Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏԱՔՈՒԿ ԱՓ  ԵՍ... ԽԻՂՃ  ԵՍ... ԲԱԽՏ  ԵՍ... ԱՆՀԱՂԹ  ԵՍ...
ՏԱՔՈՒԿ ԱՓ ԵՍ… ԽԻՂՃ ԵՍ… ԲԱԽՏ ԵՍ… ԱՆՀԱՂԹ ԵՍ…

ՏԱՔՈՒԿ ԱՓ  ԵՍ... ԽԻՂՃ  ԵՍ... ԲԱԽՏ  ԵՍ... ԱՆՀԱՂԹ  ԵՍ...Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Նոնա Պողոսյանը բանաստեղծությունների չորս գրքի հեղինակ է: Ապրիլյան պատերազմին նվիրված նրա «Քառօրյա կանչը» արժանացավ գրողների միության եւ պաշտպանության նախարարության համատեղ մրցանակաբաշխության 2-րդ մրցանակին:

 

Նոնա, տարվա զինվորական կենսագրությունը Ձեր բանաստեղծությունների 4 ժողովածուներում երկար փնտրելու անհրաժեշտություն չեղավ, այնքան երեւելի ու ակնառու էր Կարմիր վանքից «պատերազմապատ տարածքներ», անմեղ «Մեղքից» «Քառօրյա կանչ» տանող ճանապարհի յուրաքանչյոր հանգրվանը: Ու գիտե՞ք ինչն է նշանակալին` որ մենք բոլորս յուրովի անցել ենք այդ ճանապարհը` վերարժեւորելով մեր ձեռքբերումներն ու կորուստները, նոր բովանդակություն պեղելով սիրո, ուժի, ճշմարտության, արդարության մեր պատկերացումներում:

Հայրենիք, սեր, հավատք. այս երեք սյուների վրա է կանգնած իմ աշխարհը, ու հետագա բոլոր ճանապարհներն ու վերարժեւորումները սկսվում են այս երեք ակունքից: Վարսենիկ տատիս ամուսինը զոհվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Տատս չի համակերպվում այն մտքի հետ, որ իր ամուսնու` թուրքական բանակի հայ սպայի մարմինը պիտի թաղվի թուրքական հողում: Նա կաշառում է մի թուրք զինվորականի, փրկագին է տալիս, ամուսնու մարմինը տեղափոխում է Հայաստան ու հուղարկավորում հարազատ հողում: Երբ ես փոքր էի, տատս մանրամասն նկարագրում էր, թե ինչ դժվարությունների միջով է անցել ամուսնու մարմինը հայրենիք տեղափոխելիս: Իսկ վերջում սարսափած աչքերով ասում էր` ինչպես կարող է մարդը խառնվել օտար հողին: Տարիներ անց, երբ ես ավելի մեծ էի ու արդեն բանաստեղծություններ էի գրում, հաճախ տատիս հետ բարձրանում էի Ղուլա սար, որ բարձունքից նայեմ մեր գյուղին: Չգիտես ինչու` ամեն անգամ հիշում էի տատիս խոսքերը` մարդը ինչպես կարող է խառնվել օտար հողին:

..Սիրո մասին իմ առաջին ընկալումները դարձյալ տատիս հետ են կապված, ու դրանք չփոխվեցին ամբողջ կյանքում: Որբեւայրի տատս արտաքինով գեղեցիկ չէր, բայց այնքան կանացի էր, խելացի, ուժեղ ու այնքան ներքին հմայք ուներ, որ 25-ամյա որբեւայրի տատիս սիրահարվում է գյուղի ամենագեղեցիկ տղան` 20-ամյա կապուտաչյա, բարձրահասակ, ուժեղ Մկրտիչը: Պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի դիմակայության է հանդիպել պապս, երբ ցանկացել է ամուսնանալ իրենից 5 տարով մեծ այրի կնոջ հետ: Բայց սերն այնքան մեծ է եղել, որ նրանք հաղթահարել են բոլոր դժվարությունները, ամուսնացել են, երեխաներ են ունեցել:

Տարիներ անց է՞լ էին սիրում իրար:

Արտաքին գեղեցկությունը անցողիկ է, իսկ այն գեղեցկությունն ու հմայքը, որ ուներ տատս իր հոգում, տարիների հետ ավելի էր ծաղկում, ու պապս պաշտում էր նրան: Հիշում եմ` երբ տատս հիվանդ էր, պապս ինչ գորովանքով էր խնամում նրան, քնքուշ բառեր էր ասում: Սա է սիրո իմ «ծավալը», եթե սերը այսքան ուժեղ չէ, սեր չէ: Պետք չէ սեր կոչել փոքրիկ, նվազ թրթիռները:

Ինչպես հասկացա, Դուք պատմում եք այն երեք ակունքների մասին, որոնցից սկսվում են Ձեր զգացմունքները, հույզերը, մտքերըՈւրեմն` պիտի խոսեք նաեւ հավատքի մասին:

Իմ հավատքը օծվեց կիրակնօրյա ծեսերի ժամանակ: Շաբաթ իրիկուն տատս նախշուն թելերով մոմ էր թափում: Նա քթի տակ ինչոր բան էր մրմնջում մոմեր թափելիս, աղոթք էր ասում: Ականջիս հատուկենտ բառեր էին հասնում: Նա փառաբանում էր Տիրոջը՝ իրեն տրված ամենափոքրիկ ուրախությունների համար: Իսկ կիրակի օրը մենք գնում էինք Կարմիր վանք: Ես երբեք տատիս լաց լինելիս չեմ տեսել: Բայց երբ հեռվից վանքի խաչը երեւում էր, տատս սկսում էր բարձրաձայն արտասվել ու կրկնում էր` մեղավոր եմ, Տե՛ր, մեղավոր եմ: Իմ բարի, իմ ազնիվ տատը ի՞նչ մեղք պիտի գործած լիներ, որ այդպես հուսահատ արտասվում էր խաչը տեսնելիս:

Նոնա, Դուք, եթե չեմ սխալվում, 1992-ին մի պոեմ էիք գրել Երեւանի մասին: Դասալիք քաղաք, բոբիկ մայթեր, երկնաղաչ ձեռքեր, ինքնախարազանման բեմերսրանք այն բառերն են, որով Դուք բնութագրել եք 1992-ի Երեւանը: Իսկ այսօր Դուք մեր սիրելի Երեւանին ասում եք` դու տաքուկ ափ ես, խիղճ ես, բախտ ես, անհաղթ եսԻրո՞ք, դասալիք քաղաքը դարձել է խիղճ, բոբիկ մայթերը՝ տաքուկ ափ, խաչված ձեռքերը` բախտ, իսկ ինքնախարազման բեմերը` հաղթանակներ:

Իմ հայացքը բանակից նայող զինվորականի հայացք է: Հայացք է մի մարդու, որն անցավ բանակաշինության 25 տարիների միջով ու տեսավ, թե ինչպես է ամեն օր քարը քարին դրվում, թե ինչպես է ամեն ժամ կոփվում հաղթանակը: Դուք հիշո՞ւմ եք 92-ի Երեւանը` պատերազմող երկրի մայրաքաղաքը` ցրտի, սովի, խավարի, թշվառության ճիրաններում: Այսօր Երեւանը հաղթած երկրի մայրաքաղաք է, հաղթած հայի:

Այնքան ներշնչված եք խոսում, որ սիրտ չեմ անում հիշեցնելու Երեւանի թերությունների, անկյուններից ծիկրակող թշվառությունների ու զրկանքների մասին:

Մենք տարբեր բաներից ենք խոսում: Մենք հետ ենք քաշվել անդունդի եզրից, մենք պարսպել ենք մեր երկրի սահմանները, մենք վառել ենք մեր բնօրրանի լույսերը: Գուցե այդ լույսերը հավասարաչափ չեն ջերմացնում քաղաքն ու նրա բնակիչներին, բայց դա շտկելի բացթողում է: Դա օրհաս չէ: Ու մենք ծնկած չենք, մենք ոտքի ենք կանգնել:

Մի անգամ Ձեզ հարցրին, թե ի՞նչ է հայրենասիրությունը, ու ես մտածում էի, որ Դուք կխոսեք անձնազոհության, հանուն հայրենիքի կյանքը չխնայող ու մեր հողը պաշտպանող զինվորի մասին, բայց Դուք ասացիք` հայրենասիրությունն այն է, երբ դու կոնֆետի թուղթը այնքան ես պահում բռիդ մեջ, մինչեւ մի աղբաման գտնես եւ ռետինով ջնջում ես քո աշխատավայրի միջանցքների պատերին մնացած գորշ հետքերը

Հայրենասիրությունն ապրելակերպ է: Ես 25 տարվա մեջ ոչ մի օր չեմ ուշացել ծառայությունից: Երբեք տնից դուրս չեմ եկել առանց ամուսնուս ու երեխաներիս համար նախաճաշ պատրաստելու: Երբեք որեւէ պարտականություն թերի չեմ կատարել:

Չենք կարող մի զրույցի շրջանակում անդրադառնալ Ձեր ե՛ւ խոհափիլիսոփայական, ե՛ւ սիրային բանաստեղծություններին: Դրանք այնքան բազմազան ու գեղեցիկ են, որ արժանի չեն հպանցիկ անդրադարձի: Այդ պատճառով, եկեք խոսեք «պատերազմապատ տարածքների» եւ «Քառօրյա կանչի» մասին:

Դրանք հոգու ճիչ էին: Սահմանին մեր սիրտն էր, մեր աչքի լույսը, մեր կյանքի արեւը: Ու մենք բոլորս սպասման մղձավանջի մեջ էինք: Տղաները զոհվում էին սահմանին, ու թիկունքում մեր կյանքի ամեն մի վայրկյանը ցավով էր լցված:

Ու ելան տղերքն ալիքին,

Զարկվեցին, զարկեցին, անցան,

Երկինքներ փլվեցին ճամփեքին:

Ու աստղեր ջրերում որբացան:

Քառօրյա կանչը», ինչպես գիտեք, նվիրված է ապրիլյան պատերազմում զոհված տղաներին: 10 օր` մինչեւ մեր զավակների մարմինները հանձնեցին մեզ, մորմոքի ու ցավի 10 օր, որը դարձել է 10 բանաստեղծություն

Ու ցավը դարձել է բամբիռ,

Ու ցավը դարձել է ընծա

Ես նորից պիտի խոսեմ ուժեղ, անհաղթ սիրո մասին: Այս սերը հաղթեց սահմանին քառօրյա պատերազմի ժամանակ: Եվ եթե այդ սիրո պաշտամունքը մեր սրտի տաճարում չմեռնի, մենք երբեք չենք պարտվի:

Ձեր բանաստեղծությունների ոգեղեն ու լավատեսական շեշտադրումների կողքին նաև տագնապներ ու մտահոգություններ կան: Ես ուզում եմ մեր զրույցն ավարտել մի քառատողով՝ աշխարհի հավատն ու խիղճը պաշտպանելու Ձեր մեծ ցանկությամբ

Աշխա՛րհ, կորել ես, չկաս,

Չքվել ես հավատի աչքից,

Ու մերկ ես ու մերկ ես այնքան,

Որ ես եմ բարուրում քեզ նորից

 ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ