Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԸ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ ՈՒ ԳԱԳԱԹՆ Է



Սկիզբը՝ նախորդ համարում

-Պարոն Մանսուրյան, ո՞վ ենք մենք՝ հայերս, համաշխարհային քաղաքակրթության մեջ ի՞նչ տեղ, ի՞նչ կշիռ ունենք, ո՞ր հորիզոնականի վրա ենք հանգրվանել։ Այսօր ինքներս մեզ հաճախ հակասական, իրարամերժ բնորոշումներ ենք տալիս։ Ո՞վ ենք մենք՝ համաշխարհային քաղաքակրթության հիմնադիրներից մե՞կը, թե՞ ժամանակի զարգացումներից հետ ընկած եւ համաշխարհային քաղաքակրթության հետնաբեմում հայտնված ազգ… Մենք հանճարների՞ ազգ ենք, թե՞ մարդկային համակեցության տարրական բարեկրթությունը նոր-նոր սովորող ժողովուրդ։ Ո՞րն է Ձեր՝ ազգի մտավորականի եւ երկրի քաղաքացու կարծիքը։

-Եթե այդ երկու իրարամերժ գնահատականները կան, ուրեմն պիտի հաշվի նստենք դրանց հետ, հասկանանք դրանց ակունքը։ Այո՛, երբեմն մենք ընկնում ենք ինքնագովության էյֆորիայի մեջ, եւ դա շատ պարզ հոգեբանական հիմնավորում ունի. մենք մեծ արյունահեղության միջով ենք անցել։ Տերյանը գրում է.

Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,

Արեւի պես, երկի՛ր իմ, կվառվես վառման…

Սա ցեղասպանություն տեսած ու ապրող ժողովրդի զավակի պաթոս է, ծայրագույն քաջալերանք։ Երբ Արամ Խաչատրյանը աշխատում էր Լենինգրադի սիմֆոնիկ նվագախմբի հետ, մարդիկ նկատում էին, որ Խաչատրյանը գոռում է երաժիշտների վրա։ Բայց Լենինգրադի սիմֆոնիկի երաժիշտների վրա գոռալը, մեղմ ասած, սխալ էր, չէր կարելի։ Երբ փորձում են Խաչատրյանին բացատրել… նա պատասխանում է՝ ես չեմ գոռում, պարզապես ես բարձրաձայն եմ (я громкий)։ Խաչատրյանին ավելի լավ բնորոշում չես տա՝ громкий, ինչպես «Ջութակի կոնցերտը», «Սպարտակը»։ Մեծ, մոնումենտալ, հզոր, թափով։ Ցեղասպանություն տեսած ազգը պիտի ծներ Խաչատրյանին՝ իբրեւ հակակշիռ ոչնչացման սարսափի, վախի, նվաստացման… Ու հետո այդպես պիտի ապրեր՝ ինքնամեծար, հուժկու, բարձրաձայն։ Մենք եղել ենք արեւմտյան ու արեւելյան մշակույթների խաչմերուկում, Հայաստանը արեւելքի եւ արեւմուտքի խառնարան էր եւ, հրաշալիորեն սնվելով այդ երկու ակունքից, աշխարհին է ներկայանում ապշեցուցիչ հարուստ ու ինքնատիպորեն գեղեցիկ։ Երբ լսում ես Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը», ապշում ես՝ ինչպես կարող է ջութակը այդպես միանգամից ու այդքան հայերեն խոսել։ Բայց երբ լսում ես Կոմիտասի պատարագը կամ միջնադարյան շարականները, երես առ երես հանդիպում ես գենիդ առեղծվածին, ակունքիդ հարստությանը, ազգիդ մշակութային հզոր ժառանգությանը։ Մեր հիմքերը շատ խորն են, երբեմն առեղծվածային ընդգրկուն։ Կգա մի օր, երբ մենք կխաղաղվենք։ Երբ մեր ցավերը, կարոտները, վախերը, իրոք, կդառնան անցյալ, երբ մեր պատմության սարսափները չեն շնչի մեր կողքին։ Այդ ժամանակ կգա ինքնաճանաչ, վստահ ու տաղանդավոր մի սերունդ, կբերի գիտելիք, արվեստ, ճաշակ։ Ես վստահ եմ, որ մենք փառահեղ ապագա ենք ունենալու։ Տարրական բարեկրթության մասին խոսակցությունն այնքան չնչին է մեր մշակութային հիմքերի եւ հոգեւոր ժառանգության կողքին։ Մենք այնքան մեծ «բագաժով» ենք գալիս։

-Մեր արվեստագետները դրսում են ստեղծագործում, արտագաղթը ոգեզրկում է երկիրը…

-Ոգեզրկո՞ւմ է, ասում եք։ Հայաստանի պետական սահմաննե՞րն են մեր ոգու սահմանները։ Հայաստանն այնքա՜ն ուժեղ է, հայկական հողը այնքա՜ն մեծ ձգողականություն ունի, որ անհնար է հեռանալ դրանից։ Եթե արվեստագետի մեջ գոնե մի կաթիլ հայկական արյուն կա, նա չի կարող «ազատվել» հայրենիքից, նա հայրենիքն իր մեջ է ստեղծագործելու՝ գրելու, նվագելու, նկարելու, երգելու՝ որտեղ էլ ապրի։ Չորս պատերը, որտեղ քնում ես, ճաշում, ընդամենը կացարան են, հայրենիքը տուն է, օջախ։

Ինձ միշտ ապշեցրել է հայ մարդու մշակութային բնատուր հղկվածությունը։ Հայ պարզ, կրթություն չունեցող գեղջուկը հակված է դեպի բարձր արվեստը, հարգանք ունի բարձր արվեստի հանդեպ։ Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմում մի շատ բնորոշ տեսարան կա. դարբինները ինչպիսի՜ խորին ակնածանք ունեն փոքրիկ տղայի ջութակից հնչած երաժշտության հանդեպ, քանի որ «ան գիտությունով կչալե»։ Այդպես է՝ մենք գիտություն, գիրք, արվեստ, մշակույթ սիրող ենք։ Տեսեք, Գյումրին մի փոքրիկ գավառական քաղաք է, բայց ինչ անուններ է ծնել։ «Անուշ» օպերան առաջինը Գյումրիում է ծնվել ու բեմադրվել։ Արհեստավոր գյումրեցին գնացել է օպերա լսելու։

-Դուք ամեն տարի գալիս եք Հայաստան ու տարվա կեսը անցկացնում եք հայրենիքում։ Ի՞նչն է Ձեզ բերում Հայաստան, կարո՞տը, թե՞ նաեւ գործնական ծրագրերը։

-Ես ոչ թե ամեն տարի գալիս եմ Հայաստան, այլ ամեն տարի գնում եմ արտերկիր։ Հայաստանում եմ ապրում, իսկ արտերկիր եմ գնում գործնական ծրագրեր իրականացնելու։ Արտերկրում տարբեր պատվերներով ես գրել եմ ստեղծագործություններ, հրատարակվել եմ։ Իմ ստեղծագործությունները հնչել են ամենահեղինակավոր նվագախմբերի եւ երաժիշտների կատարմամբ։ Ձեռք եմ բերել հրաշալի ընկերներ, որոնք միացել են իմ երաժշտությանը։ Աշխատել եմ «Հիլիարդ» անսամբլի հետ, որը կատարեց Ներսես Շնորհալու «Յոթ աղոթքներ» շարքը։ Աշխատել եմ աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսի հետ։ Ունեցել ենք կոնցերտ Քիմ Քաշքաշյանի եւ Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։

-Ինչի՞ մասին է Ձեր «Երեք արիա՝ երգելու համար Արարատին բացված պատուհանից» ստեղծագործությունը։

-Հայ մարդու հայացքը Արարատին է, իր կորցրած հայրենիքին։ Մենք ազգովի նայում ենք Արարատին։ Արարատը մեր կենսագրության մեծագույն ողբերգության խորհրդանիշն է, մեր ապրումների, մեր… մեծության խորհրդանիշը։ Քյոլնի BDR հեռուստատեսության պատվերով՝ ես գրեցի «Կոնցերտ թավջութակի համար», որը հնչեց ապրիլի 24-ին։ Այն վերնագրված էր «Ո՞ւր է Աբել՝ եղբայրը քո»։ Սա առաջին մարդասպանին՝ Կայենին, Աստծո ուղղած հարցն էր, որը հնչելու է միշտ, ուղղվելու է յուրաքանչյուր մարդասպանի։ Ու այդ հարցը ավելի հուժկու է հնչում, երբ ուղղված է մի ամբողջ մարդասպան՝ ցեղասպան ազգի։

Նոյեմբերին Մյունխենի նվագախումբը եւ Բեռլինի երգչախումբը կկատարեն իմ «Ռեքվիեմը»։ Ես այն նվիրել եմ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

-Որո՞նք են մեր պատմության վերջին քսանամյակի ամենանշանակալի իրադարձությունները։

-Հարկավ, առաջինը անկախությունն է։ Չեք պատկերացնի` անկախությունն ինչ պարգեւ է մի ստեղծագործողի համար, որը սովետի տարիներին «невыездной» է եղել։ Արվեստը ստրատեգիական նորմերով չի գոյանում: Իսկական արվեստը երբեք գաղափարախոսության կրող չէ: Գեղեցիկի արարման դրդապատճառներն առեղծվածային են, մեկ էլ տեսար՝ հպվել ես հավերժությանը: Բայց հենքն ազատությունն է: Ի վերջո ժամանակն էր, որ տեսնեինք մեր պատկերը քաղաքակիրթ աշխարհի հայելում ու ձերբազատվեինք «վարժապետական» արվեստագետի կեցվածքից:

-Որքանո՞վ են առնչվում արվեստագետի ասելիքն ու իր ապրած ժամանակաշրջանը։

-Այսօր ես չեմ կարող խոսել 10 տարի առաջ հայտնաբերած ճշմարտություններից: Ես աշխարհը բացահայտում եմ ամեն ժամ: Հայտնի դիրիժոր Բրունո Վալտերը խոստովանում էր, որ Մոցարտի հետ յուրաքանչյուր հանդիպում հայտնություն է իր համար: Ստեղծագործելիս մարդը պետք է հանդիպի իր շնչառությանը եւ մանավանդ` ճշմարտության մասին խոսելիս տարբերի իրականությունը պատրանքից: Արվեստը չի լուսանկարում արտաքին աշխարհը: Չարենցն ասում էր` ես չեմ, իմ ոգին է երգում. ոգին գոյանում է ու երգում բոլորովին այլ բաների մասին: Իմպրեսիոնիստները դրախտ էին նկարում, երբ մերկ էին ու սոված: Մանեն, Ռենուարը գունազարդում էին աշխարհը, սա էր նրանց ստեղծագործական հավատամքը: Մարտիրոս Սարյանը ծաղիկներ էր նկարում Եղեռնի ժամանակ: Ի՞նչ է, նա պետք է ջարդ ու արյուն նկարեր ժամանակավրեպ չկոչվելու համար: Նույն ժամանակ Կոմիտասը զբաղված էր ձայների տիեզերքով: Ես հասկանում եմ ձեր միտքը…

-Ես ուզում եմ մերօրյա «Վարդանանք», հերոսական արվեստ, պոռթկում:

-Իսկ ես հոգնել եմ պաթետիկ աղմուկից, որ կարող է այնքան կեղծիք կուտակել իր մեջ: Ես ուզում եմ ճշմարիտ արվեստ, խորքային արվեստ: Ես ընդհանուր ոչինչ չունեմ պոպուլիզմի մարդկանց հետ: Ժամանակին Բեթհովենին 30 մարդ է լսել, դա եղել է իր սալոնը, որը հետագայում ընդարձակվել է, մեծացել: Այս բաներն ինձ Արամ Խաչատրյանն էր ասում… Հայաստանում չի ձեւավորվել բուրժուազիան` իր բարձր կենցաղով։ Պոպուլիզմի վրա աճած սիմֆոնիկ ռաբիսը, ըստ էության, նույն ռաբիսն է:

-Ի՞նչ տվեց Արցախյան պատերազմի հաղթանակը Ձեզ՝ որպես արվեստագետի։

-Արցախյան պատերազմի հաղթանակը անկախության ամենամեծ նվերն էր։ Մի շատ լավ կոմպոզիտոր կար՝ Սերգեյ Բալասանյանը, Արցախից էր, Մոսկվայում էր ապրում։ Դեռեւս խորհրդային տարիներին պատմում էր, որ մոսկվայաբնակ արցախցի մտավորականները պարբերաբար հավաքվում էին ու զրուցում Ղարաբաղից։ Նրանց մեկտեղում էր ցավը՝ կորցրած հայրենիքի զգացողությունը։ Այդ ցավը իմ ընտանիքում էլ կար. կինս՝ Նոնան, արմատներով Շուշիից էր, ջարդի ժամանակ հարազատներ էր կորցրել։ Երեխաներս ազատագրված Արցախում վերագտան իրենց հիմքերը։ Իսկ հիմքը ամենակարեւորն է, առանց հիմքի ամեն ինչ կփլուզվի։ Վերջերս Արցախում էի։ Որպես տուրք կնոջս հիշատակին՝ այցելեցի նրա ծննդավայր Շուշի։

-Ինչպե՞ս էր ապրում արցախցին։

-Դժվարությամբ հայրենիք էր կառուցում, դժվարությամբ սահման էր պահում, բայց հուսավառ էր, տոկուն, կենսալի։

-Իսկ բանա՞կը, զինվո՞րը… Մեր ուժը սահմանին է…

-Բանակը ամենակարեւորն է։ Բանակը պետականության հիմքն է ու գագաթը, բանակը մեր հավաքական բարոյականությունն է, մեր հավաքական քաջությունը, մեր հավաքական ուժը։ Հիշում եմ՝ սովետի տարիներին Շիրազը արագ-արագ մոտենում էր մարդկանց մեկ այս, մեկ այն խմբին ու ցածրաձայն մրթմրթում էր՝ բանակ չունենք, բանակ չունենք, բանակ չունենք։ Հիմա բանակ ունենք, պատերազմում հաղթած բանակ։ Այսինքն՝ հերոսությունը, քաջությունն ու անձնվիրումը իբրեւ չափանիշ ունեցող բանակ։ Ես առաջին անգամ ազգային բանակի զորամասերում շրջեցի սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ։ Երբ տեսա մեր զինվորին, հասկացա, որ նա պիտի երգի «Ես իմ անուշ Հայաստանին»՝ իբրեւ իր հոգու երգ, իբրեւ երդում, իբրեւ սեփական ուժի գիտակցում։ Վերադարձա Երեւան, եւ մի քանի օր անց ծնվեց «Ես իմ անուշ Հայաստանի» քայլերգ-հիմներգը։

…93-ին, երբ մեր կոնսերվատորիայի ռեկտորն էի, մի շատ լավ ուսանողուհի ունեի՝ արցախցի Սարինա Ավթանդիլյանը։ Հիմա իր երգչախումբն ունի, ու հայ երգը տարածում է աշխարհով։ Գիտեք՝ այդ երիտասարդ աղջիկը ի՜նչ անմարդկային դժվարությունների միջով անցավ, պատերազմում կորցրեց ամուսնուն, մնաց մենակ փոքրիկ երեխայի հետ, բայց չնահանջեց, չհանձնվեց ու հիմա հիացնում է աշխարհին իր երգչախմբի կատարումներով։ Զրույցի սկզբում հարցրիք սկսնակ արվեստագետին խանգարելու ու հնարավոր դժվարությունների մասին։ Ես Սարինա Ավթանդիլյան տեսակին եմ հավատում։ Նա երկրի զավակ է։ Ես սահման պահող զինվորին եմ հավատում, մեր երեխաների ծիծաղը, մեր սրբությունները պաշտպանող զինվորին։ Ես հայրենիքի զինվոր տեսակին եմ հավատում ու միայն նրա առաջ եմ խոնարհում գլուխս՝ որպես ակնածանք ու պաշտամունք։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.` ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #29 (894) 27.07.2011 – 3.08.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


03/08/2011