Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՏԱՆԿԻՍՏԸ
ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՏԱՆԿԻՍՏԸ

ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՏԱՆԿԻՍՏԸ«Համազգային» հայ կրթական և մշակութային միությունը օրերս նախաձեռնել էր «Ես եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այստեղ ներկայացված էր մեր հանրապետության տարբեր մարզերից և Երևանից 17 երիտասարդ արվեստագետների ստեղծագործությունների ընտրանին: Կազմակերպիչները վստահություն հայտնեցին, որ այս երիտասարդների ներկայացրած գործերը մեր կերպարվեստի վաղվա դիմագիծն են:

Ցուցահանդեսի բացման արարողության ընթացքում ներկայացնելով  մասնակից արվեստագետներին՝ «Համազգային» հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրեն Նարե Միքայելյանը նշեց, որ սրահում ներկա չէ միայն նրանցից մեկը՝ Վահե Եղյանը, քանի որ ծառայության մեջ է հայոց բանակի  զորամասերից մեկում: Նաև խնդրեց, որ բոլոր ներկաների ջերմ մտքերն ուղղվեն այնտեղ, որտեղ կանգնած են Վահեն և մեր մյուս պաշտպանները՝ հանուն մեր խաղաղ օրերի:

Վահե Եղյանը ծնվել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Սովորում է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում: Մի շարք ցուցահանդեսների և մրցույթների է մասնակցել: Ցուցասրահում Վահեի գործերից ներկայացված էին մետաղե նուրբ արձանիկները:

Նրա ուսուցիչը՝ գեղանկարիչ Աշոտ Ավագյանը, որ ապրում, ստեղծագործում և դասավանդում է Սիսիանում, այսպես է ներկայացնում իր աշակերտին.

-Շատ տաղանդավոր տղա է, լուրջ ստեղծագործող: Վահեի ուրույն մտածողությունը, երևակայությունը, կատարումը նրա տարիքի երիտասարդի համար շատ հասուն է: Շատ ցուցադրությունների է մասնակցել, մրցանակ շահել, բայց սա նրա առաջին մեծ ցուցադրությունն է և լուրջ հայտը: Վահեն արվեստագետների գերդաստանից է. պապը, հայրը, հորեղբայրները, հորեղբորորդին քանդակագործներ են: «Ես եմ» ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունները պատրաստել է իր պապիկի արվեստանոցի երկաթե ջարդոններից: Քարից պատրաստված շատ լավ գործեր էլ ունի, որոնք դժվար էր Սիսիանից Երևան տեղափոխելը, այդ պատճառով որոշվեց այս նմուշները ցուցադրել: Հրաշալի գործեր են: Կարծում եմ, Վահեն մեր քանդակը աշխարհին ներկայացնողներից մեկը դառնալու բոլոր տվյալներն ունի: Մեծ սպասումներ ունեմ նրանից: Վահեն շատ կարգին, հայրենասեր տղա է: Հայոց բանակում է ծառայում, տանկիստ է, ավագ մեխանիկ:

ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՏԱՆԿԻՍՏԸ-Վահե՛ ջան,-իր խոսքը ուղիղ աշակերտին է հղում ուսուցիչը,-շատ ուրախ եմ քո հաջողությունների համար: Շնորհավորում եմ ու նորանոր հաջողություններ եմ ցանկանում:

-Ասեմ, որ «Ես եմ» ցուցահանդեսը աներևակայելի արձագանք ունեցավ -, ասում է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն  Աննա Առուշանյանը:- Արվեստի շատ գործիչներ հիացած էին այս 17 երիտասարդների աշխատանքներով: Մեր մեծանուն գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի հետ ժամանակին ծրագրեր էինք կազմում, որ մեր քոլեջում վարպետաց դաս անցկացնի: «Ես եմ»-ի ցուցադրությունից հետո պարոն Էլիբեկյանն այնքան հուզված էր ու տպավորված, որ ասաց, թե ինչ-որ բան սովորեցնելու փոխարեն սիրով կգա քոլեջ` նրանց հետ միասին ստեղծագործելու:

Վահեի` մեր քոլեջն ընդունվելուն պես զգացինք, որ մի շնորհալի երիտասարդի հետ գործ ունենք: Ակնհայտորեն տարբերվում էր կուրսեցիներից և անգամ քանդակի բաժնի մեր սաներից: Մեր լավագույն եռյակում է Վահեն:

Բարի ծառայություն քեզ, մեր շատ սիրելի՛ զինվոր: Քեզ հիմա դիմում եմ որպես քաղաքացի, որպես մայր և անշուշտ որպես քոլեջի տնօրեն: Մեր քոլեջից տարեկան շուրջ 15 տղա է մեկնում ծառայության և վերադառնում է շարունակելու կրթությունը: Մաղթում եմ քեզ բարի ծառայություն և բարի վերադարձ: Մենք անհամբեր սպասում ենք քեզ:

♦♦♦

«Հայ զինվոր» թերթի անունից ջերմորեն շնորհավորում ենք երիտասարդ ստեղծագործողին, նրան բազմաթիվ հաջողություններ մաղթում:

Բարի ծառայություն և բարի վերադարձ քեզ, սիրելի՛ Վահե: Մաղթում ենք, որ քաղաքացիական կյանք վերադառնալով՝ շարունակես ծառայությունդ ազգիդ այժմ արդեն արվեստի  ասպարեզում:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ