Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔ
ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔ

ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔՀատվածներ «Հայ հերոսուհի կանայք» գրքից

 Սկիզբը՝ նախորդ համարներում

 Աննա Մայրիկն իր վեց որդիներին էլ դաստիարակել էր նախնիների սրբազան սկզբունքներով և ազգային գաղափարներով, որոնցից ամենանվիրականը հայրենիքի ազատությունն էր: 1900 թվականին՝ ամուսնու մահից հետո, Աննա Մայրիկը կարգադրել էր, որ անդրանիկ որդին` Աբրահամը, գյուղապետ դառնա, Գալուստը հեղափոխական գործերով զբաղվի, երրորդ տղան` Գևորգը, ուսուցչություն անի Ահրոնքի մեջ, իսկ երեք կրտսերները, այդ թվում` Կ. Սասունին, Պոլիս մեկնեն՝ ուսանելու: Զգալով թուրքքրդական հարձակումների վտանգը՝ նա խորհուրդ էր տվել զենք կուտակել:

Աննա Մայրիկը ակտիվորեն մասնակցել էր նաև 1904 թվականին Սասունի ապստամբությանը՝ իր Գալուստ և Աբրահամ որդիների հետ միասին: Ապստամբության պարտությունից հետո, երբ Գալուստը ձերբակալվել էր, շրջանի ղեկավար էր դարձել Աննա Մայրիկը և տղայի վրեժը լուծել: Նրա հրահանգով Ահրոնքի սահմաններին մոտեցող թշնամին կանգնեցվել ու հետ էր շպրտվել, որից հետո շրջակա հայկական գյուղերը ևս մնացել էին անձեռնմխելի:

Աննա Մայրիկը կազմակերպել էր նաև շրջանի կանանց, քանի որ նրանց տղամարդկանց մեծ մասը կա՛մ բանտարկված էին, կա՛մ ապաստանել էին լեռները, ուստի գործելու դեպքում անմիջապես կասկած կառաջացնեին: Այդ ժամանակներում կանանց գործունեության մասին Կ. Սասունին վկայում էր. «Այդ դաժան տարիներուն կիները գործի լծուած էին: Անոնք բնազդօրեն բռնուած էին իրենց կորսնցուցած կամ բանտարկուած այր մարդոց տեղը: Այդ կեանքի ընթացքին, ոչ միայն իրենց գիւղին մէջ դեր մը կը կատարէին, այլեւ կօգնէին յեղափոխական գաղտնի գործին` ամէն վտանգ աչք առնելով: Եւ այս երեւոյթը ուշագրավ է Տարօնի բոլոր շրջաններում մէջ»: Կ. Սասունին ավելացնում է. «Աննա Մայրիկը Գալուստի բանտարկութենէն ետք, աւելի ընդարձակեց իր ժողովրդական գործունեութիւնը կիներու օգնութեամբ:

Տղամարդիկ հեռու կը մնային կառավարական գործերէն. ոմանք իբր թե ուրիշ վայրեր մեկնած էին աշխատելու համար, ոմանք ալ լեռը գիւղական աշխատանքներ ունէին: Կը մնային քիչ թիւով ծերեր եւ պատանիներ: Կիները մէջտեղ կուգային տուրքը վճարելու կամ պատասխան մը տալու:

Այդ տարիներուն Աննա Մայրիկը շատ յաճախ կիներու ընկերակցությամբ բողոքի կերթար Փասուր՝ կառավարական կեդրոնը, երբեմն ալ այս ու այն պաշտօնեային դէմ բողոքի հեռագիրներ կուղղեր Պոլիս:

Եւ երբ կը պատահէր, որ գայմագամը պաշտօնանկ ըլլար, ասիկա կը վարագուրէր Աննա Մայրիկի հեռագիրներուն:

Կիներու այս ժխորը ցոյցի բնոյթ կառնէր: Անոնք շատ յաճախ կը պոռային պաշտօնատարներու երեսին, թե «Մեզ կախեցէք կառավարության շէնքին առջեւ, որպէսզի ազատուինք այս անտանելի վիճակէն…»: Ու այսպիսով, երբեմն գիւղերու ծանր վիճակը կը թեթեւցնէին»:

1908 թվականի ապստամբությունից հետո Գալուստը բանտից ազատվել էր: Մոր թելադրանքով տղան շարունակել էր շրջանները զինելու գործը՝ ինքնապաշտպանության պատրաստ լինելու նպատակով: Աննա Մայրիկի և Վարդան վարդապետի վեճերը շարունակվել էին: Աննա Մայրիկը մեղադրել էր վարդապետին, որը, թուրքերին հավատալով, ժողովրդին հեռու էր պահել մարտական վիճակից, կոչ չէր արել զինվելու, թեկուզ գաղտնի չէր հրահանգել նրանց: Վարդապետը պատասխանել էր, որ ժամանակները փոխվել են, պետք չէ կատաղեցնել գազանին, պետք է սպասել, մինչև որ նոր լույս կբացվի:

Ինչպես վկայեցին հետագա դեպքերը, Աննա Մայրիկը երիցս ավելի ճիշտ էր ու հեռատես: 1915 թվականին այդ հերոսուհի հայուհին ու Մեծ մայրը երեխաների հետ ձերբակալվեց: Մեծ եղեռնի օրերին չհամաձայնելով Վարդան վարդապետի հնազանդության կոչերին` որոշել էր իր 6 որդիների հետ կռվել մինչև վերջ: Սակայն զենքի բռնագրավումից հետո բանտ էր նետվել և իր երեք որդիների հետ Բիթլիս տանող ճանապարհին նահատակվել չարագործ ու արնախում թուրքերի ու քրդերի կողմից:

«Ինչպէս փարաւոնական տաճարի մը մէջ օպելիքս մը բարձր ու անհասանելի կոթող մըն է, նոյնպէս ալ Աննա Մայրիկ մեր գաւառական յեղափոխական հայուհիներու փաղանգին անուրանալի մեծութիւններէն է: Ան իր հայրենասիրութեամբ, քաջութեամբ, ինչպէս նաեւ ամուսինին ու զաւակներուն կողքին իր գաղափարական նուիրումին համար միշտ օրինակ պիտի ծառայէ գալիք սերունդներուն»,- գրել է Կարո Սասունին:

Հայոց գողգոթայի ճանապարհին մահացավ հայդուկ Սաքոյի կինը՝ Մարիամը: Վերջինս աչքի է ընկել 1894 և 1904 թվականների Սասունի ինքնապաշտպանական կռիվների ժամանակ: Ականատեսների վկայությամբ՝ քաջալերել է հայ կռվող ֆիդայիներին՝ դիպուկ կրակելով, դիրքից դիրք թռչելով, երկար լաչակը օդի մեջ ծածանելով և հեղափոխական երգեր երգելով: Մարիամի տունը ապահով թաքստոց էր ազատագրական պայքարի մարտիկների համար: Բազմիցս անվախ հայուհին նրանց պատսպարել, մահից փրկել է, նույնիսկ ուղեցույցի դեր կատարելով՝ նրանց ապահով վայրեր է առաջնորդել:

1904 թ. Սասունի ինքնապաշտպանական կռիվների հերոսուհիներից էր գելիեգուզանցի Հռիփսիմե տատիկը (Ըռփո Տայո): Նա 70-ն անց, կուրացած կին էր: Ամուսինը՝ Ավոն, Աղբյուր Սերոբի հայտնի ֆիդայիներից էր, որն սպանվել էր քրդերի կողմից: Իր նահատակ ամուսնու փափագի համաձայն՝ Հռիփսիմեն կամ Ըռփոն բոլոր ֆիդայիների Տայոն կամ Մայրիկն էր: Նա շատ սուր լսողություն ուներ: Ականջը միշտ լեռների կողմն էր, որտեղից գալիս էին ֆիդայիների ձայներ: Նրա կյանքի իմաստը ֆիդայիներին ծառայելն էր: Յուրաքանչյուր ֆիդայու ճանաչում էր իր ձայնից: Նա բոլոր ֆիդայիների սիրելի և հոգածու մայրն էր: 1904 թվականի Սասունի ապստամբության օրերին, երբ կռիվը մոտեցել էր Տալվորիկին, Ըռփոն ուշադրությամբ հետևել էր հրացանաձգությանը և զանազանել ֆիդայիների և թշնամիների հրացանների ձայները: Քաջասիրտ Տայոն կարգադրել էր, որ կանայք ապահովության համար լեռ բարձրանան, վիրավորներին տեղափոխել էր տվել ձորակի մեջ՝ ապահով վայր, որտեղ իր պատրաստած դեղերով խնամել էր նրանց: Կռիվների օրերին կանանց հետ միասին սննդամթերքի պաշար էր հավաքել ու բարձրացել Սիմ (Կուրտիկ) լեռը՝ միանալով ինքնապաշտպանության կազմակերպիչներին: Նա որոշել էր ոչինչ չթողնել թշնամու ձեռքը: Հրդեհելով իր տունը և քանդելով մահացած ամուսնու հողաթումբն ու տոպրակի մեջ լցնելով նրա աճյունի մնացորդները՝ պաշարված վիճակում, մի ձեռքով աղջկա ձեռքից բռնած, մյուսով՝ ամուսնու նվիրական աճյունը՝ իրեն ցած էր նետել բարձր ժայռից: Նրան հետևել էին ուրիշ կանայք, որոնց համար ընտանեկան պատիվը վեր էր ամեն բանից:

Սասունցի հերոսուհիներից էր Մշո Ղարս գյուղացի Զրեն, որը Սիմոն պապիս եղբոր՝ Խաչոյի կինն էր: Նա աչքի է ընկել քաջությամբ, հանդգնությամբ և վճռականությամբ, կազմակերպել է շրջանի կանանց խմբեր՝ մարզելով նրանց:

Պատահական չէ, որ նրանցից յուրաքանչյուրն իր անելիքը գիտեր և երբեք խուճապի չէր մատնվում: 1905 թվականին Ղարսի կռվի ժամանակ, երբ Գևորգ Չաուշին թակարդի մեջ էր գցել պաշարող թշնամին, կռվի մասնակցող Զրեն, նկատելով թուրք սպա (կապիտան) վիրավոր Սուլեյմանին, որը փորձել էր Գևորգ Չաուշի վրա կրակել, կայծակնային արագությամբ հարձակվել էր թուրքի վրա, խլել թուրը` տեղն ու տեղը սպանելով նրան: Ապա թուրը գլխավերևում պահած՝ ոգևորել էր ֆիդայիներին, կանանց խմբին նոր գրոհի տարել և հաղթանակով ավարտել մարտը: «Ամբողջ գիւղը ոտքի վրայ էր. նույնիսկ կիները տուներէն դուրս ելած՝ կռուին կը մասնակցէին: Օրիորդ Զրէն սպանւած Սիւլէյման կապիտանին թուրն առած կը հարձակէր թշնամիին վրայ: Այս իրարանցումը 15 րոպե չէ տեւած, բայց գիւղացիները խլէր են 100-ի չափ հրացաններ, փողոցներուն մեջ պառկեցուցեր են 224 սպայ և ոստիկանական բարձր պաշտոնեայ եւ 60-ի չափ ալ պարզ զինուոր»,- գրում է Ռուբենը իր հուշերում:

1915 թվականին Մեծ եղեռնի օրերին նա մասնակցել է ինքնապաշտպանական մարտերին: Զրեն խմբապետուհի Ռպեի (Ռբեի) հետ միասին (նրա հարսն էր՝ տղայի կինը) կռվել է թուրքական զորքերի և քրդական խուժանի դեմ և նահատակվել Անդոկ լեռան փեշերին թշնամու արկի պայթյունից:

Իրենց մարտունակությամբ աչքի են ընկնել ոչ միայն սասունցի, հատկապես շենիկցի երիտասարդ կանայք ու աղջիկները, այլև տարեց կանայք: Այսպես, օրինակ, կանայք ամռանը Կուրիկ (Սիմ) լեռն են բարձրացել՝ անասունները ամառանոց տանելու, իսկ տղամարդիկ մեծ մասամբ մնացել են գյուղում՝ զբաղվելով դաշտային աշխատանքներով:

1914 թվականի ամռանը զինված 35 քուրդ եկել էր շենիկցիների ամառանոցը: Ըստ սովորության՝ կանայք նրանց հյուրասիրել էին կաթով, մածունով, թանապուրով ու պանրով: Ուտելխմելուց հետո քրդերն անպատվել էին հայ կանանց հյուրասիրությունը՝ 7 գդալ գողանալով: Այս նկատելով՝ տանուտեր Մոսեի ծերունի մայրը, զինված քրդերի առջև ընկրկելու փոխարեն, խիստ խոսքերով հանդիմանել էր գդալները գողացող քրդերին և պահանջել վերադարձնել, սակայն վերջիններից մեկն ապտակել էր ծեր կնոջը: Այս տեսնելով՝ կանայք հարձակվել էին քրդերի վրա, զինաթափել ու ստիպել էին վերադարձնել գդալները: Դրանից հետո էր միայն հաշտություն կնքվել: Սասունցի կանանց համար անհանդուրժելի էր դարավոր սրբությունները ոտնահարող պիղծ թշնամին: Զարմանալի չէ, որ նրանք պատվավոր մահը գերադասում էին գետնաքարշ կյանքից:

Երբ թուրք պաշտոնյաները սպանված իշխան Գրգոյին փոխարինած Միքայելին Մուշի բանտ են նետել, զայրացած շենիկցի կանայք Մուշ են ներխուժել` ստիպելով իրենց իշխանին ազատ արձակել: Հայդուկային պայքարի հայուհիների մի մասի վերաբերյալ մեզ քիչ տեղեկություններ են հայտնի: Հայտնի են միայն նրանց անունները և գործելու վայրերը: Այսպես՝ Սարգիս Կուկունյանի խմբում կռվել է հերոսուհի Մաքոն, Էյոփրի Քյոյում երկար տարիներ գործող Գրիգոր ՏերՄկրտչյանի հայդուկային խմբում կռվել է Մարիամ Մակարյանը: Վերջինս հայտնի էր Մարո անունով, Մարզվանում հայտնի ֆիդայուհի էր Մարինոսը, ով գործել է Շմավոնի հետ:

Հայտնի հայդուկ էր Ագապին: Նա քաջասիրտ Տուրբախի կինն էր: «Ագապի,- նկարագրում էր նրան ժամանակակիցը,- յեղափոխական խառնուածքով նուիրեալ հայուհի մըն էր…, իր արիութեամբ եւ հայրենասիրութեամբ արժանի զոյգն էր Տուրբախին: Ան իր ամուսնոյն պէս զէնքի սիրահար, գիտէր նաև գործածել զայն յարմարն վայրկեաններուն»:

 Շարունակելի