Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԶՈՐ ՈՒ ԱՐԴԱՐ ԵՐԿՐԻ ԵՐԱԶԱՆՔՈՎ
ՀԶՈՐ ՈՒ ԱՐԴԱՐ ԵՐԿՐԻ ԵՐԱԶԱՆՔՈՎ

ՀԶՈՐ ՈՒ ԱՐԴԱՐ ԵՐԿՐԻ ԵՐԱԶԱՆՔՈՎՀաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի նախագահի նստավայրում պարգեւատրման հանդիսավոր արարողություն էր:

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության եւ խիզախության համար մի խումբ զինծառայողներ, ազատամարտիկներ եւ կամավորականներ արժանացան պետական բարձր պարգեւների: Հայրենի հողի պաշտպանությանը կյանքը նվիրաբերած Զաքար Ավանեսյանի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանն էլ հանձնեցին հերոսի մորը` Կարինե Ավանեսյանին:

 

25 տարի առաջ այս օրերին կենաց ու մահու կռիվ էր հայրենի սահմաններում։ Վտանգված էր էս աշխարհում մեզ բաժին հասած մի բուռ հողը, ու թշնամու դեմ կանգնեց ազգի սերուցքը։ Նրանցից մեկն էլ Զաքար Ավանեսյանն էր։

Զաքարենց բնակարանում եմ, որն այն տարիներին վերածվել էր զինապահեստի, ինչ տեսակ զենք ասես չի մտել այս բնակարան։ Զաքարի մայրը՝ տիկին Կարինեն, պատմում է հերոս որդուց, սեղանին թղթեր են, թերթեր, գրքեր, մեդալներ։ Հպարտություն ու հուզմունք խառնվել են, հոգին ալեկոծվել է. «Ուզում եմ հայրենասիրությունն արմատանա, հավատը ամրանա, պահենք ու պահպանենք, գնահատենք այն ամենը, ինչն ունենք, այն, ինչ ձեռք ենք բերել թանկ ու հարազատ մարդկանց կյանքի գնով ու չմոռանանք նաև հիշել հայրենիքի համար բոլոր զոհվածներին…»:

Զաքար Ավանեսյանը ծնվել է 1970թ. մայիսի 13-ին, Հադրութի շրջանի Հադրութ ավանում, իրավաբանի ընտանիքում։ Հետաքրքրասեր, աշխույժ ու չափազանց ընդունակ էր։ Ու ծնողներն էլ ամեն ինչ անում էին, որ իրենց առաջնեկն է՛լ ավելի զարգացնի ընդունակությունները. 5 տարեկանում արդեն հայերեն և ռուսերեն վարժ գրում ու կարդում էր։ 1977թ. հաճախեց Երևանի ՆարԴոսի անվան N 14 դպրոց, այստեղ է՛լ ավելի ընդգծվեց նրա բացառիկ անհատականությունը։ Զաքարին բոլորն էին սիրում. անսահման բարի էր, կամեցող, ընկերասեր, պարզ ու շիտակ, անմնացորդ նվիրվող, օժտված կազմակերպչական մեծ ունակություններով։ Որոշել էր իրավաբան դառնալ։ Հավատում էր, որ միայն իսկական իրավագետը կարող է աշխարհը մաքուր պահել մարդկային արատներից։ «Առաջավոր երկրներում օրենքն է կարգավորում մարդկային հարաբերությունները։ Մարդն այնտեղ ենթարկվում է օրենքին։ Իսկ մեզ մոտ մարդը, առաջին հերթին` պաշտոնյան, կանգնած է օրենքից վեր։ Նա է տնօրինում մարդկանց, հասարակության ճակատագիրը։ Այստեղից էլ՝ կամայականությունն ու այլանդակությունը, օրենքներով չառաջնորդվող հասարակության նեխումը, շարքային մարդկանց հավատի կորուստը իշխանությունների և օրենքների նկատմամբԻմ երազանքն է դառնալ իրավաբան, օգնել հասարակությանը, ընդունել կյանքը կարգավորող օրենքներ և նպաստել դրանց անթերի կատարմանը». գրել է 17-ամյա Զաքարը ավարտական դասարանում «Իմ երազանքը» թեմայով շարադրությունում։ Նա իր ներաշխարհով, իր գիտելիքներով, իր խառնվածքով ու ընկալումներով ավելի հասուն էր ու խորագիտակ, քան հասակակիցները։

Ընդունվեց Ստավրոպոլի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Թվում էր՝ վերջ, ամեն ինչ սահուն կընթանա, բոլոր փայփայած նպատակները կիրագործվեն, բայց հարազատ հողհայրենիում խառը ժամանակներ էին, ազգային պայքարը զարթոնք էր ապրում։ Կարող էր հեռվում հանգիստ ու բարեկեցիկ կյանքով ապրել, շատերն այդպես կվարվեին, բայց ոչ Զաքարը. աչքից հեռու էր հայրենիքը, բայց ոչ սրտից։ Նա չէր կարող հայրենիքի ճակատագրի հանդեպ անտարբեր լինել։ Վերադարձավ, մտավ արցախյան թոհուբոհի մեջ։ Միաժամանակ ընդունվեց Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ։ Ուզում էր իր ժողովրդի պատմական անցյալն ավելի կատարյալ իմանալ (ու հենց ինքը՝ պատմության ֆակուլտետի ուսանողն իր նման նվիրյալների հետ լրացրեց մեր պատմության հերոսական էջերը։ Ցավոք, կյանքի գնովԻնստիտուտում հայրենասիրական կրակոտ ելույթներով էր հանդես գալիս, սակայն այդ ժամանակ օմօնականները հետևում էին շարժման ակտիվ մասնակիցներին, մեկուսացնում։ Զաքարին սպառնում էր բռնի արտաքսում։ Արցախի Հանրապետության ապագա նախագահ Արթուր Մկրտչյանի միջնորդությամբ տեղափոխվում է Երևան՝ ուսումը շարունակելու։ Զաքարը դառնում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող և դասերի գնալու փոխարեն կրկին մեկնում Արցախ։

«Մեծարգո պրն Առաքելյան

Ձեր տնօրինության ներքո գտնվող կրթօջախի պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Զաքար Ավանեսյանը ԼՂՀն պաշտպանող կամավորական ջոկատներից մեկում է։ Արցախը կարիք ունի երիտասարդների, ուստի խնդրում եմ նրան թույլ տալ, որ միառժամանակ չմասնակցի պարապմունքներին»։

Սա ԼՂՀ Գերագույն խորհրդի քարտուղար Վլադիկ Հակոբյանի դիմումն է ԵՊՀ ռեկտոր Նորայր Առաքելյանին:

ՀԶՈՐ ՈՒ ԱՐԴԱՐ ԵՐԿՐԻ ԵՐԱԶԱՆՔՈՎԶաքարը միշտ ամենաթեժ կետերում էր՝ Շուշի, Կիչան, Բերդաձոր, Ասկերան, Քարվաճառ«Հայ երիտասարդության ճակատ» (Հայ ազգայնականների ճակատ) կազմակերպության ակտիվ անդամներից էր, նրա ջանքերով մարտական ջոկատներ էին ստեղծվում։ Շրջում էր տնից տուն, շրջանից շրջան։ Բարեկամհարազատի, ծանոթանծանոթի կոչ էր անում զինվորագրվել, հայրենիքի համար կռվի ելնել։ Խոսքն անկեղծ էր, անմիջական։ Նա առաջնորդ էր, հրամանատար, զինվոր։ Ամենածանր և անհուսալի վիճակներում էլ արագ կողմնորոշվում էր, ճիշտ գնահատում իրադրությունն ու ընդունում կշռադատված, համարձակ որոշումներ։ Նրա ջոկատում կային ահել ու ջահել, նույնիսկ 16-ը դեռ նոր լրացած տղաներ։ Նրան վստահում էին ու գնում նրա հետևից։ Եվ պատահական չէ, որ նրա զինվորները, բոլորն էլ անխտիր, իրենց քաջ հրամանատարի պես անձնազոհաբար կռվեցին Արցախի ազատագրման համար, և նրանցից շատերն էլ իրենց հերոս հրամանատարի պես անմահացան։

Զաքարի ինքնանվիրումը չափ ու սահման չուներ։ Նա միայն կռվի դաշտում չէր։ Նրան մեկ կտեսնեիր զինվորների հետ Թարթառի կամրջի մոտի ջրամբարը հսկելիս, որ հանկարծ թշնամին չպայթեցնի, մեկ էլ կտեսնեիր զենքզինամթերքով ապահովում է Կրկժանի կռվողներին, մեկ հետախուզության գնալիս, մեկ քարտեզ գծելիս՝ հարձակման հարմար ուղիները մտքի մեջ հազար անգամ վերլուծելով (այդ քարտեզները պատճենահանում էր, բաժանում զինվորներին, ասում էր՝ «ամեն զինվորի ձեռքին քարտեզ պետք է լինի, որ ճիշտ ու շուտ կողմնորոշվի»)։ Այս ամենին զուգընթաց, հասցնում էր մասնակցել խորհրդարանի նիստերին, օգնել զոհվածների հարազատներին։ Երևանից Արցախ հատուկ բեռներ տեղափոխելու համար նա անցաթուղթ էր ստացել իշխանություններից։ Բեռը հասցնում էր Արցախ, ապա ուղղաթիռով վիրավորներին բերում Երևանի ՆորքՄարաշի օրթոպեդիայի և վնասվածքաբանության կենտրոն, հետո քաղաքում զբաղվում ջոկատի մատակարարման հարցերով ու առանց տուն մտնելու շտապում Արցախ։

Որդիս կատարած գործերի մասին ոչինչ չէր պատմում,- հիշում է Զաքարի մայրը,- մի օր քրոջս հարցին, թե՝ ինչո՞ւ ոչինչ չի պատմում, տղաս պատասխանել էր. «Ամբողջ օրը կռվի դաշտում ենք, մորաքույր ջան, ի՞նչ պատմեմ։ Կռիվը կհաղթենք, կպատմեմ»։ Զաքարիս արածների մասին ավելի հաճախ պատմում էին ընկերները՝ Վարդանը, Անդրանիկը, մյուսներըՆրանցից շատերն այսօր ողջ չեն, որ նրանց պատումներով է՛լ ավելի ամբողջացնեի Զաքարիս կերպարը։

Զաքարի ուսանողական ընկեր Անդրանիկի պատմածը. «Մենք ապրում էինք Զաքարի հետ վարձած տանը։ 1989 թվականն էր։ Պառկած եմ անկողնում և ուզում եմ շուռ գալ։ Զգում եմ՝ մեջքս դիպչում է ինչոր կոշտ բանի։ Նայում եմ մահճակալիս տակ՝ ավտոմատներ են դարսված։ Զարմացա՝ ե՞րբ էր հասցրել մի գիշերվա մեջ մենակ այդքան զենք տեղափոխել, որ ո՛չ ես, ո՛չ էլ տանտիրուհին գլխի չէինք ընկել։ Մեծ հայրենասեր էր Զաքարը։ Նրան ժամանակը չէր հերիքում։ Զօրուգիշեր աշխատում էր Շուշիի քարտեզի վրա, թե որտեղից հարմար կլինի մտնելը։ Դիվանագետ էր, Վոլսկու միջնորդությամբ գերիներ էր ազատել Աղդամից։ Զենքզինամթերքից բացի, հագուստ էր հասցնում զինվորներին և ոչ միայն նրանց։ Արցախի երեխաների համար մարզահագուստ էր բերել։ Նա կռվում էր քաջի պես։ Միշտ ամենավտանգավոր կետերում էր։ Մի օր էլ ինձ ասաց. «Անդո՛, գիտե՞ս, ես եմ առաջինը ջոկատի տղաների հետ մտնելու Քարվաճառ»։ Նրա ասածը արած էր»։

Ազատամարտիկ Սվետայի պատմածը. «Զաքարի ջոկատով հյուրընկալվել էինք մի խնձրստանցու տանը։ Այնտեղ երիտասարդ, գեղեցիկ աղջիկներ կային։ Տանտերը Զաքարին ասաց. «Որ աղջկան էլ հավանես, քեզ նման քաջի հետ սիրով կամուսնանա»։ «Չէ՛, ոչ մեկին էլ մեղքի տակ չեմ գցի, թող պատերազմը վերջանա, ընտանիք կկազմեմ, բայց մայրս պետք է հավանի ընտրյալիս։ Պետք է այնպիսի աղջկա ընտրեմ, որ մի ականջը մեծ լինի, մյուսը՝ փոքր։ Մեծով մորս լսի, փոքրով էլ ինձ»,- կատակով խոսքը փակեց Զաքարը»։

Միակ բանը, որ որդիս պատմել է պատերազմական օրերից,- վերհիշում է տիկին Կարինեն,- Մարաղայի կոտորածից հետո բարոնուհի Քոքսին ուղեկցելն էր Արցախ և բազմաթիվ գերիների ազատումը։ Եղանակի պատճառով թռիչքը շարունակել հնարավոր չի լինում, ուղղաթիռը վայրէջք է կատարում դաշտում, որտեղից ոտքով պետք է հասնեին Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղ: Ձյան մեջ կորած անտառի հեքիաթային գեղեցկությունը գերում է բարոնուհուն, եւ beautiful ասելով վերջինս որոշում է կանգ առնել ու մի քիչ զմայլվել: Զաքարը, որ պատասխանատու էր նրա անվտանգության համար, ստիպված հիշեցնում է տիկնոջը. «Ժամանակ չկա, գնանք լույսով հասնենք: Մութը կընկնի, դժվար կլինի ձնածածկ անտառում կողմնորոշվելը»: Այդ ժամանակ տիկին Քոքսը լուսանկարել է Զաքարին, շատ կցանկանայի այդ նկարը տեսնել,- ասում է տիկին Կարինեն ու շարունակում է։Զաքարս մահից մեկ ամիս առաջ ինձ տվեց իր ջոկատի զոհված տղաների լուսանկարներով մի թերթ։ Ո՜նց էր սիրտը ցավում. «Մա՛մ ջան, ախր, էս տղերքին իրենց մոր ծոցից եմ հանել, ջահել տղերք էին, կյանքի կարոտ, կյանքը չվայելած,- ասում էր ու լաց լինում, հետո խնդրեց,- մա՛մ ջան, այս թերթն աչքիդ լույսի պես կպահես։ Պատերազմի ավարտից հետո թանգարան եմ ստեղծելու, նրանց անմահացնեմ»։ Մարտական ընկերների կորուստը նրա վրա ծանր էր ազդել, կոտրվել էր, խեղճացել մի տեսակ, չէր հաշտվում նրանց մահվան հետ։ Ու այդ ժամանակ ես փորձեցի գոնե մի անգամ հետ պահել որդուս, ընդվզեց. «Ի՞նչ ես ասում, մայրի՛կ, չէ՞ որ դու էիր միշտ հպարտանում ինձ Արցախ ճանապարհելիս՝ հայտարարելով, որ ամենահայրենասեր ազատամարտիկի ամենահայրենասեր մայրն ես աշխարհում։ Իմացիր, մա՛մ ջան, Ղարաբաղը Հայաստանի դարպասն է, եթե չպաշտպանենք, վաղը թուրքը կմտնի Հայաստանի սիրտը»։

♦♦♦

Ստեփանակերտի մատույցներում կռվող նրանց ջոկատը հրաման ստացավ մեկնելու Մարտակերտ։ Ադրբեջանցիները գրավել էին Թալիշ, Այգեստան, Մարաղա գյուղերը և առաջ էին շարժվում։ Պետք էր փակել թշնամու ճանապարհը։ 1992թ. հունիսի 29-ին Տոնաշենում մղված թեժ մարտերում զոհվեց Զաքար Ավանեսյանը։ Նրա երկրային ուղին ընդամենը 22 տարի տևեց

Դպրոցում, որտեղ սովորել է Զաքարը, դասարան է անվանակոչվել հերոսի անունով։ Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի լսարաններից մեկը ևս անվանակոչվել է նրա անունով։ Զաքարի մարտական ընկերը` Վահրամը, զոհված ընկերոջը երգ է նվիրել.

 

Արցախ, քեզ ինչքան էր սիրում, որ ելավ

Մեռնելու քեզ համար, ու ընկավ,

Առնական հայորդու քաջությամբ անվախճան

Դարձավ կանթեղ յուր հայրենյաց մեծ պայքարի։

Զաքա՛ր, մեր օրերի Նժդեհը դարձար

 

Եթե Զաքարը ողջ լիներ, բոլոր ճանաչողներն են վկայում, այսօր հայտնի, շատ հայտնի անձնավորություն կլիներ՝ դարձյալ հայրենիքի և ժողովրդի ճակատագրով ապրող և մտահոգ։ Ինչքա՜ն լուսավոր նպատակներ ու երազներ ուներ իրականացնելուԶաքարի ու նրա նման հերոսների կորստյան ցավից մխիթարվելու միայն մի ձև ունենք` մշտապես վառ պահել նրանց հիշատակը եւ իրականություն դարձնել նրանց երազների Հայաստանը։

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

մայոր