Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՔԱՅԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ 12-ԱԿԻ ՀԱՂԹՈՂ



ԱՐՔԱՅԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ 12-ԱԿԻ ՀԱՂԹՈՂ* Իտալիայի 33-ակի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ու Իսպանիայի 33-ակի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» հունիսի 3-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի «Միլենիում» մարզադաշտում (Ուելսի Ազգային մարզադաշտ, 74500 տեղ) վիճարկեցին Չեմպիոնների լիգայի գավաթը:

* Մինչեւ եվրոպական Չեմպիոնների գավաթի խաղարկության անվանափոխումն ու ձեւաչափի փոփոխությունն այդպիսի նվաճում ունեցել է միայն իտալական «Միլանը», որը գավաթը երկու անգամ անընդմեջ նվաճել է 1989թ.-ին եւ 1990թ.-ին:

* «Ռեալն» ու «Յուվենտուսը» հանդիպեցին 19-րդ անգամ: 8 անգամ հաղթել է «Ռեալը», 8 անգամ՝ «Յուվենտուսը», 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում առաջիկա մրցակիցները նախկինում հանդիպել են 1 անգամ: 1998-ին Ամստերդամում Պրեդրագ Միյատովիչի միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է Արքայական ակումբը: «Յուվենտուսի» կազմում էր այն ժամանակ հանդես գալիս «Ռեալի» ներկա գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, որը հետագայում Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճեց «Ռեալի» կազմում (2002թ.):

* Նախորդ անգամ թիմերը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում հանդիպել են 2015-ին: Կիսաեզրափակիչում «Յուվենտուսը» դուրս թողեց «Ռեալին»: Թուրինում իտալական թիմը հաղթեց 2:1 հաշվով: Դաշտի տերերից աչքի ընկան Մորատան ու Տեւեսը, իսկ Մադրիդում պատասխան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: «Յուվենտուսի» կազմում դարձյալ աչքի ընկավ իսպանացի Մորատան, որն այժմ «Ռեալում» է: Եզրափակիչում «Յուվենտուսը» 1:3 հաշվով պարտվեց «Բարսելոնային»:

* «Յուվենտուսը» Չեմպիոնների գավաթը նվաճել է 2 անգամ՝ 1985թ.-ին եւ 1996թ.-ին եւ 6 անգամ պարտվել եզրափակիչներում:

* «Ռեալը» միակն է, որը 11 անգամ դարձել է Չեմպիոնների գավաթակիր: Եզրափակիչներում պարտվել է 3 անգամ: Նախորդ անգամ դա տեղի է ունեցել 1981 թվականին՝ 0:1 հաշվով «Լիվերպուլին»:

* Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի փլեյ-օֆֆում «Յուվենտուսը» 1/8 եզրափակիչում դուրս թողեց «Պորտուին»՝ հաղթանակ տանելով երկու հանդիպումներում էլ՝ 1:0, 2:0:

* Քառորդ եզրափակիչում իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հնարավորություն չտվեց «Բարսելոնային»՝ 3:0, 0:0: Կիսաեզրափակիչում Իտալիայի չեմպիոնները զգալի առավելություն ունեին նաեւ Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյի» նկատմամբ՝ 2:0, 2:1:

* «Ռեալն» ավելի բարդ պայքարում հասավ եզրափակիչ: 1/8 եզրափակիչում Զիդանի գլխավորած թիմը գերազանցեց իտալական «Նապոլիին»՝ 3:1, 3:1: Քառորդ եզրափակիչում մրցակիցը Արքայական ակումբի նախկին գլխավոր մարզիչ, իտալացի Կարլո Անչելոտիի ղեկավարած Մյունխենի «Բավարիան» էր, որը տանը պարտվեց 1:2 հաշվով, իսկ Մադրիդում պայքարը հասցրեց լրացուցիչ ժամանակ, սակայն դարձյալ պարտվեց՝ 2:4:

* Կիսաեզրափակիչում տեղի ունեցած մադրիդյան դերբիում «Ռեալը» հաղթահարեց «Աթլետիկոյի» արգելքը՝ տանը հաղթելով 3:0 հաշվով, հյուրընկալվելիս պարտվելով 1:2:

* Հունիսի 3-ին Արքայական ակումբը 4:1 խոշոր հաշվով ջախջախեց «Ծեր սինյորային»՝ դառնալով Չեմպիոնների լիգայի տիտղոսը պաշտպանած առաջին ակումբը:

* Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլ ձևակերպեց «Յուվենտուսի» դեմ հանդիպմանը՝ ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում իր գոլերի քանակը հասցնելով 12-ի:

* Հատկանշական է, որ խմբային փուլում պորտուգալացին միայն երկու գոլ էր խփել, սակայն փլեյ-օֆֆը պարզապես ֆանտաստիկ ստացվեց: Կրիշտիանուն 5 գոլ խփեց «Բավարիայի» դեմ խաղերում, 3-ը՝ «Աթլետիկոյի» դեմ, 2-ը՝ «Յուվենտուսի»:

Խորագիր՝ #22 (1193) 07.06.2017 - 13.06.2017, Մարզաշխարհ


07/06/2017