Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔ Է



Նոյեմբերի 11-ին ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի պետ, փոխգնդապետ Մհեր Սերոբյանը դարձավ 40 տարեկան։ «Հայ զինվորը» շնորհավորում է փոխգնդապետին հոբելյանի կապակցությամբ, մաղթում երկար տարիների բեղուն ծառայություն, հաջողություն ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում։

-Իմ գյուղը՝ Հայկաշենը, Արաքսի ափին է։ Ամեն Աստծո օր լուսաբացի հետ Մասիսի փեշերից մեզ էր հասնում մոլլայի թուրքերեն աղոթքը։ Մշեցի պապս, որը սեփական աչքերով էր տեսել եղեռն ու գաղթ, կիսաձայն-խռպոտ հայհոյում էր, նրա քույրը՝ Նվարդը, արագ-արագ խաչակնքում էր՝ մեղա-մեղա ասելով։ Գյուղից ընդամենը 200 մետր հեռավորությամբ ձգվող սահմանը մեր կորուստների, մեր ցավի, մեր պարտության խորհրդանիշն էր, որը… մեզ բաժանում էր մեր հայրենիքից։
Իմ մանկությունը ներծծված էր գյուղական կոլորիտի բոլոր գույներով։ Ես հող եմ մշակել, ծառ եմ տնկել, խնամել եմ գառներին ու հորթերին։ Լողացել եմ «Սեւ ջուր» գետում ու տաք ավազների մաքուր ջրերում… Պապիս տունը այնքան մեծ էր, որ անծանոթները կարծում էին, թե գյուղի դպրոցն է։ Մեր տանը միշտ հյուրեր կային՝ բարեկամ, ընկեր, ծանոթ։ Մեզ համար ընտանիք հասկացությունը նույնանում էր գերդաստանի հետ։ Պապիս համար «իմ ընտանիքը» 30-40 մարդուց էր բաղկացած։ Մանկությունից մնացած ամենակարեւոր… գաղափարը՝ ասեմ, պատգամը՝ ասեմ… մարդուն օգնելու պարտավորությունն է։
-Պարոն փոխգնդապետ, Ձեր բառապաշարը, հուզականությունը բնորոշ չէ զինվորականին։
-Չարենցի 75-ամյակի տոնակատարության ժամանակ ես կարդացի մեծ պոետին նվիրված բանաստեղծությունս, եւ գրողների միության նախագահ Վարդգես Պետրոսյանը հենց միջոցառման ժամանակ ինձ առաջարկեց սովորել պատանի ժուռնալիստների դպրոցում։ Ես որպես մենակատար երգել եմ երգչախմբում, միեւնույն ժամանակ զբաղվել եմ սպորտով։ Իսկ դպրոցն ավարտել եմ գերազանցությամբ։
-Դուք ուսանողական տարիներից անդամագրվել եք գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի ղեկավարած կամավորական ջոկատին։ Ես չեմ ուզում ուղղորդել Ձեր ասելիքը՝ հարց տալ։ Ի՞նչ կպատմեք պատերազմից։
-Պատերազմը բացեց մեր հոգում անթեղված հայրենասիրության ակունքը, մեզ մոտեցրեց մեր պատմությանը, մեզ ձուլեց մեր հողին։ Մենք մեր արյամբ, մեր հարազատների, մեր ընկերների աճյուններով սրբացրինք հողը, դարձրինք հայրենիք։ Կիլոմետրերով չափվող տարածքները սկսեցինք չափել քայլերով, որովհետեւ այդ հողը թիզ առ թիզ էինք նվաճել։ Մենք հասկացանք, թե ինչ է նշանակում մաքրել հողը պապական թշնամուց։ Պատերազմը մեզ կապեց իրար։ Մենք հայրենապաշտության, ազգասիրության անսպառ պաշարներ կուտակեցինք մեր հոգում։ Մեր ազգի հավաքական նկարագիրը մաքրվեց-ազնվացավ-վեհացավ, փոխվեց մեր վերաբերմունքը դարավոր թշնամու հանդեպ. որտե՞ղ է ահասարսուռ, անպարտելի թուրքի կերպարը… Թուրքերը ահռելի ոհմակով փախչում էին մեր փոքրաթիվ ջոկատների առաջ՝ նահանջի ճանապարհը ցողելով արյամբ, զոհերով ու անպատվության, վախկոտության, թշվառության նողկալի դրվագներով։
…Մեր փոքրիկ գյուղից 300 հոգի մասնակցել է պատերազմին, չորս զոհ է ունեցել։ Մեր գյուղացի են գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը, գնդապետներ Գեւորգ Ենոքյանը, Վահան Արսենյանը, Համլետ Զաքարյանը, փոխգնդապետ Հայկազ Հովհաննիսյանը եւ այլ զինվորականներ։ Պիտի խնդրեմ, որ իմ ծննդյան օրվան նվիրված հարցազրույցում նշվի այդ մասին, որովհետեւ ես հպարտանում եմ իմ գյուղի պատմությամբ, նրա մարտական ավանդույթներով։
-Դուք պատերազմից հետո բանակաշինության ամենածանր տարիներին ծառայել եք որպես գնդի բուժծառայության պետ, պաշտպանել եք երկրի ամենավտանգավոր սահմանը…
-Այդ տարիներին զորքերում ծառայող յուրաքանչյուր սպայի եւ զինվորի համար կռիվը շարունակվում էր։ Ու այդ կռիվը նույնքան ծանր էր, որքան հաղթանակած պատերազմը։ 300-400 հոգանոց անձնակազմին երկու բժիշկ էր սպասարկում։ Զինվորների կենցաղային պայմանները հեռու էին մխիթարական լինելուց։ Անընդհատ համաճարակներ էին բռնկվում, ցուրտը, քաղցը իրենց կնիքն էին դնում զինվորների առողջության վրա։ Ես երեք տարի ապրել եմ վրանում, հողի վրա՝ ամառ, թե ձմեռ։ Այդ տարիներին ամեն զինվոր ռազմիկ էր, ամեն սպա՝ նվիրյալ։ Նա, ով բանակ էր գալիս, նա, ով մնում էր բանակում կամավորական էր, երկրապահ էր, մարտիկ էր։
-Երբ թերթում էի Ձեր անձնական գործը, հանդիպեցի մի հետաքրքիր դրվագի։ Դուք Սանկտ Պետերբուրգի ռազմական բժշկական ակադեմիան ավարտել եք կարմիր դիպլոմով եւ ոսկե մեդալով, որի համար արժանացել եք «Մարշալ Բաղրամյան» մեդալին։ Ես առաջին անգամ եմ լսում, որ լավ սովորելու համար զինվորականին գերատեսչական մեդալ շնորհեն։
-60 երկրներից ժամանած ուսանողներից միայն 13 հոգի էին հավակնում կարմիր դիպլոմի, որոնցից միայն մեկը պետք է ստանար ոսկե մեդալ։ 13-ից 7-ը հրաժարվեցին ոսկե մեդալի համար պայքարից եւ իրենց «կարմիր դիպլոմը» պաշտպանեցին համապատասխան ամբիոններում։ Ես հինգ հոգու հետ մասնակցեցի ոսկե մեդալի պաշտպանությանը, որի հանձնաժողովի նախագահը Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ, գեներալ-գնդապետ Չիժն էր, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ակադեմիայի 7 ակադեմիկոս։ Միակ ոսկե մեդալը բաժին հասավ ինձ։ Ինչպես միշտ՝ ոսկե մեդալի հանձնման արարողությունը շքեղ էր, հանդիսավոր։ Մեդալն ինձ հանձնեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետը։ Երբ վերադարձա Երեւան, անձամբ Սերժ Սարգսյանից ստացա «Մարշալ Բաղրամյան» մեդալը։ Այսօր իմ Սերոբյան ազգանունը ակադեմիայի պատվո տախտակին է, տարբեր տարիների ոսկե մեդալակիրների կողքին։ Հետագայում Սանկտ Պետերբուրգի համալսարանում կսովորեն շատ հայ բժիշկներ ու, հանդիպելով յան-ով վերջացող ազգանվանը, կհպարտանան, ինչպես ես էի հպարտանում, երբ ակադեմիայի թանգարանում տեսնում էի Բաբաջանյանի, Բաղրամյանի, Կարճիկյանի, Աստվածատրյանի, Օրբելի եղբայրների կիսանդրիները։
-Դժվարությա՞մբ հասաք այդ հաջողությանը։
-Այո՛։ Ես մեծ ջանքեր գործադրեցի։ Ամիս ու կես ընդհանրապես տնից դուրս չեկա՝ առավոտից իրիկուն պարապում էի։ Գուցե չհավատաք՝ մղումս անձնական չէր, ուզում էի ոսկե մեդալը հայրենիք բերել, ուզում էի, որ հնչի Հայաստանի անունը։ Անձամբ ինձ համար, անձնական փառքի համար այդքան չէի տքնի։
Ուզում եմ փոքր-ինչ շեղվել հարցից ու ասել, որ ընդհանրապես հայ բժիշկները բարի համբավ ունեն ե՛ւ Ռուսաստանի Դաշնությունում, ե՛ւ Եվրոպայում։
Այսօր մեր բանակի բուժվարչությունը համալրված է բազմաթիվ բարձրորակ մասնագետներով։ Առաջադեմ երկրներում բանակի բուժծառայությունը երկրի բժշկական համակարգի ամենազարգացած կառույցն է, բանակում են ամենահմուտ մասնագետները, բանակում են ամենաժամանակակից բուժսարքավորումները։ Եվ դա օրինաչափ է ու պետք է օրինակ լինի մեզ։ Վերջին շրջանում բանակի բուժծառայության տեխնիկական վերազինումը էապես փոխեց բուժսպասարկման որակը։ Մենք պետք է կարողանանք համահունչ քայլել ժամանակի հետ, ինչի ամենակարեւոր երաշխիքը տեխնիկական հագեցվածությունն է։
-Ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսադանյանը բուժծառայողի մասնագիտական տոնին նվիրված հարցազրույցի ժամանակ համակարգի լավագույն սպաների շարքում նշեց նաեւ Ձեր անունը։ Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը՝ որպես պոլիկլինիկայի պետ։
-Պոլիկլինիկան հիմնանորոգվեց եւ վերազինվեց ժամանակակից բուժսարքավորումներով։ Պոլիկլինիկայի դեմքը միանգամից փոխվեց։ Կարգապահությունը դարձավ մեր ծառայության ամենակարեւոր սկզբունքը։ Մեր բժիշկներից շատերը վերապատրաստվեցին առաջատար կլինիկաներում, բարձրացրին մասնագիտական որակավորումը։ Այս ամենով հանդերձ՝ մեր ամենամեծ ձեռքբերումը բժշկի վերաբերմունքն է հիվանդի հանդեպ, ինչը դարձել է զինվորական բժշկի ծառայության գնահատման ամենակարեւոր չափանիշը։ Մենք ամեն ինչ անում ենք, սկսած մանրուքներից, որ հիվանդը իրեն լավ զգա։ Պոլիկլինիկա մտնելու պահից բուժաշխատակիցը հիվանդի կողքին է, օգնում է ձեւակերպել փաստաթղթերը, գտնել համապատասխան կաբինետները։ Մենք ծառայում ենք հիվանդին՝ այս միտքը դարձրինք մեր նշանաբանը, ու դրանից շատ բան փոխվեց։
-Պարոն Սերոբյան, վերջում պիտի խնդրեմ, որ պատմեք Ձեր ընտանիքի մասին եւ ասեք, թե ի՞նչ մաղթանք կուզենայիք լսել Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
-Հայրս երկար տարիներ ճշգրիտ առարկաներ է դասավանդել հանրակրթական դպրոցներում, 15 տարի Հայկաշենի դպրոցի զինղեկն է, մայրս գրադարանավարուհի է։ Ավագ եղբայրս բժշկական գիտությունների թեկնածու է, աշխատում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, կրտսեր եղբայրս՝ Կարեն Սերոբյանը, զինվորական է՝ գնդի շտաբի պետ։ Կինս թերապիա եւ քույրական գործ է դասավանդում Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջում։ Ավագ որդիս ուսանող է (ապագա տնտեսագետ), կրտսեր որդիս սովորում է դպրոցում։
Ինչ վերաբերում է ծննդյան տոնի մաղթանքին… կուզենայի մնացած կյանքս ապրել առանց կտրուկ շրջադարձերի եւ իրականացնել բոլոր նպատակներս, որոնք կապված են թե՛ ծառայության, թե՛ ընտանիքիս հետ։ Քանի որ այս օրերին նշում ենք բուժծառայողի մասնագիտական տոնը, ցանկանում եմ շնորհավորել զինվորական բժիշկներին, մաղթել խաղաղ, ստեղծագործ, արդյունավետ աշխատանք։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #46 (861) 24.11.2010 - 1.12.2010, Ազգային բանակ


09/12/2010