Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽԱՉԸ, ՈՐ ԲԱԶՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՊԱՐԳԵՒԵՑ ՀԱՅՈՑ ԶՈՐՔԻՆ
ԽԱՉԸ, ՈՐ ԲԱԶՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՊԱՐԳԵՒԵՑ ՀԱՅՈՑ ԶՈՐՔԻՆ

ԽԱՉԸ, ՈՐ ԲԱԶՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՊԱՐԳԵՒԵՑ ՀԱՅՈՑ ԶՈՐՔԻՆ«Սակայն, քավ լիցի, թե ես պարծենամ այլ բանով,

քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով,

որով աշխարհը խաչված է ինձ համար,

ես էլ` աշխարհի համար» (Գաղ.6.14):

 

Պողոս առաքյալի վկայությունը խաչի մասին իր ողջ խորությամբ ընկալած հայ ժողովուրդը պատմության ընթացքին Խաչը դարձրել է իր կյանքի ուղենիշը: Այնքան շատ հոյակերտ ու բազմախորհուրդ խաչքարերը, որ կերտվել են մեր հանճարեղ խաչքարագործ վարպետների կողմից, արտահայտում են խաչի հանդեպ մեր ժողովրդի հավաքական հարգանքն ու սերը:  Խաչի հրաշագործ և սրբազան Նշանի խորհրդով տոգորված Հայոց Աշոտ Բ Երկաթ արքան իր զորքին հոգևոր վահան դարձրեց Տիրոջ Խաչափայտի մասունքով օրհնյալ Սուրբ Խաչը:

Խաչը, որ բազում հաղթանակներ պարգևեց Հայոց զորքին, Աստծու զինվոր լինելու, սրբություններին պաշտպան կանգնելու պատվի գիտակցումը դրեց հայ զինվորների սրտերում: Այդ գիտակցումը մեր զինվորների մեջ ամրապնդելու, Խաչի մշտահոս օրհնությունը դիրքերում սփռելու և մայիսյան հաղթանակի տոների հոգևոր վերարժևորման համար, ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և առաջնորդությամբ, ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ավագ գնդերեցների ու գնդերեցների Հայոց բանակի պահապան Սուրբ Խաչը աղոթքի և ուխտի Ճանապարհորդության մեկնեցին ՀՀ և ԱՀ սահմանագծի ողջ երկայնքով՝ օրհնեցելով: Ուխտավորներն անցան բոլոր պաշտպանական շրջաններով, զորամասերում ու մարտական դիրքերում կատարեցին տնօրհնեքի ու անդաստանի, սահմանի ու սահմանապահների օրհնության կարգեր՝ օրհնելով զորամասի աղը, հացը և ջուրը, հրամցվեց զինվորներին՝ ճաշակելու համար։ Այնուհետև հայոց օրհնյալ զինվորականներին բաժանվեցին Սուրբ գրքեր՝ Նոր Կտակարան: Սրբազան Հայրն իր հայրական հորդորն էր տալիս յուրաքանչյուր զինվորական անձնակազմի. «Սիրելի՛ զինվորականներ, հավաքվելով Աշոտ Երկաթ թագավորի Խաչի հովանու ներքո օրհնություն ստանալու, համոզված եմ, որ հոգևորական, զինվորական, թե շինական, բոլորս միտված ենք մեկ Սրբազան ծառայության, որ է հայրենիքի և մեր նվիրական սրբությունների պաշպանությունը: Ուստի, եթե այդ առաքելության մեջ ենք` կնշանակի, որ բոլորս մեկ ենք: Պետք է հավատարիմ լինենք մեզ վստահվածի մեջ, սիրելինե՛ր, որպեսզի Աստված մեզ ավելին տա,- ասում է Հիսուս Քրիստոս»: Սրբազան Հայրն օրհնելով ներկաներին, մաղթում էր անվտանգ և ապահով ծառայություն, խաղաղություն Հայաստան և Արցախ աշխարհներին և միմյանց նկատմամբ Աստվածային սիրո առկայություն, այն սիրո, որը Երկնքի Արքայության դռները բացելու բանալին է:

 

ՀՀ ԶՈՒ 2-րդ զորամիավորման ԳՆԴԵՐԵՑ

ՀՐԱՉ ՍԱՐԿԱՎԱԳ ՂԱԶԱՐՅԱՆ