո ես կսկսեմ զրուցել 22-ամյա նկարչուհու հետ, որը հաղթանակ է նկարել փթթած արեւածաղիկների տեսքով: Ու գուցե նրա նկարները ցուցադրվեն հենց այն զորամասում, որտեղ ծառայության կանցնի Ռուսաստանից եկած այս տղան, որի անունն անգամ չհարցրի, բայց փոխարենը իմացա, որ մենք նույն հող ու ջրի ծնունդ ենք ու մանկության տարիներին ծոտի մասին նույն հեքիաթն ենք լսել: Նույն հայրենիքն ունենք: Որտեղ զորակոչ է: Որտեղ, զինկոմիսարիատի աշխատակցի կարծիքով, ազգովի ենք զորակոչված:

 ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ