Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՄԵՐԱՅԻՆԻ ԲԵՄՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻ
ԿԱՄԵՐԱՅԻՆԻ ԲԵՄՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻ

ԿԱՄԵՐԱՅԻՆԻ ԲԵՄՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՀՀ ԶՈԻ ավիացիայի վարչության ենթասպաներ Նաիրուհի Նազարյանն ու Լուսարփի Զախարյանն աշխատանքային օրն անցկացնում են միևնույն աշխատասենյակում, երկուսն էլ մեծացել են զինծառայողի ընտանիքում: Աշխատանքային ընկերուհիներին, սակայն, միայն ծառայությունը չէ, որ միավորում է. ծառայությունից դուրս էլ նրանց հետաքրքրությունները նույնանում են մշակութային կյանքում: Նաիրուհին օպերային և ժողովրդական երգերի կատարող է, իսկ Լուսարփին մանրանկարչուհի է ու լրագրող: Օրերից մի օր էլ աղջիկները համատեղ մշակութային ծրագրով հանդես գալու որոշում կայացրին: Եվ ահա մայիսի 10-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կայացավ Լուսարփիի աշխատանքների ցուցադրությունն ու Նաիրուհու համերգը: Լուսարփի Զախարյանը նկարչության բնագավառում առաջին քայլերն արել է Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցուն կից նկարչական դպրոցում, այնուհետև հաճախել է այժմյան Զարդակիրառական արվեստի ուսումնարան: Սակայն հետագայում հանգամանքների բերումով ընտրել է լրագրողի մասնագիտությունը՝ զուգահեռ հավատարիմ մնալով հարազատ դարձած նախասիրությանը: «Սկզբում Աստվածաշնչյան թեմաներով մանրանկարներ էի անում, հետո սկսեցի նկարել քարի, փայտի, կավի ու այլ իրերի վրա: Միտք ծագեց մանրանկարներ պատկերել խխունջի խեցու մեջ: Այդ փոքրիկ, գողտրիկ աշխարհն ինձ անգույն, ներամփոփ թվաց, ու որոշեցի հոգուս գույներն այնտեղ տեղափոխել, սառը խեցուն հոգի ու շունչ հաղորդել: Հայրիկս աշխատանքներիցս ամենից շատ նկարազարդ խխունջների շարքն էր սիրում: Աշխատանքներիս առաջին քննադատը հենց նա էր, նա էր ինձ ոգեշնչում ու ստեղծագործելու ուժ տալիս, երբեմն ինքն էլ նկարում էր, որոշել էինք համատեղ ցուցադրությամբ ներկայանալ»,- պատմում է Լուսարփին: Սակայն 2009 թվականի փետրվարի 13-ին մարտական հերթապահություն իրականացնելիս հայրը՝ կապիտան Վիտալիկ Զախարյանը, հանկարծամահ է լինում: Հոր մահվանից հետո Լուսարփին երկար ժամանակ չէր կարողանում նկարել: Կրկին վրձինը ձեռքն առավ, երբ ծանոթացավ Նաիրուհու հետ: Ընկերուհին հավանեց աշխատանքները, ոգևորեց ու համոզեց նորից նկարել: Նաիրուհին դեռ մանկության տարիներին կրթություն է ստացել Միքայել Մալունցյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում: Հետո որոշել է շարունակել կրթությունը վոկալի բնագավառում: Այսօր Նաիրուհին նաև երգում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախմբում: «Դժվար է համատեղել ծառայությունն ու երգեցողությունը: Նախարարությունում աշխատանքային առօրյան գերհագեցած է, իսկ զինվորական կարգուկանոնը ստիպում է մշտապես զգոն լինել, մեծ նվիրում է պահանջում, փորձերին գրեթե ժամանակ չի մնում, ծառայությունից հետո հոգնած հասնում եմ կոնսերվատորիա, բայց, բավական է դաշնակահարուհուս՝ Աննա Ճուղուրյանի մեկ ժպիտն ու մի քանի հնչյուն երգելս, որ նորից վերադառնամ իմ սիրելի աշխարհ: Ավելին՝ ամեն փորձից հետո ասես նորից վերածնվեմ: Երբ սիրով ես անում այն, ինչը քեզ համար իսկապես թանկ է, ամեն խոչընդոտ ու դժվարություն հաղթահարելի է դառնում»,- անկեղծանում է Նաիրուհի Նազարյանը:

ԿԱՄԵՐԱՅԻՆԻ ԲԵՄՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՀամերգային երեկոյի ընթացքում հնչեցին Դանիել Վոլֆի, Մասկանիի, Մոցարտի, Սայաթ-Նովայի և այլ հեղինակների ստեղծագործություններ: Երեկոյին կատարումներով ներկայացան նաև «Տոնիկա» տրիոյի երիտասարդ կատարողները: Տղաներից կլարնետիստ Գարեգին Քևնաքսզյանն այս պահին ժամկետային ծառայություն է անցկացնում զինված ուժերի զորամասերից մեկում և համերգին մասնակցում էր հատուկ թույլտվությամբ: Միջոցառման ավարտին թե՛ Գարեգինը և թե՛ աղջիկները համոզմունք հայտնեցին, որ պետությանը ծառայելն ավելի լիարժեք է դառնում, երբ ծառայում ես թե՛ որպես զինվորական, թե՛ որպես մտավորական ու արվեստագետ և տեղեկացրին, որ առաջիկայում համատեղ մշակութային երեկոներ էլի են սպասվում:

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ