Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ  ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ  ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՄայիսի 6-ին Գորիսի Շինուհայր գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցան դասասենյակների անվանակոչության արարողություններ:

Դրանք անվանակոչվեցին  Արցախյան եւ ապրիլյան պատերազմներում զոհված Արայիկ Մկրտչյանի եւ Արմեն Գասպարյանի (Մակիչ) անուններով:

Օրը նշանավոր էր նաեւ դպրոցի փառքի սրահի բացմամբ, որտեղ ներկայացված էին Արցախյան պատերազմում զոհված Շինուհայր գյուղի տասը քաջերի մեծադիր լուսանկարներն ու նրանց անցած սխրալից ուղին ներկայացնող կենսագրական տեղեկություններ:

Տոնական միջոցառմանը զոհվածների ծնողների,  հարազատների հետ ներկա էին Տաթեւի համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը, Գորիսի տարածքային զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, գեներալմայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամասերի սպաներ, Սիսիանի տարածքային զինկոմ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը,  մարզպետարանի ներկայացուցիչներ,  լրագրողներ, մեծ թվով հյուրեր, շինուհայրցիներ:

Փառքի սրահի հանդիսավոր բացման կարմիր ժապավենը կտրեցին դպրոցի նախկին սան, 5-րդ զորամիավորման ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ  Հակոբ Ավետյանն ու «Հայորդիք» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Կիրակոսյանը:

Այստեղ տեղադրվեց օրհնված մոմակալ՝ վառ կրակով:

Զոհված ազատամարտիկների, ՀՀ Ազգային հերոսների եւ Արցախի հերոսների  լուսանկարների շուրջ կանգնած էին պատվո պահակ զինվորները: Ամենուր վառվող մոմեր եւ երախտագիտության ծաղիկներ էին խոնարհված:

Դպրոցի սաների կատարմամբ հնչեցին գողտրիկ բանաստեղծություններ, սրտաբուխ խոսքեր:

Տեղի ունեցավ անվանակոչված դասասենյակների բացման արարողությունը:

Կարմիր ժապավենի կտրման պատվավոր առաքելությունն ընձեռնվեց գնդապետ Մելիքսեթ Պողոսյանին ու ապրիլյան պատերազմում զոհված Արայիկ Մկրտչյանի 5-ամյա  թոռնիկին՝ Գագիկ Մկրտչյանին,  շինուհայրցի ճանաչված դերասան, Գորիսի պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանին եւ զոհված Արմեն Գասպարյանի որդուն՝ Արթուր Գասպարյանին:

Առանձին ցուցափեղկերում ներկայացված էին 1992 եւ 2016 թվականներին զոհված Արայիկ Մկրտչյանի եւ Արմեն Գասպարյանի կյանքն ու մարտական գործունեությունն ամփոփող թանկ մասունքներ, անձնական իրեր, ջոկատի ազատամարտիկների հետ լուսանկարներ, ինչպես նաեւ՝  նրանց զինվորական  վերնաշապիկները:

Արմեն Գասպարյանի անունով անվանակոչված դասասենյակի կենտրոնական պատին ամրացված էր զոհվածի կիսանդրին:

Հնչեցին զոհվածների զինակից ընկերների, մանկավարժների ջերմ, դպրոցի սաների սրտառուչ խոսքերը:

Արմեն Գապարյանի՝ լավ ընկերոջ ու մարդու, հիշատակին հուզիչ խոսք ասաց Շանթ Հովհաննիսյանը:

Հանդիսավոր միջոցառումը շարունակվեց դպրոցի դահլիճում:

Կրթօջախի  սաները ներկայացրին Արցախյան պատերազմում զոհվածների կենսագրությունն  ու անցած մարտական ուղին, առանձին հուշեր, նրանց ձոնված բանաստեղծություններ:

Գնդապետ Մելիքսեթ Պողոսյանն իր ելույթում նշեց, որ նման հպարտություն պարգեւող միջոցառումները անփոխարինելի դեր ունեն մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:

Գնդապետ Պողոսյանի անունից պատվոգրեր հանձնվեցին համայնքապետ Մուրադ Սիմոնյանին եւ դպրոցի տնօրեն Շիրազ Գրիգորյանին:

Զոհվածների ծնողներին հանձնվեցին անմահություն խորհրդանշող անմոռուկ ծաղկի պատկերով շքանշաններ:

Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց զոհվածների ծնողներին՝ հայրենանվեր զավակներ դաստիարակելու համար: Նա ընտանիքներին բարեմաղթեց անամպ  ու երջանիկ կյանք, մանուկների ճիչ, նոր Արայիկների ու Արմենների բախտավոր ծնունդ:

ՀՀ վաստակավոր երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն իր խոսքում ասաց, որ իր համար պատիվ է այսպիսի տոնական օրը ներկա լինել շինուհայրցիների, սյունեցիների կողքին, որովհետեւ սյունեցի լինելն արդեն մեծ պատիվ է:

Տասը հերոսների անուն լսեցի: Փառք ու պատիվ շինուհայրցի զոհված քաջերին, Արցախյան պատերազմի  բոլոր սուրբ նահատակներին, ովքեր երկնքից նայում եւ հպարտանում են, որ այսօր մենք ունենք կանոնավոր եւ հզոր բանակ:

Փառք ու պատիվ Հայոց բանակին:

Նա խոստովանեց, որ իր համար դժվար է խոսել քաջերի մասին, քանի որ ցանկացած խոսք դատարկ ու քիչ է նրանց կատարած սխրանքների կողքին:

Շուշան Պետրոսյանի կատարմամբ հնչեց «Արցախի հողում» երգը:

Տոնական միջոցառման ավարտին  ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթի զինծառայողների կողմից հնչեցին հայրենասիրական երգեր:

 ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

1-ին ԲԶ թղթակցական կետ