Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՀՈՒ ՄԱՐՄԻՆԸ ԱՄՓՈՓՎԵՑ ՄԵՐ ՀՈՂՈՒՄ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՀՈՒ ՄԱՐՄԻՆԸ ԱՄՓՈՓՎԵՑ ՄԵՐ ՀՈՂՈՒՄ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՀՈՒ ՄԱՐՄԻՆԸ ԱՄՓՈՓՎԵՑ ՄԵՐ ՀՈՂՈՒՄԱզգամիջյան ատելության ֆոնին այս պատմությունը մի այլ հնչեղություն ունի։ Խոսքը վերաբերում է իմ հայրենի քաղաք Գորիսին ու Խնձորեսկ գյուղին, որտեղ մարդիկ լցված են սարոյանական անսահման բարությամբ ու սիրով, չնայած այն բանին, որ քաղաքն իր սահմանամերձ գյուղերով եղել է անընդհատ հրետակոծության տակ, բայց գորիսեցին չի չարացել… Անգամ պատերազմական դժնդակ օրերին։ Չի չարացել, բայց հողը պահել է որդիական նվիրվածությամբ՝ ինչպես մորը կպաշտպաներ։ Չի չարացել, բայց թշնամուն կրակելուց ձեռքը չի դողացել։

Հայկուշ Նազինյան.

-Ամերիկահայ բժշկուհի Արմինե Նազարյանի կլինիկայում նստած քչփորում էի հեռախոսս, մինչեւ հերթս հասնի, մեկ էլ կողքիս նստած բարետես տղամարդը խոսակցություն բացեց. «Երեւում է՝ ձանձրանում եք, կարո՞ղ ենք զրուցել»: Պարզվեց՝ զրուցակիցս ժամանակին ղեկավար պաշտոններ վարած մի անձնավորություն էր՝ ծնունդով Գորիսից ու նաեւ ակտիվ մասնակիցը Արցախյան պատերազմի: Նրա պատմությունն ինձ, իրոք, հուզեց եւ կուզեի ձեզ էլ ներկայացնել: «Գյուլնարան գեղեցկուհի էր բառիս ամենալայն իմաստով, նրան գերի էին վերցրել մեր հայ մարտիկները, եւ վերջինս ջոկատում խոհարարություն էր անում: Ազնիվ խոսք, մինչեւ հիմա այդպիսի գեղեցիկ կնոջ չէի հանդիպել: Ժամերով կարող էի նայել նրա դեմքին ու հիանալ: Որդուն էր կորցրել եւ փնտրում էր ամենուր, մայրական սիրտը պատրաստ էր ամեն մի զոհողության: Երբեմն ամեն ցավ մոռացած՝ ժպտում էր մի յուրահատուկ ժպիտով, իսկ այդ գեղեցիկ ժպիտը փոխանցվում էր զինվորներին: Նա իրեն շատ պարկեշտ էր պահում եւ պատրաստ էր յուրաքանչյուրին օգտակար լինել, ինչով կարող էր: Գյուլնարա քույրիկ՝ այդպես էին նրան անվանում: Կարծես բոլորի համար հարազատ դարձած անձնավորություն լիներ եւ ջոկատում հարգանքով էին նրան վերաբերվում: Երբեմն տխուր-տրտում էր, մելամաղձոտ աչքերը արցունքով էին լցվում: Շատ էր կարոտում իր հարազատներին եւ երազում էր, որ մի օր բախտ կվիճակվի գտնելու փախուստի ժամանակ կորցրած հնգամյա որդուն: Բայց, ավաղ, նրա երազանքներն անկատար մնացին: Գերիների փոխանակման ժամանակ ադրբեջանցի ելուզակները Խնձորեսկից մի քիչ հեռու գնդակահարեցին գեղեցկուհուն: Հաջորդ օրը Գյուլնարայի դին հայտնաբերեցինք եւ հուղարկավորեցինք գյուղի վերեւի բարձունքում: Գյուլնարայի մարմինն այժմ հանգչում է իմ հայրենի հողում: Ննջի՛ր խաղաղությամբ, գեղեցկուհի՛, ալլահը քեզ չկարողացավ պաշտպանել, իսկ քրիստոնյաների հողը քեզ ապաստան տվեց իր գրկում…»:

ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ